RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-07-27 > #015, 2013-08-31 > #016, 2013-09-14 > #017, 2013-09-28 > #018, 2013-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013



«Արմենիայի զավակները»

Տեղադրվել է` 2013-09-13 23:44:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1185, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 17

«ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐ»...

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Շիրազը եւ երեւելիների սեղանի արբանյակները

Սկիզբըՙ նախորդ համարում

50-ական թվականներից մեր երեւելիներին «կամավոր» պատիվ տվողների շարքերում երեւացին եւ մեր սփյուռքահայ եղբայրները, որոնք այն ժամանակ կոչվում էին «տուրիստ»: Նրանց մեջ կային այնպիսիք, որ սկզբում խորհրդավոր նստում էին, սպասեցնել էին տալիս, քանզի երեկ մի շիշ կոնյակ արդեն բացել տվել էին եւ այսօր ուզում էին հավաքվածների մեջ իրենց հասցեին երախտիքի խոսքեր լսել: Եվ եթե երախտիքի տոնը պակաս էր, այդպես երկար կնստեին, առանց շարժվելու, մինչեւ որ տղաներից ամենահամարձակը եւ սրամիտը, ասենքՙ Ժան Էլոյանը, չասերՙ «Տե՛ս, չուշանաս, հայրենակից, թե չէ, Էջմիածին գնացող ավտոբուսը բաց կթողնես, այդպես էլ մի բան չասած...»:

Կային դրանց մեջ եւ դիցուք շիրազապաշտներ, որոնք Շիրազին երկար ու ջերմ բարեւելուց, համբուրելուց հետո մեծ ոգեշնչումով կասեին. «Աս մեկ տարի գալուցս առաջ, ուղիղ Բոստոնի կենտրոնում, այնինչ ամենահայտնի խանութում, որից ժամանակին օգտվել է նախագահ Էյզենհաուերը, մեծ բանաստեղծին համար պատվիրել եմ օթոմատիկ, այսինքնՙ ինքնահոս սա «Պարկեր» գրիչը»... Եվ մեծ հանդիսավորությամբ ծոցագրպանից հանում էր գեղեցիկ տուփով «Պարկերը»: «Զի պիտի նորանոր հայրենասիրական տաղեր գրես, եւ հիշես, որ դու, մեծն Շիրազ, գրել ես Հակոբիկի, այսինքնՙ իմ նվիրաբերած գրիչով»: Ապա վեր կկենար ու քիչ շվարած Շիրազին կհանձներ գրիչը:

Այս դեպքերի համար Ժան Էլոյանը նույնպես իր խոսքն ուներ. «Թրջել է պետք այս սուղ նվերը, եւ իհարկե, սուղ կոնյակով», Մացո՜: Եվ նման դեպքերում պիտի ասեմ, որ Մացոն մոտ էր կանգնած եւ սպասում էր նման մի հրահանգի: Մանավանդ որ կար Շիրազը եւ, մանավանդ, աչք ծակող հագուստով հերթական տուրիստը... «Մացո՛, ուրեմն թող մեր պատվարժան պարոն Հակոբիկն իր խոսքն ասիՙ ուղղված սենատին»: Մացոն իր դերը լավ սերտած, ականջը հարգալից մոտ էր տանում մեր տուրիստի շուրթերին.

- Հակոբիկ, ու՞ր է թաշկինակը, շարունակում էր դերը Էլոյանը:

Մացոն, տեսնելով, որ դեռ լռություն է, հանում էր պատվերի իր բլոկնոտն ու մատիտը.

Մեկ բառ:

Եվ վերջապես տուրիստը գլխի էր ընկնում.

- Այո՛, ինչպես չէ, պիտի կարգադրեմ մեկ շիշ կոնյակ:

Եվ բերվում էր, նայած Մացոյի տրամադրությանը, «Դվին» կամ «Հոբելյանական»: Շիրազն, իհարկե, իրեն շոյված էր զգում, նվերը շուտափույթ պահում էր գրպանում, մռմռալովՙ «Էլի՛ գրիչ»:

Ու սակայն գերիշխող հայացքը գցում էր հավաքվածների վրա եւ ասում. «Է, ի՞նչ պիտի անեիք դու՛ք առանց ինձ»: «Չէ, Խաչիկ, ուղղվում էր իր սիրելի ընկերոջըՙ Դաշտենցին, ի՞նչ պիտի անեիք...»:

