RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-07-27 > #015, 2013-08-31 > #016, 2013-09-14 > #017, 2013-09-28 > #018, 2013-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013



Գրական

Տեղադրվել է` 2013-09-13 23:44:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1015, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՇԵՅՄՈՒՍ ՀԻՆԻ

Համացանցի նյութերի հիման վրա պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Քնարական գեղեցկության եւ բարոյական խորաթափանցության իռլանդացի երգիչը

Գրականության Նոբելյան մրցանակը 1995 թվին շնորհվեց իռլանդացի բանաստեղծ, թարգմանիչ եւ անգլերեն լեզվի դասախոս Շեյմուս Հինիինՙ «Քնարական գեղեցկությամբ եւ բարոյական խորաթափանցությամբ հագեցած այնպիսի գործերի համար, որոնք փառաբանում են առօրյա հրաշքներն ու հավերժ կենդանի անցյալը»: Այսպես էին այդ ժամանակ բնութագրել նրա ստեղծագործությունները:

Գոյություն ունի մարդկանց մի տեսակ, որ ճանաչում ձեռք բերելով եւ փառքի արժանանալով հեռանում է իր արմատներից, մոռացության մատնում ինքնությունը, հարազատներին ու ընկերներին, ամբողջովին հանձնվում փառքի ամենակուլ որոգայթներին: Գոյություն ունի նաեւ մարդկանց մի այլ տեսակ, որ ինչպիսի բարձունքների էլ հասնի, երբեք չի մոռանում իր արմատները, ինքնությունը եւ դրանով իսկ առավել հարստացնում է ինչպես իր, այնպես էլ համամարդկային արժեհամակարգի կենսագրությունը: Այս երկրորդ տեսակի մարդկանց թվին էր պատկանում Հինին, որ համաշխարհային ճանաչման արժանանալով, մնաց արմատներով հասարակ իռլանդացի եւ սիրվեց իր ժողովրդի կողմից: Նա քանիցս անհրաժեշտություն է զգացել շեշտելու, որ ոչ թե բրիտանացի է, այլ իռլանդացի: Նման արժանիքի տեր մարդիկ այն հասարակության երգիչն են եւ խիղճը, որին պատկանում են: Իր ժողովրդին նվիրված լինելու հանգամանքն էլ նրան ժողովրդականություն է բերել ինչպես իր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրսՙ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում:

«Նյու Յորք Ռիվյու ըվ Բուքս» պարբերականի գրաքննադատ Ռիչարդ Մըրֆին Հինիին նկարագրել է որպես «մի բանաստեղծի, ով նրբագույն արվեստի միջոցով կարողանում է ներկայացնել Իռլանդիայի անցյալն ու ներկանՙ խորապես կապակցված համադրությամբ»: Լինելով կաթոլիկ, առավելապես բողոքական Հյուսիսային Իռլանդիայում, ինքըՙ Հինին, նույն պարբերականում իրեն բնութագրել էր որպես «թաքնված, մոռացության մատնված, աշխարհից դուրս եկած եւ կրթության, քաղաքակրթության աշխարհը մուտք գործած մի անձնավորության»:

Իր «Seamus Heaney» գրքում Բլեյք Մորիսոնը գրել էր, որ նա «այն հազվագյուտ բանաստեղծներից էր, որ քննադատների եւ ակադեմիականների բարձր գնահատականին արժանացած լինելով հանդերձ, մնում էր սիրված հասարակ ընթերցողների շրջանակներում»:

Հաճախ «տարածաշրջանային բանաստեղծ» որակված Հինին նաեւ խիստ ավանդապահ էր եւ դիտավորյալ դիմում էր Ուիլյամ Վորդսվորթի եւ Ջոն Կլերի «նախամոդեռնիստական» աշխարհինՙ որպես ոգեշնչման աղբյուրի: Մի առիթով նա խոստովանել է. «Տարիներ անց ես հասկացա, որ լիովին կարող եմ վստահել Քաունթի Դերրիի իմ մանկության տարիների փորձառությանը, որ առաջներում համարում էի արխաիկ եւ ժամանակակից աշխարհի հետ կապ չունեցող»:

Բանաստեղծ եւ գրաքննադատ Սթիվն Բըրդն էլ գրել է, որ Հինին «Դոգմաների դեմ էր, բայց կողմՙ նվիրականին եւ սրբազանին»: Իսկ «Նյուզուիքի» թղթակից Ջեկ Քրոլը նրան այսպիսին է պատկերացրել. «Հինին ստիպում է մեզ տեսնել, լսել, հոտոտել եւ ճաշակել այս կյանքը, որը բոլորվին էլ գավառական չէ, այլ ծխական, նվիրական: Գավառականությունը միջակությանն է բնորոշ, մինչդեռ բոլոր տեսակի ծխականութունը, լինի այն քաղաքային, թե գյուղական, բացառապես մարդու հոգեկանի հետ է առնչվում»:

Կենսագրական տվյալներ

Շեյմուս Հինին ծնվել էր Քեսլդոուսոնում (Քաունթի Դերրի, Հյուսիսային Իռլանդիա), 1939 թվի ապրիլի 13-ին: Երկար տարիներ (սկսած 1972-ից) ապրել էր Դուբլինում: Նա 9 երեխաներից առաջինն էր լույս աշխարհ եկել Պատրիկ (մահացած 1986-ին) եւ Մարգարետ (մահացած 1984-ին) Հինիների ընտանիքում: Հայրը հողագործ էր, բայց սիրում էր ավելի շատ զբաղվել անասնաբուծությամբ: Այդ սերը նրան հորեղբայրներն էին սերմանել, այն բանից հետո, երբ ծնողները վաղաժամ մահացել էին: Մայրը ՄքԿենների ընտանիքից էր, որի շատ անդամներ աշխատում էին տեղի սպիտակեղենի գործարանում: Շեյմուսն անդրադառնալով իր ծնողների կելտական «անասնաբուծական» անցյալի եւ Օլստերյան «արդյունաբերական» հեղափոխության խառնուրդ լինելու հանգամանքին, մի առիթով նշել է. «Դա նշանակալի բեռ է եւ լարվածություն է առաջացնում իմ մեջ»: Շեյմուսն «Անահորիշ» տարրական դպրոցն ավարտելուց հետո, 12 տարեկանում կրթաթոշակ է ստանում եւ հաճախում Սբ. Կոլումբի կաթոլիկական քոլեջը: Այդ ժամանակ էլ 4 տարեկանում ավտովթարից վախճանվում է իր եղբայր Քրիստոֆերը: Նա հետագայում երկու («Mid-Term Break» եւ «The Blackbird of Glanmore») բանաստեղծություն է նվիրում եղբոր հիշատակին:

1957-ին Հինին Բելֆաստ է մեկնումՙ անգլերեն լեզու եւ գրականություն ուսումնասիրելու Քուինզ համալսարանում: Այնտեղ նա բանաստեղծ Թեդ Հյուզի «Lupercal» բանաստեղծությունն է հայտնաբերում իր համար, որն էլ մղում է նրան իր ուժերը փորձելու այդ բնագավառում: Առաջին կարգի պատվոգրով 1961-ին ավարտում է համալսարանը եւ գրող Մայքլ ՄքԼավերտիի հսկողության ներքո սկսում է բանաստեղծություններ գրել եւ հրատարակել: Հետագայում «Fosterage» բանաստեղծությունը Շեյմուսը նվիրում է իր հոգեւոր հոր ՄքԼավերտիին: 1963-ին աշխատանքի է անցնում որպես դասախոս Բելֆաստի «Սեյնտ Ջոզեֆ ուսուցիչների վերապատրաստման քոլեջում» (այժմ միաձուլված Սեյնտ Մերի համալսարանական քոլեջի հետ) եւ տեղական պարբերականներում մի քանի հոդված տպագրելուց հետո արժանանում է Քուինզ համալսարանի դասախոս Ֆիլիպ Հոբսբաումի ուշադրությանը: Վերջինս պատրաստվում էր տեղացի երիտասարդ բանաստեղծների մի խումբ կազմել: Այդ խմբի կազմավորումն էլ նպաստում է, որ Հինին ծանոթանա Բելֆաստի այլ բանաստեղծներիՙ Դերեք Մահոնի եւ Մայքլ Լոնգլիի հետ: 1965-ի օգոստոսին ամուսնանում է գրող, մանկավարժ Մերի Դեվլինի հետ, որ 1994-ին հրատարակում է «Ինը ալիքների վրայով» խորագրի ներքո ավանդական իռլանդական լեգենդների եւ առասպելների մի հոյակապ հովաքածու:

Գրքեր, շրջագայություններ եւ մրցանակներ

Շեյմուս Հինին իր առաջին գիրքը «Տասնմեկ բանաստեղծություններ» խորագրով լույս է ընծայում 1965-ի նոյեմբերին, իսկ 1966-ին «Ֆաբեր եւ Ֆաբեր» հրատարակչությունը հրապարակ է հանում նրա «Բնագետի մահը» (Death of a Naturalist) հատորը, որն էլ գրաքննադատների գովասանքին արժանանալուց հետո արժանանում է նաեւ մի շարք պարգեւների, որոնց թվում կարելի է հիշատակել երիտասարդ գրողների «Գրեգորի» եւ «Ջեֆրի Ֆաբեր» մրցանակները: 1966-ին նշանակվում է արդի անգլիական գրականության դասախոս Քուինզ համալսարանում: Այդ նույն թվին ծնվում է իր առաջին զավակը, որին անվանում են Մայքլ: Երկրորդ զավակըՙ Քրիստոֆերը (իր եղբոր հիշատակին անվանված) ծնվում է 1968-ին: Այդ ժամանակաշրջանում բանաստեղծ Մայքլ Լոնգլիի հետ Հինին ընթերցանության շրջագայության է դուրս գալիս «Հանգավորման հնարավորություն» ընդհանուր խորագրի ներքո, որն էլ նպաստում է իր ստեղծագործությունների ժողովրդականացմանը: 1969-ին հրատարակում է իր երկրորդ գլխավոր հատորը «Դռնակՙ դեպի մթություն» (Door Into the Dark) խորագրով:

Այնուհետեւ կարճ ժամանակով հրավիրվում է դասավանդելու Բերքլիի Կալիֆոռնիա համալսարանում (Միացյալ Նահանգներ), որից հետո 1971-ին վերադառնում է Քուինզ համալսարանը: 1972-ին տեղափոխվում է Դուբլինՙ դասավանդելու Քերիս-ֆորտ քոլեջում: 1972-ին լույս է տեսնում նրա երրորդՙ «Ձմեռելով դրսում» (Wintering Out) գիրքը, իսկ 1975-ին չորրորդըՙ «Հյուսիս» (North) վերնագրով: 1976-ին Քերիսֆորդ քոլեջի անգլերենի ամբիոնի վարիչն է դառնում եւ հաջորդաբար հրատարակում «Կայարաններ» (Stations), «Ընտիր բանաստեղծություններ» (Selected Poems) եւ «Մտահոգություններ» (Preoccupations) հատորները: Վերջինս արձակ գործերի հավաքածու է:

Երբ 1981-ին իռլանդական արվեստների ազգային խորհուրդըՙ «Աոսդանա» գրական ընկերությունն է հիմնադրում, նա դառնում է դրա անդամներից մեկը, իսկ 1997-ին ընտրվում է «Սաոի» (Saoi)ՙ հինգ հոգուց բաղկացած բարձրագույն խորհրդի անդամ: Դարձյալ 1981-ին հրավիրվում է դասավանդելու Հարվարդ համալսարանում (Միացյալ Նահանգներ), որտեղ հետագայում դառնում է ճարտասանության եւ հռետորական արվեստի պրոֆեսոր: Գրեթե նույն ժամանակահատվածում նաեւ զբաղեցնում է Օքսֆորդ համալսարանի «Պոեզիայի պրոֆեսորի» պաշտոնը 5 տարի ժամկետով (1989-1994):

Համատեղելու համար իր աշխատանքներըՙ նա ստիպված է լինում տարվա մեջ որոշ ժամանակ անցկացնել Ամերիկայում, իսկ մյուս հատվածըՙ Իռլանդիայում: Նրա ընթերցումները հասարակության առջեւ այնքան մեծ ժողովրդականություն են գտնում, որ նրա պոեզիան ունկնդրելու եկողներին տալիս են «հինիամոլներ» մականունը: 1991-ին Դուբլինի «Տրինիտի քոլեջի» փիլիսոփայության ընկերությունը նրան շնորհում է «պատվավոր վարպետի» կոչումը: Նա նաեւ գրականության արքայական ընկերության պատվավոր անդամ է ընտրվում: Իսկ 1997-ինՙ իռլանդական արքայական ակադեմիայի անդամ:

2000 թվականին ելույթով հանդես է գալիս Պենսիլվանիայի համալսարանի դիպլոմների հանձնման եւ գիտական աստիճաններ շնորհելու ավարտական հանդիսությանը, որի ընթացքում համալսարանը նրան շնորհում է «պատվավոր դոկտորի» աստիճան: Պատվավոր դոկտորի աստիճան նրան շնորհում է նաեւ Հռոդոսի համալսարանը, 2002 թվին:

Պոեզիայի կենտրոն Բելֆաստում

Հաջորդ տարի Բելֆաստի Քուինզ համալսարանում բացվում է «Շեյմուս Հինիի անվան պոեզիայի կենտրոնը», որտեղ ամփոփված են նրա մասին տպագրված հրապարակումները, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հնչած ելույթները, եւայլն: Իր գրական արխիվի մյուս կենտրոնը գտնվում է «Էմորի» համալսարանում, որտեղ ծրագրվում է ստեղծել իռլանդացի գրողների (Յիթս, Մալդուն, Կարսոն, Լոնգլի, եւայլն) մնայուն արխիվ:

2006-ի օգոստոսին Հինին կաթված է ստանում եւ փոխադրվում Դոնեգալի (Օլստեր) հիվանդանոց, որտեղ նրան այցելում է այդ ժամանակ Իռլանդիայում գտնվող Բիլ Քլինթոնը: Ապաքինվելուց հետո ամիսներ շարունակ նա ջնջում էր իր բոլոր պայմանավորվածությունները:

2010-ին «Ֆաբեր» հրատարակչությունը լույս է ընծայում նրա «Մարդկային կապանք» (Human Chain) խորագրով բանաստեղծությունների 12-րդ ժողովածուն, որն արժանանում է «Ֆորվարդ պոետրի» մրցանակին:

2011-ին նա իր անձնական գրառումները հանձնում է Իռլանդիայի ազգային գրադարանին, չնայած գիտակցում է, որ աճուրդի հանելու դեպքում լավ գումար կարող էր վաստակել:

Այս տարվա օգոստոսի 30-ին, հետկարճատեւ հիվանդության, Դուբլինի Բլեքռոք կլինիկայում Հինին վախճանվում է յոթանսունչորս տարեկանում:

Նաեւ դրամատուրգ եւ թարգմանիչ

Շեյմուս Հինին նաեւ դրամատուրգ էր եւ թարգմանիչ: 1981 թվին «Ֆիլդ դեյ» թատերական ընկերության տնօրենների ընդլայնված վարչության անդամ է դառնում: Նրա դրամատիկական գործերից հիշատակության արժանի են Տրոյայի վերաբերյալ «Սոֆոկլեսի Ֆիլոկտետեսի մի տարբերակը» (1991) եւ «Հուղարկավորություն Թեբեյում» (2004) պիեսները: Վերջինիս մեջ Հինին զուգահեռներ է անցկացնում դիցաբանական Կրեոնի եւ Բուշի վարչակազմի քաղաքականության միջեւ:

Իսկ թարգմանություններից հատկանշական է նրա «Բեովուլֆ: Նոր թարգմանություն» խորագրով հատորը, որտեղ հին անգլոսաքսոնական էպոսը նորովի է մեկնաբանված:

2006-ին գրած նրա «Մարզ եւ շրջան» (District and Circle) հատորը արժանացել է Միացյալ Թագավորության ամենահեղինակավոր Թ.Ս. Էլիոթ մրցանակին: Մյուս մրցանակների շարքում կարելի է թվարկել «Թրումեն Քեփոթի անվան գրական քննադատության մրցանակը», որն ամենածանրակշիռն է այդ բնագավառում:

Բայց, անշուշտ, գրականության Նոբելյան մրցանակն ամենամեծ ճանաչումն է նրա բեղմնավոր գրչի: Նա այդ ժամանակ իր կնոջ հետ Հունաստանում տարեկան արձակուրդն անցկացնելիս է եղել եւ միայն 2 օր անց հայտնվել է Դուբլինի օդանավակայանում: Լրագրողների հարցին, թե ինչպես է նա իրեն զգում Յիթսից, Շոուից եւ Բեքեթից հետո լինելով Նոբելյան իռլանդական պանթեոնում, Շեյմուսը պատասխանել է. «Կարծես հսկայական լեռնաշղթայի ստորոտում փոքրիկ նախաբլուր լինեմ: Պետք է աշխատել արժանի լինել դրան: Դա արտասովոր զգացմունք է»:

Մնում է ավելացնել, որ չլինելով քաղաքական որեւէ խմբավորման ներկայացուցիչ, իր ստեղծագործություններում նա հստակ քաղաքացիական դիրքորոշում է ունեցել եւ անդրադարձել է իր երկրին հուզող գրեթե բոլոր խնդիրներինՙ դիտելով դրանք պատմական տեսանկյունից: Նա հավատացած է եղել, որ բանաստեղծությունն ու արվեստները առհասարակ «ամրապնդում են մարդու ներքնաշխարհը»:

Եթե գրքերի վաճառքը որեւէ չափանիշ է որեւէ գրողի հեղինակությունը եւ ժողովրդականությունը որոշելու, ապա արժե այստեղ նշել, որ Միացյալ Թագավորությունում ապրող ժամանակակից բանաստեղծների վաճառված ստեղծագործությունների երկու երրորդը բաժին է ընկել Շեյմուս Հինիի գրքերին:

Դժբախտաբար մինչ օրս մենք չունենք նրա բանաստեղծություններից որեւէ մեկի թարգմանությունը հայերեն: Հույս ունենանք, որ այս բացը կլրացվի ապագայում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