ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր ՀՍՍՀ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՕՐԻՆԱԿՈՎ 20-րդ դարի երաժշտության ամենացայտուն եւ կարկառուն դեմքերից է Արամ Խաչատրյանը: Յուրաքանչյուրիս մանկությունից ծանոթ եւ հոգեհարազատ են «Սուսերով պարը» եւ «Լեզգինկան», «Վարդագույն աղջիկների պարը» եւ «Օրորոցայինը» «Գայանե» բալետից, որոնք որքան էլ լսես` ընկալվում են թարմ, առինքնող եւ նորովի: Հայկական ազգային պարերգային ցայտուն ելեւէջներով եւ ռիթմերով, գունեղ հնչերանգներով հագեցած «Գայանե»-ի երաժշտությունը փառք եւ միջազգային ճանաչում բերեց ե՛ւ հեղինակին, ե՛ւ հայ երաժշտությանը աշխարհում: Դժվար է արդի ընկալմամբ պատկերացնել մի երաժշտություն, որը գեղարվեստականորեն ավելի համարժեք եւ համոզեցուցիչ հաղորդեր Սպարտակի ապստամբության ժամանակվա Հին Հռոմի հզորությունն ու շվայտությունը, քան դա մարմնավորված է համաշխարհային հռչակ վայելող «Սպարտակ» բալետում: Եվ պատահական չէ, որ «Սպարտակի» երաժշտությունը բազմիցս օգտագործվել է հայտնի կինոբեմադրիչների շարժանկարներում իբրեւ բացառիկ ներգործության եւ հուժկու եռանդ կրող երաժշտական գործոն: Միջազգային կարգի լավագույն երաժիշտ-կատարողները մշտապես ձգտում են իրենց նվագացանկում ունենալ եւ պատշաճ մակարդակով ներկայացնել Արամ Խաչատրյանի մենանվագ գործիքների եւ նվագախմբի համար գրված Կոնցերտներն ու Ռապսոդիաները, հատկապես, ճանաչված դաշնամուրի եւ ջութակի փայլուն, նշանավոր Կոնցերտները: Մեղեդիների եւ նվագախմբային գույների վարպետ է Արամ Խաչատրյանը, «մեր երաժշտության Ռուբենսը», ինչպես նրան անվանել է ականավոր երաժշտագետ, ակադեմիկոս Բորիս Ասաֆյեւը: Նրա հանճարի ամենագեղեցիկ դրսեւորումների շարքին պետք է դասել Լերմոնտովի «Դիմակահանդես» թատերախաղի համար գրված երաժշտությունը: «Դիմակահանդեսի» Վալսը, Նոկտյուրնը եւ մյուս կտորները կարծես ներթափանցված են լերմոնտովյան թատերգությանը բնորոշ դրամատիզմով եւ ողբերգականությամբ, քնարական նուրբ թրթիռներով: Այդ երաժշտությունը, կարծես, խորապես ներաճած լինի բանաստեղծի հախուռն, խռոված հոգուն... Ինչպե՞ս չհիշել կոմպոզիտորի հոյակապ դաշնամուրային Տոկատը կամ Երկրորդ` զանգերով սիմֆոնիան, որի մեջ հանճարեղ կերպով արտացոլվել են հայրենական մեծ պատերազմի ողջ հերոսականությունը, ժողովրդի եւ բանակի սխրանքն ու պայքարը, «Որսկան ախպեր»-ի մեղեդու միջոցով փոխանցված կորուստների ցավն ու անդառնալիությունը, վերջապես, հաղթանակի խինդն ու բերկրանքը... Իրապես, չափազանց մեծ է Արամ Խաչատրյանի ստեղծագործական ընդգրկումն ու ներդրումը համաշխարհային երաժշտության մեջ: Նրա ստեղծագործական ժառանգությունն իր վրա է կրում հազվագյուտ անհատականության դրոշմը, որի ակունքները թերեւս ընտանեկան արմատներնում պետք է փնտրել: Հայտնի է, որ Խաչատրյանի ընտանիքը սերում էր Ագուլիսից, այսինքն, պատմական Հայաստանի Գողթն գավառից, որը հնուց ի վեր, ինչպես վկայում է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ, հայտնի է եղել իր երգիչներով եւ գուսաններով: Գուցե այդ է պատճառը, որ Խաչատրյանի ստեղծագործություններում յուրօրինակ մեկնաբանում է ստացել գուսանաաշուղական երաժշտության իմպրովիզացիոն ազատությունը եւ հայկական ազգային եւ ընդհանուր արեւելյան մեղեդիական շռայլությունը: Չմոռանանք նաեւ, որ Խաչատրյանը Թիֆլիսի ծնունդ էր: Մի քաղաք, որն ազգային եւ համաշխարհային մշակույթին տվել է Հովնաթանյաններ եւ Սայաթ-Նովա, Երվանդ Քոչար եւ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Ռուբեն Մամուլյան եւ Սերգեյ Փարաջանով: Մշակույթների մի խառնարան եւ խաչմերուկ, ուր հանդիպում եւ համադրվում էին Արեւելքի եւ Արեւմուտքի մշակութային ավանդույթներըՙ ծնելով անկրկնելի մի