Շիրազը, որը կյանքի վերջին քսանամյակում համարյա յուրաքանչյուր օր լինում էր «Արմենիայում», «Արմենիայի» օֆիցիանտներին, «զալի» վարիչ Սոկրատ Տիգրանիչին, դռնապաններին, ինչպես ասացի, կոչում էր «իմ կորցրած բանակի զինվորներ», իսկ ինքը, բնականաբար, նրանց հրամանատարն էր: Եթե այս մասին բացեիբաց խոսվեր 1937-1953 թվականներին, գուցեեւ նրանցից շատերին կբռնեին, քանզի Շիրազը նկատի ուներ ոչ թե Կարմիր, այլ հայ կամավորական, առաջին հանրապետության բանակի զինվորներին: Ի՞նչ կար այդ խոսքերի մեջՙ «իմ զինվորներ», անշուշտ եւ կատակ, սակայն նաեւ որոշակի չափով կարոտի զգացում, կարոտ, որ ինքն այդպես էլ չտեսավ իր ազգային բանակը եւ իր ապրած շրջանում հույս էլ չուներ, որ մի օր կտեսնի, այդ պատճառով էլ ասում էրՙ «իմ կորցրած բանակի...», ասում էր «երբեմնի իմ բանակից էս է մնացել...»: Մատուցողները մեկ մարդու նման լսում էին Շիրազին, կատարում նրա հրամանները, եւ Շիրազը, որ սկզբում պարզապես այս կամ այն ճաշատեսակի պատվերներ էր տալիս, բնականաբար որեւէ ոգելից խմիչքի ընկերակցությամբ, վերջինիս չափի ավելացմանը զուգընթաց պատվերների, ներողություն, հրամանների մեջ արդեն ուրիշ իմաստ էր ներդնում, օրինակՙ «Արարատին այսօր զրկում եմ խոսելու իրավունքից», «Ներկայում Գարեգին Բես, հնումՙ հեղկոմի պյոս», «Կայծունուն մեկ շաբաթով աքսորում եմ էս սեղանից», «Ֆրունզիկին 100 գրամ եւ ոչ ավել» եւ կամ թե հակառակըՙ «Ֆրունզիկին մեկ շիշ «Նաիրի»... Եվ հետո, երբ ոգելիցի չափը նորից ավելանում էր... անցնում էր երանության գիրկը. «Մի նժույգ բերեք, մի կապույտ նժույգ, որ ինձ ու Դաշտենցին տանի Սասուն...», «Վիգեն, տե՛ս, կզգուշացնես, այսօր երեկո ձեր տանը Վարպետի հետ պիտի հանդիպեմ» (իսկ Վարպետն արդեն տասը տարուց ավելի չկար), «Բաղդասար աղբար, այսօր մենակ Բերա չերթաս, ինձ էլ հետդ պիտի տանես», (մինչդեռ վաղու՜ց Հրաչյա Ներսիսյանն էլ չկար): «Մացո, Հովնան, Ղարսն ինչու՞ հանձնեցիք, Ձեր հրամանատարի...»: Շիրազն, իհարկե, իր ոչ բոլոր զինվորների հետ էր բացվում, առավել հավատարիմ էին նրան Մացոն, Հովնանը, Անդրեն, Աբրահամը, Պավլիկը: Պատահաբար չէր հենց սրանց Շիրազն ընտրել որպես իր հավատարիմներ: Սրանցից յուրաքանչյուրը մի հետաքրքրական կերպար էր. Մացոնՙ շատ մարդամոտ, ընկերական, երեւելիների սեղանի հաճախորդներին անկեղծ սիրում ու հարգում էր, եւ երբ ազատ էր լինում, իսկ ցերեկվա ժամերին «Արմենիան» այնքան էլ մարդաշատ չէր լինում, իսկույն գալիս կանգնում էր իր հարգած անձերից, ասենք, Շիրազի կամ թե Ֆրունզիկի գլխավերեւն ու յուրաքանչյուրի ցանկությունն անհապաղ կատարում: Մացոն, ինչպես եւ նրա ընկեր Հովնանը, պարզապես լավ մարդիկ էին: Հովնանը միջին տարիքի, ճերմակած քունքերով, շատ կիրթ եւ բարետես անձնավորություն էր, ուզածդ սովետական ֆիլմում կարող էր արեւմտյան դիվանագետի դեր խաղալ:

Ընդհանրապես տարածված էր մատուցողների հետ հումոր անել, քանզի նրանք լավ գիտեին մեր երեւելիների յուրօրինակությունները, ինչպես եւ խոցելի տեղերը: Եթե մեկը դրսում կամ հենց սեղանի շուրջ մի ինչ-որ զվարճալի բան էր արել, այդ մասին անպայման պիտի խոսվեր-ասվեր: Առանց հումորի կյանքը տխուր էր, ինչքա՜ն էլ որ լուրջ մարդիկ հավաքված լինեին: Կատակներն ավելի շատ մեկը մյուսի հանդեպ էին: Շիրազը նաեւ մի սովորություն ուներ. եթե մտքին մի ֆրազ կամ քառատող էր գալիս, ապա անմիջապես վերցնում էր «Արմենիայի» անձեռոցիկներից մեկը եւ վրան գրում (փառք աստծո, որակյալ գրիչ միշտ մոտը ուներ) եւ պահում գրպանում: Հաճախ գրածը կարդում էր, դրանք սովորաբար բանաստեղծական էքսպրոմտներ էին, մտքի վայրկյանական փայլատակումներՙ գրված ձեռքի մեկ հպումով: Եվ գրածը շատ հազվադեպ կտար սեղանակիցներից որեւէ մեկին: Երկու անգամ ես երջանիկ բացառություն կազմեցի եւ ունեցա Շիրազի ձեռքով գրած էքսպրոմտ-քառյակներ. «Լավ պահե, օր մը կկարդաս ու ինձ կհիշես»:

