ՈՒՆԵՆՔ ՄՆՋԱԽԱՂԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ, ԻՍԿ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔ` ՈՉ Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Օրերս «Ազգը» զրուցեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ` Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի, նոր ներկայացման, ինչպես նաեւ, կարծես թե արդեն իսկ անլուծելի թվացող, Մնջախաղի թատրոնի շենքի մասին: Ի դեպ, այս տարի թատրոնը տոնում է իր 40-ամյակը: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային երկամյա փառատոնն այս տարի տեղի կունենա օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձորում: Ժ. Դադասյանի հավաստիացմամբ, այս տարի փառատոնին մասնակցելու են հետաքրքական մնջախաղացներ. «Երեխաների համար հետաքրքրական ծրագրեր ենք կազմակերպելու, ինչպես նաեւ լինելու են իլիուզիոնիստներ, այսինքն չենք սահմանափակվում մնջախաղով, այլեւ` փորձում ենք ընդլայնել սահմանը, որպեսզի փառատոնը վերածենք տոնի եւ բարձր տրամադրություն տիրի այդ օրերին»: Ժիրայր Դադասյանն ուրախությամբ փաստեց, որ այս փառատոնը հասավ նրան, որ Ծաղկաձորում տեղադրվեց Լեոնիդ Ենգիբարյանի արձանը. « Սակայն դրանից մեր բյուջեն չփոխվեց, մնաց նույնը` ընդամենը 8 մլն դրամ` երկու տարին մեկ անգամ: Մենք բացի այդ միջոցներից հավելյալ միջոցներ էինք ներդնում` գտնելով նոր հովանավորներ, քանի որ 8 միլիոնով չի կազմակերպվում այդ փառատոնը, ավելի շատ միջոցներ են հարկավոր: Հիմա հոռետեսորեն եմ տրամադրված, քանի որ հովանավորները շարունակ մերժում են: Դրանից տուժում է փառատոնը, քանի որ նոր հովանավորներ չգտնելու դեպքում կհանվեն անվճար ավտոբուսները, տեղի թատերական խմբերը պետք է ամեն օր գան Երեւան, ապա հաջորդ օրը վերառանան Ծաղկաձոր, չենք կարողանա հոգալ Ծաղկաձորում նրանց կեցության հարցը նման փոքր բյուջեով»: Ի դեպ, փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետաց դասեր: Այս տարի Մակոտո Ինոուեն եւս մեկ անգամ կմասնակցի փառատոնին, Ֆրանսիայից, Իսպանիայից Հայաստան կժամանեն անհատ միմեր Ռիգայից` Սկայդրան եւ Սիմոնան: «Ֆրանիսայից ժամանող միմը հետաքրքրական գործունեություն է ծավալում: Նա մեծասամաբ աշխատում է դրսում` փողոցում` փուչիկներով` ստեղծելով նոր կերպարներ, ինչպես նաեւ հենց ինքն է կերպարանափոխվում: Իսկ Սկայդրայի եւ Սիմոնայի բեմադրությունը չի ենթադրում բեմական տարածք, այլ ինչ-որ ավերակային միջավայր, եւ մենք վերջնական որոշման եկանք, որ այն Կեչառիս եկեղեցու շրջակայքում կարվի: Անցյալ տարի փառատոնին տեղական թատերական խմբերից մասնակցում էին «Միմ» ստուդիան, «Օվասիս» թատրոնը, սակայն այս տարի հավանաբար նրանք չեն մասնակցի: Տեղական թատերական խմբերից փառատոնին մասնակցելու է մի շատ հետաքրքրական դիպլոմային աշխատանք` Թատերական ինստիտուտի պարային բաժնից Գեղամ Շիրոյանի ավարտական ներկայացումը»,- ասաց ժ. Դադասյանը եւ ավելացրեց. «Նայելով դա, հասկացա, որ այն մնջախային մտածողությամբ արված ներկայացում է, շատ մոտ է մոդեռն դանսին եւ կարծում եմ, որ հետաքրքրությամբ կդիտվի Ծաղկաձորում»: Անդրադառնալով Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շենքի խնդրին, որը մինչ այժմ մնում է արդիական, քանի որ այդպես էլ չի կառուցվել, կա՞ արդյոք դրական որեւէ փոփոխություն հարցին ի պատասխան Ժ. Դադասյանն ասաց. «Փոփոխությունն այն է, որ արդեն ինձնից բացի ոչ ոքի չի հետաքրքրում այդ խնդիրը ու սկսում է ինձ էլ չհետաքրքրել: Առհասարակ հիասթափեցնում է այս մոտեցումը: Վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել ենք 8 տարբեր երկրների միջազգային փառատոնների, որոնցից 3-4-ի դեպքում է միայն մշակույթի նախարարությունը հովանավորել: Մեզ հրավիրում է ոչ թե հայ համայնքը, այլ` հենց