100 ԱՄՅԱԿԻ ՖԻԼՄԵՐԸ Նաիր ՅԱՆ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջՙ դեռ անցյալ տարվանից մշակվել է ֆիլմերի ծրագիր: Ցանկում ներառված կինոնախագծերն ըստ նախատեսվածիՙ 2015-ին պատրաստ են լինելու: Դրանք մեծ մասամբ համատեղ արտադրության ֆիլմեր են, որոնցում մեր երկրի մասնակցությունը խորհրդանշական էՙ ֆինանսական հատկացումներ մեր բյուջեին համապատասխան եւ, իհարկե, բարոյական աջակցություն: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն, ամփոփելով Ցեղասպանության մասին կինոնախագծերի այս տարվա արդյունքներըՙ նկատում է, որ այդ ֆիլմերն օտար երկրներում ցուցադրվելու մեծ հեռանկար ունեն: Օրինակՙ ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը բավականին մեծ հաջողություններ է արձանագրել, ցուցադրվել է նաեւ Վենետիկի միջազգային կինոփառատոնին: Հավանական է, որ Հայաստանն էլ կունենա մասնակցություն «Սպի» ֆիլմի հետարտադրական գործընթացում: Չեխական հեռուստատեսությունն առաջարկել է համատեղ ֆիլմ նկարահանել: Այն ունենալու է երկու տարբերակՙ հեռուստատեսային եւ լայն էկրանային: Կինոնախագիծը հիմնված է տարբեր երկրներում ուսումնասիրված արխիվների վրա: Չեխերը Հայոց ցեղասպանության մասին փաստեր են հավաքել եւ խաղարկային ժանրի հետ համակցելովՙ պատրաստելու են ֆիլմ: Ֆիլմի 52 րոպե տեւողությամբ հեռուստատեսային տարբերակով հետաքրքված են նաեւ եվրոպական հեռուստաալիքները: Այն կցուցադրի նաեւ Կանադան: Միջազգային հաջորդ նախագիծը ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն է: Այն նկարահանվում է Ֆրանսիայի հետ համատեղ եւ նույնպես ցուցադրման մեծ աշխարհագրություն է ակնկալում: Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» պատմելու է Կոմիտասի մասինՙ նրա կյանքն ու վախճանը Փարիզի հոգեբուժարանում: Բացառության իրավունքով մեր նկարահանող խմբին թույլատրվել է բացել հոգեբուժարանի արխիվըՙ Կոմիտասի անձնական գործերն ու հիվանդության պատմությունը: Նկարահանվող մյուս ֆիլմը պատմելու է օտարազգի 5 կին միսիոներների մասին, որոնք ոչ միայն Մեծ եղեռնի ականատեսն են եղել, այլեւ որբանոցներ են բացել հայ մանուկների համար: Ֆիլմը նկարահանվել է Դանիայում, Նորվեգիայում. խումբը պատրաստվում է մեկնել Թուրքիա ու Լիբանանՙ պատմության հետքերով: Մինչեւ 2015-ի ապրիլի 24-ը Արամ Շահբազյանի «Հիշատակի պատմությունը» պատրաստ կլինի: Սերժ Ավետիքյանը դեռ երկու տարի առաջ թեթեւակի ակնարկեց, որ Ցեղասպանության մասին նոր ֆիլմ է ներկայացնելուՙ անիմացիա: «Մշո ճառընտիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Այն ընդգրկված է առաջին համաշխարհային պատերազմը ներկայացնող ալմանախում, որտեղ ներառված է 26 երկիր: Յուրաքանչյուր կինոռեժիսոր պատերազմի մասին մի պատմություն է ներկայացնելուՙ իր տեսանկյունից: Սերժ Ավետիքյանն էլ անդրադառնում է Մեծ եղեռնի իրողությանը: Բնականաբար, 26 երկրներն էլ ալմանախում ներառված ֆիլմերը ցուցադրելու են, այդ թվում եւ «Մշո ճառընտիրը»: Սրանցից բացի անշուշտ կլինեն ուրիշներ: Բացառված չեն նաեւ անակնկալները: Հատկապես համատեղ կինոարտադրությունները լայն հորիզոններ են բացում: Գաղտնիք չէ, որ զուտ հայկական ֆիլմերը դժվարությամբ են դուրս գալիս մեր երկրի սահմաններից ու հասնում մեծ էկրաններ: Իսկ մենք անգամ 100 տարի անց միջազգային հանրությանն իրազեկելու խնդիր ունենք դեռ: Կինոն քարոզչության արդյունավետ միջոց է, ու երբ այն հանրահռչակվում է օտարազգի գործընկերների միջոցով, արդյունքն ավելի ակներեւ է լինում: |