***

«Արմենիան» այդքան դուրեկան չէր լինի, եթե չլինեին նրա մատուցողները. ռուսերեն այս բառն ավելի հնչեղ է եւ կարծես ավելի ճոխ իմաստ ունիՙ «ՏՒՌՓՌՈվՑ»: Այս բառը խորապես մտել է ռեստորան գնացող մարդկանց բառապաշարի մեջ: Օֆիցիանտ. արդեն ենթագիտակցաբար առնչվում է ռեստորան, մենյու, զակազ, բար, կաֆե, կոկտեյլ, հոթել, օրկեստր, շվեյցար, ադմինիստրատոր, ինտուրիստ... այսինքնՙ այն բառերի հետ, որոնք կազմում են հյուրանոց-ռեստորան հասկացությունների անհրաժեշտ մթնոլորտը:

Երեւելիների սեղանի մշտական հաճախորդներն այնքան էին վարժվել «Արմենիայի» մատուցողներին, որ անգամ ճաշատեսակի համեղ կամ ոչ համեղ լինելը կապում էին տվյալ մատուցողի հետ: Հաճախ էին ասում. «Մացոյի բերած քյաբաբն ուրիշ է...»: Եվ այս խոսքերում կար ճշմարտություն...

Ամենազվարճալի պատվիրատուն երեւելիների սեղանից երգահան, հայկական ժողովրդական երգերի հիանալի մշակող Արամ Կարպիչ Քոչարյանն էրՙ երկարահասակ, նիհար, արտաքինից Դոն Կիխոտի նման, բյուրեղյա մաքրության մի անձնավորություն:

Մատուցողը սիրալիր մոտենում էր եւ պարզում մենյուն: Արամ Կարպիչն ուղղում էր ակնոցները եւ սկսում խորտիկների բաժնից ցածրաձայն կարդալ, թերթում էր առաջին էջը, հետո երկրորդը, երրորդը եւ նոր միայն մատուցողին ասում փոքր-ինչ հրամայական շեշտով. «Թե՛յ»: Թերթում էր եւս մի էջը եւ ասումՙ «Առա՛նց լիմոնի», եւս մեկ էջ ու ետ տալիս մենյուն ու հանդիսավոր եզրափակումՙ «Եվ առա՛նց շաքարի»:

Ու էսպես ամեն օր, քանզի ամեն օր Արամ Կարպիչը գնում էր «Արմենիա»:

Սովորաբար բաժակները լցնում էր Արարատ Բարսեղյանը:

Ընդունված էր նաեւ, ով ինչ ուզենարՙ պատվիրեր իր համար, կրկնում եմՙ իր համար եւ իր համար էլ վճարեր, այս ավանդույթը գուցե կազմավորվել էր այն հանգամանքից, որ ներկաներից շատերը եղել էին եւ տեսել էին այս սովորույթը Եվրոպայում եւ հաջողությամբ կիրառում էին Երեւանում:

Մեր արվեստագետներին հաճախ միանում էր եւ հայտնի լեզվաբան, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը: Նա մենակ էր ապրում եւ մշտապես ճաշում էր «Արմենիայում»: Ջահուկյանն էլ իր սովորությունն ուներ, ինչ էլ որ պատվիրեր, առաջինը պետք է լիներ բորշչը, նոր մնացած ուտեստեղենը: Եվ մատուցողները պիտի որ դա իմանային: Բայց նա մի առանձին սիրով մենյուն նայելուց հետո նոր միայն պատվիրում էր բորշչ եւ էլ ոչինչ, կամ որեւէ մի երկրորդ: Եվ ոչ երբեք խմիչք: «Խմի՛ր», հանդիմանալից նշան էր անում նրան Շիրազը: Բայց Ջահուկյանն անվրդով էր. «Խմիչքը խանգարում է մտածելուն, իսկ ես դեռ պիտի գրեմ»:

«Ձեր գրածն, ինչու, իմ գրածից տարբե՞ր է, որ խմիչքն ինձ չի խանգարում, ընդհակառակըՙ մտքերս մի տեսակ կարգավորում է: Այդպես չէ՞, Խաչիկ», ուղղվում էր դեպի սիրելի ընկերըՙ Շիրազը:

Դաշտենցն իրեն բնորոշ մեղմ, կարծես մեղավոր ժպտում էր:

«Ծո, ձայն հանե, Խաչի՛կ», պնդում էր Շիրազը:

Ու Խաչիկը քթի տակ արտաբերում էր իր սիրելի ֆրազը. «Է՜, աշխարհ, աշխարհ... ամբողջ աշխարհը ազատվեց Գերմանիայից, իսկ ես մի նեմկայից չազատվեցի»: Ենթադրվում էր նրա վիճակը, որ գերմանուհի կինը, ինչ-որ բանից երեւի դժգոհ էր մնացել:

«Ոչինչ, ոչինչ, Խաչիկ, դարդ մի՛ անի: Վաղը կգնանք Պետհրատ: Եվ ես Խիկարին (Բարսեղյան - Ա. Ի.) կստիպեմ, որ քեզ հետ մի պայմանագիր կնքի եւ ավանս տա: Դու մեծ գրող ես եւ Արարատ Բարսեղյանի պես չես, որ ամիսը մեկ Մոսկվա է մեկնում եւ ջահել խմբագրուհիների հետ իր պիեսների քննարկումը կազմակերպում: Պիեսներ շատ ունի, բայց ոչ մի ներկայացում չունի...»:

Արարատն, իրոք, տարվա կեսը Մոսկվայում էր, այն էլՙ «Մոսկվա» հյուրանոցում: Թե ինչպես էր հաջողացնում, միայն ինքը գիտեր:

«Դե մի նոր բան պատմիր Մոսկվայից, բաց արա գաղտնիքներդ, ուղղվելով դրամատուրգ ընկերոջը», արագ վրա բերեց Շիրազը:

Արարատը թեՙ «Վերջերս Սերոն (Խանզադյան) էր Մոսկվա եկելՙ գրողների վարչության պլենումի. «Մոսկվա» հյուրանոցում ծանոթացրի իմ «խմբագրուհիներից» մեկի հետ, էնքան գիտեմ, որ Սերոյի գնալուց հետո «գների» բարձրացում տեղի ունեցավ: Դեռ ինձ էլ Սերոն ձեռք էր առնում, թե, Արարատ, քո միակ գործող զենքը աչքերդ են:

«Արմենիայի» խոհանոցը հայտնի էր, իմ հիշած շեֆ-խոհարարներից այնտեղ աշխատել էին Մայիսը (երեւի լավագույնը), հետո Լիպոն, Վիտյան, հետո Խաչիկը (վերջինիս հրավիրեցին Մոսկվա եւ այնտեղ նա շեֆ խոհարարից բարձրացավ մինչեւ «Նացիոնալ» ռեստորանի տնօրենի պաշտոնին):

Մայիսի օրոք «Արմենիայի» ֆիրմային կերակրատեսակների շարքին կարելի էր դասել բորշչը, բեֆստրոգոնովը, խորովածը (երեւանյան, երբ մսի հետ մատուցում էին նաեւ մեկական խորոված պոմիդոր, պղպեղ եւ սմբուկ), հարիսան, ե՛ւ մսի սոլյանկան կար, ե՛ւ բոլորովին շքեղ կերակրատեսակՙ օսետրինայի խորովածը...

Եվ հարկ է ասելՙ ինչքան որ Մայիսն աշխատեց, մինչեւ այն օրը, երբ դավադրաբար իր իսկ տան մեջ, գիշերով ավազակները սպանեցին, ամեն ինչը, ոչ միայն թվարկածս տեսակներից, այլեւ ինչ որ ընդհանրապես գրված էր մենյուում, անգամ ամենասովորական քյաբաբը, «Արմենիայում» ուրիշ էր: Մինչեւ հիմա որեւէ ռեստորանի տեր, երբ ուզում է իր կերակրատեսակը գոված լինել, ասում է. «Այ մենք այնպիսի՜ բեֆստրոգոնով ենք տալիս, ինչպես ժամանակին «Արմենիայում» էր»:

Մայիսի կողքին աշխատում էր եւս մի ունիկալ անձնավորությունՙ բուֆետապան Ռուբենը, Բոյով Ռուբիկը: Այդպես էին կոչում նրան բոլորը բարձր հասակի համար: Նա ուներ ոչ թե սովորական բուֆետապանի շնորհք, այլՙ կատարյալ գործունյայի, ինչպես այսօր են ասումՙ բիզնեսմենի ջիղ: Պատահական չէ, որ Սովետական Միության վերջին շրջանում նա կարողացավ Սեւանա կղզի տանող ավտոխճուղու հատման վայրում, նախկին մեկհարկանի, փայտաշեն, կանաչ գույնի ներկած անմոռանալի «Մինուտկա» տաղավարի տեղը բացել «Իշխանիկ» տուֆակերտ, գողտրիկ ռեստորանը, ուր միշտ հրամցնում էին թարմ իշխան: Բոյով Ռուբիկը շռայլ մարդ էր, անհաշիվ էին այն հաճախորդները, որոնք մոտենում էին բուֆետի դախլին ու իրենց 50 գրամը կոնծում, բնականաբար ասելովՙ հաշիվը հետո: Ռուբիկն էլՙ լա՜վ¬ լա՜վ, անուշ լինի: Ուներ իր պատվելի անձինք, ինչպես Սեւակը, Քոչարը, Ֆրունզիկը, Խորիկը եւ, ինչ խոսք, առավել եւս Շիրազը:

***

Ճիշտն ասած, մեր մտավորականների խումբը, ինչպես ասացի, բնավ «Արմենիա» չէր գալիս ուտել-խմելու համար: «Արմենիան» ինչպես եւ ամառային սրճարանըՙ «Ինտուրիստի», Նկարիչների տան հարեւանությամբ, այն տարածքներն էին, ուր գալիս էին մարդիկ, որոնք այս կամ այն կարեւոր հարցում ունեին իրենց տեսակետները եւ չէին վախենում արտահայտել դրանք: Այդ երկու վայրերը մեր թե՛ անվանի, թե՛ երիտասարդ տաղանդաշատ արվեստագետների համար դարձել էին յուրատեսակ «ազատության կղզյակներ» խրուշչով-բրեժնեւյան տարիների Երեւանում: Էլ որտե՞ղ նրանք կարող էին իրենց այսպես ազատ զգալ, տա՞նը, թե՞ աշխատանքի վայրում: Իրապես անհնար էր, ուրեմն մնում էին հիշատակածս «կղզյակները»: Եվ, իրոք, ի՞նչ մագնիսական դաշտ ունեին դրանք մեր անցյալի ոչ այնքան քաղցր կյանքում:

Սակայն պիտի ասել, որ ոչ միայն մեր երեւելի մտավորականներն էին գալիս «Արմենիա»: Գալիս էին սովետական վարչակարգի տարիներին ձեւավորված եւ այն խավի ներկայացուցիչները, որ կոչվում էին «նոմենկլատուրային մտավորականություն», որոնք լիովին վստահված էին արդեն մի քանի տասնամյակ երկրում իշխող կուսակցության կողմից, մարդիկ, որոնք պատրաստ էին վերնախավի ուզած հանձնարարականը կատարել, ինչի համար օգտվում էին բարիքների այն փշրանքներից, որ իրենց էր փայ հասնում կուսակցական նոմենկլատուրայի սպառումից հետո: (Իմացի՛ր, այդ փաթեթի մեջ մտնում էին ե՛ւ բնակարաններ (ձրի), ե՛ւ ավտոմեքենա (պետական գնով) ե՛ւ արտասահմանյան կահույքի կոմպլեկտ, ե՛ւ ճապոնական հեռուստացույցներ, ե՛ւ կանացի մորթե մուշտակներ): Դե հիմա ո՞րն էր նախընտրելինՙ այս ամենից օգտվե՞լը, թե՞ փոխարենը մի բաժակ սուրճ խմելը «ազատամիտների» ընկերակցությամբ: Հետո ինչ, որ հոգիդ վաճառել ես սատանային: Արդեն 1917 թվից չկար ո՛չ հավատ, ո՛չ կրոն եւ ո՛չ էլ խղճի զգացողություն: Ու մտածում էին մեր «նոմենկլատուրային մտավորականները». «Աստված էլ երբեք չի գա, նա այս երկրի համար արդեն եկել էր սկզբում Լենինի, իսկ հետո Ստալինի կերպարանքով»: Եվ այնքան էին հավատացած սատանայի հետ կնքած գործարքին, որ ո՛չ աշխատում էին, ո՛չ էլ, առավել եւս, խղճմտանքի զգացողություն ունենում: Որպես օրենք նման նոմենկլատուրային ստեղծագործողները հավաքվում էին, նայած արվեստի բնագավառի, Կենտկոմից իրենց վրա նշանակված «կոմիսարի» շուրջ: Եթե տվյալ ստեղծագործական միության բախտը բերեր, ինչը շատ հազվադեպ էր պատահում, այդ կոմիսարը նաեւ տաղանդավոր ստեղծագործող էր լինում, ինչպես որ երկար տարիներ եղավ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահիՙ Էդվարդ Միրզոյանի դեպքում: Եվ ինչը բերեց իր բարի պտուղները: Բայց սա հազվագյուտ բացառություն էր, որպես օրենք իր բնագավառում նա անգամ շարքային արհեստավարժը չէր լինում, որքան թույլ, որքան ապաշնորհՙ այնքան լավ, այնքան նվիրյալ սիստեմին: Հիշենք 1950-1980-ական թթ. Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահներին կամ առաջին քարտուղարներին: Գյումրեցու ասածՙ «Լացըս կուգա»:

Նրանք էլՙ այդ առաջին քարտուղարները (կամ նախագահները) իրենց հերթին ստեղծում էին տվյալ միության նախագահություն, վարչություն, քարտուղարություն, տարբեր հանձնաժողովներ, կարգում իրենց պարբերականներին գլխավոր խմբագրեր: Եվ մեր կյանքի հոգեւոր տաճարում, այսինքնՙ գրականության եւ մշակույթի ասպարեզում, առանց ամոթի տարրական զգացմունքի «նամազ» կարդում, պղծում-խեղաթյուրում այն, ինչ դարեր շարունակ մեր ստեղծագործ ժողովուրդը պահել է աչքի լույսի պես, անգամ պետականության բացակայության պայմաններում: Սակայն առավել հեռատես «նոմենկլատուրային մտավորականները» արդեն Ստալինի մահվանից հետո կանխազգում էին, որ ինչ-որ մի բան այնպես չէ կոմունիստական բուրգի վերնամասում:

Երկրորդ Ստալին պարզապես չէր կարող գալ, եւ ով որ եկավ նրանից հետո, մի աղյուսով թուլացրեց բուրգը...

