RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-07-27 > #015, 2013-08-31 > #016, 2013-09-14 > #017, 2013-09-28 > #018, 2013-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013



Տեղադրվել է` 2013-09-13 23:44:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1285, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԿՌԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ

Սփյուռքահայ շատ մտավորականներին ճանաչելու հնարավորություն (իհարկե, այստեղՙ Հայաստանում) տալիս է նաեւ մեր խմբագրատունը: Հայաստան այցելած նրանց մեծ մասը անհրաժեշտաբար այցելում է «Ազգի» խմբագրատուն, որոնց մեջՙ մեր ժամանակների համար հազվագյուտ նկարագրով բացառիկ անհատներ, ինչպես ֆրանսահայ նկարիչ Ասատուրն է, գրող, գրականագետ Գրիգոր Պլըտյանը, կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, ամերիկահայ հրապարակագիր եւ գրաքննադատ Երվանդ Ազատյանը, կանադահայ գրող Հակոբ Խաչիկյանը, բեյրութահայ մտավորական, Գրիգոր Շահինյանն էր եւ էլի շատեր:

Խմբագրատուն տանող աստիճանները երիտասարդ հոգեւորականի ուղեկցությամբ բարձրացող պատկառելի տարիքով այցելունՙ դանդաղ, փոքր-ինչ երերուն քայլվածքով, ցած խոնարհած հայացքով, դալուկ դեմքի կենտրոնացած արտահայտությամբ, արդեն հայտնի է դարձնում ինքնասույզ, լուրջ մտավորականի իր նկարագիրը: Հայր Անդրանիկ Կռանյանը առաջին անգամ է լինում մեր խմբագրատանը: Խմբագրի հետ առանձնազրույցից հետո, բաժանման պահին հնարավոր չէր ուշադրություն չդարձնել հրաժեշտի նրա մտերմիկ ժեստին (ձեռքի ափը խմբագրի դեմքին թփթփացնելը), հին բարեկամի, ավելի շուտՙ ուսուցչի պատգամ-խորհրդի, քաջալերանքի նշանի պես էր դա, որին հետեւեց. «Լավ նայեցեք անոր», հետո էլՙ «իրարո՛ւ լավ նայեցեք»-ը:

Չնայած ժամանակը սուղ էր, սակայն հետաքրքրությունն իր անձի հանդեպ մղեց կարճ զրույցիՙ լիբանանահայոց հոգեւոր, ազգային միջավայրի ամենահեղինակավոր անձերից մեկիՙ Հայր Անդրանիկ Կռանյանի հետ, որի գործն ու գործունեությունը անվարան կարելի է համարել սփյուռքում հայապահպանման եւ զարգացման նվիրումի ազնիվ ճանապարհ:

Հակոբ Ավետիքյանը, ծնունդով բեյրութցի, որ երկար տարիներ խմբագիրն է եղել Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի, եւ բնականաբար համայնքի անցուդարձին քաջատեղյակ, եւ առավելաբար նրա ազգային-մշակութային, հոգեւոր-կուսակցական կյանքը առաջնորդողներին լավ ծանոթ եւ շատերի հետ նաեւ բարեկամ, տարիների վաղեմության տպավորություններ ունի պատկառելի այս անձի մասին: Ահա այն. «Հայր Անդրանիկ Կռանյանը լիբանանահայ մտավորական նախորդ սերնդի վերջին մոհիկաններից է: Խմբագիր, հրապարակախոս, ազգային-մշակութային իսկական կոչում ունեցող գործիչ: Այնտեղ որտեղ աշխատելու եւ գործելու նվազագույն դաշտն ու առիթն է ունեցել, դա լինի ՀԲԸՄիության Հյուսիսյան հայագիտական հիմնարկ, Հայկազյան քոլեջ (այժմ համալսարան), «Մասիս» շաբաթաթերթի խմբագրություն, Հայ կաթողիկե պատրիարքարան թե Զալքայի կաթողիկե կենտրոն, իսկ այժմՙ Զմմառի վանք, Հայր Անդրանիկը հրաշալի գործունեություն է ծավալել միշտ, առաջնորդել է մարդկանց առանց առաջնորդական աստիճանի ու պատմուճանի, առանց հավակնությունների, ներքին մի մագնիսականությամբ իր շուրջը հավաքել մարդկանց, երիտասարդների ու պատանիների: Քանի որ Հայր Անդրանիկը արդար ու բարի մարդ է, բայց սկզբունքային ու հետեւողական: Անգնահատելի է, պատմակա՛ն նշանակությամբ նրա դերը հայ կաթողիկե համայնքումՙ ազգային եւ ազգայնական ոգին վերարծարծելու գործում: Նա լուսավոր, լույս ճառագայթող անձնավորություն է, պայծառ մտավորական, որի մուտքը մեր խմբագրություն, ինչպես զգացինք բոլորս, տաք ու մաքուր, հարազատության մի շունչ բերեց իր հետ» :

