ԻՆՉՊԵՍ ՉՊԵՏՔ Է ԳՐՎԵՆ ԳՐՔԵՐԸ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Մեծերի կյանքը գրի առնելը լրջագույն եւ գերպատասխանատու աշխատանք է, որի համար ոչ միայն պետք է ունենալ տվյալ գործչի անձի եւ գործի հանդեպ մեծագույն սեր, պատկառանք եւ առավելագույն տեղեկություններ, այլեւ համապատասխան պատրաստվածություն: Իսկ եթե տվյալ ասպարեզի նեղ մասնագետը չեսՙ անհրաժեշտ է դրսեւորել գրածդ յուրաքանչյուր տառի հանդեպ տարրական բարեխղճություն, փաստերի հետ վարվելու կարողություն, այլեւս չասած գրավոր խոսքը գրագետ շարադրելու առաջին պայմանի մասին: Սակայն ամենաթողության եւ անտարբերության մեր ժամանակներում ով ասես կարող է գիրք հրատարակել (ֆիլմ նկարահանել....)ՙ չգիտակցելով ստանձնած գործի պատասխանատվությունը, չմտահոգվելով ձեռքի տակ ունեցած տեղեկությունները ստուգելու եւ գիրքը տարրական խմբագրման ու սրբագրման ենթարկելու մասին: Այս մտքերն ունեցաՙ ավարտելով Գոհար Գասպարյանի մասին Արմինե Մելիք-Իսրայելյանի «Երբ աշխարհն է ծափահարում. կենսագրական մենագրություն» գրքի ընթերցանությունը ( Երեւան, «Ասողիկ», 2010 ): Մեր մեծերի կյանքն ինձ մշտապես հետաքրքրում է, եւ միայն ողջունել կարելի էր, որ վերջապես հրապարակի վրա է Գոհար Գասպարյանի մասին մի ծավալուն աշխատություն, ուստիեւ մեծ սպասումներով եւ հեղինակին նախապես մտովի շնորհակալություն հայտնելով ձեռքս առա այդ պատկերազարդ, մեծադիր հատորը: Սակայն գրքի ընթերցանությունն ինձ մեծ հիասթափություն պատճառեց, եւ երկար մտմտում էի, թե արժե՞ արդյոք գրավոր անդրադառնալ, ավելորդ ուշադրություն հրավիրել անծանոթ հեղինակիՙ մի քանի տարի առաջ լույս ընծայած նման մի գրքի հանդեպ: Սակայն ի վերջո որոշեցի գրելՙ որպես բանասեր եւ ընթերցող, քանի որ սխալների մատնանշումը ժամկետ չունի եւ, բացի այդ, երբ տարիներ անց հեղինակը վերահրատարակի այս հատորը, ոչ ոք չի կարողանա ինձ մեղադրել, որ հայ մշակույթի եւ հայ գրի հանդեպ նախանձախնդիր լինելովՙ ժամանակին չեմ մատնանշել այնտեղ առկա թերություններն ու սխալները, որոնք, ցավոք, բավական շատ են: Գիրքը սկսվում է հեղինակիՙ իրենից իսկ կատարված մեջբերումով, ինչը արդեն որոշակի պատկերացում է տալիս նրա մտահորիզոնի եւ մշակույթի մասին: Գրքի վերջում, ասես ցանկանալով իր համար ալիբի ապահովել, հեղինակը հիշել է այն հայտնի միտքը, որ «Կան մարդիկ, որոնք իրենց են սիրում արվեստում, մոռանալով արվեստը սիրել իրենց մեջ» (էջ 391): Կան կենսագիրներ էլ, որոնք իրենց են սիրում այն մարդկանց կողքին, որոնց մասին գրում են: Մինչդեռ եթե սույն հեղինակն իրեն չդասեր նման անձանց շարքը, ապա գրքի բազմաթիվ էջերում կհրաժարվեր առիթով-անառիթ իր ես-ը հիշատակելուց, մի քանի տեղ չէր զետեղի իր լուսանկարները (շապիկի վերջին էջին էլՙ մատիտանկարը, դարձյալ ինքնամեջբերումով հանդերձ) եւ կենսագրականը, չէր «սեփականացնի» Գոհար Գասպարյանին եւ Տիգրան Լեւոնյանինՙ նրանց հետ իր լուսանկարները