ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ - ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ Արտեմ Հարությունյան. Դիմանկարի փորձ Քննադատի համար չկա ավելի մեծ պարգեւատրություն, քան տասնամյակներ հետո տեսնել, որ ինքը, ժամանակին, գրական պրոցեսի քաոսի միջից անսխալ զատել է այն անունները, որոնք պիտի դառնան գրականության վաղվա օրը: Այդ պարգեւն առավել թանկ է, երբ խնդրո առարկա հեղինակն, իր առաջին քայլերից դարձել էր գրական ցերբերների դյուրին թիրախը, ուստի նրա ստեղծագործությունն արժեւորելու եւ մանավանդ պաշտպանելու համար հարկ էր ունենալ ոչ միայն մասնագիտական հեռատեսություն, այլեւ քաղաքացիական արիություն: 60-ականների վերջին, «Գարուն» ամսագրի հետ ասպարեզ եկած մի շարք բանաստեղծներ դժվարին փորձությունների ենթարկվեցին` իրենց տաղանդին վայել տեղը գրավելու համար մեր գրականության մեջ: Իսկապես դյուրին չէր այդ ճամփան, սակայն ամենադժվարը, թերեւս, Արտեմ Հարությունյանի հաստատումը եղավ, եւ «մեղավորն» ինքն էր, որ շարունակ հարուցում էր մեր պնդաճակատ-գավառամիտ քննադատության լիովին արդարացի զայրույթը: [1] Պատճառը ոչ միայն նրա անծանոթ լեզվակերպն էր, բառի անսովոր ընկալումը, կոտրտված, կարծես անավարտ նախադասությունները, բանաստեղծական հստակ «թեմատիկայի» բացակայությունը, «անբնականությունը», «խլությունը» ազգային-հասարակական խնդիրների հանդեպ... այլեւ ամեն մի նոր ժողովածուի հետ պոետական մի նոր հայացք, իրականության մի նոր ընկալում, լեզվի մի նոր կերպ մատուցելը: Ասես, նախորդ գրքով դեռեւս չհաստատված, փնտրտուքները կիսատ թողած, բանաստեղծը շտապել էր մի նոր դերակատարում ստանձնել: Ասել չէր լինի, թե նոր ժողովածուն օրգանական որեւէ կապ չուներ նախորդի հետ, սակայն նախորդն ինչպես հարկն է չմարսած քննադատությունը դեմ էր առնում մի նոր, առավել անլուծելի խնդրի: Կար նաեւ մեկ այլ հանգամանք, որ դժվարացնում էր «պրոֆեսորական» քննադատության գործը, եթե անգամ նրանցից ոմանք լի էին հանդուրժողականությամբ այս «արտառոց» բանաստեղծության հանդեպ. նրա առաջին ժողովածուի մեջ («Նշանների երկիր», 1977թ.) անհնար էր հայ որեւէ մեծ բանաստեղծի ազդեցության հետքերը նկատել, ասես երիտասարդ հեղինակը գալիս էր ոչ մի տեղից եւ ոչ մեկից: Հազվադեպ այս երեւույթը մեկնաբանվեց ոչ այլ կերպ, քան «արեւմտյան (չմարսվա՜՞ծ) ազդեցություններով», եթե ոչ «կապկումներով»: Նման «մեկնաբանության» պատճառը լոկ այն չէր, որ Արտեմ Հարությունյանը գրեթե մայրենիի չափ տիրապետում էր անգլերենին եւ արդեն թեկնածուական դիսերտացիա էր պաշտպանել Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիների» մասին: [2] Այլ հարատեւում էր ստալինյան ժամանակներից եկող քաղաքական մեղադրանքը, որն այլեւս մահավճռի ուժ չուներ, բայց լիուլի բավական էր նման խարանի «արժանացած» հեղինակին երկար ժամանակով (եթե ոչ ընդմիշտ) գրական պարիաների շարքը շպրտվելու: Իրավիճակի ողջ անհեթեթությունը այն էր, որ նման կարծիք