RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-07-27 > #015, 2013-08-31 > #016, 2013-09-14 > #017, 2013-09-28 > #018, 2013-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013



«Բեյրության օրագիր»

Տեղադրվել է` 2013-09-13 23:44:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 973, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 24

«ԴՈՒՔ ՄԵԾ ԵՔ ...»

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

1978 թվականի մայիսի երկրորդ կեսին սովետական «Ուկրաինա» մարդատար նավը, չվերթի ճշտությամբ, մտավ Բեյրութի նավահանգիստ: Ոչ մեկ ուղեւոր իջավ նավից Լիբանանի հողի վրա, սակայն «Ուկրաինան» երկար կանգնեց, քանզի բեռնաթափվում էր Սովետական Միությունից Բեյրութի հայ համայնքի համար ուղարկված բեռը:

Նավը հրաժեշտ տվեց, մի քանի անգամ հեռվից ձայնային ողջույն հղեց ու անհետացավ հորիզոնում:

Սկսվեց բեռների փոխադրությունը դեպի պահեստներ, սակայն հասցեատիրոջը հասավ բավական ուշ եւ դժվար: Ինչո՞ւ:

Դեռ 1970-ական թվականներից Լիբանանը, հատկապես Բեյրութը եղբայրասպան պատերազմի մեջ էր, զանազան այլ հակամարտությունների թվում կար նաեւ իսլամ եւ քրիստոնյա համայնքների կոնֆլիկտ, ուստի, չնայած ուղեբեռի ավելի քան խաղաղ ու մարդասիրական բնույթին, այն նավահանգստից դուրս հանել արգելվեց այդ շրջանը վերահսկող աջ ուժերի կողմից: Ավելի ուշ պարզվեց, որ բացի քաղաքական հակամարտության հանգամանքից, մեծ կասկած է առաջացրել ուղեբեռի մարդատար նավով տեղափոխությունը, որը ուշադրություն է հրավիրելՙ ուղեբեռի կարեւորությունն ու նշանակությունը շեղելով, եւ բնական է, կասկածը դեպի զինամթերքին է գնացել:

Ժամանակ, ճիգ պահանջվեց եւ բեռները տեղափոխվեցին քաղաք, որտեղից հայկական ամեն մի դպրոց, իսկ դրանց թիվն այդ ժամանակ 56 էր, իրեն տրամադրված բեռը տեղափոխեց իր մոտ:

Նախնական որոշմամբ, ուղեբեռը պետք է բաժանվեր եւ նախատեսված էր ուսումնական հաստատությունների եւ մշակութային միությունների համար, քանզի պարունակում էր սպորտգույք, ֆոտոգույք, երաժշտական գործիքներ, դաշնամուրներ, կինոապարատներՙ ցուցադրության համար հսկա էկրաններով, կինոկամերաներ, գրքեր, հեռադիտակներ, քիմիայի, ֆիզիկայի, բնագիտության դպրոցական լրիվ սարքավորումներ, բարձրախոսներ, մանկական խաղեր եւ այլն:

Կազմվեց հանձնախումբ, հավաքվեց դպրոցների կարիքների ցանկը եւ գույքը բաժանվեց բոլորին անխտիր, առանց բացառության, չնայած տարբեր կողմերի, միությունների ու կուսակցությունների այլակարծությանը: Բարեբախտաբար, համայնավարների ղեկավարությունը, հատկապես (Գառնիկ Ադդարյան), որոնց կարծիքի հետ մենքՙ բեռն ուղեկցողներս ու որոշիչ ձայն ունեցողներս (տողերիս հեղինակը եւ Սուրեն Նադրյանը, խորհրդական) համամիտ ու համահունչ էինք:

Ակցիան անցավ շատ կազմակերպված ու արագ, մեծ արձագանք գտավ Լիբանանում, առավել եւս պատերազմի պայմաններում, երբ շատ երկրներ զենք էին կրում դեպի այդ երկիր:

Հայաստանի օգնության փաստը մեծապես նպաստեց համայնքի բռնած դրական չեզոքության կեցվածքին, որն, անշուշտ, հատկապես, քրիստոնյա մարոնիտ (աջ ուժերն էին) եւ Քյաթաիբ կուսակցության, մեղմ ասած, սրտովը չէր:

Հատկանշական էր այն հանգամանքը, որ բոլորն սպասում էին, որ նվերները բաժանելիս խտրականություն էր դրվելու, հատկապես ազգային (դաշնակցականների ազդեցության տակ գտնվող) դպրոցների եւ մյուսների միջեւ, եւ երբ բոլորին հավասար ձեւով նայվեց, մեկ-երկու խոչընդոտ կամ, ավելի պարզ ասած, ջուրը պղտորող երեւույթներ եղան, որոնցից հիշեմ ազգային դպրոցներից մեկի տնօրեն Վաչե անունով մի երիտասարդի, որը մեր այցելության ու օգնության առաջարկն ընդունեց շատ զուսպ, սառն ու, նույնիսկ, անբարյացակամ:

Նա հայտարարեց, թե իրեն կարող են դիմել մի քանի օրից, երբ նա ճշտած կլինի վերադասի կարծիքը եւ որոշումըՙ ընդունել Հայաստանի նվերները, թե՞ ոչ, կհայտնի եւ ճիշտ պետք է լիներ, որ դպրոց այցելելուց առաջ մենք իր համաձայնությունն առած լինեինք:

Որպես փորձված ու անվրեպ միջոց, պատասխանը եղավ կատակով, թե Հայրենիքի պաշտոնյաներն իրենց իրավունք են վերապահում հայկական դպրոց մտնել առանց դուռը թակելու, քանզի Հայրենիքը յուրաքանչյուր աշակերտինն է, հետեւաբարՙ նրանք էլ Հայրենիքինը: Ինչ վերաբերում է տնօրենին, Հայրենիքը նրան եւս իրենն է համարում, իսկ հակառակն առայժմ չենք տեսնում...

Հաջորդ օրն իսկ լուսահոգի Հրաչ Տասնապետյանին (Համազգայինի ճեմարանի տնօրեն) այցելելիս, վերջինիս արդեն հասել էր Վաչեի հետ մեր «զրույցը», եւ նա գոհունակությամբ ասաց. «Դուք մեծ եք եւ մեծի պատասխան եք տվել ...»

Անշուշտ, հասկացվեց, թե մեծ ասելով նա հայաստանցի երիտասարդ պաշտոնյային չէ որ նկատի ուներ...

Չնայած պատերազմական պայմաններին, հայ համայնքի կյանքն աշխույժ ու լեցուն էր ազգային ոգուն սատար միջոցառումներով, որոնց մեծապես նպաստեց այս օգնությունը, որը դեռ երկար տարիներ հիշվում էր, գնահատվում, հատկապես, Բեյրութից դուրսՙ Զահլեում, Այնճարում, ուր պրոֆեսիանալ կինոցուցադրումներ էին լինումՙ հայկական ֆիլմերի, նվեր ստացված սարքավորման շնորհիվ:

Նկար 1. 1982 թ. Բեյրութի վրա իսրայելական օդային ռմբակոծության հետեւանքներից... բարձրահարկ շենքը քիչ առաջ կար, այժմ չկա, կամ կա այսպիսի տեսքով, ինչպես հենց դիմացը գտնվող շենքը, որտեղ բնակվում էր օրագրի հեղինակը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