Ա՜Խ, ԱՅԴ ԱՆԻԾՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Վերջերս Մոսկվայում Հ-1-ով դիտեցի ընդարձակ մի հաղորդում այն մասին, թե ինչ դաժան ու անմարդկային պայմաններում են ապրել ու ստեղծագործել խորհրդային հայ գրողներն ու բանաստեղծները: Հիշատակվեցին այն ժամանակների մեր գրեթե բոլոր մեծերըՙ Չարենց, Իսահակյան, Սեւակ, Սահյան, Մաթեւոսյան եւ այլք: Գեղեցկատես հաղորդավարուհին իրեն չսազող անողոքությամբ դատապարտում ու նզովում էր բոլոր բոլշեւիկներին ու կոմունիստներին, որոնք չարիք էին դարձել գրող հասարակության արարման ճանապարհին: Գրական աշխարհիՙ հաղորդմանը մասնակցած ներկայացուցիչները եւս դատափետեցին դժնդակ իրողությունները: Հաղորդումը այնքան միակողմանի էր, ինչ-որ տեղ պրիմիտիվ, ոչինչ նոր բան չասող, որ մտածում եսՙ ի՞նչ նպատակ է հետապնդել նրա հեղինակըՙ ատելությո՞ւն սերմանել խորհրդային իրականության նկատմամբ, որ նաեւ մեր պատության մի հատվածն է, բորբոքել հակառուսական տրամադրություննե՞ր, որ մոդայիկ է հիմա Հայաստանում: Բայց չէ՞ որ ակնհայտ է խոր մի պարադոքս: Անմտություն է ժխտել Խորհրդային Միությունում տեղի ունեցած հիրավի բռնակալական եւ հակամարդկային երեւույթները: Բայց եւ, մյուս կողմից, նույնիսկ այդ պայմաններում մենք Հայաստանում ունեինք գրողների ու բանաստեղծների փայլուն մի համաստեղություն, որոնց գիտեր բովանդակ հայ ժողովուրդը (եւ ոչ միայն նա), որոնց երկրպագում էին, կարդում, արտասանում, մեջբերումներ անում: Տաղանդը հաղթում էր բռնությանը: Եվ այստեղ տարակուսանք ես ապրում. ինչո՞ւ հեղինակը չէր հատել խորհրդայինից անկախության անցնելու սահմանագիծը: Ի վերջո տապալվեց այդ քստմնելի բռնապետությունը, եւ Հայաստան աշխարհ եկան ինքնիշխանությունն ու դեմոկրատական բաղձալի կամ անբաղձալիորեն անսանձ ազատությունները (նույնիսկ ոչ ավանդական): Ոչ մի արգելք, ոչ մի ճնշում, ոչ մի օտար լուծ, նստիր ու արարիր: Եվ ինչ: Ոչինչ: Անկախ Հայաստանը ծնե՞ց, չասենք համաշխարհային, ապա առնվազն համազգային ճանաչման արժանացած, շատ չենք ասում, գոնե մեկ արձակագիր կամ մեկ բանաստեղծ: Երկնակամար էլ չկա, որտեղ նրանք երեւան: Ինչու հեռուստալրագրողը չի փորձում վերծանել այս դառը ֆենոմենըՙ ինչո՞ւ միանգամից ամուլ դարձավ անկախ հայ պոետի քանքարը: Դուք կհավատա՞ք ձեր ականջներին, երբ որեւէ մշակութային հանդիսության ժամանակ ոմն բարբառերՙ ինչպես իմաստնաբար ասել է մեր նորօրյա ժամանակների մեծագույն բանաստեղծ Պողոսը... Ի դեպ, հիշեցման կարգով, մենք այդ անիծյալ Խորհրդային Միության կազմում մեծեր ունեինք նաեւ կենսագործունեության շատ այլ բնագավառներումՙ Համբարձումյան, Ալիխանյան, Մերգելյան, Գուրզադյան... Ի՜նչ ունենք այսօր նրանց համարժեք: Անշուշտ շատ ավելի հեշտ է փորփրել արդեն կայացած պատմության էջերը եւ տալ բազմիցս կրկնված ու հաճախ արդեն շաբլոնի վերածված գնահատականներ: Եվ անհամեմատ դժվար է, գուցեեւ վտանգավոր, բացահայտել ընթացիկ պատմության որոգայթները: Համենայն դեպս Հայաստանում: Մոսկվա |