Բեյրութի հայ կաթողիկե Հիսուսյան հայրերի Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում սովորելուց հետո Անդրանիկ Կռանյանը ուսումը շարունակել է Զմմառի դպրեվանքում, ապա Հռոմի Լեւոնյան հայ դպրոցում եւ Հիսուսյան հայրերի Գրիգորյան միջազգային համալսարանում: 1954-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանաՙ դառնալով Զմմառի պատրիարքական միաբանության անդամ: Երկար տարիներ աշխատել է հայկական վարժարաններում, խմբագրել է «Մասիս» հայ կաթողիկե պատրիարքարանի պաշտոնաթերթը, 1990-ից վարում է Բեյրութի Հայկազեան համալսարանի հայագիտական հանդեսի խմբագրությունը եւ դասավանդում նաեւ Քասլիքի Մարոնի Անտոնեան հայրերի համալսարանում:

Հեղինակ է բազմաթիվ գրքերի, հրատարակել է հայերեն բառարան, գրաբարի դասագիրք, «Հայ ծիսական պաշտամունք» ուսումնասիրությունը, «Խօսէ՛ ինծի հայ եկեղեցիի մասին», «Խոկամ», «Սերմանեմ», «Անապահով օրեր» եւ մի քանի այլ ժողովածուներ: Ինչպես քննադատներն են գրում, դրանց հիմնական նպատակն է ճանաչել տալ հայ եկեղեցին ու նրա սրբազան ավանդույթները, հատկապես քննել այն բոլոր իրավիճակները, հասկանալ այն սխալները, որոնք պատճառ են դարձել անցյալում հայ եկեղեցու պառակտման: Հայ Անդրանիկ Կռանյանը իր գրքերում քննում է մարդկային կյանքի խորքային իմաստն ու նրա հոգեւոր բովանդակությունը. այն բարոյական սկզբունքները, որոնց մասին նա գրում է, ոչ այնքան քարոզչական, որքան սեփական փորձառության խոհական ապրումների արձագանքներ են, որոնք մղում են ընթերցողին ճանաչելու սեփական հոգեւոր ինքնությունը, մոտենալու սեփական ես-ին, որոնելու դեպի արքայություն տանող ճշմարիտ ուղինՙ հանդուրժողականության, հոգեկան կորովի, տոկունության, սիրո ու համբերության: Նա հայոց անցյալի ու ներկայիՙ այսպես ասած կրոնական փոխանցումները քննում է իմացական լույսի ներքո, առնչելով դրանք ոգեպաշտությանը, բնապաշտությանը, այսով սույն գրությունները ոչ այնքան կրոնական բնույթ ունեն, որքան իմաստասիրական խորք ու հղացք:

Հայր Անդրանիկ Կռանյանըՙ 80-անց այր, խոհական ու հանդարտաբարո հոգեւորական, իր կյանքի ուշ շրջանին դեռ շարունակում է պահապանը մնալ հայոց մշակութային հարստությունների, ի մասնավորի Զմմառի վանքի հոգեւոր գանձերի: (1742 թվականից հայ կաթողիկե պատրիարքությունը, Լեռնալիբանանի Զմմառ գյուղում հաստատվելով, կառուցեց վանք (1749 թ.), հետագայումՙ ընդլայնելով կառուցապատումը հիմնեց եկեղեցին, ժառանգավորաց վարժարանը, աշտարակը, վեհարանը, ցավագին Տիրամոր մատուռը եւ ընծայարանի նոր շենքը):