վերնագրելով «Իմ անուշիկ հանճարները» , տակն էլ գրելով «Տիգրան Լեւոնյանը եւ Գոհար Գասպարյանը Արմինե Մելիք-Իսրայելյանի հետ» (էջ 355), փոխանակ հակառակը: Այս ամենը, ավաղ, ցույց է տալիս, որ սույն գրքի հեղինակը եւս սեփական անձը մեծերի կողքին կարեւորողներից է, հնից եկած մի սովորույթ, որը, ցավոք, բնորոշ է շատ կենսագիրների: Գրքի հեղինակը նշում է, որ տարիների բարեկամությամբ կապված է եղել իր «հոգեմայր» Գոհար Գասպարյանի հետ, որն էլ նրան է վերապահել գրի առնելու իր կենսագրությունըՙ երիտասարդ լրագրողուհու առջեւ բացելով իր արխիվները եւ ծով հիշողությունները: Դրանց զգալի մասն արտացոլվել է այս 400 էջանոց գրքում, սակայն, դժբախտաբար, կառուցվածքային թերությունների, լեզվաոճական եւ փաստական սխալների այնպիսի առատությամբ, որ ստվերում է կատարված ծավալուն աշխատանքը: Անդրադառնանք դրանց հերթովՙ նշելով միայն ամենից աչքի ընկնողները: ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Մարդու կենսագրությունը գրելիս բնական է ընդունել ժամանակագրական կարգը, մինչդեռ քննվող գրքում առկա 50 գլուխները ժամանակային ոստյուններ են մի տասնամյակից մյուսը, որի պատճառով խաթարվում է ընթերցողի կողմից երգչուհու անցած ուղու կուռ ընկալումը: Հետեւանքըՙ ողջ շարադրանքը ճապաղ է ու ցաքուցրիվ: Ընդհանուր տեղեկություններ տվող երկրորդ գլխին հաջորդում է 1950-1960-ականներին Ճապոնիա կատարած հյուրախաղերին վերաբերող երկու գլուխ, որից հետո հետ ենք գնում դեպի 1920-ականների Եգիպտոսը եւ ավելի վաղ ժամանակներ, հետո նորից հետ ենք թռչում 1960-ականներՙ լիբանանա-սիրիական հյուրախաղերի դրվագները, հետո նորից վերադառնալով Եգիպտոսՙ մի քանի գլուխ «անց ենք կացնում» 1960-1970-ականներին, հետո նորից հետ ենք գնում դեպի 1940-ականներըՙ երգչուհու հայրենադարձման պատմության շրջանը... Եվ այսպես շարունակ: Գեղարվեստական ստեղծագործության պարագայում ժամանակների այս խառնուրդը կարող էր արդարացվել, բայց ոչ մի դեպքումՙ վավերագրական կենսապատումի մեջ: ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Գրքի հեղինակը երաժշտագետ չէ, սակայն առնվազն պետք է երաժշտասեր լինելՙ երգչուհու կենսագրություն գրելու համար: Մինչդեռ նա նվազագույն ջանք իսկ չի թափելՙ գոնե ստուգելու իր իսկ գրի առած անունները եւ ստեղծագործությունների անվանումները: Այլապես գրքում բազմիցս չէր հիշատակվի աչք ծակող «Լյուչիա դի Լամեմուրը»ՙ Լամերմուրի փոխարեն: Եվ կամ երաժշտություն սիրող մարդը «ռեքվիեմ» բառը կյանքում չի գրի «ռեկֆիեմ» (էջ 163), ռեչիտատիվըՙ «ռեչետատիվ» (էջ 270), հանրահայտ օպերայի անվանումը «Չիո-Չիո-Սանի» փոխարենՙ «Չիո-Սան» (էջ 253), իսկ «Պողիկտոսը»ՙ «Պալիոտո» (էջ 251, գոնե գրեր իտալական ձեւով «Պոլիուտո»): Ճիշտ է, հեղինակը շատ բան բերում է որպես Գոհար Գասպարյանի ուղղակի խոսք, սակայն նախ, մեծ երգչուհին եւս կարող էր որոշ անվանումներ անճիշտ արտասանել եւ կամ որոշ փաստեր