Հաճախ «նոմենկլատուրային մտավորականության» ներկայացուցիչներն «Արմենիայում» ուղեկցում էին որեւէ արտասահմանյան պատվիրակության, եւ լինեին ամերիկացի թե ռուս, չինացի թե ֆրանսիացի, եւ միշտ միեւնույն մարդիկ էին մասնակցում «հյուրեր ընդունելուն» ու Հայաստանում ման տալուն: Կանցներ ռեստորանի մեծ սրահի միջով գրողական «ինտերնացիոնալ» գնացքը դեպի բանկետային դահլիճը եւ մեծ բանաստեղծը կասեր իրենից անբաժան իրոնիայով. «Կտեսնիս, Սպանիչի գլուխն անցած մուֆթա կերի կերթան էս չինացի գրողները, պոչից էլ աղվես Սաղաթելը...»:

Ես երբեմն ինձ հարց էի տալիս. իսկ հետաքրքի՞ր էր արդյոք Ժան Պոլ Սարտրինՙ թողած Սեւակին ու Շիրազին, երեւանյան զրուցակից ունենալ Թոփչյանին կամ Մետաքսեին: Սա էր մեր իրականությունը: Մի՛ տվեք ավելորդ հարցեր, անգամ մտովի...

Անփոփոխ էին Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը, նրա տեղակալներ Անդրեյ Մարտիրոսյանը եւ բանաստեղծ Վահագն Դավթյանը, այդ կոմիտեի ակտիվիստները... Իսկ երբ պատվիրակությունը գրողական էր, որեւէ դասականի հոբելյանի կամ ԳՄ հերթական համագումարի հետ կապված, ապա նրանց կողքին, ինչպես ասացի, երեւում էր երկար տարիներ գրողական համքարությունը ղեկավարած Էդուարդ Թոփչյանըՙ միշտ շատ լուրջ, օսլայած շապիկով, մուգ գույնի փողկապով, լավ արդուկված կոստյումով, սակայն շատ հազվադեպ դեմքին ժպիտ կերեւար: Ախր այնքան կարեւոր գործ էր նրան վստահված, էլ ժպիտի տեղ կմնա՞ր: Եվ հետո, ընդհանրապես որոշակի վերնախավում ընդունված էրՙ ինչքան քիչ խոսես, առավել եւս քիչ ժպտաս, իսկ ավելի լավ է ընդհանրապես չժպտաս, կունենաս խելոք մարդու համբավ: Քանզի այդ տարիներին ժպիտը, ծիծաղը, էլ չեմ ասում անեկդոտը, սրամիտ կատակը դիտվում էր որպես այլախոհության դրսեւորում: Չնայած գրողներն ունեին նաեւ իրենց նոմենկլատուրային կատակ կամ սրամտություն անող քարտուղար-պրոֆեսորը, սակայն նա ասպարեզ եկավ ավելի ուշ, արդեն բրեժնեւյան ճգնաժամի շրջանում, եւ հարկ է ասել, որ սկսեց գործել շատ ակտիվ եւ իրեն բնորոշ բացառիկ զոռբայությամբ (ինչ անուն տաս, օրինակ, նրա կողմից Շիրազին ծեծելու փաստինՙ «Հրազդան» հյուրանոցի սրահումՙ արտասահմանյան գրողների ներկայությամբ): Ահա նրան կտեսնեիր Վիլյամ Սարոյանի, Ռասուլ Համզատովի, Կայսին Կուլիեւի, Չինգիզ Այթմատովի, Միխայիլ Դուդինի կողքին: Իսկ մինչեւ նրա երեւան գալը Թոփչյանի կողքին Նաիրի Զարյանն էր, Հակոբ Սալախյանը, Գեւորգ Էմինը, Գուրգեն Բորյանը, Գարեգին Սեւունցը, ավելի մանր կալիբրի «նոմենկլատուրականներ» Կարեն Ա. Սիմոնյանը, Միքայել Շաթիրյանը, Ստեփան Կուրտիկյանը, Վահագն Մկրտչյանը, Լեւոն Միրիջանյանը, եւ հետո միայն ինքը: Եվ վերջինիս անմիջական «շեֆը»ՙ Վարդգես Պետրոսյանը, որն, ի դեպ, արդեն առանձին խոսակցության թեմա է, թե ինչպես 15 տարի հայ մտավորականության բախտը տնօրինեց Կարեն Դեմիրճյանի դպրոցական «վինետկային» մաս կազմած այս ընկերը:

Այո՛, Դանեմարքում ինչ-որ մի բան անդառնալիորեն փտած էր, բայց իրենք դեռ գլխի չէին ընկել, հետո պայթեց միանգամից, երեք ամսում...