- Գալիս եմ Լիբանանի Զմմառ հայկական վանքիցՙ հայրենիքս այցելելու: Լիբանանում հայության թիվը ներկայում դեռ բավականաչափ մեծ է, եւ Բեյրութը նկատված է Սփյուռքի մայրաքաղաք: Չգիտեմ որքանով ճիշտ է, սակայն սրանից 270 տարի առաջ հայություն Լիբանանում չկար: Կաթոլիկ հայ քրիստոնյաներն առաջինն էին, որ եկան Լիբանան եւ հաստատվեցին Զմմառի վանքում: Զմմառը ոչ միայն վանք է, այլ աթոռն է հայ կաթողիկե պատրիարքության, հայր Աբրահամ Արծիվյան կաթողիկոսն է հիմնել Զմմառի վանքը եւ այդ օրվանից 260 տարի ի վեր Զմմառը օտարության մեջ, արաբախոս միջավայրում պահպանում է իր հայկականությունը: Զմմառը մշակութային կենտրոն էՙ ձեռագրերի եւ գանձերի հարուստ հավաքածուով:

- Ի՞նչ ձեռագրեր եւ գանձեր է այսօր պահում-պահպանում հայկական այս վանքը:

- 1500 ձեռագիր արդեն թվայնացված, պատրաստ վիճակում է: Երեւանի Մատենադարանից մեր հրավերքով Զմմառի վանքում 2 շաբաթ աշխատեց Գեւորգ Տեր-Վարդանյանը աշխատակիցների իր կազմով, օգնեցին վերականգնելու ժամանակի ընթացքում վնասված հնատիպ գրքերն ու ձեռագրերը: Դա նաեւ փորձի փոխանակում եղավ մեզ համար: Շուրջ 600-700 նոր ձեռագրեր ունենք տարբեր ճանապարհներով ձեռք բերած, կամ գնած, կամ անհատներից, ընտանիքներից նվիրատվություն ստացած: Ձեզ ծանոթ է, անշուշտ, Վենետիկի, Վիեննայի Մխիթարյանների ձեռագրատների հարստությունը, ոչ պակաս, գուցե ավելի հարուստ է Զմմառի վանքի հավաքածոն. 2000-ից ավելի ձեռագիր ունենք, սրանցից բացի ունենք հնատիպ գրքերՙ սկսած 1512 թվականի «Ուրբաթագրքից»: Ունենք նաեւ հայկական ասեղնագործության նմուշներ, եկեղեցական արվեստի առարկաներՙ պատարագի զգեստներ, շուրջառներ, թագեր, խաչերՙ ինչպես հայաստանյան, նաեւ Կիլիկյան շրջանին պատկանող: Այնպես որ, Զմմառի մեջ մենք ոչ միայն պահպանում ենք մշակութային մեր գանձերը, գիտակցում դրանց կարեւորությունը, նաեւ ծանոթացնում ենք օտարներին:

Անցյալներում, երբ Զմմառի վանք այցելեցին Մաշտոցի Մատենադարանի տնօրեն Լեւոն Խաչիկյանը եւ դրանից հետո էլՙ Սեն Արեւշատյանը, ես նրանց ասացի, որ այս բոլորը պիտի հավաքենք եւ օր մը վերադարձնենք Հայաստան, իրենք ասացինՙ մի աճապարեր: Որովհետեւ կոմունիզմի շրջան էր եւ վերապահություն ունեին:

Ասեմ ձեզ նաեւ, որ Զմմառը միայն թանգարան-վանք չէ, դպրեվանք է, որտեղ սովորում են աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրաբար:

- Աշակերտներ շատ ունե՞ք:

- Հիմա շատ չկան, պատերազմի օրեր են, քչերն են համաձայնում իրենց երեխաներին ուղարկել դպրոց:

- Դուք երկար տարիներ խմբագրապետն եք եղել Բեյրութի «Մասիս» պարբերականի:

- Հայկական վարժարաններում, Գյուլբենկյան վարժարանում, Հայկազեան համալսարանում դասավանդել եմ գրաբար, հայ մատենագիտություն, հայ եկեղեցու պատմություն, ծիսագիտություն, դասավանդել եմ նաեւ օտար համալսարանում:

40 տարի խմբագրապետն եմ եղել հայ կաթողիկե պատրիարքության պաշտոնաթերթ «Մասիս» շաբաթաթերթի, որ գոյություն ունի 1947 թվականից:

- Թերթը զո՞ւտ կրոնական բնույթ ունի:

- «Մասիսը» Լիբանանի բացառիկ թերթերից է, որ ունի նաեւ քաղաքականություն անելու արտոնագիր, եւ մեր լիբանանյան սփյուռքի մեջ «Մասիսի» ձայնը միշտ հարգված է, որովհետեւ չափավոր է, հավասարակշռված եւ կողմնապահություն չունի, միակ կողմնապահությունը հայի շահն է, նշանակություն չունիՙ կուսակցական-անկուսակցական լինելը:

- Դուք ակնարկեցիք հայությանը բնորոշ մասնատվածությունը, մասնավորապես կուսակցական անջրպետվածությունը, որ երբեմն հասնում է հակամարտության: Իսկ կրոնակա՞նը:

- Մեր շաբաթաթերթը պաշտոնաթերթն է հայ կաթողիկե համայնքի, եւ մենք միշտ եղած ենք բաց եւ համերաշխ: Էկումենիզմը նոր երեւույթ է, սակայն վաղուց մենք եղել ենք դրա հետեւորդը: Կան մարդիկ, որ ասում ենՙ ինչ պետք է կաթոլիկ լինել, մենք հայ ենք եւ վերջացավ: Բայց այսպիսին է մեր պատմությունը. Գրիգոր Լուսավորչից սկսած մենք այս հարցը ունենք: Այն ժամանակ հայ եկեղեցին Տիզերականի հետ միացած էր, չէր անջատված: Գրիգոր Լուսավորիչը Տիեզերական եկեղեցու անդամ էր, հույների, ասորիների հետ միասին, եւ այդպես մինչեւ Կիլիկյան շրջանը եղավ:

- Արդյոք Կիլիկյան շրջանի՞ց սկսվեց պառակտումը:

- Դրանից առաջ V-VI դարից սկսված էր արդեն, բայց Կիլիկյան շրջանում մեր նոր հայրենիքը շփման մեջ մտավ Եվրոպայի հետ, որն ամբողջապես կաթողիկե էր, կաթողիկեների արժեքը քիչ ավելին է: Մենք ասացինքՙ մենք հայ կաթողիկե ենք, որ օտար աչքով չնայեն մեզ:

- Վարդապետ, ինչպիսի՞ն է այսօր Բեյրութի մտավորական-մշակութային միջավայրըՙ մթնոլորտը:

- Անշուշտ Բեյրութում շարունակվում է մշակութային կյանքը, մտավորականներ կան, բայց մեր պրոբլեմը այսօր մտավորականները չեն, նոր սերունդն է, որ այնքան էլ հետաքրքրված չէ հայ մշակույթով, որքան նախորդները: Ուստի մեր վարժարաններում ջանք ենք թափում գրաբար ուսուցանել, նրանց ճանաչել տալ անցյալի հայ մշակույթի գանձերը, չէ՞ որ Լիբանանը մշակույթի կենտրոնն է եղել սփյուռքի հայության: Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ ուրիշ երկրներում գործող հայ մտավորականների, արվեստագետների մեծ մասը կամ Լիբանանից, կամ Պոլսից է, աղբյուրը մշակույթի այդտեղ է: Երբ Զմմառի պես վանք կա, Հայկազեան համալսարանի պես կրթարան, Անթիլիասի պես եկեղեցական կենտրոն կա, հայությունը զորավոր է: Սփյուռքի այլ համայնքներ երբ նեղության են հանդիպում, մեզ են դիմում, որ մարդ ուղարկենք, եւ մինչեւ հիմա այդպես է:

Ներկայիս պրոբլեմը նոր սերունդն է, որ դժբախտաբար հեռանում է իր արմատներից, որովհետեւ չի ուզում կարդալ հայերեն: Ինչ պետք է անել, ինչպես թափանցել, հետաքրքրություն, սեր զարթնեցնել նրանց մեջ. այդ նպատակով ես 6-ից 16 տարեկան պատանիների միություն եմ կազմել, փորձում եմ դասընթացներով ճանաչել տալ հայ մշակույթն ու արվեստը, ներշնչել մշակույթի կարեւորությունը:

Ներկայիս կացությունը սա է, բայց չենք հուսահատվել: Այո, Լիբանանի հարեւան Սիրիայում տիրող պատերազմական օրերը, որ հիմա ապրում ենք, նեղություն է, դժվար ժամանակ է, հայերը գաղթում են, թողնում են իրենց տները, գնում, ուրիշ հոգս ունեն, քան մշակույթը: Սակայն հույսը կա, որ ամեն բան կհանդարտի, հայությունը կվերադառնա նախկին վիճակին, եւ դարձյալ կունենանք Սփյուռքի մայրաքաղաք նույն Բեյրութը եւ իր մտավորական միջավայրը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