RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2014-09-11 22:19:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 820, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՅՈՒՑԱԶՆԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Նրանց այլ կերպ անհնար է կոչել: Մենք նրանց չենք ճանաչել, ու, բնականաբար, չենք էլ իմացել, որ մեզ հետ, մեր կողքին մարտնչել են Հայաստանի պետականության վերականգնման, Արցախի ազատագրության բոլոր ճակատներում: Ավելինՙ նրանք այդ մարտերը սկսել են հարյուր եւ ավելի տարիներ առաջ Տավրոսի լեռնանտառներում, Արարատյան դաշտահովտում: Նրանքՙ մեր դյուցազնամարտիկները: Ու եթե բոլորովին վերջերս Բեյրութում լույս տեսած «Յաւերժի ճամբու կերտիչներէն» գրքի հեղինակըՙ դոկտոր Եղիկ Ջերեջյանը մանրակրկիտ ու մանրախույզ պատմաբան չլիներ, յուրաքանչյուր իրադարձությունն ու իրադրությունը սկզբաղբյուրներով չհավաստագրեր, մենք նրանց ասքերի կամ առասպելների տիտաններ էինք կարծելու:

Սեբաստացի (Ս.) Վահագնը (Գրիգոր Նալբանդյան) տասներեքը չլրացրած խողխողում է իր ազգային արժանապատվությունը անվանարկած թուրք լամուկին, փախչում է Պոլիս, զինվորագրվում է Հնչակյան կուսակցությանը, մասնակցում է Գում Գաբուի, Պապը Ալիի ցույցերին, Օսմանյան դրամատան բռնարարքին, ծանրորեն վիրավորվելուց հետո անցնում է Կովկաս, կուսակցական բեղուն գործունեություն է ծավալումՙ այսինքն ազգային-ազատագրական պայքարի քարոզչությանն է նվիրաբերվում, մարտախմբեր է կազմավորում Սուխումում, Սոչիում, Անապայում, Արմավիրում, Նովոռոսիյսկում, Տուապսեում, Օդեսայում, ապա նաեւ Եգիպտոսում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, 1905 թ.-ի հայ-թաթարական բախումների բոթն իմանալուն պես վերադառնում է Կովկաս, մարտախումբ է ստեղծում, պաշտպանում է Էջմիածնի վանքն ու ունեցվածքը, ապա անցնում է Պարսկաստան, սատարում Սադդար խանի հեղափոխական շարժմանը, առաջին աշխարհամարտի տարիներին Արարատյան զորաջոկատի կազմում մասնակցում է Վանի ազատագրությանը, որպես Անդրանիկի բանակի 2-րդ վաշտի հրամանատար Բիթլիսի, Կարինի, Երզնկայի պաշտպանությանը, նահանջի ընթացքումՙ որբահավաքին, Բաքվի կոմունայի օրերինՙ Ստեփան Շահումյանի անմիջական հանձնարարությամբ հայ ազգաբնակչության անվտանգության ապահովմանը... Չեմ ուզում չարաշահել ընթերցողի համբերությունն ու լրագրի սուղ սյունակները, ներկայացնել առասպելատիպ հերոսի մղած բոլոր մարտերն ու հեղափոխական գործունեության մանրամասները, բանտարգելություններն ու փախուստները, մասնակցությունը ցեղասպանության ոճրագործների հանցապատժմանը: Եվ եթե բնական ու տրամաբանական հարց ծագի, թե որտե՞ղ է Ս. Վահագնի հուշարձանը, առնվազն մահարձանը, ստիպված պիտի լինեմ հիասթափեցնելՙ 1947 թ.-ին նա կնոջ հետ Ֆրանսիայից ներգաղթում է Խորհրդային Հայաստան, թշվառագույն կյանք է վարում, մահանալուց հետո անշուք հուղարկավորվում ու գերեզմանն անհայտ կորչում է: Ավելին, երբ ես խորհրդահայ գրահրատարակիչներին ներկայացնում էի Ս. Վահագնիՙ ինձ ժառանգություն հասած հուշերը, կուսակցական պատկանելությունն իմանալուն պես, խոսակցությունը շարունակել, մանրամասներ լսել անգամ չէին ուզում: Երկար տարիներ պետական-պաշտոնական ձեւակերպմամբ Խորհրդային Հայաստանում հնչակյանությունը «մանր բուրժուական» կուսակցություն էր համարվում:

Կարծում եմ այսքանը բավական է պատկերացնելու համար այն ահռելի աշխատանքը, որ կատարել է դոկտոր Եղիա Ջերեջյանը «Յաւերժի ճամբու կերտիչներէն» իր նոր գրքում ներկայացնելով 29 հնչակյան հերոսների անանձնական գործունեությունը:

«Դոկտոր» եզրույթը հարկ է պարզաբանել հայրենի ընթերցողին: Ներկայացվող վավերագրքի հեղինակը վկայյալ ատամնաբույժ է, ավարտել է Երեւանի բժշկականՙ այն ժամանակ ինստիտուտի ատամնաբուժական կրթաճյուղը, սակայն ծննդավայրըՙ Բեյրութ վերադառնալուց հետո, նվիրաբերվել է պատմական արդարության վերականգնմանը, հանիրավի մոռացված կամ անտեսված հերոսների ազգային-ազատագրական պայքարի լուսաբանմանը: Բավական է թեկուզ հպանցիկ ընթերցել վավերագրքի ծանոթագրություններըՙ համոզվելու համար, որ միայն մի հերոսի կենսագրությունը վերականգնելու համար ինչպիսի բազմաբնույթ ու բազմալեզու աղբյուրներ է նա հայտնաբերել հայրենի ու արտերկրի թղթադարաններում: Ու չորս անգամ անընդմեջ Լիբանանի խորհրդարանի անդամ ընտրվելուն զուգահեռՙ նման հետեւողականությամբ աշխատասիրել, հրատարակել է «Արյունոտ գոյերթի վկաները», «Պանթուրանիզմը», «ՍԴՀԿ-Կոմինտերն հարաբերությունները», «Օսմանյան երեսփոխանական ընտրություններն ու արեւմտահայությունը», արաբերենՙ «Հայկական ջարդերը մարդկության խղճին ուղղված ճիչեր են» պատմավավերական երկերը:

«Յաւերժի ճամբու կերտիչներէն» գրքի տիտղոսաթերթին կատարված է «Ա» հիշատակումը, որը ենթադրել է տալիս, որ հեղինակը շարունակելու է իր ազգաշահ պրպտումները, մեզ է ներկայացնելու պատմական, քաղաքական, թերեւս նաեւ պատահական ինչ-ինչ շարժառիթներով անտեսված այլ նվիրյալների վարքագրություններ, որոնք մեզ կամք, վճռականություն են հաղորդելու, մղելու են իրականացնել նրանց անավարտ մնացած նպատակները:

Ու նրանցով ոգեշնչված մենք անտարակույս հաղթելու ենք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