արտահայտողներն անտեղյակ էին արեւմտյան գրականությունների անցուդարձին: Մի՞թե պատահական էր, որ նրանցից ոչ մեկը, ոչ մի անգամ թեկուզ մեկ օրինակ, թեկուզ մե՜կ տող չբերեց հիմնավորելու այդ մեղադրանքը: Եթե ունենային, եթե իմանային` կբերեին, այն էլ ինչպիսի՜ հրճվանքով... Բայց երանի իմանային, եւ եթե իմանային, ապա կտեսնեին, որ Արտեմ Հարությունյանն այնտեղ էլ «ուսուցիչներ» չունի... Այսինքն, անվերապահ չլինենք. այն, որ նրա բանաստեղծություններում որեւէ մեծի անմիջական ներկայությունը չենք տեսնում, դա չի նշանակում, թե այդ ժողովածուից առաջ նրա կարդացած բազմաթիվ հեղինակները որեւէ հետք չեն թողել նրա ստեղծագործական նկարագրի ձեւավորման վրա: [3] Դա պարզապես խոսում է այն մասին, որ նա միանգամից յուրացրել ու մարսել է այդ ազդեցությունները, եւ դրանք նպաստել են սեփականը բացահայտելուն: Իսկ դա նշանակում է, որ «ազդեցություն» բառն այստեղ շատ հարաբերականորեն պիտի ընկալվի, քանի որ, այդպես ասելով, մենք հասկանում ենք որոշակի, անժխտելի ժառանգականության առկայություն: Մինչդեռ, Արտեմ Հարությունյանի պարագայում չենք կարող որոշակիորեն խոսել որեւէ տեսանելի ստացվածքի մասին: Այնուհանդերձ, հարցը մնում է. որտեղի՞ց է գալիս Արտեմ Հարությունյանը, կարո՞ղ ենք խոսել ստեղծագործական ինչ-ինչ ակունքների մասին, եթե` այո, ապա մշակութայի՞ն, թե՞ ավելի շատ քաղաքական-հասարակական: Մենք կարծում ենք` ավելի շատ երկրորդը: Բայց մեզ կառարկեն, ասելով, թե նրա առաջին գրքում նման մոտիվներ չկան, եւ հենց այդ հանգամանքն էր ընդգծվում մի շարք «մեղադրականներում»: Արտեմ Հարությունյանը գալիս էր ինքն-իրենից, եւ որքան ավելի շատ յուրացներ, այնքան ավելի էր մոտենալու ինքն իրեն, քանի որ արտահայտում էր ժամանակի ոգին, որ համակել էր Ամերիկան, Եվրոպան եւ ԽՍՀՄ մի շարք արեւմտամետ հանրապետությունները: Դա վաթսունակաների երիտասարդության շարժումն էր քրոնոսյան` սեփական զավակներին խժռող հասարակության դեմ, անկախ այն բանից կապիտալիստական էր, թե՞ կոմունիստական: Այդ շարժումը յուրաքանչյուր ստեղծագործողից պահանջում էր անհատական մոտեցում, ուստի նախորդած ժառանգությունը ոչ թե ժխտվում էր` «արդիականության նավից դուրս շպրտվելու» [4] պայմանով, այլ անտեսվում, մի կողմ դրվում, քանի որ կանոնացված ավանդությունը ոչ միայն չէր կարողանա վավերականորեն արտահայտել նոր հայացքը, այլեւ, ինչ-որ առումով, կամա թե ակամա, պիտի հաստատեր «Հոր» ներկայությունը եւ պատերնալիստական հասարակության կանոնները թելադրեր, այն ինչի դեմ կռվում էին նրանք: (Արտեմ Հարությունյանը նույն կերպ պիտի վերաբերվեր իր իսկ ստեղծածի հանդեպ` յուրաքանչյուր նոր ժողովածուի հետ մասամբ կամ ամբողջությամբ հրաժարվելով նախորդած գործերից): Բանաստեղծական էստաֆետի փայտիկն այլեւս չկա, այսուհետ նա պիտի ապրի «հեռավոր տարածության վազողի մենությամբ» [5] եւ Սալվատորե Քվազիմոդոյի պես կարող է ասել. «Millumino dimmenso». «Ինքս ինձ լուսավորում եմ անսահմանությամբ»: Նա դրսի լույսերի կարիքը չունի, քանի որ գեներատորը ներսում է, անդադար հզորացող եւ նորոգվող գեներատորը: «Եվ օրը սկիզբ է խոստանում», - գրում էր նա իր առաջին բանաստեղծություններից մեկում: [6] Սկի՛զբ, եւ ոչ թե շարունակություն: Հանրահայտ է, որ բնությունը մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել գրեթե բոլոր բանաստեղծների համար: Իսկ 60-70 թվականներին կեղծ բնապաշտական մի համաճարակ մոլեգնեց տարբեր սերնդի, գերազանցապես գրամոլական ընդգծված նկարագիր ունեցող հեղինակների գործերում: Դա հիմնականում արտահայտվում էր որպես անբուժելի-պարանոիդալ մի կարոտախտ` վաղ անցյալում մնացած ծննդավայրի բնանկարների եւ այլ ատրիբուտների հանդեպ: Անոչնչացնելի տարականների պես մամուլն ու հրատարակչությունը նվաճած այս ոտանավորներն արժանանում էին քննադատության բարեհաճ լռությանը, իսկ երբեմն էլ բարձրաձայն խրախուսանքին: Եվ այս խոտանի կողքին Արտեմ Հարությունյանը գրում էր. Ինքս իմ միջով եմ անցնում Գտնելու համար անձրեւոտ օրը, Որն ասես ամբոխում գորշ վերարկու, Այնպես հեշտ է կորչում փողոցում: [7] «Բնապաշտական» ոչ մի կիսաֆաբրիկատի կարիք չունի բանաստեղծը, քանի որ նրա նպատակն է բնության միջոցով հայտնագործել ինքն իրեն, եւ նրա տեսած բնանկարն էլ ավելի շատ քաղաքային է եւ անսովոր` «ամբոխում գորշ վերարկու»: Նույն բանաստեղծության մեջ նա գրում էր. «Ես հրաժարվում եմ ցավի արժեքներից»: Սա արդեն ընկալվեց որպես սադրանք` առաջացնելով ոմանց վրդովմունքը: Բանաստեղծը բառը հասկանում էր ամենալայն իմաստով, սակայն դա ընթերցվեց միայն որպես «ազգային ցավ», քանի որ այդ տարիներին մեր գրականության համար ուրիշ «ցավ» գոյություն չուներ: Ի՜նչ հրաշալի հանցանշան էր պարգեւում նա ոմանց` «ազգայինի» աննկուն պահապաններին, նրանց, ովքեր ավելի ուշ ծակուծուկը մտան եւ բերանները ջուր առան, երբ իսկապես հարկ եղավ տեր կանգնել ոտնահարվող ազգային արժեքներին: Արտեմ Հարությունյանի հաջորդ ժողովածուն` «Տեսադաշտ» (1979թ.) շարունակությունն ու խորացումն էր նախորդի: Նա արդեն գտել է բնությանը` ասել է, թե ինքն իրեն մերձենալու ամենակարճ ուղին: [8] Գիրքն սկսվում է հետեւյալ պատկերատողերով. Անտառի դիմաց` Բաց դուռ, Որ կանչում է զգույշ, Թե հեռվից նայես` Բաց է, միշտ բաց... [9] Հարազատությունը բնության հետ` հարազատություն է ինքն իր հետ: Նա արդեն գտել է իր ինքնության «մուտքը»: «Անտառը արյուն է տալիս ինձ», - գրում էր նա: Եվ բնություն-ես համերաշխության շնորհիվ նա ձեռք է բերում գոյիմաստը եւ մերձենում հավերժությանը. Ես հայտնվում եմ գոյության խորքում, Ուր մահը չի հասցրել արթնանալ... [10] Այս հոյակապ պատկերը որքան սրտապնդող անդորրով է համակում, նույնքան էլ հնարավոր արհավիրքների հավանականություն ունի իր մեջ: Եվ իսկապես, «մահն արթնանալու» է, նախ բանաստեղծի հաջորդ ժողովածուների մեջ` որպես մարգարեացում, իսկ կարճ ժամանակ հետո կյանքում` որպես կանխատեսումի հաստատում: Սակայն մինչ այդ պիտի