սինթեզ: Խաչատրյանի երաժշտության շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում շատերը հնարավորություն ունեցան բացահայտել Հայաստանը` իր հինավուրց եւ հարուստ մշակույթով, հաղորդակցվեցին հայ արդի երաժշտության նվաճումներին, ծանոթացան հիրավի նորարարական, խաչատրյանական` այնքան ազգային, ինքնատիպ հնչյունային աշխարհին: Վերջապես, Խաչատրյանի ստեղծագործությունը հզոր խթան հանդիսացավ հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի համար, որն այսօր ներկայանում է աշխարհին իր ուրույն նկարագրով: Ընդունված է կարծել, որ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն ամբողջությամբ սնվել եւ ոգեշնչվել է հայ ժողովրդական եւ քաղաքային երաժշտական բանահյուսության շտեմարանից: Եվ դա, իրոք, այդպես է: Սակայն Խաչատրյանն, այնուամենայնիվ, երկու անգամ դիմել է նաեւ հոգեւոր երգարվեստին: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1943 թվականին, երբ նա կերտում էր իր մոնումենտալ Երկրորդ սիմֆոմիան, որի երրորդ մասում համազգային ողբը պատերազմում զոհվածների կորստի կապակցությամբ արտահայտելիս, Խաչատրյանը դիմել է հայկական ժողովրդական «Որսկան ախպեր» երգի թախծոտ մեղեդուն եւ կոնտրապունկտով զուգակցել գրիգորյան խորալներից թերեւս ամենհայտնի երգասացություններից մեկին` Dies irae խստաշունչ սեկվենցիային, արդյունքում հասնելով արտահայտչականության մեծ հագեցվածության եւ ողբերգական կուլմինացիայի: Այդ փաստը բազմիցս նշվել է Խաչատրյանի ստեղծագործությանը դիմած ուսումնասիրողների հետազոտություններում: Սակայն ուսումնասիրողների աչքից վրիպել է այն հանգամանքը (իսկ գուցեւ խորհրդային տարիներին մի տեսակ անհարմար է եղել խոսել այդ մասին), որ կոմպոզիտորը եւս մի անգամ է դիմել հոգեւոր երգարվեստի գանձարանին, այս անգամ հայ ազգային շարականերգությանը: Խոսքը Ա. Խաչատրյանի հեղինակած ՀՍՍՀ պետական օրհներգին է վերաբերվում, օրհներգ, որը հիմնված է հայ հոգեւոր երգարվեստի շատ հայտնի մի նմուշի` Պատարագի «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» շարականի ելեւէջների վրա: [*] Տեսնենք, թե ինչպես է կոմպոզիտորը մոտեցել եւ ստեղծագործաբար օգտագործել այդ շարականը իր` այդքան պատասխանատու, պետական նշանակություն եւ հնչեղություն ունեցող ստեղծագործության մեջ: Ենթադրելի է, որ նման լուրջ պետական պատվեր իրագործելիս, Խաչատրյանը դիմել է տարբեր աղբյուրներին, երկարատեւ որոնումների եւ ընտրության ճանապարհով, ի վերջո, կանգ առել Պատարագի այդ վեհաշուք երգասացության վրա, որն, իսկապես, կարող էր արտահայտել այն տրամադրությունը եւ զգացումները, որոնք պատշաճում էին ազգային պետական օրհներգին: «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» շարականը, որը երգվում է Պատարագի արարողության կարեւոր դրամատուրգիական պահին, խորհրդանշում է Քրիստոսի հարությունը, սերն ու ողորմածությունը մարդկանց նկատմամբ: Այն բնորոշվում է լուսավոր եւ հանդիսավոր բնույթով: Որոշակի իմաստով նրան հատուկ են անգամ քայլերգային շարժման տարրերը, ինչն ավելի է ընդգծում շարականի օրհնաբանական տրամադրությունը: Հավանաբար, հենց այդ հատկանիշներն են գրավել Արամ Խաչատրյանին Պատարագի տվյալ երգասացության մեջ: Երաժշտալեզվի արտահայտչամիջոցների մեջ կարեւոր է նաեւ ընտրված շարականի ձայնեղանակը: Հայտնի է, որ ձայնեղանակային առումով հայոց Պատարագին ամենից ավելի հատուկ է Ք. Կուշնարյանի բնորոշմամբ` այսպես կոչված «երկու անգամ երկակի ձայնեղանակը», որն օժտված է երկու մեծացրած սեկունդաներով: Սակայն Խաչատրյանի օրհներգում օգտագործվածը ուրիշ ձայնեղանակ է: Ձայնեղանակ, որն իր բնույթով բոլորից շատ մոտ է հայկական Ութձայնի Գձ դարձվածքին, որը դարեր շարունակ մեր շարականագիրների կողմից