ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՎԱՐՊԵՏԸ Ռոբերտ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Ֆոտո-լրագրող Լուսանկարչի լուման 100-րդ տարելիցին Օրերս խմբագրություն այցելեց լուսանկարիչը եւ մեզ նվիրեց տպագրական մեքենայի տակից նոր դուրս եկած իր մտահղացումըՙ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին իր մասնակցությունըՙ օրացույցի տեսքով: Արնաներկ Մասիսի ֆոնինՙ Ծիծեռնակաբերդի հուշարձանը: Մասիսը սպասման մեջ էՙ մինչեւ Արդարության ժամը: Դա լուսանկարչի բողոքի ճիչն է ուղղված բոլոր այն պետություններին ու ժողովուրդներին, ովքեր ցարդ չեն ճանաչել Ցեղասպանությունը: «Ով չի ճանաչում 20-րդ դարի առաջին Ոճրագործությունը, ուրեմն մեղսակից է այդ ոճրին, ասում է Պողոս Պողոսյանը: Դա յուրօրինակ մի խաչքար էՙ նվիրված 1,5 միլիոնի հիշատակին, կորցված հայրենի հողերին: Օրացույցը վաճառվելու է Մայր աթոռի Վաղարշապատի ու Երեւանի գրախանութներում: «Նպատակս շահ չի հետապնդում, շահույթի համար չեմ արել այս գործը: Այլ, պարզապես, ուրիշ հնար չունեի օրացույցը տարածելու,- ասում է վաստակավոր լուսանկարիչը:- Սա իմ լուման է, մասնակցությունը 100-րդ տարելիցին»:
Իմ զրուցակիցն է Երեւանի ճանաչված լուսանկարիչ Պողոս Պողոսյանը: - Ձեր ընտանիքի մասին: - Պողոսյանների գերդաստանի բոլոր անդամները 1913թ Թուրքիայից գաղթել են Հայաստան: Հենց այստեղ էլ հայրս ու մայրս ծանոթացել են եւ ամուսնացել: Դեռ նոր էր սկսվել Մեծ հայրենականը, երբ ես ծնվեցի. դա 1941թվականն էր: Սովորել եւ ավարտել եմ Երեւանի Նար-Դոսի անվան միջդպրոցը: - Երբվանի՞ց եք հրապուրվել լուսանկարչությամբ: - Դեռ մանկուց: Ամեն անգամ, երբ որեւէ մեկի ձեռքին լուսանկարչական խցիկ էի տեսնում, գնում ու կանգնում էի նրա կողքին եւ նայումՙ ինչպես են նկարում: Առաջինը մայրս է նկատում, որ ես շատ եմ հետաքրքրվում ապարատով: Իր ստացած թոշակից գումար է հատկացնում եւ ինձ համար գնում է «Սմենա» տիպի լուսանկարչական խցիկ: Դա իմ ամենաերջանիկ օրերից մեկն էր: Դրանից հետո ընդունվեցի Երեւանի պիոներ պալատի լուսանկարչական խմբակը, որի ղեկավարն էր Քաջիկ Սեւանցյանը: Լինելով հմուտ մասնագետ, իր ամբողջ գիտելիքները փոխանցում էր խմբակի սաներին: Մեկ տարի անց Երեւանում բացվեց դպրոցական լուսանկարիչների ցուցահանդես, որին մասնակցեցի նաեւ եսՙ արժանանալով առաջին կարգի մրցանակի: Ինձ նվիրեցին «Ֆեդ» մակնիշի լուսանկարչական խցիկ: - Որպես լուսանկարիչ որտե՞ղ եք աշխատել: - Դեռ լուսանկարչական խմբակը չավարտած սկսեցի աշխատել «Ռեյա Թազա» (Նոր ուղի) քրդական թերթում: Բայց քանի որ իրենք լուսանկարչի հաստիք չունեինՙ աշխատում էի հոնարարով: 1961թ պաշտոնապես որպես ֆոտո-թղթակից սկսեցի աշխատել «Կոմսոմոլեց» թերթում, իսկ 1965թ ընդունվեցի «Հայրենիքի Ձայն» նորաբաց շաբաթաթերթում, որի գլխաղոր խմբագիրն էր անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանը: Երբ իմ լուսանկարները տեսավ, ասաց, որ միայն դու պետք է լինես մեր թերթի լուսանկարիչը: - Իսկ այժմ խնդրում եմ պատմել Վիլյամ Սարոյանի մասին... - Դա 1976թ.