ԴԻՄԱԿՆԵՐ, ՈՐ ԹԱՔՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ Մարինե ԿԱՐՈՅԱՆ, Երաժշտագետ, դաշնակահար 2014թ. հունիս: Արամ Խաչատրյանի անվան տասներորդ միջազգային մրցույթ: Այս անգամ մրցում են դաշնակահարները: Արդեն սովորական է դարձել ամեն տարվա այս ժամանակ սույն մրցույթը ունկնդրելը: Ցանկությունը մեկն է. տեսնենքՙ ինչ կա-չկա... Երաժիշտներն ու երաժշտասերներն ունեն այդ յուրահատուկ ընդունակությունը` միեւնույն ստեղծագործությունը լսել բազմաթիվ անգամներ` չկորցնելով նորության զգացողությունը: Զարմանալի բան է, այս զգացումը ժամանակի ընթացքում չի էլ բթանում, եւ եթե քեզ հրամցնում են ինչ-ինչ յուրահատկություններ, բոլոր զգայարաններդ անմիջապես ակտիվանում են: Մասնակիցները կարծես տասնութն են: Մեկը մյուսի հետեւից ելույթ են ունենում ավելի լավ կամ վատ պատրաստված, ավելի էմոցիոնալ կամ ավելի զուսպ, նյարդային կամ հանգիստ, փորձառու կամ սկսնակ երաժիշտներ: Հերթական համարի տակ բեմ է բարձրանում ռուսաստանցի մի մասնակից: Եվգենի Ստարոդուբցեւ : 33 տարեկան: Ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիան` պրոֆեսոր Նատալիա Տրուլի դասարանում: Տասնմեկ անգամ դափնեկիր է դարձել տարբեր միջազգային դաշնամուրային մրցույթներում: Սա կարդում ես որպես պարզապես տեղեկատվություն, քանզի ուրիշ մասնակիցներ էլ կան` քիչ թե շատ նման վաստակով: Առաջին երկու րոպեից հետո ես ու կողքիս նստած գործընկերս միմյանց ենք նայում: Հետզհետե հայտնվում ենք ժամանակային մի տարածքի մեջ, որտեղ դժվար է կողմնորոշվելը, թե որտեղ է վերջանում տարածությունն ու սկսվում ժամանակը: Այնպիսի զգացում է, որ Խաչատրյանի «Պոեմ»-ը առաջին անգամ եմ լսում: Մի պահ նույնիսկ սկսում եմ ֆիզիկապես վատ զգալ: Արդեն սպասման ջերմաստիճան կա, որը հետզհետե բարձրանում է` մրցույթի փուլից փուլ: Երկրորդ փուլում այս երիտասարդի ելույթը վեր է ամեն սպասվածից, այնքանՙ որ հանդիսատեսը դժվար է կարողանում ինքն իրեն զսպել մրցութային ձեւաչափի օրենքների մեջ: Հոտնկայս ծափահարություններ: Նույն օրը երեկոյան ժամը 22-ին նրա հետ պայմանավորվածություն ունեմ «Անի պլազա»-ի նախասրահում: Մինչ հանդիպման գնալը ծանոթանում եմ արտասահմանյան մամուլի արձագանքներին, որը` նշելով Եվգենի Ստարոդուբցեւի շլացուցիչ վիրտուոզությունը, նրան անվանում է «բացարձակ արտասովոր երաժիշտ», «ռուսական ունիկում», «ստեղնաշարի խորեոգրաֆ»: Վերելակից դուրս է գալիս սովորական մահկանացուից ոչնչով չառանձնացող մի երիտասարդ, որը, կարծես, ոչ մի ընդհանուր բան չունի ժամեր առաջ ֆիլհարմոնիայի ունկնդրին խենթացրած, ազնվական վարվելաձեւով (եւ ազգանունով) երաժշտի հետ: Զգացվում է, որ շատ հոգնած է, բայց նաեւ հետաքրքրված` երեկոյան Երեւանով: «The Club» տանող ճանապարհին զրուցում ենք: Զրուցակիցս պոետի ու մերօրյա պրագմատիկի մի ծայրահեղ անսովոր համադրություն է: Կասկածում եմ, որ երկրորդը չարչրկվում է` առաջինի մեջ թուլություն չցուցաբերելու բարդույթից: - Եվգենի, այսօր փայլուն ելույթ ունեցաք: Չնայած ասեմ, որ առաջին փուլի Ձեր ելույթի առաջին իսկ րոպեներից արդեն հայտնի էր, որ բեմի վրա ոչ թե դաշնակահար է, այլ երաժիշտ. այնպիսի երաժիշտ, որը ձայներով նկարող նկարիչ է հիշեցնում: - Բնության տվածի համար