մշտապես կիրառվել է հանդիսավոր, հիշարժան իրադարձությունները եւ տոները գովերգող երգասացություններ ստեղծելիս: Նման ցայտուն օրինակներից կարելի է մատնանշել Գրիգոր Մագիստրոսի «Զորս ըստ պատկերի քում» Խաչի վերացման Ե. օրվա ողորմեան, որը գրվել է Հավուց թառ վանքային համալիրի մայր եկեղեցուն Պահլավունիների տոհմին պատկանող Ամենափրկիչ կոչվող VIIդ. բյուզանդական հայտնի հրաշագործ մի սրբապատկերի նվիրաբերման կապակցությամբ, կամ` Ստեփանոս Ապարանցու «Սրբութիւն սրբոց» անվանական ակրոստիքոսով գրված օրհնությունը, որը ստեղծվել է 983թ. Մոկսի Ապարանից եկեղեցուն Բյուզանդիայի Վասիլ կայսեր կողմից Երուսաղեմից բերված սուրբ մասունքնների նվիրաբերման առիթով եւ այլն: Գձ դարձվածք ձայնեղանակն աչքի է ընկնում հենց այդպիսի հանդիսավոր, բերկրալից եւ օրհնաբանական մեղեդիական նկարագրով: Սովորաբար այդ ձայնեղանակում գրված շարականները սկսվում են բուն Գձ-ում, այնուհետեւ ծավալվելով Գձ դարձվածքին բնորոշ վերին քառունակի մաժորային երանգավորում ունեցող ձայնամիջոցում: Փաստորեն այդ ձայնեղանակում ծավալվող երգասացությունները կառուցվում են առաջին հատվածի մինորային եւ մեծացրած սեկունդայով բնորոշվող մեղեդու եւ հակադիր` երկրորդ մասի ավելի բարձր տեսիտուրայում ծավալվող մաժորային, լուսավոր մեղեդու հակադրման վրա: Ահա այդ հակադրության, կոնտրաստի վրա են կառուցված Գձ դարձվածքին պատկանող գրեթե բոլոր շարականները: Սակայն Արամ Խաչատրյանը խնդրին մոտեցել է ստեղծագործաբար, չբավարարվելով լոկ մի ձայնեղանակի մեղեդիական արտահայտչամիջոցներով: Պետական հիմնի ելեւէջներում լսելի են նաեւ Դձ-ի եի Դձ 1-ին դարձվածքի ելեւէջները: Մեղեդին կրում է հայ ժողովրդի ազգային անկախության եւ պետականության համար դարավոր մաքառման եւ արժանապատվության վեհաշուք դրոշմը: Նրա քայլերգային բնույթի մեջ, կարծես, արձագանքում են հայոց պատմության պանծալի հաղթանակների ղողանջները, հերոսականության ոգին, Վարդան Մամիկոնյանից մինչեւ Մոնթե Մելքոնյան... Եվ ամփոփելով, կուզենայինք հայտնել մեր կարծիքն Արամ Խաչատրյանի օրհներգի վերականգնման կապակցությամբ: Բնականաբար, ներկայիս ՀՀ պետական օրհներգը, որի շուրջ այդքան բանավեճեր են ծավալվում, ունի պատմություն եւ նկարագիր, կապված հայ ժողովրդի անկախության համար մղված պայքարի ամենադրամատիկ շրջաններից մեկի հետ: Անշուշտ, նրա մեղեդին օտարածին է, բավական խորթ` հայկական դարավոր լսողական փորձին եւ ազգային մելոսի բնորոշ ելեւէջերին: Թե ո՞վ է այդ մեղեդու իրական հեղիմակը` նույնպես վիճահարույց հարց է. կան մի շարք վարկածներ, սկսած Միքայել Նալբանդյանից մինչեւ Ք. Կարա-Մուրզա, Գրիգոր Սյունի եւ Բարսեղ Կանաչյան: Սակայն եթե դա, իրոք, այդպես է, ապա վերջին երկու հեղինակները հանդես են եկել այստեղ որպես մեղեդու մշակողներ, ներդաշնակողներ, այլ ոչ թե հորինողներ: Հայտնի փաստ է նաեւ, որ այդ մեղեդին հնչում է Ա. Գլազունովի «Ռայմոնդա» բալետի երրորդ գործողության սկզբում` որպես «Հունգարական քայլերգ»... Ուստի, Արամ Խաչատրյանի հիմնը, անկախ իր գեղարվեստական արժանիքներից, որոնք ակնհայտ են, սերում է ազգային երաժշտական մշակույթի խորքային ակունքներից, իսկ նրա ելեւէջները ճանաչելի ու հոգեհարազատ են մնում ամեն հայի համար: * Այս մասին առաջինը գրել է մեր թերթը մի քանի տարի առաջ մեծատաղանդ էսսեիստ եւ մտածող, հանգուցյալ Կարպիս Սուրենյանիՙ Արամ Խաչատրյանին նվիրված Էսսեում, որտեղ մեծ կոմպոզիտորը պատասխանելով հայ հոգեւոր հարուստ երաժշտությունից օգտվելու մասին Սուրենյանի հարցին, ասում է, որ արդեն ուշ է իր համար, սակայն, համենայնդեպս, մատնանշում է Խորհրդային Հայաստանի հիմնը, հատկապես վերեւի նոտաները, «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» շարականից:- խմբ.: |