սխալ հիշել, բայց այդ դեպքում ո՞րն է նրա խոսքը գրքի վերածողի դերը: Երաժշտությունից հեռու մի լրագրողուհի կարող է եւ լսած չլինել Քովենթ Գարդեն համերգադահլիճի անունը, սակայն նա առնվազն Համացանցի մեր դարում կարող էր ստուգել նրա գրության ձեւը եւ չգրել «Քովըրդ-գարդըն» (էջ 257): Եվ նույն Համացանցով ստուգել, որ «Կոլոնը» ոչ թե Սան Պաուլուի օպերային թատրոնն է (էջ 267), այլ Բուենոս Այրեսինը: Որոշ երաժիշտների անուններ անճանաչ են. օրինակՙ էջ 206-ում հիշվում է «կանադացի նշանավոր երգիչ Ռիչարդ Բերրոն» , որը հաջորդ իսկ նախադասության մեջ դառնում է «ամերիկյան հայտնի արտիստ» , իսկ մեկ էջ անց նրա ազգանունը հանդես է բերվում Վերրո ձեւով: Հիմա խոսքն ո՞ւմ մասին էՙ ամերիկացո՞ւ, կանադացո՞ւ, Բերրոյի՞, թե՞ Վերրոյի... Եթե Գոհար Գասպարյանին նկարած կահիրեցի պատանյակ Ժիրայր Բաբազյանի ազգանունը Բաբաջանյան գրելը սոսկ թյուրընթերցում է (էջ 47), իսկ դերասանուհի Ալիսա Կոոնենի անունը Կոռնեն ձեւով հանդես բերելը (էջ 283)ՙ սոսկ վրիպակ, ապա Գոլովանովը Գալավանով տառադարձելը հետեւանք է ռուսական անունները տառադարձել չիմանալու (էջ 344): Հիշատակվող շատ այլ անուններ ու տերմիններ հեղինակի համար դատարկ հնչյուններ են, այլապես Նինոն Վալլենը չէր դառնա Նինոն Վալինի (էջ 270), Կորոլյովըՙ Կովոլյով (էջ 302), Ռոժդեստվենսկինՙ Ռոժդեւենսկի (էջ 309), բելկանտոնՙ Բել Կանտո (եւ ինչո՞ւ մեծատառերով, էջ 339), Ամբրուազ Թոմայի անունը հանդես չէր բերվի մե՛րթ Թոմ, մե՛րթ էլՙ Տոմա ձեւով (էջ 301, 336), իսկ Մասնեի անունը Մասեն ձեւով հանդես բերելը պարզ վրիպակ կհամարվեր, եթե չկրկնվեր (էջ 212, 336): Անտեղյակության պատճառով է նաեւ բուլղար հայտնի երգիչ Գյաուրովն այս գրքում դարձել Գյուրով, իսկ բուլղարահայ բեմադրիչ Աֆեյանըՙ Աֆյան (էջ 126): Երգիչ Միհրան Երկաթի լուսանկարի տակ էլ գրված է «Միքայել Թավրիզյան» (էջ 183): Ես էլ երաժշտագետ չեմ, բայց եթե իմ «անզեն» աչքն այսչափ սխալներ է գտել, որքան շատ կգտնի մասնագետը: Մի՞թե կխանգարեր, եթե ներկայացվող գրքի հեղինակը գոնե իրեն նեղություն տար եւ երաժշտությանը մոտ կանգնած որեւէ մեկի դիմերՙ իր գրածն աչքի անցկացնել... ՓԱՍՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ: «Երբ աշխարհն է ծափահարում» գրքի հեղինակը չի փայլում ոչ միայն երաժշտական գիտելիքներով, այլեւ շատ այլ բնագավառներում, հատկապես աշխարհագրության: Նրա կարծիքով Թաիլանդը քաղաք է (իրականում պիտի լիներ Թայվան, էջ 28), Կյոտոն ոչ թե ճապոնական քաղաք է, այլ կղզի (էջ 35), Բաքուն, պարզվում է, «պատմական Գանձակն» է (էջ 183), Սեւիլիան կղզի է (էջ 242, երեւի նկատի ունի Սիցիլիան), իսկ բրազիլական Կոպակաբանա հայտնի լողափը դարձրել է Քոպո Քաբանա (էջ 268, անգամ եթե Գոհար Գասպարյանն այդպես է հնչեցրել): Լավ, մտածում ես, բրազիլական Մինաս Ժերաիս նահանգի անունը սխալմամբ Մինաս Ժերատիս է գրել, վրիպում է, նույնը եւ երգչուհու նախնիների բնօրրան