ԱՅՆՃԱՐՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ Է ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, Բեյրութ Այնճա՜ր... Լիբանանի Բեքաայի հովտում գողտրիկ գյուղաքաղաքՙ հայաշեն, հայաբնակ: Եվ իր մշտական այլազան, նաեւ մշակութային ուշագրավ միջոցառումներով պահպանող հայ ոգին, հային բնորոշ հոգեւոր հարուստ ներաշխարհը: Դրանց թվում է Բեյրութում ճանաչված մտավորական Զավեն Ղարիբյանի Այնճարում նախաձեռնած եւ իր տան ծառաստան-բակում կազմակերպած գրական երեկոները, նվիրված հայ քնարերգությանը: Իր ողջ կյանքում նվիրյալ եւ կարկառուն մելգոնյանցի, Մելգոնյանց սանուց միության հիմնադիրներից մեկը եւ ցայսօր վարչության անդամ, ՀԲԸՄ մշակութային հանձնախմբի անդամ եւ մշակութային միջոցառումների մշտական կազմակերպիչ, ազգային պատմական բովանդակության իր հոդվածներով հաճախակի հանդես եկող Լիբանանի եւ սփյուռքի այլ երկրների պարբերական մամուլումՙ Զավեն Ղարիբյանը հայ գրականության, հայ պոեզիայի մեծ երկրպագուն է: «Առանց գրքի, առանց մեր բանաստեղծների չեմ պատկերացնում կյանքս, գիրքըՙ իմ ամենամեծ ընկերն է, մշտապես հոգուս հետ խոսող»,- ասում է Զավեն Ղարիբյանը: Եվ անտակ սերը հայ պոեզիայի հանդեպ մեկ օր ներշնչեց նրան հայոց Այնճարի իր գեղատեսիլ, կանաչազարդ բակում, որը նա մեծարենցյան բառով կոչել է «Հյուղն», կազմակերպել գրական երեկոներ: Այստեղ գալիս են տարբեր սերնդներիՙ երիտասարդից մինչեւ տարեց մտավորականներ եւ ջերմ ու բարձրամակարդակ մթնոլորտում անց են կացնում մի զմայլելի, հոգեթով երեկո: Հոգով մերձենում, առնչվում են պոեզիայի Պառնասին բազմած եւ իրենց հավերժող ճանապարհը շարունակող հայ մեծանուն բանաստեղծների հետ: Այսպես, Զավեն Ղարիբյանի նախաձեռնած առաջին գրական երեկոն (2013 թ.-ին) նվիրված էր Միսաք Մեծարենցին: Դրան հաջորդեցին երեկոներ, նվիրված Դանիել Վարուժանին, Վահան Տերյանին, Ռուբեն Սեւակին: Հետաքրքրական է Զավեն Ղարիբյանի մտահղացած երեկոների ընթացքը: Իր ներածական ուշահարույց խոսքից հետո նա բաժանում է ներկաներին տվյալ միջոցառման բանաստեղծի տարբեր գրվածքները, եւ նրանք կարդում-ասմունքում են: Ապա օրվա բանախոսը մանրակրկիտ անդրադառնում է բանաստեղծի ստեղծագործությանը: Ավարտին ներկաներից ցանկացողներն իրենց խոսքն են ասում թե՛ բանաստեղծի, թե՛ բանախոսի մասին: Յուրահատուկ է միջոցառման նման ոճը: Այո, Այնճարի զովաշունչ, ծաղկականաչ «հյուղակում» ասես կենդանի շունչ են առնում այդքան տարբեր եւ այդքան նման հայ ազգի անզուգական զավակներըՙ մեծանուն բանաստեղծները: Եվ իրենց ոգեղեն մոգական ուժով մի զմայլելի երեկո միաձուլում են կենցաղային առօրյայումՙ սիրո, գեղեցիկի, հոգեթով բարձունքների ալեկոծման այդքա՜ն կարոտ մարդկանց: Անմոռանալի են այդ երեկոները եւ իրենց մշտական գողտրիկ, տաքուկ տեղն են գտնում բոլոր ներկաների սրտում: Այդպես, անմոռանալի են Մեծարենցի մասինՙ մանկավարժ, դպրոցի երկար տարիների տնօրեն Մովսես Այնթափլյանի խոսքը, Դանիել Վարուժանին նվիրված հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանի խորաթափանց, հուզիչ ելույթը: Վահան Տերյանին նվիրվածՙ բանաստեղծուհի, դաշնակահարուհի Կամիլայի (Երկանյան-Քեշիշյան) հուզաթաթավ խոսքը, որը պատեհորեն համեմված էր իր «Բառահանդես» գրքից արտասանածՙ Վահան Տերյանին նվիրված բանաստեղծությամբ: Բարձր մասնագիտական մակարդակով, վերլուծորեն ներկայացրեց իր խոսքը Ռուբեն Սեւակի մասին գրող Թորոս Թորանյանը: Մաղթենք, որ հեռու-մոտիկ Այնճարում մշտապես թեւածի հայ քնարերգության ոգին, միատեղելով Հայրենիքից դուրսՙ Հոգեւոր հայրենիքում ապրող մարդկանց: |