RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014



ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-11-20 21:51:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 918, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿԱՆԱՉ ՕԴՈՒՂԻՆԵՐԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ»

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

«1933 թ. հուլիսի 18-ը բեկումնային փուլ է նշանավորում մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ: Այդ օրը Երեւանում վայրէջք է կատարել առաջին քաղաքացիական ինքնաթիռըՙ դնելով Թբիլիսի-Գյումրի-Երեւան օդային հաղորդակցության սկիզբը: Գծի սպասարկման համար Անդրկովկասի օդային հաղորդակցության վարչությունը հատկացրել էր «Պ-5» մակնիշի երկու ինքնաթիռ»:

Ութսուն տարվա վաղեմության նշանակալից իրադարձության մասին այս «հաղորդագրությունը» Սերժ Մանուկյանի «Կանաչ օդուղիների նվիրյալները» պատկերազարդ գիրք-ալբոմից է, որը լույս տեսավ վերջերսՙ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության 15-ամյա հոբելյանի առթիվ: Հեղինակը շուրջ մեկուկես տասնամյակ աշխատելով Հայաստանի քաղավիացիայի ոլորտում (որպես ՔԱԳՎ մամուլի քարտուղար եւ «Հայաէրոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական), ժամանակների ընթացքում մեղվաջան պրպտումներով նյութեր է հավաքել հայրենական ավիացիայի սկզբնավորման, դրա զարգացման ընթացքի, ոլորտի կայացման ու հայ առաջին նվիրյալ ավիատորների մասին: Հավաքել, դասդասել է նաեւ հնօրյա լուսանկարներ, որոնց շնորհիվ տպագրվելիք գիրքը առավել ամբողջական, ակնահաճո, խոսուն ու հետաքրքրական էր դառնալու: Եվ դարձել է:

«Մարդ արարածը միշտ ակնդետ հետեւել է թռչունների ճախրանքին եւ ինքն էլ է երազել ինչ-որ հնարքով սավառնել օդում: Հիշենք հունական առասպելը»,- գրում է հեղինակըՙ պատմելով Դեդալի եւ իր որդի Իկարիՙ մոմով ամրացված թռչնի փետուրներից պատրաստված թեւերով երկինք բարձրանալու տխուր վերջաբանով պատմությանը: Սա առասպելն է, երազանքը, որը, ժամանակների հոլովույթում մարդ բանականը, փորձությունների, մեծ զոհողությունների գնով, իրականության է վերածում: Սերժ Մանուկյանը ընթերցողին է ներկայացնում այդ երազանքի իրականացման համառոտ պատմությունըՙ թվերով, խենթ-երազողներով, դեպքերով, իրադարձություններով:

Գրքի առանցքում, անշուշտ, 80 տարի առաջ Հայաստանում քաղավիացիայի սկզբնավորումն է, ոլորտի զարգացման ընթացքը, որին զուգահեռ կազմավորվել եւ որակական նոր մակարդակով ու նվաճումներով է կայացել քաղաքացիական օդանավերի երթեւեկությունը կառավարող հայկական կառույցըՙ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը, ձեռնարկության նվիրյալ ու խորիմաց ղեկավար անձինք, ողջ անձնակազմըՙ ավիակարգավարներ, ճարտարագետներ, տեխնիկներ, կապավորներ...

Հեղինակը առանձնակի ուշագրավ շեշտադրումներով է անդրադարձել քաղավիացիայի անգերագնահատելի դերակատարմանը Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին, երբ Արցախի համար «կյանքի միակ ճանապարհը» օդային ուղին էր, իսկ օդաչուները, հիրավի, իսկական հերոսներ: Պատերազմից առաջ էլ 88-ի բնավեր երկրաշարժն էր, երբ հայոց երկրի երկինքը աշխարհի տարբեր ծագերից մեզ մարդասիրական օգնություն հասցնող ինքնաթիռներով լցված «մեղվափեթակ» էր հիշեցնում, եւ դրանց ճշգրիտ կառավարումն ու անվտանգ վայրէջքն ու վերթիռը միայն ու միայն պրոֆեսիոնալ ավիակարգավարների տքնաջան աշխատանքով ու անսխալ գործունեությամբ էր պայմանավորված: Այդ եւ հետագա տարիներին կառույցի անձնակազմը գործել եւ այժմ էլ գործում է մեկ միասնական ընտանիքի հոգեբանությամբՙ ցուցաբերելով մտքի ճկունություն, իրադրությունը ճշգրտորեն գնահատելու ու կարգավորելու վճռականություն, հեռատեսություն եւ, իհարկե, սառնասրտություն ու խիզախություն: Նման հատկանիշների դրսեւորման բացառիկ օրինակներ են 1983-ին «ՅԱԿ-40»-ի ոդիսականըՙ ներկայացված «Առեւանգում» խորագրի ներքո եւ «Անսալով սրտի ձայնին» իրապատումը: Դրանք նաեւ օդանավերի անվտանգ երթեւեկությունը իրականացնող, դույզն-ինչ չափով սխալվելու իրավունքը չունեցող անձանցՙ ավիակարգավար-դիսպետչերների դժվարին, բայցեւ շնորհակալ աշխատանքի մասին վկայող ուշագրավ եղելություններ են:

Աշխարհագրորեն Հայաստանը փոքր երկիր է, որի օդային տարածքով երթեւեկում են տարբեր երկրների ավելի քան 150 ավիաընկերությունների ինքնաթիռներՙ օգտվելով գերժամանակակից, արդի միջազգային չափանիշներին ու պահանջներին համահունչ սարքավորումներով ու տեխնիկական համապատասխան միջոցներով հագեցած հայաստանյան աէրոնավիգացիոն ծառայություններից: Ասել է, թե օդանավերի համար կանաչ-սահուն օդուղիներ ապահովող կառույցի աշխատակիցները ամեն օր գործ ունեն տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերի ու ճակատագրերի հետ: Պատասխանատվության այս գիտակցությամբ է սկսվում եւ ավարտվում նրանցից յուրաքանչյուրի աշխատանքային օրը:

Ընթերցողը գրքի էջերում հանդիպում է ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչների, հին ու նոր սերնդի աչքի ընկնող մասնագետների, ծանոթանում աէրոնավիգացիոն զարգացումներին ու հեռանկարներին:

«Կանաչ օդուղիների նվիրյալները» գրված է կենդանի, առինքնող հայերենով, ինչը միշտ էլ բնորոշ է եղել նաեւ համեստությամբ իր անձը զարդարող պատվարժան հեղինակի գրչին: Գիրքն, արդարեւ, արժանի նվեր է ոչ միայն ոլորտի մարդկանց, այլ նաեւ բոլոր լրջմիտ ընթերցողների, եւ, մանավանդ, որպես հավաստի սկզբնաղբյուրՙ հետագա հրապարակումների համար:

Այս իմաստով, ահավասիկ, երկու ոչ մեծ բնութագրական մեջբերում պատկերագրքից.

«Մթնոլորտի բարձր շերտերով օրն ի բուն օդանավեր են սավառնում: Երկնային անհունից լսվում է դրանց շարժիչների միալար ու հեռավոր ձայնը: Կապուտակ երկնքում անզեն աչքով թերեւս միշտ էլ կարելի է նշմարել ոչ մեծ թռչնի չափ երեւացող արծաթափայլ օբյեկտըՙ օդանավը: Իսկ ամպամա՞ծ եղանակին, հապա գիշե՞րը...:

«Թեթեւ թռիչք, փափուկ վայրէջք»,- այս իղձն է համակում օդանավի սրահ մտնող յուրաքանչյուր ուղեւորի: Գործարկվում են օդանավի շարժիչները եւ արծաթափայլ հսկան դանդաղ ու սահուն մոտենում է թռիչքուղուն: Շուտով օդանավը կսլանա ամպերից էլ վեր, երկրների օդային սահմաններ կհատի եւ վայրէջք կկատարի նշանակված օդանավակայանում:

Իր փափուկ նստարանին նստած ուղեւորը այդպես էլ չիմացավ, որ օդանավի անվտանգ թռիչքն ու փափուկ վայրէջքն ապահովեցին ավիացիոն մասնագետների ամբողջ ջոկատներՙ տեխնիկներ, մեխանիկներ, ճարտարագետներ, ծառայությունների ղեկավարներ եւ, իհարկե, թռիչքի առանցքային դեմքերըՙ երկնքում օդաչուն, երկրի վրաՙ ավիակարգավարը...»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