***

Ճիշտ չէր լինի ասել, որ «Արմենիայի» երեւելիների սեղանի շուրջ միայն մտավորական հայտնի դեմքեր էին հավաքվում: Այդ սեղանն ուներ նաեւ իր արբանյակներըՙ «Արմենիայի» հին այցելուների թվով, որոնք դեռեւս հաճախել էին «Ինտուրիստ» ռեստորան: Կուզենայի հիշատակել թե՛ հորս, թե՛ մանավանդ Երվանդ Քոչարի ընկերոջը, Երեւանի հին ավտովարորդներից Երջանիկ Կարախանյանին (Երջոյին), որը բոլորովին վերջերս կնքեց իր մահկանացուն: Ունիկալ մարդ էր Երջոն: Լինելով վարորդ, սակայն միշտ ձգտել է շփվել, լինել անվանի մարդկանց կողքին, երբ հարկ է եղելՙ իր մեքենայով նրանց տարել Հայաստանի տարբեր վայրեր: Այն շրջանում, երբ հավաքվում էին «Արմենիայում», Երջոն արդեն իր մեքենան, կարծեմ «Ֆորդ-Լեսոտոն», վաճառել էր, իսկ որդուն եւ դստերը «բարեհաջող» կերպով ուղարկել կալիֆոռնիաները: Եվ ինքը կգար, ժամերով կնստեր թե՛ ամառայինում (նկարչի տան հարեւանությամբ), թե՛ ձմեռայինում («Արմենիա» ռեստորանում): Կխոսեր արվեստից, քաղաքականությունից, հին Երեւանի բարքերից... Քիչ էր խմում, եթե լցնեինՙ չէր հրաժարվի: Իրեն «պատմաբան» էր համարում, գուցե չէր սխալվում, ավելի ճիշտՙ իր ժամանակի, իր գիտցածի տարեգիրն էր: Կյանքի վերջին տասնամյակում մի շարք հուշերի գրքեր գրեց, որոնք, հարկ է ասել, կարդացվում էին անսքող հետաքրքրությամբ:

Հիշատակածս արբանյակների թվում թերեւս կային խմիչքի, իսկ ավելի ճիշտՙ օղու թունդ սիրահարներ: Դրանց մեջ էր հին երեւանցիներին ժամանակին լավ հայտնի ՄՕՊՐ-ի Յագորի որդի Ռոբերտը, որը մի ժամանակ ղեկավարել է հին Երեւանում գործող մի այլ օդիոզ միավորումՙ Ռաբիս-ը («ՀՈոՏփպպ ՌրրՍցրՑՉՏ»): Դե այս բազմաժխոր երաժշտական խմբերի ղեկավարման շրջանում, Ռոբերտը սովորել էր ուժեղ խմել, այս գործում թերեւս գերազանցելով մեր ժողովրդական արտիստ Գենին: Թե Գենն իրոք ինչքան էր խմում, հայտնի էր միայն ռուսական թատրոնի հարեւանությամբ գտնվող «Ինտուրիստ» ռեստորանի բուֆետապան Մոսկովին:

Ռոբերտը երբ խմած չէր լինում, զարմանալի լռակյաց, ինքնամփոփ մարդ էր, բայց այն 30-40 րոպեների ընթացքում, երբ պարպում էր օղու զույգ շշերը, կհասցներ ե՛ւ վիճել, ե՛ւ բորբոքվել, ե՛ւ կատակել, ե՛ւ փիլիսոփայել. «Եթե օղին չլիներ, կյանքն ինչ իմաստ կունենար», «Ինչու՞ չես խմում, չլինի՞ թե նրանցից ես», ու գլուխն ուղղում էր, չգիտես ինչու, ռեստորանի մուտքի կողմը (դե տարածված էր, որ «Արմենիայի» շվեյցարներն էլ այնտեղից են):

ՄՕՊՐ-ի Յագորի տղան քիթը թունդ կարմրած գնում էր եւ սեղանին մոտենում էր բաքոսի մի այլ նվիրյալՙ գնդապետ Վրույր Հակոբիչը: Իրապես հրաշալի մի մարդ, կադրային զինվորական, ռազմաճակատի բովերով անցած: Պատերազմից հետո ծառայել էր Լենինգրադում: Ինչ-ինչ պատճառներով ռուսազգի կնոջը եւ դստերը թողել էր իր լենինգրադյան բնակարանում եւ եկել Հայաստան: Հանդիպել էր հին ընկերոջըՙ Ֆադեյ Սարգսյանին, որն այդ տարիներին Հաշվիչ մեքենաների ինստիտուտի տնօրենն էր, եւ լավ իմանալով գնդապետ Վրույր Հակոբիչին, նրան աշխատանքի էր վերցրել եւ նույնիսկ մեկ սենյականոց բնակարան հատկացրել ինստիտուտի հարեւանությամբ:

Վրույր Հակոբիչը, ի տարբերություն մյուս թունդ խմողների, երբեք չէր հայհոյում կամ կռվարար դառնում: Ընդհակառակը, կարծես ներսից լուսավորվում էր, բարիանում: Գնդապետ Վրույր Հակոբիչը ե՛ւ գիտակ, ե՛ւ կարդացած մարդ էր: Սակայն իր բողոքը կյանքի անարդարությունների հանդեպ տանում էր ներքին ընդվզմամբ, այն էՙ մոռացության տալով ալկոհոլի մոգական օգնությամբ: Շիրազը, երբ մի քիչ գինովցած էր լինում, դիմում էր նրանՙ ասելով. «Խմբապետ Վրույր»: Վրույրը փորձում էր նրան ուղղել, բայց Շիրազն անվրդով էր. «Թո՛ղ գոնե մի իսկական գնդապետի խմբապետ անվանեմ»: Իհարկե, Վրույր Հակոբիչը ներքուստ շոյվում էր եւ ժպտում:

Երեւելիների մեջ ռեկորդային խմողներից էր ժողովրդական դերասան Գենը, ծնունդով Շուշիի հայտնի Մելիք Շահնազարի տոհմից: Բնածին կոմիկական տաղանդով օժտված, փայլուն արտիստ, որն ամբողջ կյանքն անցկացրեց Ստանիսլավսկու անվան թատրոնում, ստեղծելով տասնյակ վառ կերպարներ: Գենը խոսում էր միայն ռուսերեն, եւ կես ժամից ավել ռեստորանի սրահում չէր մնում: Մեր երեւելիների սեղանից Գենն առանձնապես մոտ էր հորսՙ Վիգենի հետ, ասում էր, որ իր մայրը, գրող Աշոտ Արզումանյանի մայրը եւ իմ տատըՙ Սոֆիան, 1890-ական թվերին Շուշիում միասին սովորել են տեղի Ռուսական օրիորդաց գիմնազիայում: Գենը նաեւ հայտնի կնասեր էր, եւ դա, իհարկե, իրեն պատիվ էր բերում, քանզի արդեն բավական մեծ էր տարիքով, սակայն անխոնջ նվիրված էր մարդկության լավագույն կեսի սրտերի ու մնացյալ սքանչելիքների գրավման գործին: Եվ փա՜ռք Աստծո, նրա ջանքերը զուր չէին անցնում Ստանիսլավսկու անունը կրող ռուսական ակադեմիական թատրոնում: Մնում էր, որ նրա պատումները լսող սեղանակիցները, օրինակՙ թատերական բեմադրիչ Գրիգոր Մկրտչյանը կամ ժողովրդական դերասան Աշոտ Ներսիսյանը Ստանիսլավսկու նմանողությամբ չարձագանքեինՙ «Не верю!»:

***

Իր աննման կոլորիտով աչքի էր ընկնում նաեւ հայտնի դերասան Արման Անանիչ Կոթիկյանը: Ծնունդով տրապիզոնցի, հրաշքով փրկվել է կոտորածներից, ծովով անցել Սուխումի, հետո ապաստանել էր Փարիզում եւ իր դերասանական կարիերան սկսել Փարիզի հայկական թատերախմբերում: Հրաշալի գիտակ համաշխարհային պոեզիայի, ֆրանսերենից թարգմանել է Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» կոմեդիան, գրել Ֆիրդուսիի մասին մի փոքրիկ աշխատություն: Գոց գիտեր հատվածներ Ֆիրդուսիից, Շեքսպիրից, Հաֆեզից, Օմար Խայամից: Պատմում են, որ վաղ երիտասարդության տարիներին Փարիզի Լա Գուժոն փողոցում գտնվող հայկական եկեղեցում մոմ է բռնել Զորավար Անդրանիկի պսակադրության արարողությանը: Ինչը ինքը, իհարկե, ժխտում էր, լավ գիտակցելով, որ համապատասխան մարմինները դա կարող էին համարել թունդ «նացիոնալիստական» արարք, եւ այնժամ Արման Անանիչը չէր փրկվի «կարմիր անգղի» ճիրաններից: Անգամ ալկոհոլի մեծ դոզայի ազդեցության տակ էլ Կոթիկյանն իրեն թույլ չէր տա որեւէ քաղաքական կարծիք, առավել եւս անեկդոտ ասել: Բայց դա մինչեւ 1953 թվականն էր: Հետո թե՛ նրա, թե՛ մեր երեւելիներից շատերի լեզուները բացվեցին: Օրինակՙ Արման Անանիչը իրեն թույլ կտար ասելու. «Այս երկիրը եթե խելք ունենար, կրնար խոշոր գումարներ խնայել, լավ գիտնալով, որ ինքը բնավ չպետք է կանացի օծանելիք եւ կանացի ներքնազգեստ արտադրեր: Այս գործը արդեն տասնամյակներ շարունակ անում է Ֆրանսիան: Պատկերացնու՞մ եք ինչ բույր կուգար դիցուք մոսկովյան գեղեցկուհիների վրայից, եթե նրանք ցանեին իրենց վրա «Շանել» օծանելիքը»:

Եվ գնում էր դրվագային իրական եւ երեւակայական իր հիշողությունների աշխարհը: Եվ սրամիտ դրվագներով պատմություններ Արման Անանիչը ուներ որքան ուզեք: Այդ մեծ դերասանն իր կյանքի օրոք ըստ արժանվույն չգնահատվեց: Իրադրությունը փոխվեց, երբ խաղաց «Տժվժիկ» հրաշալի ֆիլմում: Այդ պահից, երբ մտնում էր «Արմենիա», բոլորն իրեն հարգալից բարեւում էին եւ հաճախ էլ կոնյակ էին ուղարկում իր սեղանին, ու մատուցողն ասում էր. «Պատիվ տվողն ասաց, թող ների Կոթիկյանը, որ տժվժիկի փոխարեն կոնյակ եմ ուղարկում»:

Շարունակելի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