ՎԱԳՆԵՐՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ Մ. Բ. Նաեւ` առաջին կատարումներ Արդեն երկու ամիս է թեեւ անցել, սակայն շարունակում է թարմ մնալ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համերգային երեկոներից մեկի հաճելի տպավորությունը, գերմանական եւ ավստրիական խմբերգային երաժշտության` Շուբերտի, Մենդելսոնի, Բրամսի գործերի` Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղղեկ.` Ռոբերտ Մլքեյան) հրաշալի կատարումը, ղեկավարությամբ` Զավեն Վարդանյանի: 2015-ը հոբելյանական տարեթիվ է դիրիժոր Զավեն Վարդանյանի համար. հունվարի 15-ին լրանում է նրա ծննդյան 70 - ամյակը, նաեւ` երաժշտական գործունեության 40 տարին է: Հիշյալ երեկոն սկիզբն էր նրան նվիրված հոբելյանական գեղեցիկ համերգաշարի: Եվ որովհետեւ հունվար ամիսը սովորաբար համերգային չի լինում, մտահղացված ծրագիրը, ինչպես ընդունված է համարել, հոբելյանին ընդառաջ սկսվեց, առավելաբար իհարկե` երաժշտական մեր կյանքին թարմություն եւ բազմազանություն հաղորդելու նպատակով, մանավանդ որ Զավեն Վարդանյանի ձեռագրի, նրա գործունեության ուղղվածություններից ամենահատկանշականը հայտնի է արդեն` հայ բեմում հնչեցնել հատկապես այն ստեղծագործությունները, որոնք կամ երբեք չեն կատարվել, կամ շատ քիչ են կատարվել, ինչպես ինքն է ասում ` գրավել բաց տարածք, բարեբեր սերմեր ցանել հայ մշակույթի անդաստանում: Ասվածի վկայությունը հոբելյանական ծրագրի երկրորդ համերգն է, որ տեղի կունենա այսօր երեկոյան, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղղեկ.` Էդվարդ Թոփչյան) Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ հանդես կգա Ռիխարդ Վագների օպերաներից հատվածների կատարումով: Առաջին անգամ մեր բեմում կհնչեն վոկալ հատվածներ կոմպոզիտորի «Հռենոսի ոսկին» եւ «Աստվածների մթնշաղը» օպերա-դրամաներից: Ծրագրում ընդգրկված են նաեւ սիմֆոնիկ պատկերներ` հատված «Հռենոսի ոսկին» օպերայի նիբելհայմի (չար ուժերի ստորգետնյա աշխարհ) տեսարանից, «Վալկիրիաների թռիչքը»` «Վալկիրիա» օպերայից եւ սգո քայլերգը` «Աստվածների մթնշաղը» օպերայից, պատմություններ, որոնց հիմքում 9-11-րդ դարերի հյուսիս- գերմանական եւ սկանդինավյան առասպելներն են, եւ դրանց հիման վրա լիբրետտոն նույնպես գրել է Վագները: «Նիբելունգի մատանին» քառապատում, ծավալուն գործը կոմպոզիտորը ստեղծել է ավելի քան 25 տարիների ընթացքում: Համերգային ծրագրի այս ընտրությունը` Վագների ծննդյան 200 ամյակի առիթով (1813 մայիս 22 - 1883 փետրվար 13), մտահղացված դեռ վաղուց, որը ցավոք հնարավոր չեղավ իրականացնել նույն տարում, անշուշտ տուրք է գերմանացի կոմպոզիտորի ստեղծագործական հանճարին, բայց միաժամանակ Զավեն Վարդանյանի երաժշտական նախընտրությունների, այն հոգեհարազատության ծնունդն է, որ ունի նա գերմանական դասական երաժշտության` հատկապես Բախի, Բեթհովենի եւ Վագների հանդեպ: Գերմանական կանոնական խստությունն ու ներքին ամուր ոգին թերեւս շատ հարիր են Վարդանյանի դիրիժորական արվեստին: «Հսկայական այս քառապատումը բացառիկ երեւույթ է երաժշտության պատմության մեջ` իր նախորդը չունեցած, որ չունեցավ թե՛ իր ժամանակակիցը, թե՛ հետագայում նույնպես. Չայկովսկու բնութագրմամբ` երբեւէ մարդկային ուղեղում ծնված եզակի երեւույթ: Վագները ինձ համար մի ուրիշ աշխարհ է, Բեթհովենի ու Բախի հետ մի առանձին տեղ ունի: Վագների երաժշտության վեհության, դրա ֆիզիկական հնչողության գեղեցկությունը չվերապրել, չազդվել, չներշնչվել դրանից անհնար է: Վագների երաժշտության մեջ շատ վառ, խիստ է արտահայտված գերմանական պատրիոտիզմը եւ գերմանական ոգին»: 2003 թվականին Զավեն Վարդանյանի հիմնադրած «Վագներյան հայաստանյան ընկերությունը»` գերմանացի կոմպոզիտորի երաժշտության տարածման, ճանաչողական- ուսուցողական նպատակով, ընդգրկված է «Վագներյան միջազգային ընկերության» մեջ: Այդ ընթացքում բացի վոկալ ուսուցման պարապմունքներից, առաջին անգամ հնչել է «Տրիստան եւ Իզոլդա» օպերայի նախանվագը եւ մահվան տեսարանը` Կարինե Բաբաջանյանի կատարմամբ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգիչների հետ աշխատանքային- ստեղծագործական ներկա ընթացքը դիրիժորի համար գոհացնող է, համերգային ծրագրում ընդգրկված են շնորհալի վոկալիստներ: Միաժամանակ նա գտնում է, որ երգեցողության փորձառության պակասը հնարավոր է լրացնել, եթե գերմանալեզու օպերան (հատկապես Վագներ եւ Վեբեր) մեր ստեղծագործական կյանքի անբաժանելի մասը դառնա, շարունակական լինելու պարագայում ավելի դյուրին կլինի յուրացնել այդ երաժշտության առանձնահատկությունները: Ծրագրի շարունակությունը, Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ հաջորդ համերգը, համագործակցությամբ` «Հովեր» երգչախմբի (գեղղեկ.` Սոնա Հովհաննիսյան) եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղղեկ.` Վահան Մարտիրոսյան), նախատեսված է աշնանը: Մաեստրոն ակնկալում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղղեկ.`Սերգեյ Սմբատյան) եւ օպերային թատրոնի (Կարեն Դուրգարյան, Անդրանիկ Արզումանյան) ղեկավարությունների բարեհաճությունը` ելույթ ունենալու այդ կոլեկտիվների հետ նույնպես: Հոբելյանական համերգաշարը կավարտվի հաջորդ տարի, մարտ- ապրիլ ամիսներին: |