ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆՙ Ի ՀԵՃՈՒԿՍ ԵՎ Ի ՍԵՐ Նաիր ՅԱՆ 2005 թվականին Արցախի Տիգրանակերտի հետքերը պաշտոնապես վավերացվել են, իսկ մեկ տարի անցՙ օգոստոսին, սկսվել են առաջին պեղումները: Հիմա արդեն ապացուցված է, որ Տիգրան արքայի հիմնադրած Տիգրանակերտը թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարին. քաղաքի կառուցումն ու բարգավաճումը շարունակվել է մինչեւ մոնղոլական արշավանքները: Ապացուցված է նաեւ, որ Տիգրանակերտն ընդգրկել է 70 հա. տարածք: Համլետ Պետրոսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբն 8 տարվա ընթացքում պեղել է ընդամենը երկու հա.ՙ երկու տոկոսից ավելին: Բայց մասնագետները հավաստիացնում են, որ քաղաքի ամենակարեւոր հատվածները պեղել ենՙ կենտրանական թաղամասը, վաղ քրիստոնեական հրապարակը, եկեղեցին, եւ արդեն հստակ պատկերացում ունեն տիգրանակերտցիների կենցաղավարության, ապրելակերպի, մշակույթի մասին: Տիգրանակերտը կառուցվել է սրբատաշ քարից, ինչը փաստում է, որ այն կառուցողները ջանք ու ներդրում չեն խնայելՙ քաղաքը հզորացնելու եւ ճարտարապետական յուրօրինակ լուծում տալու համար: Այս ամառվա պեղումների ընթացքում հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բնակավայրեր, որոնք տեղեկություններ են հաղորդում տնայնագործական արհեստների եւ կենցաղի առանձնահատկությունների մասին: Պեղումներին մասնակցել է նաեւ հայտնի մարդաբան Պոլ Բեյլին: Նրա աջակցությունն անհրաժեշտ է եղել հատկապես գերեզմանների ու դամբարանների պեղումների ժամանակ: Իսկ հայտնաբերված վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի սրբատաշ եկեղեցին հաստատում է պատմական տեղեկությունները Վաչագան Բարեպաշտի մասին. այն, որ նա եկեղեցա-կրոնական բարեփոխումներ է կատարել, որոնց հիմքում սրբերի մասունքների պաշտամունքն է: Քրիստոնեական տաճարի մուտքն արեւմուտքից արեւելք է, որտեղից էլ քրիստոնյան սպասում է Աստծո Որդու երկրորդ գալստյանը: Ամարասում հայտնաբերված շինությունը բացօթյա է, որի կեսը գետնի տակ է, մյուս մասըՙ գետնից վերեւ, եւ Ամարասի եկեղեցուց էլ կարող ենք մուտք գործել այնտեղ: Ութ տարի շարունակ պեղումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական աջակցությամբ: Տարեկան 20 միլիոն դրամ է հատկացվել: Համլետ Պետրոսյանն իրենց առօրյան այսպես ներկայացրեց. «Երկու ամիս շարունակ արթնացել ենք առավոտյան 4:30-ին: Պեղումները տեւել են մինչեւ կեսօր, այնուհետեւ ճաշել ենք, հանգստացել, գտածոները մաքրել, լվացել, ցուցակագրել, լուսանկարել: Օրական մի քանի տասնյակից մինչեւ հարյուրի հասնող իրեր ենք գտել:Պահեստարաններ չունենալու պատճառով դրանցից ընտրել ենք ամենակարեւորներն, իսկ մնացածը թաղել հողի տակՙ ի պահ հաջորդ սերունդներին»: Ութ տարվա ընթացքում պեղումներին զուգահեռՙ հարյուրից ավելի ուսումնասիրություններ են հրապարակվել Տիգրանակերտի մասին, բայց Համլետ Պետրոսյանը գոհ չէ արդյունքից: Հայաստանի պետական ոչ մի կառույցից արձագանք չկա: «Համակ անտարբերություն թե՛ կուսակցական, թե՛ անկուսակցական ամբիոններից: Այնպիսի տպավորություն է, կարծես ոչ մեկին պետք չէ Տիգրանակերտը. բայց չէ՞որ այն հայ ինքնության խորհրդանիշներից մեկն է, որի պեղումների դեմ ադրբեջանցիներն անընդհատ հիստերիա են բարձրացնում, բողոքում այն միջազգային կառույցների դեմ, որոնց ներկայացուցիչները մասնակցում են արշավախմբի աշխատանքներին: Ադրբեջանցիները Տիգրանակերտ այցելած օտարազգիներին այլեւս թույլ չեն տալիս Ադրբեջան մտնել: Նրանք մեր աշխատանքն անվանում են քաղաքական պեղումներ, ուշի ուշով հետեւում են գործընթացին, որպեսզի բողոքի նոր ալիք բարձրացնեն, իսկ մենք, փոխանակ օգտագործենք մեր ինքնության ու պատմության ամենահավաստի վկայություններն Արցախում, ձեռքներս ծալածՙ նստել ենք ու Տիգրանակերտի մասին հայտնաբերված փաստերը չենք շտապում հանրահռչակել: Ավելինՙ անգամ քննադատություններ են հնչում. տարբեր կողմերից լսում եմ, թե ժամանակակից քաղաքական գործընթացներում Տիգրանակերտի պեղումներն ու ուսումնասիրություններն անտեղի են ու արժեք չունեն: Բայց չէ՞ որ հենց հիմա պետք է որպես փաստարկՙ աշխարհի սեղանին դնենք Տիգրանակերտըՙ ապացույց, որ այդ քաղաքը հայկական է ու դեռ վաղնջական ժամանակներից Արցախը հայերի հայրենիքն է»,- մեր անհեռատեսությունից արդեն որերորդ անգամ դժգոհում է Համլետ Պետրոսյանը: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կանեին ադրբեջանցիները, եթե Ադրբեջանում հայտնաբերեին պատմամշակութային հնավայր. միջազգային հանրության գլուխն ուղղակի կտանեին, գիտաժողովներ կկազմակերպեին, օտարալեզու գրքեր կհրատարակեին, միլիոններ կծախսեին քարոզչության համար: Նրանք, պատմական փաստերը կեղծելով ու խեղաթյուրելով, հենց այդպես էլ հաճախ գործում են: Օրինակՙ Արցախի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ. ադրբեջանցիները հայտարարել են, թե դրանք իբր իրենց նախնիներիՙ աղվանների կերպարներն են: 1960-ականներին Տիգանակերտի տարածքում ադրբեջանցիները պեղումներ են իրականացրել. մի քիչ փորփրել են հողն ու հայտարարել, թե այդտեղ ոչ մի հնագիտական կոթող չկա, առավել եւսՙ քաղաք: Չունենալով հնագիտության վերաբերյալ նվազագույն գիտելիք ու պատկերացումՙ նրանք սխալ են մեկնաբանել այդ տարածքի ռելիեֆային առանձնահատկությունը: Այնինչ աստիճանների նման կտրտված ժայռերն արտաքինից անգամ հուշում են, որ այդտեղ նախկինում քաղաք է եղել, ու ժայռերը պարսպի հիմքերն են: Մեր նախնիներն ամուր քաղաք կառուցելու համար ժայռերը փորել են, ամրոցի հիմքը դրել: Իսկ ադրբեջանցիների խելքները չի հասել ճարտարապետական այդ հորինվածքին ու պեղումները շատ արագ դադարեցրել են: 20 տարի շարունակ տրակտորով փորել են տարածքըՙ ավերելով պատմահնագիտական գտածոներով հարուստ հողային շերտերը: Ու հիմա, երբ հայ հնագետները բրիչի մի հարվածով 70 հա. տարածքով քաղաք են հայտնաբերել, ադրբեջանցիները թշնամանքը շաղախել են խանդ ու նախանձի հետ. այդ ինչպե՞ս. իրենք դեռ 50-60 տարի առաջ այդտեղ են եղել, հայտարարել իրենց պեղումների մասին ու անմիջապես էլ մերժել դրանց անհարժեշտությունը, որովհետեւ ոչինչ չեն գտել: (*) Ադրբեջանական քարոզչամեքենան արշավել է նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների վրա: Համլետ Պետրոսյանը մշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային մի քանի կազմակերպությունների, այդ թվումՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ին է դիմելՙ կոնֆլիկտի գոտու մշակութային ժառանգության չեզոք նկարագրությունը ներկայացնելու առաջարկով: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանել է, որ իրենք գործ չունեն այդ տարածքի մշակութային ժառանգության հետ: Միջազգային կառույցները, փաստորեն, ոչ միայն չեն ուզում Ադրբեջանի առաջ վատամարդ դուրս գալ, այլեւ նման դիրքորոշումը մեր արշավախմբերին զրկում է դրսի ֆինանսավորումից: Գաղտնիք չէ, որ այսօր հնագիտական լուրջ պեղումներ եւ ուսումնասիրություններ կատարվում են միջազգային կազմակերպությունների տրամադրած ֆինանսական միջոցներով: Մեր հնագետները տեխնիկական հնարավորություններ չունենՙ ոսկրաբանական եւ այլ կարեւոր անալիզներ անելու համար ու հաճախ ստիպված են գտածոներն ուղարկել եվրոպական լաբորատորիաներ: Տիգրանակերտն ամենահին կոթողն է Կովկասում, որտեղ օգտագործվել է կրաշաղախ: Ընդունված կարծիք կա, որ կրաշաղախը Կովկասում կիրառվել է մ.թ. 3-րդ դարում. Տիգրանակերտի պեղումներն ապացուցում են, դրանից շատ առաջՙ մ.թ.ա. 1-ին դարում է դեռ Տիգրան արքան իր քաղաքը կառուցելիս կրաշախաղ օգտագործել: Բայց թե ինչ բաղադրություն ունի այդ շաղախը, ցավոք, լաբորատորիա չունենք, որ հետազոտություն անցկացնենք: Համլետ Պետրոսյանն ընկճված չէ. նա իր սիրած գործն է անում, թեեւ խոստովանում է. «Դժվար է մեր երկրում աշխատել ու արարելՙ ի հեճուկս, բայց ես ստիպված եմ այդպես անել, որովհետեւ իմ երկրում ունեմ երազանք եւ այդ երազանքն իրագործել եմՙ հայտնաբերելով ու հողի տակից լույս աշխարհ հանելով Տիգրանակերտը»: Հ.Գ. Ումի՞ց եւ ի՞նչ պահանջենք, եթե հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանում Տիգրան Մեծին հատկացված է ընդամենը 1-2 դասաժամ: (*) Գուցե ճիշտ հակառակըՙ ադրբեջանցիք առաջին իսկ հայացքից հասկացել են տեղանքի կարեւորությունը, անշուշտՙ իրենց ազգային թեզերի հերքման տեսակետից: Այլ խոսքովՙ զգացել են պեղումների վտանգը իրենց համար: Ծ. Խ. |