ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ. ԳՐՔԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, լույս է ընծայել Ավագ Հարությունյանի «Հայոց ցեղասպանություն եւ հայկական հարց. գրքերի մատենագիտություն» արժեքավոր աշխատությունը: Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությանը եւ Հայկական հարցին նվիրված 1860-2010 թթ. հրատարակված 19 լեզուներով 17235 միավոր գրքի ամփոփ եւ համապարփակ մատենագիտությունը: Ի տարբերություն մինչ այժմ տպագրված մատենագիտությունների, աշխատությունն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ թուրքերեն լեզուներով կազմված օժանդակ ցանկեր` ըստ անհեղինակ հրատարակությունների, անձնանունների, աշխարհագրական անունների, հրատարակիչների, տպագրության վայրերի եւ տպագրության ժամանակագրության: Ա. Հարությունյանի հեղինակած առաջաբանում հանգամանորեն ներկայացված են մինչ այժմ հրատարակված նմանօրինակ մատենագիտությունները եւ այս աշխատության կազմության սկզբունքները: Որպես հավելված` զետեղված են նաեւ թեմային առնչվող 2011-2013 թթ. տպագրված գրքերի ցանկեր: Այս համահավաք մատենագիտությունն օգտակար ուղեցույց կլինի Հայոց ցեղասպանության ու Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվողների համար: Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: |