ին էր: Վահագն Դավթյանը ինձ կանչեց իր մոտ եւ ասաց. «Երեւան է ժամանելու ամերիկահայ անվանի գրող Վիլյամ Սարոյանը, եւ դու պետք է ամեն օր լինես մեր հետ»: Դա իհարկե ինձ համար մեծ երջանկություն էր : ...Առաջին լուսանկարներին Սարոյանը նայեց եւ մի կողմ դրեց ասելով. «Ասիկա ես չեմ»... Բայց ես չվհատվեցի, սկսեցի ավելի եռանդով լուսանկարել: Այդ օրը մենք գնում էինք Էջմիածին: Խաղողի այգիների կողքով անցնելիս Սարոյանը վարորդին ասաց. «Կանգնեցրու մեքենան, ես պիտի խաղող գողնամ,- եւ ավելացրեց,- ոչ մեկը հետս չգա»: Բայց ես իրենից հետո իջա եւ այդ պահերը լուսանկարեցի, որից հետո մենք գնացինք Վեհափառի մոտ : - Նրան ինչքան եք լուսանկարել... - Երեւի հազար կադրից ավելի... Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առիթովՙ 2008թ Ֆրեզնոյում տպագրվեց «Վիլյամ Սարոյան» գիրք-ալբոմը, որտող տպագրվել էր ճիշտ 100 լուսանկար: - Պողոս Պողոսյանը Երեւանի գրեթե առաջին լուսանկարիչներից է, որը սկսեց զբաղվել գունավոր լուսանկարչությամբ... - Ես կասեի, որ դա մի տաժանակիր աշխատանք էր: Պատկերացնո՞ւմ եք. փորձնական մի լուսանկար ստանալու համար մթության մեջ պետք աշխատեիր մեկ ժամ: Այդ ժամանակ սկսեցի համագործակցել «Ավանգարդ» թերթի հայտնի լուսանկարիչ Վարազզդատ Սեւոյանի հետ, եւ երկար, քրտնաջան աշխատանքից հետո մենք հասանք մի արդյունքի, որը գոհացուցիչ էրՙ մեկ ժամվա տեւողությունը մենք դարձրեցինք15 րոպե: - Այժմ խնդրում եմ պատմել «Էջմիածնի գանձերը» գիրք-ալբոմի մասին... - Նախ ասեմ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերով սկսեցի նկարահանումները 1981թ.ին, եւ ավարտեցի 1984թ.ին: Լուսանկարեցի մոտ 900 լուսապատկեր (սլայդ), որից գիրք-ալբոմում տպագրվեցՙ 600 լուսանկար: Այն ընդունվեց ժողովրդի կողմից եւ կարճ ժամանակում ալբոմն սպառվեց: Այնուհետեւ նույն տպաքանակով տպագրվեց «Հայկական գորգեր» գիրք-ալբոմը, իսկ Ալեք Մանուկյանի պատվերով տպագրվեց «Գանձարան» ալբոմը: Վերջերս տպագրվեց նաեւ մեր ճարտարապետներից Ռաֆաել Իսրաելյանին նվիրված ալբոմը, որը նույնպես շատ լավ արձագանք գտավ: Այժմ աշխատում եմ «Քանդակը ճարտարապետության մեջ» թեմայով: Աշխատում եմ նաեւ «Մեծամորի հնագիտական թանգարանի» նյութերի վրա, որից պետք է ստացվի հրաշալի ալբոմ: - Վերջին հարցսՙ ծանո՞թ էիք Թուրքիայի ամենահայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի հետ... - Արա Գյուլերի մասին ես վաղուց լսել էիՙ նա խոշոր լուսանկարիչ է: Իմ առաջին ծանոթությունս Վարպետի հետ եղել է Երեւանումՙ 1976թ: Ծանոթանալուց հետո մենք շատ մտերմացանք եւ 20 օր անընդմեջ իմ ավտոմեքենայով շրջեցինք գրեթե ամբողջ Հայաստանով: Մեր երկրորդ հանդիպումը կայացավ 1978թ, իսկ երրորդըՙ 2013թ, կրկին Երեւանում: 2011թ Երեւանի «Փարիզ» սրճարանում բացվեց Պողոս Պողոսյանի հոբելյանական ցուցահանդեսը նվիրված ծննդյան 70-ամյակին: Այդ օրը ՀՀ Մշակույթի նախարարությունը անվանի լուսանկարիչ վարպետ Պողոս Պողոսյանին պարգեւատրեց նախարարության ոսկե մեդալով: Նյու Յորք |