կատարվեր տեղափոխություն տեղի եւ ժամանակի մեջ: Արտեմ Հարությունյանը այսպիսի մի բանաստեղծություն ունի. «Բարդու սերմը». Ես սիրո շարժման մեջ եմ, (Տես, ինչ ազատ է սերմի թռիչքը կեսօրվա քամուց փոխում իր ուղին) Տարբեր գույներով անաղմուկ խոսում են իրար հետ Հողն ու երկինքը, Տարբեր վայրերից աղաչում են ինձ մնալ իրենց մոտ: Օ՜, այս շարժումը դեպի հանգստացած քաղաքն ու մարդիկ, Դեպի պուրակները քարե քաղաքի: Բայց պետք է ընտրել երկուսի միջեւ` Կամ այս թռիչքը, Կամ էլ լուռ վայրէջքն օտար թաղամասում: Այս բանաստեղծությունը զետեղված էր «Տեսադաշտ» ժողովածուի մեջ (էջ 38): Իսկ նախորդ` իր առաջին ժողովածուի մեջ նա գրում էր. Ընդհատիր ներքին թռիչքդ. Ուսդ շաղախված է քաղաքի շենքերի հետ` Ամուր ու հավերժ: [11] Բնության, այն է, թե` ինքնության անդորր հաստատումի մեջ «քաղաքը» դեռեւս այն սարսափազդու կերպարանքը չունի, ինչպիսին տեսնելու ենք հետագա ժողովածուներում, որոնցում տող առ տող սաստկացող տագնապը, ահազանգը պիտի հասնի crescendo-ին` դեցիբելների առավել հնարավոր լսելիությանը: «Քաղաքն» առայժմ հայտնաբերված դրախտի հավանական տարբերակն է, որտեղ բնությունը պիտի շարունակվի նույնպիսի ընդունելի այլագոյությամբ կամ թե ինքնության մյուս երեսն է, որտեղ նա դարձյալ համերաշխ է լինելու իր եւ աշխարհի հետ: Բեկումը տեղի ունեցավ «Շեմ» ժողովածուի մեջ: Փոքր-ինչ շեղվելով ասենք, որ մեր բանաստեղծներից ոչ մեկն այդքան նախանձախնդիր չէ ժողովածուների վերնագրերի հարցում, որքան Արտեմ Հարությունյանը: Տվյալ դեպքում, վերնագիրն առավել քան խոսուն է. բանաստեղծը մարգարեաբար, ասել է թե ժամանակից առաջ մուտք է գործում նոր դարաշրջան, նա նոր ժամանակների շեմին է: Գիրքը լույս տեսավ 1984 թ., իսկ ամփոփված բանաստեղծություններից շատերն էլ գրված են դրանից առաջ: Այս եւ հաջորդող` «Ներկայության խոսքեր»(1988թ.) ժողովածուներով Արտեմ Հարությունյանը համոզեց, որ այն բանաստեղծների դասից է, ովքեր ապրում են ժամանակի հետ, ժամանակը տեսնում են ժամանակից առաջ եւ, դրանով իսկ, առաջ անցնում ժամանակից: Կասսանդրայացո՛ղ բանաստեղծ: Ducut volentem fata, nolentem trahunt, [12] գրում էր Սենեկան իր «Նամակներ»-ում: «Շեմ» ժողովածուն բացվում է «Բաբելոն» հյուրանոցի տեսիլքը» պոեմով, մի գործ, որն առանց վարանելու կարող ենք համարել XX դարի հայ բանաստեղծության գլուխգործոցներից մեկը: Մինչ այդ, թերեւս, չէինք ունեցել այդպիսի սթափ եւ համապարփակ հայացք աշխարհին. դեպի մայրամուտ գնացող Արեւմուտքն` իր անբուժելի արատներով: Եվ այդ պսեւդոքաղաքակրթության ժխտումը կատարում էր ոչ թե արեւմուտքի նյութական բարիքները թաքուն երազող, սակայն նույն բարիքներն ստեղծող քաղաքակրթությունը բարձրաձայն հայհոյող հողապաշտը կամ կուսակցության «սոցիալական պատվերը» կատարող պալատամերձ քերթողը, այլ Արեւմուտքն իր հինգ մատի պես իմացող բանաստեղծ-մտավորականը: 1986 թ., ավելի քան հինգ տարի առաջ անցնելով պատմության ընթացքից նա գրում էր. Ժամանակն