RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2014-11-20 21:51:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1368, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԺԱՆԵՏ ԼԱԶԱՐՅԱՆ

«ԱԶԳ»

Տխուր լուր ստացվեց Թեհրանից. սրտի եւ այլ վիրահատություններից հետո մահացել է լրագրող, մշակութաբան, ցուցահանդեսների եւ համերգների կազմակերպիչ Ժանետ Տիգրանուհի Լազարյանը , նշանավոր Լազարյան տոհմից սերված բարձր ինտելեկտի տեր մի անձնավորություն, որ ծնվել է Իրանի մայրաքաղաքում, Նախիջեւանից գաղթած ընտանիքում: Տարրական ու միջնակարգ կրթությունն ստացել է Սպահանում ու Թեհրանում, բարձրագույնըՙ Լոնդոնի Թագավորական քոլեջում, որտեղ մասնագիտացել է համաշխարհային արվեստի պատմության մեջ: Նրա առաջին հոդվածները լույս են տեսել 1967 թ.-ից սկսած պարսկական «Ֆերդոսի» ամսագրումՙ գեղանկարչության, երաժշտության ու կինոյի մասին: Աշխատակցությունը իրանյան մամուլին շարունակել է նաեւ նավթային ընկերությունում աշխատելու տարիներին, հատկապես «Էթելաաթ» օրաթերթում: Հետագայում աշխատանքի է անցել անգլիալեզու «Թեհրան ջոռնըլ» օրաթերթում որպես արվեստի բաժնի վարիչ: Լայնորեն լուսաբանել է, նաեւ իրանյան հեռուստատեսությամբ, ժամանակակից երաժշտական եվրոպական փառատոները, ոչ մի առիթ բաց չթողնելով անդրադառնալու նաեւ հայկական արվեստին: Նրա միջնորդությամբ է ծագումով հայ լեհ մեծ երաժիշտ Քրիշտոֆ Բենդերցկին 300 հոգանոց նվագախմբով ժամանել Իրան եւ հանդես եկել համերգային ծրագրով: Տարբեր կինոփառատոներում Ժ. Լազարյանը բողոքի ձայն է բարձրացրել ի զորակցություն Սերգեյ Փարաջանովի, երբ վերջինս գտնվում էր անազատության մեջ, իսկ ավելի ուշ, 2000-ական թթ.ին, Ժ. Լազարյանը հրապարակավ իր ընդվզումն է հայտնել, այդ թվում «Ազգ» թերթում, պարսկահայ նկարիչ Մարկո Գրիգորյանի «Արեւելքի թանգարանի» համար նվիրաբերած արժեքավոր հավաքածոյի ճակատագրի կապակցությամբ:

Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Ժ. Լազարյանը որպես ազատ լրագրող աշխատակցել է իրանյան «Դոնյաե սոխան», «Բոխարա» եւ «Թավուս» ամսագրերին, ինչպես նաեւ «Թեհրան թայմս», «Իրան նյուզ» օրաթերթերին: Լրագրական իր գործունեության ընթացքում նա հարցազրույցներ է վարել նաեւ Ուիլյամ Սարոյանի, Քեթի Բերբերյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաեւ Հերբերտ ֆոն Կարայանի, Զուբին Մեհթայի, Պիտեր Բրուքի հետ:

2001 թ.ին, քաղաքակրթությունների երկխոսության տարվա շրջանակներում Ժ. Լազարյանը Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում կազմակերպել է մեծ ցուցահանդես հայաստանցի եւ իրանահայ ժամանակակից նկարիչների գործերի, իսկ 2004 թ. Հայաստանի ազգային թանգարանումՙ Իրանի 3 սերնդի նկարիչների գործերի: 2008 թ.ին Թեհրանում նա բացել է «Լազար» պատկերասրահը, որի տնօրենն էր մինչեւ իր մահը:

Նրա ամենամնայուն գործը, սակայն, 2012 թ.ին Երեւանում (ՎՄՎ- Պրինտ հրատ.) պարսկերենից թարգմանաբար լույս տեսած (թարգմանիչՙ Ժորժ Աբրահամյան) «Իրանահայոց հանրագիտարանն» է, որի 462 էջերում ի մի են բերված անվանի իրանահայերի կենսագրականները, լուսանկարները, այլեւայլ տեղեկություններ:

Ժանետ Լազարյանի մահով հայկական մշակույթը կորցրեց իր լավագույն մասնագետներից, պաշտպաններից ու քարոզիչներից մեկին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