RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014



Տեղադրվել է` 2014-11-20 21:51:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1008, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ Է

Նաիր ՅԱՆ

Անկախությունից ի վեր արվեստի մարդիկ բողոքում են, թե չկան կինոյի, թատրոնի, ստեղծագործական միությունների մասին օրենքներ, որոնք կկարգավորեն մշակութային դաշտն ու կտարբերակեն ռեժիսորի եւ նրբերշիկ արտադրողի գործունեությունը:

5 տարի է արդեն թատրոնի մասին օրենքը ԱԺ-ում նիրհում է: Դրանից առաջ նախագիծը մշակվեց, քննարկվեց, մասնակիցներն իրար տվին ու առան, այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան: Ու խնդիրը խնամքով ծալեցին, դրեցին մի կողմ: Թատրոնի մարդկանց կարծիքովՙ իրենց վերաբերող օրենքը հենց իրենք էլ պիտի մշակեն, ու այդ գործին ԱԺ-ի պատգամավորները չպետք է խառնվեն: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մատնանշում է թատրոնի մասին Վրաստանի օրենքը. հավանում է այն ու կոչ անում վրացիներից վերցնել ու կիրառել: Ըստ այդ օրենքիՙ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ամենորոշիչ դերն ունի. միանձնյա ղեկավար է եւ հենց ինքն է առաջարկում այս կամ այն տնօրենի թեկնածությունը: Հակոբ Ղազանչյանի կարծիքովՙ թատրոնը պետք է հարկային մեղմ դաշտում լինի, ֆինանսատնտեսական կանոններն էլ պետք է մեղմ լինեն, թե չէ թատրոնի ամեն մի մոխրամանի համար մրցույթ (տենդեր) է հայտարարվում: Իսկ դա սխալ մոտեցում է:

Թատրոնի մասին օրենքը դինջ-դինջ քնած է, բայց կարծիքներն ու քննարկումները դրա շուրջն ակտիվացել են: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը համարում է, որ մինչ այժմ եղած բոլոր նախագծերը դեկլարատիվ բնույթի են: «Բարի ցանկությունների օրենք», ձեւակերպեց նա: Մինչդեռ թատրոնը ստեղծագործական գործունեություն էՙ հիմնված տնտեսական գործընթացների վրա. դրանք շաղկապված են միմյանց: Բայց արդյո՞ք տնտեսական դաշտը նպաստում է ստեղծագործական գործընթացի ճիշտ կազմակերպմանը: Իրականում այն ավելի շատ խանգարում է, քան նպաստում: Տիկնիկայինի ղեկավարը պնդում է, որ մեզ ոչ թե թատրոնի մասին նոր օերնք է պետք, այլ հարկավոր է եղածի մեջ փոփոխություններ անել ու հատկապես ուշադրություն դարձնել մեկենասության ու հովանավորության մասին օրենքին: Նա պատմեց, որ նախորդ օրինագծի վրա աշխատել է, ավելացրել մեկենասության մասին դրույթները, բայց ֆինանսների նախարարությունը դրանք հանել է: «Մտածել, թե ամեն ինչ պիտի պետությունն անի, ամեն բան իրականացվի զուտ պետական հովանավորությամբ, սխալ է: Պետք է ստեղծել հիմնադրամներՙ մեկենասների հովանավորությամբ, որոնց կից կգործեն մասնագիտական հատուկ հանձնաժողովներ ու հենց նրանք էլ կորոշեն, թե որ նախագիծն է արժանի հովանավորության: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ դա որոշի պետությունը, որովհետեւ երաշխիք չկա, թե պետական չինովնիկն ինչ սկզբունքով կընտրի հովանավորյալին: Չի կարելի հույս դնել նրա ճաշակի, իմացությունների, ազնվության ու անաչառության վրա»,- իր տարբերակն է առաջարկում Ռուբեն Բաբայանը:

Խնդիրը նաեւ այն է, որ մեզանում մշակույթի հովանավորության վերաբերյալ պարզունակ ընկալում կա: Ու դրա պատճառները խորն են. մեր իրականության մեջ որեւէ մեծահարուստ չի կրում այն ճաշակն ու այն իմացությունները, որոնք դրդեն նրան հովանավորել բարձր արվեստը: Դրա համար էլ, եթե բախտի բերմամբ թե պատահմամբ, ասենք, որեւէ մեծահարուստ հանկարծ ու հանկած հովանավորի որեւէ լարային քառյակի, չինովնիկ թե շարքային մահկանացուՙ զարմանքից քար կկտրեն: Օրինակՙ ո՞վ այդքան առասպելական երեւակայություն կունենաՙ պատկերացնելու Արամ Խաչատրյանի անվան քառյակի համերգի ազդագրի տակ Սամվել Ալեքսանյանի անունըՙ որպես մեկենաս: Միակ հովանավորությունը, որ զարմանք չի հարուցում, սպորտն է. դա էլ իր պատճառներն ունիՙ հովանավորը նախկին սպորտսմեն է: Քիչ թե շատ հովանավորվող ոլորտ է փոփ-արտը, ինչպես նաեւ թեթեւ, պարզունակ, չհիշվող, պղպջակային ֆիլմերը, սերիալները, շոուներն ու համերգները: Այստեղ էլ հովանավորչական քայլը մոտալուտ շահ է հետապնդում. փող ես դնում, բայց դրածդ հետ է գալիս, դեռ մի բան էլ ավելի: Բայց սա արդեն հովանավորություն ու մեկենասություն չէ, այլ պրոդյուսերություն է: Իսկ հովանավորությունն ու մեկենասությունը բոլորովին այլ կառուցվածք ու նպատակ ունեն:

Ռուբեն Բաբայանն օրինակ է բերում 1970-ականների Եվրոպան, երբ արվեստի եւ բիզնեսի միջեւ խոր անդունդ կար, արհամարհանքի վերածված վերաբերմունք, ու Եվրոպան ելքեր էր փնտրում արվեստն ու բիզնեսն իրար կապելու համար: Պարզ մի մեթոդ գործի դրվեց. նա, ով կհովանավորի մշակութային այս կամ այն ծրագիրը, այս կամ այն արվեստագետին, հարկային արտոնությունների կարժանանա: Քըրք Քըրքորյանից մեծ ջանքեր պահանջվեցինՙ Կոնգրեսում եւ մեր ԱԺ-ում հաստատելու «Լինսի» ծրագիրը, որպեսզի նա ԱՄՆ-ում ազատվի հարկերից: Մեր երկիրը հապաղում է հարկային արտոնություններով խրախուսել մեծահարուստներին: Պատճառներից երկուսը նաեւ թատրոնի մարդիկ են հասկանում. կա վախ, թե միգուցե այդպիսով շատ հեշտ փողեր կլվացվեն: Երկրորդՙ պետությունը մտածում էՙ ավելի լավ է թող գործարարն իրենից պահանջվող հարկերը վճարի, լցնի բյուջե, ես կորոշեմ, թե այդ հարկերից որ արվեստագետին կամ որ նախագծին ինչքան հատկացնեմ: Իսկ այդպես փողերը հատկացվում են մի քանի չինովնիկի նախասիրությամբ ու ճաշակով եւ գրեթե միշտ նույն մարդկանց: Ու ստացվում էՙ ընտրելը մենաշնորհ է, ընտրվելըՙ նույնպես: Իսկ եթե կա կազմակերպություն, որը հովանավորում է մշակութային որեւէ ծրագիրՙ փառատոն կամ ներկայացում, ապա այդ ընտրությունը կատարում է ոչ իր սեփական նախաձեռնությամբ, այլ «վերեւների» հրահանգ-թելադրանքով:

Հասարակությունը հետեւողական չէ, չի վերահսկում, թե ո՞ւր են գնում իր փողերըՙ իր վճարած հարկերը: Ասում է. «Էս ի՞նչ համերգ էր կամ էս ի՞նչ ֆիլմ էր, որ պետությունն էլ փող է տվել սրանց ու հովանավորել»:Նույն հասարակությունը, սակայն, չի ասում, որ դրանք ոչ թե պետության, այլ իր փողերն են, իր չնչին աշխատավարձից կտրած այն գումարը, որ հարկերի անվան տակ գանձվում է իրենից եւ ուղղորդվում էժանագին բովանդակությամբ, բայց թանկ բյուջեով մի աղմկոտ տաշի-տուշիի: Ու այսքանից հետո թատրոնի կամ մեկենասության մասին օրենքին ո՞վ շան տեղ կդնի: Մանթաշովն ասում էր, որ ինքն անգրագետ է, բայց նա ուսման հարգը գիտեր, ուզում էր, որ իր չսովորածը մեկ ուրիշ հայ երիտասարդ սովորի եւ հովանավորում էր նրան, օգնում, որ կրթվի: Բարերար Հովհաննես Հովնանյանը Հայաստանը վերափոխելու ծրագիր էր մշակելՙ հիմքում կրթությունն ու մշակույթը: Օրենքներից արվեստի մարդիկ խուսափում ենՙ ստեղծագործական կապանքներին ենթարկվելու մտավախությամբ: Խորեն Աբրահամյանն ինչո՞ւ Սունդուկյանի թատրոնից գնաց Լենինականի թատրոն. որովհետեւ նրան պարտադրում էին ինչ-ինչ անելիքներ ու ասելիքներ: Իսկ նա գիտեր իր արժեքը, նա այն ռեժիսորը կամ դերասանը չէր, որ շարժվեր այլոց ճաշակով կամ ցուցումներով: Խորեն Աբրահամյանը թատրոնի գրված ու չգրված օրենքներին չենթարկվելու համար պայքարը շարունակեց ու այդպես պայքարելով էլ մահացավ:

Թատրոնի մասին օրենք ունենալը Երվանդ Մանարյանին ծիծաղելի է թվում: «Ի՞նչ օրենք, օրենքս ո՞րն է: Թատրոնը հասարակության խնդիրները վերցնում ու բեմից գեղարվեստորեն նորից վերադարձնում է նույն հասարակությանը: Պետությունը պիտի ասիՙ էս խնդիրը մի վերցրու, արի կլինի էս մեկը վերցրու եւ ներկայացրո՞ւ, ինչ է թե փող եմ տալիս: Ոչ մի դեպքում: Օրենքն ու թատրոնն իրար հետ կապ չեն կարող ունենալ: Մեկենասությունն էլ չեմ ընդունում, եթե մեկենասը պիտի չվստահի ինձ ու ասիՙ հլա մի արի տեսնեմ ինչ ես արել, ուրեմն նա թատրոնին պետք չէ: Հենց որ թատրոնը հովանավորվի, նույն վայրկյանին կկորցնի ազատությունը», վստահ է վարպետը: Նա թատրոնի պատմության դառը փորձից է հանգել այդ համոզմունքին: «Պատվի համար» եւ «Ժայռ» ներկայացումներով փակվեց հայ դրամատուրգիայի ու հայ թատրոնի ազատության էջը. սովետական օրենքները մտան թատրոն ու իրենց ծառայեցրին բեմն ու դահլիճը: Իսկ մեր օրերում ինչ է կատարվում, սատանան էլ գլուխ չի հանի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 21-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