ՀԱՃԵԼԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երեւանի պատվավոր քաղաքացի ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ, 7 նոյեմբերի, 2014 թ., Երեւան Դեռ մանկության տարիներին ես կապվել եմ թատրոնին: Պատճառը հասկանալի էրՙ ծնվել եմ անվանի դերասանՙ ՀՀ ժող. արտիստ, պետ. մրցանակի դափնեկիր Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից Գեւորգ Աշուղյանի ընտանիքում: Շատ երջանիկ եմ եւ հպարտությամբ պատմում եմ իմ ուսանողներին, որ բախտ եմ ունեցել բեմում տեսնել հայ թատրոնի հսկաներինՙ Հրաչյա Ներսիսյանին, Վահրամ Փափազյանին, անկրկնելի Սուրեն Քոչարյանին, Վաղարշ Վաղարշյանին, Գուրգեն Ջանիբեկյանին եւ նրանց փոխարինած Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին, Բաբկեն Ներսիսյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Մարգո Մուրադյանին, Վարդուհի Վարդերեսյանին եւ այլոց: Առավել երջանիկ եմ, որ ունեցել եմ հայ բեմի ամենահզոր բեմադրիչ Վարդան Աճեմյանի պես ուսուցիչ, որին ամբողջ կյանքում պարտական եմ իմ համեստ հաջողությունների համար: Մինչեւ հիմա անչափ ուրախանում եմ, որ հանդիպում եմ տաղանդավոր, նոր, հետաքրքրական մտածողությամբ արվեստագետների, ասմունքողների: Երջանիկ առիթ ունեցա 1912 թ. նոյեմբերի 15-ին ներկա լինելու սփյուռքահայ անվանի արտիստ, հրաշալի ասմունքող, լիբանանահայ Հակոբ Գույումջյանի մենահամերգին: Հրաշալի հայտագիրՙ հայ դասական եւ ժամանակակից հեղինակներ, նորովի եւ շատ ժամանակակից մեկնաբանություններ, միտք եւ խոհականություն, ձայնի անզուգական տեմբր եւ չափի զգացում եւ յուրովի բնականոն տեմպ եւ ռիթմ: Մայրաքաղաքի խստապահանջ, արվեստասեր հանդիսատեսը բուռն ծափահարություններով անընդհատ կրկին ու կրկին բեմ էր հրավիրում իրեն անծանոթ, բայց արդեն դահլիճը նվաճած Հակոբ Գույումջյանին: Հետագայում բախտ ունեցա ներկա լինելու նրա մի քանի համերգներինՙ տարբեր դահլիճներում եւ հատկապես Գյումրիումՙ արվեստների եւ արհեստների «մայրաքաղաքում»: Ես վստահ եմ, որ մեր հանդիսատեսը դեռ նոր առիթներ կունենա հանդիպելու մեր սփյուռքահայ անվանի արվեստագետին նոր հայտագրերով: |