ոչինչ չեմ արել... Իսկ մնացածը ամբողջությամբ քրտաջան աշխատանք է: Դե Դուք ինքներդ էլ գիտեք: - Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է նոտային տեքստը կատարման ընթացքում դառնում ձայնային կտավ: Եթե դա Ստրավինսկու «Պետրուշկա»-ն է, դա ինչ-որ ձեւով հասկանալի է, իսկ եթե Բեթհովե՞ն է, Լիգետի՞: - Զրուցակիցս մի փոքր կարկամում է, հետո անմիջապես հարցնում, թե արդյոք Wi-Fi կա՞ այնտեղ, ուր գնում ենք: Պատասխանը դրական է: Հասնում ենք Թումանյան 40: Ինչպես միշտ, բոլորը պատրաստակամ են ու սիրալիր: Տեսնելով սրահում դրված դաշնամուրըՙ Եվգենին ժպտում է. - Ուրեմն այստե՞ղ էլ կարելի է նվագել: Օգտագործելով ռուսերենի նվագել (խաղալ/играть) բառախաղը, հարցնում եմ, թե արդյոք խաղալ սիրո՞ւմ է: - Այն էլ ինչպես: Սկսած նվագելուց, մինչեւ կոմպյուտերային խաղեր եւ պոկեր: - Ահա՜ թե ինչ: Փաստորեն Դուք արկածախնդության ջիղ ունեք: Ահա թե որտեղից է գալիս մրցույթների նկատմամբ այդ ընդգծված սերը: - Այն իրադրությունը, ինչի մեջ մենք` երաժիշտներս, այժմ ապրում ենք, ինչ-որ միջին բան է` մոլախաղի եւ սպորտի միջեւ: Պետք է գտնես, թե ինչով ապրես: Մրցույթները նույնպես դրամ վաստակելու ձեւ են: Դրանցում առանձնանալու դեպքում նաեւ համերգների հրավերներ ես ստանում: Այդ է իրականությունը: Հետեւյալ 10-15 րոպեն, սնկապուրի ափսեի վրա հակված, ինձ փորձում է բացատրել, թե, օրինակ, ինչքան ավելի երկարատեւ լարված ուշադրություն է հարկավոր մոլախաղի ժամանակ (երբեմն մինչեւ 3,5 ժամ), եւ ինչքան ավելի կարճ` որեւէ մրցույթի որեւէ փուլ նվագելիս (ամենաշատը` 1 ժամ): Ինձ համար նոր աշխարհ է: Այնուհետեւ հանկարծ հիշում է իր խոստման մասին, եւ հեռախոսի օգնությամբ «գտնում է» առաջին հարցիս պատասխանը: Ինձ մեկնած հեռախոսի էկրանին Ալեքսանդր Բլոկի «Բազմոցի անկյունում» (В углу дивана) բանաստեղծությունն է: Но в камине дозвенели Угольки. За окошком догорели Огоньки. И на вьюжном море тонут Корабли. И над южным морем стонут Журавли. Верь лишь мне, ночное сердце, Я - поэт! Я какие хочешь сказки Расскажу И какие хочешь маски Приведу. И пройдут любые тени При огне, Странных очерки видений На стене. И любой колени склонит Пред тобой... И любой цветок уронит Голубой... Նախորդ 15-րոպեանոց դասախոսությունը` պոկերի մասին, ուրիշ մոլորակից է: - Կենտրոնացվածություն եւ ուշադրություն է պահանջում նաեւ ստեղծագործելը: - Իսկապես, Եվգենի, դուք ասացիք, որ Ձեր մասնագիտական ժամանակը բաժանված է կատարողական, ստեղծագործական եւ մանկավարժական (Եվգենի Ստարոդուբցեւը Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում իր իսկ պրոֆեսոր Նատալիա Տրուլի ասիստենտն է Մ.Կ.) ոլորտների միջեւ: Ինչո՞ւ Ձեր համերգային կամ մրցույթային ծրագրերում Ձեր սեփական ստեղծագործությունները չեք ներգրավում: Պատասխանատվությո՞ւնն է մեծ: - Ոչ, ոչ: Ես հաճույքով դա կանեի, պարզապես իմ ստեղծագործությունները դեռեւս տպագրված չեն, իսկ այդ դեպքում իրավունք չունեմ դրանք օգտագործել այդ նպատակով: - Այսօրվա (մրցույթի երկրորդ փուլի) ծրագիրը կազմված էր Շոպենի N4 սկերցոյից եւ 20-րդ դարի երկու ստեղծագործություններից (Շիմանովսկի «Դիմակներ», Լիգետի-3 էտյուդ)` ծրագրի ծայրերում: Սովորաբար ինչպե՞ս եք դասավորում ելույթի ծրագիրը: - Միայն ու միայն հարմարությունից ելնելով: Շոպենի N4 սկերցոյից սկսելը ինձ համար շատ անհարմար է: Ընդհանրապես ես շատ խնդիրներ ունեմ ձեռքերիս հետ: Գիտեք, սկզբնական կրթության հերթական հաշմանդամն եմ: Եվ բացի այդ, կարծես վատ չէ երկու այդպիսի կենդանի գործ ծայրերում, չէ՞: - Այսպես թե այնպես, դա այն երկացանկն է, որ հաճախ չես լսի: Սրահում ցածր երաժշտություն է հնչում, որին անգլերեն wall-paper են ասում, այսինքն մի բան, որին բոլորովին ուշադրություն չես դարձնում: Հանկարծ զրուցակիցս տեղից վեր է թռչում ու ասում. - Սա արդեն Փինք Ֆլոյդ է, հաստատ: Գիտե՞ք, ի սկզբանե Փինք Ֆլոյդը, Քուինն ու Բիթլզները ինձ կախարդեցին: Դրանից հետո միայն ես իսկապես սկսեցի սիրել երաժշտություն: Սկզբից եւեթ հետաքրքրվեցի 20-րդ դարի երաժշտությամբ: Գլխավորապես դա էի լսում, ոչ թե, ասենք, Բեթհովեն կամ Բախ: Այսինքն ամեն ինչ գլխիվայր սկսվեց: - Ձեր մրցութային ծրագրի գերակշիռ հատվածը 20-րդ դարի առաջին տասնամյակների երաժշտություն է: Ինչո՞վ է այդ երաժշտությունը այդքան հետաքրքրական: Ի՞նչ եք փնտրում այդտեղ: - Ես ինչ-որ մոգական հակում եմ զգում, երբ տեսնում եմ այդ ժամանակաշրջանի ստեղծագործությունների նոտաները: Այդ լեզուն, որով գրված են այդ ստեղծագործությունները կարծես մայրենի լինի ինձ համար: Լինգվիստիկ առումով նույնպես այս երաժշտությունը անչափ հետաքրքրական է, քանի որ այս ժամանակաշրջանում երաժշտական տարածքը կարծես ընդհանուր է, բայց, միեւնույն ժամանակ, ստեղծագործող կոմպոզիտորներից յուրաքանչյուրի լեզուն աննախադեպ յուրահատկություններ ունի: Վերցրեք Բարտոկին եւ Հինդեմիտին: Ի՞նչ ընդհանուր բան կա նրանց մեջ: Կամ Շիմանովսկին, ուշ Սկրյաբինը...Այս երաժշտությունը գլխապտույտ առաջացնող ազատություն է պարունակում իր մեջ, իրականի ու անիրականի սահմանային էքսպրեսիա: Կարծես դեժավյու է: Մի քանի ժամ առաջ իր իսկ կատարմամբ լսել եմ Կ. Շիմանովսկու «Դիմակներ» տրիպտիխը, որտեղ բոլոր երեք տեսարանները ակնհայտ երկվության (դուալիզմի) մեջ են: Առաջին պատկերում` (Sheherazade) գլխավոր կերպար Շեհերազադեն թե՛ գայթակղիչ հեքիաթասաց է, եւ թե՛ գայթակղությունների սիրահար: Երկրորդ պատկերում` (Tantris le bouffon) Տրիստան լեգենդի Տանտրիս ծաղրածուն ե՛ւ թախծոտ սիրահար է, ե՛ւ անհույս տխմար: Սյուիտի երրորդ հատվածում (Serenade de Don Juan) Դոն Ժուանը ցայգերգ (սերենադ) է երգում իր զոհին, եւ ինքն էլ դառնում է զոհը` սիրո քմահաճույքի: Եթե ավելացնենք, որ իմ երեկոյան խաղընկերոջ սիրելի գրողներն են սեւ հումորի ու գիտական ֆանտաստիկայի վարպետ Կուրտ Վոննեգուտն ու ծաղրապատկերի վարպետ Իվլին Վոն, պատկերն ամբողջանում է: Խաղի, հումորի, պոետի, գույնի, սարկազմի, տրամաբանության խառնուրդով այս ամբողջ զգայական փունջը ներկայանում է բյուրեղային, գիտակցված վերաբերմունքով: Ապշած մտածում եմ, թե ինչ տարօրինակ կերպով կրկնվում է ռուսական մտավորականության տեսակը` դարից-դար: Ծայրահեղությունների սիրահար այս տեսակին արդյոք չե՞նք հանդիպել ռուս իրականության մեջ 19-րդ դարում, 20-րդի ընթացքին: Ակամայից մտքիս են գալիս Անտոն Չեխովի խոսքերը. «Հիանալի օր է այսօր: Գնամ թեյ խմեմ.... թե՞ ինքնասպան լինեմ.....»: |