RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 21:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2119, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԱՐԱԲԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԲՈՄԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Բեյրութում օրերս արաբերենով եւ անգլերենով լույս է տեսել արվեստաբան Շահեն Խաչատրյանի հեղինակած Հովհաննես Այվազովսկու պատկերագիրքը, որը հայ հանճարեղ ծովանկարչի մասին արաբերեն առաջին հրատարակությունն է: Տասնյակ տարիներ Շ. Խաչատրյանը զբաղվում է Այվազովսկու արվեստի ուսումնասիրությամբ, նրա հայկական ծագման, գործերի որոնման եւ այլ խնդիրներով: Մոսկվայում, Փարիզում, Սամարայում, Երեւանում` ռուսերենով, ֆրանսերենով, հայերենով հրատարակվել են Այվազովսկուն նվիրված նրա յոթ գրքերը, որտեղ նա բացահայտում է Այվազովսկու ազգային արմատներին վերաբերող անհայտ փաստեր, հաստատում նկարչի հայկական ծագման իսկությունը: Այն մասին, թե ինչպես մտահղացավ Այվազովսկու արաբերեն հրատարակությունը, ներկայացնում է հեղինակը:

«1868 թ. Այվազովսկին շրջագայության է մեկնել Թիֆլիս, այդ ընթացքում ավելի քան 20 նկար է արել` մեծ մասը հայկական թեմաներով: Վերջերս այդ շրջանում արված «Սեւանա լիճը» նկարը գտնվել է Լոնդոնում: Թիֆլիսից նա նամակ է գրում Էջմիածին (որտեղ տարիներ առաջ եղել էր հայրը)` Հայաստան գալու մտադրության մասին: Սակայն այդ ընթացքում Պետերբուրգից Եգիպտոս մեկնելու հրավեր է ստանում` Սուեզի ջրանցքի բացման արարողությանը մասնակցելու: 1869-ին գնում է Եգիպտոս, ջրանցքի բացման մի քանի նկարներ անելուց հետո առիթ է ունենում այցելելու Կահիրե, տեսնելու նշանավոր բուրգերը, Նեղոսը, գետի վրայով նավարկող մարդկանց: Վերջերս ինձ հայտնի դարձավ, որ Այվազովսկին ստեղծել է Եգիպտոսին նվիրված նկարների հրաշալի շարք, մտածեցի որ սա լուրջ առիթ է Այվազովսկուն արաբական աշխարհին ներկայացնելու, քանի որ այդ փաստը բոլորովին անհայտ է Եգիպտոսին եւ առհասարակ արաբ ժողովրդին: Սկսեցի փնտրել այդ նկարները, Անգլիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում 16-17 նկար գտա: Միտք հղացա ցուցահանդես կազմակերպել եւ գրքույկ հրատարակել` Այվազովսկու եգիպտական շարքը արաբ ժողովրդին ծանոթացնելու նպատակով, նաեւ որպես հայերի հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքի մեր գնահատության եւս մեկ դրսեւորում»:

Բեյրութ կատարած այցելություններից մեկի ընթացքում Շ. Խաչատրյանը առիթ է ունեցել հանդիպելու Համազգային հայ կրթական եւ մշակութային միության «Կոմիտաս» մասնասնաճյուղի անդամների հետ եւ ներկայացրել է արդեն հրատարակության պատրաստ գիրքը: Նրանք պատրաստակամորեն հանձն են առել գրքի տպագրության գործը: Հրատարակությունն իրականացվել է բարձր որակով, Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահում հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ, 200 օրինակ ուղարկվել է Եգիպտոս, գրքի մի մաս բաժանվել ներկաներին:

Պատկերագիրքը բաղկացած է 4 բաժնից` առաջինում ներկայացված են Այվազովսկու լավագույն ծովանկարները, երկրորդում նրա հրաշալի գծանկարներն են` ստորագրված հայերեն, երրորդը եգիպտական բնանկարների բաժինն է եւ չորրորդը ամբողջությամբ ընդգրկում է հայկական թեմաներով շուրջ 35 նկար: Գրքի առաջաբանը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Այվազովսկու հայկական արմատներին վերաբերող: Հիմնավորապես հերքելով նախապես շրջանառվող կարծիքները Այվազովսկու հոր ծագման մասին` Շահեն Խաչատրյանը հաստատում է նրա հայկականությունը` որպես ծննդյան վայրը ճշգրտող փաստ մեջբերելով նկարչի եղբոր` Գաբրիել արք. Այվազովսկու` լեհ պատմաբանին գրած նամակը, որտեղ նա հայտնում է, որ հայրը ծնվել է Լեհաստանի հարավի Ստանիսլավ քաղաքում (այժմ` Արեւմտյան Ուկրաինայում, Լվովի մոտ), եւ նրա մեկ այլ աշխատության հիշատակությունն այն մասին, որ հայրը ամուսնացել է Թեոդոսիայում, ձեռագործ արվեստով զբաղվող Հռիփսիմե անունով հայ աղջկա հետ:

Առաջաբանում ուշագրավ այլ տեղեկություններ եւս կան նկարչի կենսագրությանն առնչվող, նրա եվրոպական եւ ամերիկյան շրջագայությունների, Նյու Յորքում պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու, հայերենով գրած նամակների, 1894-1896 թվականների հայկական կոտորածների թեմայով նրա նկարների մասին, որով Այվազովսկին, ինչպես գրում է Շ. Խաչատրյանը, Եղեռնի առաջին արտահայտիչը եղավ հայ գեղանկարչության մեջ: Անդրադարձ է արված Խրիմյան Հայրիկի հետ Այվազովսկու հարաբերություններին, Թեոդոսիայի իր տանը նրա հյուրընկալությանը, որտեղ նկարիչը ստեղծել է Խրիմյան Հայրիկի հայտնի դիմանկարը: Այն մասին նաեւ, թե երբ 28 տարեկանում նա արդեն ընտրվել էր եվրոպական մի շարք գեղարվեստի ակադեմիաների անդամ եւ վերադարձել Պետերբուրգ, նրան առաջարկում են մնալ եւ աշխատել այնտեղ, սակայն նկարիչը մերժում է` ասելով, որ չի կարող աշխատել առանց Սեւ ծովի: Դեպի Թեոդոսիա վերադարձի ճանապարհին, Մոսկվայից Ներսես Աշտարակեցուն գրած նամակում այսպիսի տողեր կան`«Ես հպարտությամբ պիտի ծառայեմ իմ ժողովրդին եւ մեր արվեստին»:

Պատկերագրքում մի շարք նկարներ թվային տեղեկություններին զուգահեռ ունեն հեղինակային հավելյալ մեկնաբանություններ, որոնք օգնում են դրանց իմաստային հանգամանալի ընկալմանը, ինչպես օրինակ` 1841-ին արված «Երեկո. Մխիթարյան հայրերը Սբ Ղազար կղզում» կտավը: Մեկ տարի առաջ, երբ նկարիչը այցելել է Վենետիկի Մխիթարյան միաբանություն` եղբոր հետ տեսակցելու, հանդիպել է հայր Մկրտիչ Ավգերյանին, որը Բայրոնի հայերենի ուսուցիչն է նաեւ եղել: Այս տպավորությամբ նա ստեղծում է վերոհիշյալ կտավը, որի կոմպոզիցիոն հանգույցը` կենտրոնում դրված կարմիր գիրքը, նշանավոր «Նոր Հայկազեան բառարան»-ն է, որը եւս մեկ վկայություն է նրա ազգային մտածելակերպի եւ հայ մշակույթի հետ կապվածության: Մեկնաբանություններ տրված են նաեւ հայկական կոտորածների դաժան պատկերներն արտացոլող նկարներում, որոնք, այդ թվում նաեւ «Կարսի գրավումը» կտավը, ժամանակին նկարիչը ցուցադրել է Մոսկվայում, Օդեսայում, Խարկովում` հասարակական ուշադրություն գրավելու նպատակով: «Վերջին տարիներին նրան ահավոր տանջել են հայ ժողովրդի կրած տառապանքները, ողբերգական արհավիրքները: Պատահական չեն նկարներում փոթորիկի հաճախակի պատկերումները, որոնց բովանդակային էությունը ժողովրդի ծանր վիճակն է` այլաբանորեն ներկայացված»:

2017 թվականը հոբելյանական տարեթիվ է Այվազովսկի եղբայրների համար. լրանում են Հովհաննես Այվազովսկու` 200 եւ Գաբրիել արք. Այվազովսկու ծննդյան 205 ամյակները: Բեյրութում լույս տեսած այս նոր պատկերագիրքը տուրք է նկարչի մոտեցող հոբելյանին: Շահեն Խաչատրյանը տպագրության է պատրաստում Գաբրիել Այվազովսկու հոդվածների, թարգմանությունների, բանաստեղծությունների ժողովածուն` որպես պարտք եւ գնահատություն անվանի հայագետի վաստակի, նաեւ` ճանաչողական իմաստով անհրաժեշտ հրատարակություն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