է ստեղծել նոր ժամանակներ չարիքից մեռնող այս երկրում: [13] Հաջորդող չորս ժողովածուները [14] պիտի մրցավազք դառնան ժամանակի հետ, որը ծավալվում էր արագացված ընթացքով` «պատկերազարդված» հնարավոր բոլոր աղետներով, որոնք տեղի էին ունենում գրեթե միաժամանակ. երկրաշարժ, կայսրության առեղծվածային կործանում, պատերազմ, արյունահեղություններ, հուդաների մի ամբողջ բանակ սեփական հողի վրա, սեփական ժողովրդի դեմ, արտագաղթ... Բանաստեղծները հայտնվեցին դժվարին երկընտրանքի առջեւ` ինչպե՞ս շարունակել սեփական առաքելությունն այդ ծանր ժամանակներում: Մի ձեռքի մատներն անգամ շատ կլինեն թվարկելու անունները նրանց, ովքեր ընդունեցին օրավուր սաստկացող մարտահրավերները եւ կարողացան իրենց արվեստով համարժեք պատասխան տալ: Դրանցից մեկն, անշուշտ, Արտեմ Հարությունյանն էր: «Ո՞րն է պոեզիայի տեղն արդի աշխարհում», - հարցին, որ վերջերս տրվել էր եվրոպական մի շարք նշանավոր բանաստեղծների, Վահե Գոդելը պատասխանել էր այսպես. «Արդի մշակույթը եւ քաղաքակրթությունն ամբողջապես հենված է երեւալու, թվալու, դրսերեւույթի վրա, առաջնորդվում է միայն Թվերի, Շուկայի, Իշխանության, հետեւաբար եւ Ռեկլամի օրենքներով, ուստի «պոեզիայի տեղը» կարող է լինել միայն ստորգետնյա, ընդհատակյա, առավել քան երբեք թաքնված... պոեզիան այսօր պետք է լինի անզետեղելի, հետեւաբար եւ անորսալի, անառիկ»: Իմ կարծիքով սա ոչ թե վերադարձ է դեպի նշանավոր «փղոսկրյա աշտարակը», այլ ավելի շուտ փորձ փրկելու պոեզիան հասարակացումից, գռեհկացումից, շուկայական ապրանքի վերածվելուց... չէ որ պոեզիայի, եւ ընդհանրապես արվեստի գլխավոր արժանիքը եզակիությունն էՙ ընդդեմ շուկայի սերիականության եւ... մանավանդ սերիալականության, որ նվաճել է արդի հայ հասարակությունը: Եվրոպական արդի, մասնավորապես ֆրանսալեզու բանաստեղծությունը, հիմնականում այսպես է ընդդիմանում հակամշակութային ժամանակների կործանարար ազդեցությանը: Լուռ եւ դանդաղ, գուցեեւ երկարաձգված մահացում: Պաստեռնակը մի առիթով գրում էր, որ ռոմանտիկների համար կարեւորը բանաստեղծն էր, արդի ժամանակներում` բանաստեղծությունը: Այսօր անկարեւոր են դարձել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Արտեմ Հարությունյանը, սակայն, փորձում է երկուսն էլ կարեւորել: «Հուդայի արձակուրդը» եւ «Հեռուստապոեմներ» ժողովածուներում մեսիանականության յուրատեսակ մի վերածնունդ կա: Մի ներքին համոզվածություն է զգացվում նրա տողերում, որ բանաստեղծը որոշակի առաքելություն ունի անդադար քաոսացվող այս աշխարհում: Պոետն իջել է ցած, նա ժողովրդի մեջ է, նա տեսնում է ամեն ինչ, եւ ոչ միայն փաստագրում է աղետը, այլեւ գնահատում, բացահայտում չարիքի արմատը: Հարցն այլեւս չի դրվում, թե բանաստեղծը, իսկ ավելի լայն իմաստով` բանաստեղծությունն արդյոք կարո՞ղ են դրականորեն ազդել իրականությանը, այլ, թե բանաստեղծը եւ բանաստեղծությունը կարո՞ղ են արդյոք լքել ասպարեզը եւ դառնալ «անզետեղելի»: Արտեմ Հարությունյանն