RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 20:57:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 924, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«Moderato Cantabile». ԱՐԵՎԵԼՔ - ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Թավջութակահարուհի Անյա Լեյհները (Anja Lechner) եւ դաշնակահար Ֆրանսուա Քութուրիեն (FranCois Couturier) ներկայանում են նոր սկավառակովՙ 2013-ին Լուգանոյում ձայնագրված (ECM Records) ու 2014-ի սեպտեմբերի սկզբին շուկայում հայտնված «Moderato Cantabile» ամփոփում է19-րդ, 20-րդ դարասկզբի երեք տպավորիչ ստեղծագործողներիՙ Գյուրջիեւի, Կոմիտասի, Ֆեդերիկո Մոմփուի (Federico Mompou) երաժշտական աշխարհայացքը: Խիստ ներդաշնակ զուգանվագն առաջին հնչյուններից արդեն տպավորում էՙ գրեթե մեդիտատիվ ուշադրություն ակնկալող,դեպի ներս խորասուզվելու զգացողություն պարգեւում, ծանուցում է գերմանական «JAZZECHO» ամսագիրը:

Երկու գործիքներիՙ թավջութակի եւ դաշնամուրի փոխլրացնող գեղագիտությունն այստեղ թավջութակին վերապահում է երգչի դերակատարում, իսկ միասնական շունչն ու նրբերանգավորված դարձվածքները կռահել են տալիս, որ երկու երաժիշտներին արդեն տարիների համագործակցությունն է հարստացնում: Ալբոմը կարող էր նաեւ «Արեւելք եւ Արեւմուտք» վերնագիրն ունենալ, գրում է երաժշտական հանդեսը, քանի որ այն Արեւելքի հնչյունների աշխարհը կամրջում է Արեւմուտքին: Երաժշտության պատմության կախարդիչ 3 անունՙ հույն-հայ ծագմամբ գրող, պարուսույց, կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիեւ, հայ դասական երաժշտության ռահվիրա, երգիչ եւ երաժշտագետ Կոմիտաս վարդապետ եւ 20-րդ դարասկզբի իսպանացի կոմպոզիտոր եւ դաշնակահար Ֆեդերիկո Մոմպու:

Հիշյալ ձայնագրության մեջ կատարողներն ընտրել են հայ երաժշտության այնպիսի նմուշներ, որպիսիք ներկայացնում են արեւելյան ազդեցությունների տարաշերտ ուժգնությունը, ուր անգամ փիլիսոփայական տեսանկյունից խզված չէ կապը ազգագրական եւ հոգեւոր երաժշտության միջեւ: Ինչ վերաբերում է արեւմտյան աշխարհը ներկայացնող երրորդ կոմպոզիտորին, ապա ակնհայտ է, որ իսպանացի երաժշտափիլիսոփան ֆրանսիացի իմպրեսիոնիստների ազդեցությունն է կրումՙ մասնավորապես Էրիկ Սաթիեի ( Erik Satie):

«Moderato Cantabile» ձայնասկավառակը մշակութային դաշտերն ու ինքնությունները տատանող, մշակույթների հակադրությունն ու փոխլրացնող տարրերը երեւակող երաժշտական ճամփորդություն էՙ լի անսահման գեղեցիկով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