90-ԱՄՅԱ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸՙ ՈՒԹ ԴՐՎԱԳՈՎ Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թատերագետ 1. Նախաբան Ավելի ժողովրդական մարդ դժվար է պատկերացնել: Ժողովուրդը նրան «Ալա մեզոն» է կոչումՙ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից, բայց քանի՞սը գիտեն նրա կյանքի դրվագները, որոնց մեջ շատ սիրտ ու հոգի, սխրանք կա: Առաջինը նրա դարձն է Հայրենիք: Նրա հետ Իրանից էին եւս տասը, որի համար նրանց կոչեցինք «Առաջին ծիծեռնակներ» [1]: 1946 թ. մայիսի 12-ին նրանք շտապում էին, որ ընդունվեն ուսումնական հաստատություններ: Տարիներ անց, երբ նրանք ճանաչված մարդիկ էին, ու երբ մեր բարեկամ Իրանի Շահ Ռեզա Փեհլեվին ժամանել էրՙ Մատենադարանում աշխատող Բաբկեն Չուգասզյանն անմիջապես կանչում էր ընկերներինՙ մեկնաբանություններ տալու: Այստեղ գրող Աբիգ Ավագյանի, պատմաբան Համլետ Եգանյանի հետ լինում էր եւ Երվանդ Մանարյանը: Դասական պարսկերենով, հրաշալի հնչերանգով նրանք զարմացրել էին Շահին: - Ներեցեք, որտե՞ղ եք սովորել պարսկերեն, որ նման բարձրակարգ մեկնաբանություններ եք անում,- հարցրեց Շահը: - Մենք ծնվել ու կրթություն ենք ստացել Իրանում եւ 1946 թվականին Ձեր թույլտվությամբ հայրենադարձվել ենք,- ասաց Երվանդ Մանարյանը: - Ախ, ուրեմն ես ինքս եմ այսպես աղքատացրել իմ երկիրը,- ասում է Շահը ձեռքը թեթեւ ճակատին հարվածելով... Այդ 11 «ծիծեռնակները» բարձունքներ նվաճեցին գիտության, գրականության եւ արվեստի բնագավառում... Ցավոք, այսօր նրանցից մեզ հետ է միայն հրաշալի Երվանդ Մանարյանը: Քայլենք նրա անցած ճանապարհով... 2. Ուսանողը, արտիստը, աղը 1946-ի ամառն է: Թեեւ տարուց ավելի էՙ հաղթել ենք Հայրենական կոչված պատերազմում, բայց առօրյայում ոչինչ չի փոխվել. ամեն ինչ գրքույկով է, խանութները դատարկ են, իսկ հագուկա՞պը... շատ տխուր: Նույնիսկ թատերական նորաստեղծ ինստիտուտում (հիմնված 44-ին) բացի մի երկուսից, աղջիկները հագնում են քանիցս շուռ տված, ձեւափոխած հագուստը, տղաներըՙ ավագ եղբոր, կամ հորՙ ռազմաճակատից բերած հնամաշ շինելը. ոմանք մերկ մարմնին, բայց սեպտեմբերի 1-ին թատերական ինստիտուտի երրորդ հարկի (ուր լսարաններն են) միակ միջանցքը ասես ծաղկուն մարգագետին լինի: Սփյուռքից եկած մի քանի տասնյակ ուսանողները փոխել են պատկերը: Կարծես ամերիկյան ֆիլմում ենք հայտնվել: Աղջիկներըՙ պես-պես գույներով, ծաղկազարդ շորերով, տղաներըՙ հրաշալի կոստյումով, փողկապով, ցիլինդրով ու մակենտոշով... Եվս մի քանի օր, եւ անհատականությունները երեւում են: Հենց զանգը հնչում էՙ Շամիրխանյանի ռեժիսորականից դուրս է գալիս բարձրահասակ, ակնոցով, նուրբ, մտավորականի դեմքով մի երիտասարդ եւ մոտենում պատուհանին, իսկ ակնթարթներ անց նրա շուրջը հսկայական զանգված է գոյանումՙ ծիծաղ ու քրքիջ սփռելով շուրջը: Խոսքաշատ ու դյուրահաղորդ տղան զվարճալի դեպքեր է պատմում ամերիկյան կինոներից, իրանահայ կյանքից, եւ այնքան հյութեղ, վարակիչ հումորով, որ անհնար է անհաղորդ մնալ: Իսկույն տարածվում է նրա անունըՙ Երվանդ Մանարյան, իրանահայ: Իսկ երբ տեղի ունեցավ ուսանողների մասնակցությամբ առաջին երեկոն, պարզվեց, որ իրանահայերը անբավ հարստություն են բերել իրենց հետ: Այդ հարստության ամենաազդեցիկ մասը կոմպոզիտոր Նիկոլ Գալանտերյանի երգերն էին, որոնց արտասովոր կատարումը միանգամից գերեց ուսանողությանը: Մյուս իրանահայ հայտնությունը Զարե Տեր-Կարապետյանն էր, որ եղել էր Գալանտերյանի երգչախմբում եւ աշակերտը: Շուտով, երբ սկսվեցին դերասանական հատվածների փորձերըՙ ոչ միայն դերասանական, այլեւ գրական շնորհով ճանաչվեցին մյուս երկուսըՙ Իշխան Ղարիբյանը եւ Հայկ Վարդանյանը: Ուսման ծրագրի համաձայն ուսանողները խաղում են միմյանց բեմադրական հատվածներում: Երվանդի ոչ մեծ դերերը, ցավոք, նույնիսկ սովետական «օրապակաս» դրամատուրգիայի հատվածներում, ասելի են դառնում, քանզի օժտված են լինում հումորով, խոսքի գունեղ հնչերանգով, վարակիչ անմիջականությամբ: Զուր չէր, որ ժամանակի մեծ արտիստըՙ Վաղարշյանը իր դերասանականում տղաների պակաս ունենալով, հաճախ էր Մանարյանին մասնակից դարձնում իր հատվածներում: Այսպես անմիջապես տարածվեց Երվանդի արտիստական համբավը, թեեւ դա նրան այնքան էլ չէր ոգեւորում. նա եկել էր ռեժիսոր դառնալու: Պարզապես թատրոնի սերն այնքան էր, որ կլանում էր նրա բոլոր հետաքրքրությունները: Նույնիսկ իբրեւ հանդիսատես էլ նա եզակի էր. այնպես էր տարվում ներկայացումով, որ աշխարհը մոռանում էր: Պատմում էին, որ նա Հայկին ու Իշխանին մի հին կատակերգության մեջ այնքան էր հավանել, որ ծիծաղից ընկել է աթոռից... 1951 թ. գարունը նոր հայտնություն բերեց. Երվանդը հանդես եկավ ավարտական «Պրոֆեսոր Պոլեժաեւ» բեմադրության մեջՙ իր երեք տարիքն ունեցող գիտնական ծերուկիՙ հերոսական-դրամատիկ դերով, մի դեր, որ Լենինգրադում մեծ հռչակ էր բերել եզակի արտիստ Նիկոլայ Չերկասովին, իսկ Հայաստանումՙ Վաղարշ Վաղարշյանին: Պատկերացրեք, որ գովեստի լավագույն խոսքերը նա Վաղարշյանից լսեց. ավելինՙ նա ակնարկեց մայր թատրոն գնալու մասին... Եվս մի քանի ամիս եւ մի պատկառելի խումբ մեկնեց Ստեփանավանՙ դիտելու Մանարյանի դիպլոմային բեմադրությունըՙ Մոլիերի «Տարտյուֆը»: Ֆրանսիական դասականըՙ հայկական շրջանային թատրոնում դարձել էր գունեղ կերպարներով, մերկացնող կոմիզմով եւ ոճական հարազատությամբ ներկայացում: Երվանդին իսկույն իր թատրոնը տարավ Վարդան Աճեմյանը (նա այդ ժամանակ գլխռեժ էր երաժշտ. կոմեդիայի թատրոնի): Քիչ անց նրան Մայր թատրոն հրավիրեց եւ Արմեն Գուլակյանը: Երկուսում էլ ասիստենտ էր. չդիմացավ. ինքն էր ուզում արտահայտվել, սպասումը ծանր է: Եվ նետվեց, ուր ինքնուրույն գործելու հնարավորություն կար: Ռադիոն նրան ընդգրկեց հաղորդավարի եւ երգիծանքի ու հումորի գծով: Տարերքի մեջ էր: Ամեն առավոտ նրա հումորն էր սկսում լուսաբացը: Շուտով նրան կլանեց եւ նորածին հեռատեսիլը, որտեղ ոչ մի տոնական երեկո առանց նրա չէր լինում: Երբեմն մի դրվագով էր: Եթե մտնում էրՙ ասես համուհոտ էր պարգեւում ամեն ինչին: Նա դարձավ մեր հավաքների ու հանդեսների ԱՂԸ եւ մնաց այդպիսին մինչեւ այսօր: Բոլորը ջանում էին նրան ներմուծել իրենց հաղորդմանը: 3. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» Ծնողներըՙ Մանար ամուսինները, Պարսկաստանում հայտնի դերասաններ էին եւ երկու զավակներըՙ Երվանդն ու Արմանը ակամա մեծանում էին փորձերի ու ներկայացումների մթնոլորտում: Զարմանահրաշ հիշողություն ունեցող Երվանդը դարձավ թատերախմբի հուշարարը: Պատմական ցնցող հիշողություն մնաց խմբի եւ 9-ամյա պատանու համար, երբ Իրանի Շահի հրավերով այստեղ ժամանեց ժամանակի ամենահռչակավոր արտիստըՙ Վահրամ Փափազյանը եւ հարազատ իր տարերքինՙ խումբ հավաքեց «Օթելլո» խաղալու համար: Ներկայացմանը մասնակցում էին Երվանդի հայրըՙ Կասիո եւ մայրըՙ Պալատական տիկին: Որքան էլ զարմանալի է, այդ ներկայացումների հուշարարն էր Երվանդը... 4. Որքան լեզու գիտեսՙ այնքան մարդ ես Մեր ժողովուրդը ճանաչվել է ոչ միայն տարբեր արհեստներով, որի համար ամենուր գնահատվել է, այլեւ լեզվի իմացությամբ: Ժամանակին Փափազյանը կարող էր խոսել բոլոր լեզուներով, իսկ դրանցից ութին տիրապետում էր փայլուն: Երվանդը պարսկերենից ու մայրենիից զատ, գիտեր անգլերեն եւ ֆրանսերեն, հայրենիք գալու առիթով սկսեց սովորել եւ ռուսերեն, իսկ Վիեննա զինծառայության մեկնելովՙ սովորեց նաեւ գերմաներեն. ուրեմն նա գիտեր վեց լեզու. հետեւապես նա վեց մարդ էր... 5. Թատրոն զինծառայության մեջ Ինստիտուտն ավարտելուց հետո Երվանդին լեզուներ գիտենալու համար ուղարկեցին Վիեննա. սովետի խեղճ ուսանողներիս համարՙ Շտրաուսի շքեղ հայրենիքը... Այստեղ աշխարհի տարբեր ծագերից երիտասարդներ էին գալիսՙ մասնագիտանալու: Երվանդն իսկույն գտավ Թուրքիայից եկած մի դաշնակահարիՙ Արման Վարդանյանին, եւ մտերմացան: Երվանդի միտքը տենդագին գործում էր. անպայման պետք է թատրոն ստեղծել: Առաջին համախոհը Արմանն էր: Հարցուփորձով գտան եւ մի հայուհու (Օլիտա Կոչյան), ով եկավՙ իր հետ աղջիկներ բերեց... Հայ համայնքից գտնվեցին ուրիշ թատերասերներ, եւ խումբը պատրաստ էր: Առաջինը «Ատամնաբույժն արեւելյանը» երաժշտությամբ, երգերով, պարերով մի գրավիչ ներկայացում դարձավ, ուր տարերքի մեջ էին Թափառնիկոս- Երվանդը եւ Նիկո-Արման Վարդանյանը: Թատերասրահներ չկային. խաղացին ռեստորաններում ու մեծ ճաշարաններում: Հաջողությունն այնքան մեծ էր, որ հայերը իրենց հետ բերում էին եւ օտարներին... Ոգեւորությունն իր շարունակությունը բերեց: Այս անգամ դարձյալ Պարոնյան. «Պաղտասար աղբար», ուր հերոսին հրաշալի խաղաց Երվանդը, իսկ Քիբարինՙ Արմանը, Անույշինՙ Օլիտան: Եվ տարածվեց հայ թատերախմբի ու տաղանդավոր արտիստ Երվանդի համբավը... Իրենց եւ ամենքին հաճո բան էր արվել: Բայց եկավ տունդարձի ժամանակը, եւ իրար գտած Երվանդն ու Արմանը հրաժեշտ տվին: Նրանցից առաջինին սպասում էին հայրենի բեմերը, իսկ երկրորդինՙ թուրքական բանտը: Եվրոպայում ազատ շունչ քաշելու համար հայորդին պատասխան պիտի տար: 6. Հանդիպում կես դար անց Երեւան ոտք դրեց, ու թափվեցին ծրագրերը, առաջարկները: Ռադիո, հեռուստատեսություն, կինոյի բնագավառն ընտրած եղբոր հետ թեմատիկ, մեկը մեկից գրավիչ հղացումներ: Գտավ իր ճաշակի, երազների համախոհ ընկերուհունՙ Մերիին, ամուսնացավ: Մեկ Գորիսում էր, մեկՙ Երեւանում, եւ այն բոլոր օջախները, ուր ոտք էր դնումՙ ոգի ու ավյուն ստացան, անում էին գործեր, որոնք ոչ միայն անսպառ եռանդով լի Երվանդի, այլեւ այդ օջախների առօրյան ու պատմությունն էին հարստացնում: Կապն արտասահմանի հետ արգելված էր, սակայն Սփյուռքահայության կոմիտեի գծով գնացող-եկողների միջոցով այստեղ էին հասնում արտերկրի հայորդիների գրքերը: Գողտրիկ հրատարակություններով մենք Շաքե Վարսյանի միջոցով ստացանք Արման Վարդանյանի պիեսները. բոլորն էլ աբսուրդի դրամայի գեղագիտությամբ ստեղծված եւ խորունկ ազգային նկարագիր ու զգացումներ բերող գործեր: Մայր թատրոնում Վահե Շահվերդյանն սկսեց պատրաստել «Ախացելը», Էլբակյանն իր թատրոնումՙ «Կանկրուկը», իսկ Երվանդ Մանարյանն իր «Ագուլիս» թատրոնումՙ «Երնջակը»: Ճիշտ է, նրա թատրոնը տիկնիկային էր, բայց նա գտավ կերպը եւ գործը բացեց առանձնակի շուքով, ո՛չ տիկնիկների, այլ իսկական դերասանների միջոցով պատրաստում էր վաղեմի ընկերոջ այն պիեսը, որն ընծայագրված էր իրենՙ «Երնջակը»: Նրա հերոսը թատրոնի մարդ է, բեմադրիչ, որ ընտանեկան երջանկություն չունի: Անվերջանալի վեճեր, ռեժիսորի դժվարին ու վատ վարձատրվող աշխատանք, եւ մարդը, ըստ պիեսի, չորս ամիս առաջ «մեկնել» է այնտեղ, որտեղից ոչ ոք չի վերադառնում... Սակայն Վարդանյանի պիեսըՙ աբսուրդի թատրոնի տրամաբանությամբ, կարող է հանգուցյալներին ետ բերել... Եվ ահա կրկին ամուսիններն ենՙ շարունակվող վեճով եւ այնքան բուռն ու կրքոտ, որ... մոռանում ես հանգուցյալի պարագան: Մեղմ, կիսաձայն շշուկներ էլ կան. ուրիշ մեկը դեռ չկա՞ կնոջ կյանքում... Շատ մարդկային եւ շատ նուրբ: Բայց ռեժիսորը ետ է եկել իր չիրականացած երազը բեմադրելու. արդարության ու ճշմարտության աննկուն ասպետիՙ Դոն Կիխոտի մասին... գտնում է իր պես թատրոնի սիրահարներ եւ պատրաստում բեմադրությունը: Պիեսի վերջին հատվածները Լամանչեցի ասպետի սխրանքն ու վախճանն են, ուր արտասովոր դրամատիզմով ու հերոսական շնչով խաղում է ինքըՙ ռեժիսորը... Դժվար է այդօրինակ գերող ու վարակիչ տեսարան տեսնել բեմում, եւ տիկնիկայինի փոքրիկ բեմը դարձել է արտասովոր բեմական սխրանքի հանդեսՙ Մանարյանի հրաշալի խաղով: Իսկ ինչպե՛ս են համերաշխվում Մանարյանի երկար բոյն ու ասպետի հագուկա՜պը, փայլփլուն պատմուճանը... Հուզմունքից դիտողներս կարկամել ենք, իսկ ամենից շատ հեղինակըՙ Արման Վարդանյանը, որ վերջում փարվել էր Երվանդին, ու երկուսն էլ անկարող էին զսպել ուրախության ու բերկրանքի արցունքները... Ես դժվարանում եմ հիշել բեմական մեկ այլ ցնցող իրավիճակ. հանդիպում կես դար անց... Վերջը` հաջորդիվ 1. Նրանց մեջ էր եւ Հովհ. Բադալյանը: |