RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 22:08:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1523, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Ինչպես է ձեւավորվում հավաքական հիշողությունը եւ ինչպես է առհասարակ հիշողությունն ապրում... ճանապարհները տարբեր են, մասնագիտական-հոգեբանական վերլուծումներն ու մոտեցումները` նույնպես: Կյանքային փորձառությունն իհարկե բերում է ամենապարզ միջոցը` հանրության (անհատի) համար կարեւոր նշանակությամբ դեպքերի ու երեւույթների, նույնիսկ ամենափոքր դրվագների, իրեղեն նմուշների` ժամանակի մեջ գնահատելու, այն պահպանելու եւ փոխանցելու կարողությունը- այն կաթիլները փոքր, որոնց վրա հետագայում ձեւավորվում է հիշողության հավաքական կառույցը:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպված «Օժիտ, ժանյակազարդ հուշեր» խորագրով ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սրահի մեղմ լուսավորությունը ստեղծում է այն մթնոլորտը, որ արթնացնում, զգացնել է տալիս անցյալի շունչը, պատերն ի կախ իրերի լռությունը ասեղնագործում է հիշողության «արահետներ», որքան էլ դրանք նրբահյուս ու զարմանալի գեղեցիկ են, սակայն բերում են կորստի ծանր զգացողություններ: Դա այդպես է, որովհետեւ այդ իրերն իրենց մասով կրողն են անցյալի իրադարձությունների էներգիայի եւ շարունակելու են պահպանել` կազմելով հավաքական հիշողության մի մասնիկը: Դրանցից յուրաքանչյուրն իր առանձին պատմությունն ունի, կիսելով այն ճակատագիրը, ինչ իր ստեղծողին է բաժին ընկել:

1915-ին պատմական հայրենիքը կորցրած արեւմտահությունը կորցրեց նաեւ մշակութային հարուստ ու հնամենի ավանդույթների ամբողջականությունը, ցանուցիր եղավ դա այնպես, ինչպես ժողովուրդը: Գրչագիր մագաղաթե մատյաններ, գրքեր, ձեռարվեստի հրաշալի նմուշներ, գորգեր, ասեղնագործ ժանյակներ ոչնչացան, անհետ կորան, փրկվողները... փրկվեցին: Գաղթի, դեգերումների անհավատալի ճանապարհներով անցած` դրանցից մի մաս հանգրվանեց նաեւ Հայաստանի Հանրապետությունում` ինչպես այս ցուցահանդեսում ներկայացվածները. դրանցից ամենահինը պատկանում է 19-րդ դարավերջին: Ցուցադրված իրերի մեծ մասը տրամադրել են սիրիական արյունոտ իրադարձություններից, Հալեպի ռմբակոծումներից փախած մեր հայրենակիցները: Այդ իրերը նրանց մեծ մայրիկներից, մայրերից, մյուս հարազատներից մնացած հիշողություններ են` նրբահյուս ժանյակներ, օձիքներ, մետաքսե սփռոցներ, թավշե բարձիկներ, անկողնու, նորածնի օրորոցային պարագաներ, զարդանախշ զգեստներ, գորգեր, կարպետներ, որոնք իրենց ծալքերում պատմություն ու անցյալ են կրում, ազգային մշակութային մի շերտի դիմագիծ պահպանում: Սովորույթներով, նիստ ու կացով, բնակության վայրով միմյանցից տարբեր ընտանիքների պատկանող այդ նմուշները կրում են ասեղնագործության տվյալ տեղանքին բնորոշ առանձնահատկությունները` նախշի, հյուսվածքի, գույնի, կոմպոզիցիայի: Ներկայացված իրերը օժիտի մաս են կազմել, առանձնակի խնամքով, նպատակով ու տրամադրվածությամբ ստեղծված, որ հիմա պատմություն են դարձել` կտորի ծալքի, թելի հյուսքի մեջ ընտանեկան հիշողություն, ապրում ու զգացմունք պահած:

Ցուցադրություններն ուղեկցող տեքստերը պատմում են նրանց հեղինակների եւ անցած ճանապարհի մասին. որքա՜ն ժամանակ, համբերություն, սեր ու խորհուրդ են են դրել այս կանայք կտորի ու թելի հյուսքերի մեջ, մատների վարպետության նրբագեղությամբ երբեմն հասնելով գեղարվեստականության` Մայտա Պոշկեզենյան, Արմենուհի Փիլավճյան, Անահիտ Երեմյան, Էֆֆի Խանզեթյան, Սոնա Մինասյան, Անահիտ Շարոյան...

Համակրելի ժպիտով իրեն հարց ուղղողներին Նաիրի Թաջիրյանը պատմում է ընտանիքի անցյալի` Կեսարիայից Ադանա, ապա Եգիպտոս, Կահիրե տեղափոխված ծնողների մասին, ցույց տալիս մոր, սկեսրոջ ձեռագործ աշխատանքի պահպանված նմուշները, այստեղ ներկայացված հնատիպ օժիտը ստացել է նրանցից, խնամքով պահպանել այն եւ շարունակել: Մայրը մասնակցել է Կահիրեի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից բարեգործական նպատակներով կազմակերպվող աճուրդներին, որոնց հասույթը տրամադրվում էր հայ որբերի կարիքներին: 1948-ին նրանք տեղափոխվում են Հայաստան, իրենց հետ բերելով նաեւ ձեռագործ շատ իրեր` գորգեր, կարպետներ, ասեղնագործ սփռոցներ, բարձիկներ, որոնք պահպանվում են որպես թանկ մասունքներ: Գորգագործության, հյուսվածքի, ասեղնագործ արվեստի գաղտնիքը մայրերից սովորաբար անցնում էր դուստերին, Նաիրի Թաջիրյանը շարունակել է ձեռարվեստի` մորից ժառանգված ավանդույթները: Ցուցադրության այդ հատվածում ներկայացված է նաեւ ընտանեկան խոշոր, մետաղյա սնդուկը, որ գաղթի ճանապարհներով հասել է Հայաստանի Հանրապետություն:

Սերունդների ջանքը` պահպանելու անցյալի մասունքները, անկասկած, անհրաժեշտ ու գնահատելի է, մշակութային ավանդույթները, հիշողությունը պահպանելու մնայուն երաշխիքը սակայն այն շարունակելու ընթացքն է, ինչին, ցուցադրության բնույթն ու նպատակը ներկայացնելով, անդրադարձավ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Թանգարանում արդեն ստեղծվում են ձեռարվեստի խմբակներ, անդամագրում ցանկացողներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