այդ կազմակերպությունները, դա ենթադրում է, որ մեր թատրոնին դրսում ճանաչում են: Այժմ եւս ունենք հրավեր Վրոցլավից` «Սթրիմ» փառատոնին մասնակցելու»: Դադասյանն ընդգծում է, որ պետք իրենց խնդրի հանդեպ սկզբունքային մոտեցում լինի, քանի որ մնջախաղը միակ հայկական ազգային թատերական ժանրն է: Միջնադարյան մատենագրության մեջ պահպանված բավականին նյութեր կան, որոնք ուսումնասիրվում են հենց իրենց կողմից եւ վերջին տարիներին իրենք հիմնականում հենց այդ շեշտադրությունն են դնում ներկայացումներում: Դադասյանն «Ազգի» հետ զրույցում մտահոգ ասաց. «Երբ ես խոսում եմ շենքի մասին, նշում եմ, որ մեզ շենքը հարկավոր չէ միայն Մնջախաղի թատրոնի համար, այլեւ մեզ հարկավոր է մնջախաղի արվեստի ուսումնասիրության կենտրոն: Ես ցանկանում եմ ստեղծել «թատրոնի մատենադարան»: Կարծում եմ, որ սա պետք է մշակույթի նախարարության առաջնահերթությունների մեջ լինի: Մենք այսքան ակտիվ գործունեություն ենք ծավալում` կազմակերպում փառատոն, մասնակցում մի շարք փառատոնների, եւ այս ամենը անում ենք, որպեսզի մեզ նկատեն, բայց գալիս է հուսահատության պահը, քանի որ էնտուզիազմով երկար չես կարող շարունակել»: Ժիրայր Դադասյանն ասաց, որ իրենք արդեն նամակով դիմել են քաղաքաշինության նորանշանակ նախարարին` Նարեկ Սարգսյանին, եւ հույս ունեն, որ այս անգամ արդեն հարցը լուծում կստանա. «Նախագիծ կար, ըստ որի` թատրոնը պետք Հյուսիսային պողոտայում կառուցվի, սակայն խնդիրներ առաջացան բնակիչների հետ: Հիմա նորից նույն նախագիծը ցանկանում ենք կյանքի կոչել Հյուսիսային պողոտայի մեկ այլ անկյունում», ասաց նա: Դադասյանը նշում է, երբ արտերկրում խաղում են «Գիրք ծաղկանց», «Արդաղիոն», «Այծ ծես» ներկայացումները, հյուրընկալներն ասում են. «Ձեր պանտոմիմը բոլորից տարբերվում է, դուք ունեք տեսակ, ավանդույթներ»: Անդրադառնալով երիտասարդ սերնդի հետաքրքրվածությանը` հանդեպ մնջախաղի արվեստի, Ժ. Դադասյանն ասաց. «Ցավոք սրտի շատ քիչ է հետքաքրքրությունը: Մենք թատրոնում ունենք ստուդիա, որը գործում է ազատ սկզբունքով` գալիս են համալսարանականներ, իրավաբաններ, հաշվապահներ, լեզվաբաններ: Ինչ վերաբերում է ուսումնական գործընթացին, որպեսզի ընտրեն այս մասնագիտությունը, շատ քիչ է հետաքրքրվածությունը: Դա ես կրկին կապում եմ ռեսուրսի հետ, սովորեցին, ավարտեցին, ապա ո՞ւր են գնալու, ապագան ինչպիսի՞ն է: Եթե իրենք մտածեն, որ ունեն շենք, հեռանկար, որ լավ սովորեն, լավ մասնագետ դառնան, կընդգրկվեն թատրոնի կոլեկտիվում եւ գործունեություն կծավալեն, ապա այդ դեպքում խթան կլինի, իսկ հիմա ապագան մշուշոտ է»: Հատկանշական է, որ Մնջախաղի թատրոնը օրեր առաջ իր խաղացանկը համալրեց «Այծ ծես» խորագիրը կրող ներկայացմամբ, որը նվիրված է թատրոնի 40 ամյակին: Ներկայացումը ֆինանսավորվել է մշակույթի նախարարության կողմից, սակայն Դադասյանը նշում է, որ նախարարությունն այդքան հաճախ գումար չի տրամադրում` բեմադրություն անելու համար. «Վերջին բեմադրությունը արվել էր հինգ տարի առաջ եւ հավանաբար հաջորդը կլինի հինգ տարի անց»: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը, այսուամենայնիվ, ուրախությամբ փաստեց. «Այս բեմադրության համար հատուկ գրվեց երաժշտություն` մեր լավագույն կոմպոզիտորներից մեկի` Վաչե Շարաֆյանի կողմից, որին, ցավոք, դրսում ավելի շատ են ճանաչում, քան այստեղ: Նա ըստ տեսարանների գրեց երաժշտությունը, որը շատ զուսպ է. դաշնամուրային կատարումներով, վոկալ մեկ ձայնով եւ աղմուկներով: Երաժշտությունը շատ հարթ, համահունչ ընթացավ բեմադրության հետ»: Ի դեպ, Ժիրայր Դադասյանը Վաչե Շարաֆյանի հետ համատեղ եւս մեկ աշխատանք ունի` «Շերանիկ» ներկայացումը: Ներկայացման սցենարի հեղինակը Աննա Շիրինյանն է, նկարչական ձեւավորումըՙ Շամիր Շահիրյանի: |