այսօր հասցե ունի աշխարհում, նա լիովին զետեղելի է, ավելին, նա ձգտում է տեսանելի եւ լսելի լինել, քանի որ պատգամ ունի հայտնելիք իր ժողովրդին, իր երկրին, աշխարհին ու մոլորակին, քանզի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամենուր նրա արթնամտությունը, նրա խորաթափանցությունը եւ նրա` քաղաքացու տաղանդն ունեցող բանաստեղծները գնալով նվազում են, նրանք լքում են մարտական դիրքերը, որպեսզի այդ կերպ փրկեն պոեզիան, բայց ես համոզված եմ, որ Արտեմ Հարությունյանը երբեք չի լքի, քանի որ նրա համար պոեզիայի եւ Մարդու միակ փրկությունը մշտական պայքարն է: Սեպտեմբեր, 2013, Երեւան Ծանոթագրություններ 1. Եվ ոչ միայն գրական, նաեւ այլ բնագավառների քննադատների վրդովմունքը, թե ինչու են նրան Պետական մրցանակ տվել, երբ կար առավել արժանի թեկնածու... ասենք` թատրոնի ասպարեզում: Այս «դատողությունն» առնվազն անհեթեթ էր, քանի որ բանաստեղծն արժանացավ իր` գրականությանը, եւ ոչ թե թատրոնին հատկացվող մրցանակին: 2. Իսկ մի քանի տարի անց, Մոսկվայում, նրա դոկտորականի փայլուն պաշտպանությունը եղավ, որի նյութն էր XX դարի անգլո-ամերիկյան պոեզիան: Նա այնքա՜ն լավ գիտեր այդ գրականությունը, որ ամենեւին ազդվելու կարիք չուներ: 3. Մանավանդ, այսօրվա պես հիշում եմ, թե նա, այդ տարիներին, բառացիորեն, ինչպես էր գիրքը գրքի ետեւից կլանում, եւ շատ դեպքերում` բնագրով: Սակայն նա կլանում էր անհագորեն` այդպես չգրելու համար: 4. Վլադիմիր Մայակովսկի: 5. Պետեր Հանդկե: 6. «Նշանների երկիր», «Սովետական գրող», Երեւան, 1977թ., էջ 44: 7. Նույնը` էջ 97 8. Հատկանշական է, որ Դավիթ Հովհաննեսի առաջին եւ լավագույն բանաստեղծություններից մեկը վերնագրված էր այսպես. «Եթե ուզենաս մի օր ինքդ քեզ մոտենալ»(1967թ.): 1975թ. այդ բանաստեղծության առիթով այսպես էինք գրել. «Դավիթ Հովհաննեսի քնարական հերոսն իրեն շարունակ եւ միաժամանակ տեսնում է ժամանակի երեք չափումների մեջ` անցյալ, ներկա եւ ապառնի...»(Ալեքսանդր Թոփչյան, «Բառի սահմանները», «Սովետական գրող» հրատ., 1978թ. էջ 220): Նույնը կարող ենք գրել եւ Արտեմ Հարությունյանի առիթով` սերնդին բնորոշ մտածողության արտահայտություն: 9. «Տեսադաշտ», «Սովետական գրող» հրատարակչություն, Երեւան, 1979 թ., էջ 5: 10. Նույնը, էջ 63: 11. «Նշանների երկիր», էջ` 77: 12. Քայլել ցանկացողին ճակատագիրը տանում է իր հետ, չցանկացողին` քարշ տալիս: Ասույթը պատկանում է հույն փիլիսոփա Կլեանթոսին(III դար մ. թ. ա.), սակայն պահպանվել է Սենեկայի լատիներեն թարգմանությամբ: 13. «Ներկայության խոսքեր», Երեւան, «Սովետական գրող», 1988: Այս բանաստեղծությունն Արտեմն ինձ կարդաց 1986 թ. գարնանը, Խորհրդային Միության ոչնչացումից ավելի քան հինգ տարի առաջ: 14. «Հրդեհը հինավուրց հողի», «Վեհարտ» հրատ., Նյու Ջըրսի, ԱՄՆ, «Նամակ Նոյին», «Ապոլլոն», Երեւան, 1997թ., «Հուդայի արձակուրդը», ՀԳՄ հրատ., Երեւան, 2003թ. «Հեռուստապոեմներ», «Տիգրան Մեծ» հրատ. Երեւան, 2010թ.: |