RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 22:19:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2124, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԱՐՎԵՍՏԱՅԻՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԱՐԻՆԵ ԿԱՐՈՅԱՆ

«Ազգ»-ը սկսում է հոդվածաշար, որը կլուսաբանի հայ արվեստի եւ արվեստային կրթության ոչ պետական/այլընտրանքային ինստիտուցիոնալ միտումները եւ դրանց զարգացումները հետխորհրդային Հայաստանում: Երեք շաբաթը մեկ պարբերականությամբ կներկայացնենք անկախ Հայաստանում ստեղծված եւ գործող արվեստի եւ կրթական այլընտրանքային, ոչ պետական կենտրոնների հիմնադիրներին եւ նրանց հիմնադրած կազմակերպությունների գործունեությունը: Շարքի հեղինակն է երաժշտագետ, արվեստաբան ՄԱՐԻՆԵ ԿԱՐՈՅԱՆԸ:


1991թ. փլուզվեց Խորհրդային Միությունը, իրականություն դարձավ հայոց դարավոր երազանքը` ունենալ անկախ պետություն, տեր դառնալ սեփական ազգի ապագան կերտելու գործընթացին: Անկախության ցնծությունն ու, միաժամանակ, երկրաշարժի ու պատերազմի խնդիրները մեկտեղվեցին տնտեսական ծայրահեղ դժվարությունների բեռի հետ:

Անկախ Հայաստանի առաջին քսանամյակի պատմության ընթացքում ժամանակակից արվեստի միջավայրի կայացումը ուրվագծելու համար պիտի ասենք, որ այս տարիների ընթացքում հայաստանյան ժամանակակից արվեստը նոր, շրջադարձային փուլ էր թեւակոխել` արվեստագետների նոր միավորումներ, արվեստի մասնավոր ցուցասրահների ստեղծում, նոր բովանդակության պարբերականներ:

Առաջին մասնավոր ցուցասրահները հիմնականում արվեստագետների նախաձեռնության արդյունք էին: Դրանց գործունեության բնույթը կարելի է որակել ավելի շուտ որպես պոստկոնցեպտուալ ուղղվածություն ունեցող արվեստի ցուցադրություններ, քան մասնավոր բիզնեսի նախաձեռնության արդյունք («Գոյակ», «Ստիլ», «Արմեն Մկրտչյան», «Բունկեր», «ԹԱԱԿ», «Ex-Voto», «Չարլի Խաչատուրյան», «Առաջին հարկ», «JMR», «ԱԿԱԴԵՄԻԱ»): Ստեղծվեցին արվեստի նոր կենտրոններ («ՀԱՅ ԱՐՏ», «ԱՐՏ 2000»), հրատարակվում էին նոր պարբերականներ («Մշակույթ», «In Vitro»): Վիգեն Թադեւոսյանի եւ էլլա Զաքարյանի, ինչպես նաեւ Արա Գուրզադյանի եւ Սամվել Բաղդասարյանի ջանքերով ստեղծվեցին թարմ մոտեցումներ դրսեւորող կրթական հաստատություններ եւ ծրագրեր: Արդեն իսկ գործող «3-րդ հարկ» միավորմանը ավելացան արտիստական նոր խմբեր ու միավորումներ («Ակտ», «Գեոկունստ», «Կոբալտ»):

Անկախության ձեռքբերումից հետո ակտիվացավ նաեւ սփյուռքահայ արվեստագետների, արվեստի կազմակերպիչների եւ արվեստի տեսաբանների հետ կապը (Էդուարդ Պալասանյան, Սոնիա Պալասանյան, Նիրի Մելքոնեան, Վիկի-Շողակ Հովհաննեսյան, Կարո Քեհեյան, Մարկոս Գրիգորյան, Չարլի Խաչատուրյան, Մարկ Նշանեան, Գրիգոր Պըլտեան, եւ այլք): Նրանցից ոմանք կտրուկ հաճախեցրին իրենց այցերը, ոմանք էլ պարզապես տեղափոխվեցին Հայաստան` ընդհուպ ինտեգրվելով հայաստանյան արվեստի դաշտ:

Շատ ավելի ակտիվացավ օտար արտիստների (երաժիշտների, վիզուալ արվեստի ներկայացուցիչների, արվեստի քննադատների եւ արվեստի կազմակերպիչների) հետաքրքրությունը հայաստանյան արվեստի նկատմամբ: Մշակութային ու սոցիալական միակցման այս պայմանները բազմաթիվ ստեղծագործական հնարավորություններ էին ստեղծում` ցուցադրություններ, փառատոներ, կոնֆերանսներ ու հավաքներ կազմակերպելու եւ, միաժամանակ, սկսած արդեն իսկ 1992թ-ից, երկրից դուրս հայկական արվեստը ըստ արժանվույն ներկայացնելու համար (1992 թ. - Մոսկվա, Կասսել; 1994 թ. Սիթե; 1995 թ. Նիկոսիա, Բոխում; 1997 թ. .- «Դոկումենտա»; 2000 թ. -«Մանիֆեստա», եւ այլն): Տարբեր համագործակցությունների արդյունքում 1995թ. Հայաստանը ունեցավ իր առաջին տաղավարը Վենետիկի Բիենալեում, 1998թ.-ից սկսեց գործել Գյումրիի Բիենալեն: Արդյունքում` բազմաչափ ու բազմավեկտոր շարժումների առկայությունը է՛լ ավելի խտացավ:

Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվեցին արվեստի, կրթական, արտիստական նոր տեսակի պլատֆորմներ, որոնք նոր մոտեցումներ ու շարժեր ներմուծեցին հայաստանյան արվեստ: Այդ հաստատությունների հիմնական ուղղվածությունն էր` Հայաստանը դարձնել մշակութային երկխոսության մի տարածք` նպաստելով հայ արվեստագետների կողմից արվեստային նոր հորիզոնների բացահայտմանն ու դրանց ներկայացմանը այլուր, հայաստանյան արվեստի դաշտը դարձնել մրցունակ եւ ցանկալի: Այդ նպատակներով սկսեցին կազմակերպվել բազմաթիվ ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, հրատարակումներ, հանդիպումներ, ռեզիդենսներ, որոնց միջոցով հարցադրվում էին սոցիալական եւ քաղաքական տրանսֆորմացիաները:

1996 թ. Էդվարդ եւ Սոնիա Պալասանյանների ջանքերով ԱՄՆ-ում եւ Երեւանում բացվում է «Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը» (ՆՓԱԿ), որի գործունեության թիրախը հայ արվեստագետների փորձարարական արվեստի միտումները խթանելն է, ինչպես նաեւ հայրենիքում եւ միջազգային հարթակներում նրանց ներկայացնելը (http://www.accea.info):

2004 թ.-ին նույնպես սկզբում ԱՄՆ-ում, հետո նաեւ Երեւանում (իսկ այժմ նաեւ Շուշիում) իր դռներն է բացում «Նարեկացի արվեստի միություն»-ը, որի հիմնախնդիրներն են` աջակցել, հովանավորել եւ իրականացնել հայ արվեստի եւ հոգեւոր մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանը, նորացմանը, զարգացմանն ու հանրայնացմանը միտված ծրագրեր եւ նախաձեռնություններ (նախագահ` Նարեկ Հարությունյան) (http://www.naregatsi.org):

2009 թ.-ին, Ջերալդ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի կողմից Երեւանի «Կասկադ» համալիրի յոթնամյա հիմնովին վերանորոգումից հետո իր առաքելությունն է սկսում «Գաֆեսճեան արվեստի կենտրոն»-ը: Կենտրոնի միտումներն են` ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում եւ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի ընտրանին (http://www.cmf.am):

Անդրադառնալով գլոբալ արվեստի տեսական մտքի հայաստանյան զարգացումներին, ասենք, որ հետխորհրդային Հայաստանում ավելի թարմացված բովանդակությամբ շարունակում էին տպագրվել արվեստին նվիրված այնպիսի պարբերականներ, ինչպիսիք էին «Մշակույթ», «Գարուն» եւ «Արվեստ» ամսագրերը: Դաշտի կտրուկ բեկում էր 1997թ-ին «In Vitro» եռամսյա պարբերականի մուտքը, որը տեղական եւ արեւմտյան արվեստի տեսաբանների խորհրդածությունների մի միջավայր դարձավ: Եվ, չնայած իր գոյատեւման կարճ ընթացքին (ֆինանսավորման պակաս), պարբերականը առանձնակի խթանեց արվեստի տեսության մտքի զարգացումը` նոր խնդիրներ ու մոտեցումներ նախանշելով հայաստանյան արվեստային միջավայրում, որոնց մեծամասնությունը մինչ օրս էլ ակտուալ են:

Սրան անմիջապես հաջորդեց 2001թ-ին «Ուտոպիանա» կազմակերպության հիմնումը Ժնեւում եւ Երեւանում (2004), որի հիմնական ուղենիշներն էին` ինչպես տեղային, այնպես էլ գլոբալ համատեքստերին մասնակից լինելը, տեսական մտքի խթանումն ու տրանսդիսցիպլինար արտիստական պլատֆորմ ստեղծելը (տնօրեն` Աննա Բարսեղյան, Ստեֆան Քրիստենսեն// http://www.utopiana.am):

Արվեստի քննադատների ջանքերով 2005թ-ին «Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա»-ի (AICA-Armenia) ստեղծումն ու դրա անդամակցումը «AICA-International»ին շատ ավելի լուրջ հիմքերի վրա դրեց արվեստի տեսաբանների գործունեությունը (առաջին նախագահ` Նազարեթ Կարոյան):

Հենց այս կազմակերպության ուսումնական եւ հետազոտական շրջանակներից էլ 2006թ-ին սկիզբ առավ Երեւանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտը (տնօրեն` Նազարեթ Կարոյան), որի ակտիվության լայն շրջանակների առանցքը «Արվեստի քննադատության եւ կուրատորական ուսումնասիրությունների դպրոց»-ն է (http://www.ica.am):

Եվ, վերջապես 2011թ. ստեղծված մի շատ յուրահատուկ ուսումնական հարթակ, ժամանակակից կրթական միջավայր` 12-18 տարեկանների արտադպրոցական ուսումնառության համար: «Թումո», որ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների երեւակայության եւ ներդրումների արդյունքն է (http://www.tumo.org):

Բոլոր վերոնշյալ հաստատություն/պլատֆորմները հանգույցներ են, որոնք ստեղծում ու նպաստում են արտիստական ակտիվությանը, ինչպես նաեւ արվեստի տեսության ու քննադատության ոլորտներում տրանսնացիոնալ ցանցերի հետ համագործակցության զարգացմանը` ի մի բերելով առանձին արտիստական պոտենցիալներ, համագործակցության հնարավորություններ ստեղծելով վերջիններիս համար տարբեր պրոֆեսիոնալ եւ ինստիտուցիոնալ համակարգերի հետ փոխադարձ շփման համար, ինչպես նաեւ մասնակցելով համաշխարհային արվեստի միտումների, առանձնահատկությունների եւ վեկտորների մասին տեսական գլոբալ դիսկուրսներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