Արեւմտյան Հայաստանի Չնքուշ գյուղի անունը Չունգուշ գրելը (էջ 127), բայց ոչ մի կերպ չես կարող հաշտվել, որ բարձրագույն կրթություն ստացած եւ գիրք գրելու հավակնություն ունեցող անձը իր շարադրանքում մի քանի տեղ Իսպանիան տեղադրում է Հարավային Ամերիկայում, իսկ մեքսիկական Ակապուլկո քաղաքը եւ Կենտրոնական Ամերիկայի Գվատեմալա պետությունըՙ Իսպանիայում (էջ 274): Եվ կամ, խոսելով Ստամբուլ կատարած այցի մասին, մեծանուն երգչուհու «բերանը դնել» հետեւյալ անտրամաբանական խոսքերը. «Թրքահայերը... ամեն օր ինձ տանում էին Արեւմտյան Հայաստանի տարբեր վայրերը» (էջ 129), կարծես Ստամբուլին շատ մոտիկ լինեին այդ վայրերը, որ ամեն օր մի տեղ տանեին... Չգիտենք, Գոհար Գասպարյա՞նն է սխալմամբ ասել, թե Իրանի շահի առաջին կինը եգիպտացի կինոաստղ Ֆաուազիեն է (էջ 103, իրականումՙ Եգիպտոսի արքայադուստր Ֆավզիան), հիշել գոյություն չունեցած իրանահայ կինոռեժիսոր Արսեն Հովսեփյանին (էջ 117, հավանաբար նկատի ունի կինոդերասան Արմանինՙ Արամայիս Հովսեփյանին), նշել Ստամբուլում չտպագրված ինչ-որ մի «Երկիր» թերթ (էջ 137) կամ Չարլզ Չապլինին վերագրել Կլոդ անունով որդի (էջ 161), սակայն եթե անգամ նման սխալ բաներ ասվել են, հարկ էր պարզապես դրանք ստուգել եւ չարտացոլել գրավոր խոսքում: Ահա այդ չստուգված տվյալների եւ հեղինակի անփութության պատճառով էլ Չինաստանի կոմկուսի ղեկավարը դարձել է Հո Շի Մինըՙ Մաո Ծե Դունի փոխարեն (էջ 188), Անրի Վեռնոյի «Մայրիկի» նկարահանման թվականըՙ 1985-ըՙ 1991-ի փոխարեն (էջ 249), իսկ Ռաֆայելի հռչակավոր «Սիքստինյան տիրամայրը» կտավը, ըստ այս գրքի, գտնվում է ոչ թե Դրեզդենի պատկերասրահում, այլ Փարիզում (էջ 252): ՇԱՐԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՈՃԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: «Երբ աշխարհն է ծափահարում» գիրքը բարեխիղճ խմբագրելու դեպքում հաստատ կիսով չափ կպակասեր, քանի որ լեցուն է նյութի հետ անմիջական կապ չունեցող տեղեկություններով: Օրինակ, միայն հինգ էջ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների մասին (էջ 121-126): Եվ կամ, հեղինակը մոռացել է, որ գրում է Գոհար Գասպարյանի մասին եւ տարվում է, ասենք, նրա տատին որդեգրած բանաստեղծ Եղիա Տեմիրճիպաշյանով (էջ 146-151, որի ազգանունը հանդես է բերում նաեւ Դեմիրճիբաշյան ձեւով)ՙ չմոռանալով մանրամասներ տալ նրա կյանքից եւ մահից: Օրինակ, խիստ կարեւոր է Գոհար Գասպարյանի կենսագրության մեջ կարդալ, թե ինչպես նրա տատի հոգեհոր հունգարացի սիրուհին հոգեհանգստից առաջ «լուսանկարում է Եղիայի անշունչ մարմինը (այդ արարողությունը 19-րդ դարում տարածված սովորություն էր), այնուհետեւ անդամահատելով մեռած Տեմիրճիպաշյանինՙ իբրեւ հիշատակ վերցնում է վերջինիս սեռանդամը, պահելով այն հատուկ սպիրտային լուծույթի մեջ» (էջ 150): Այս շեղումների ժամանակ մարդ մի պահ մոռանում է, թե ինչ գիրք է կարդում... Բնավ պարտադիր չէ օպերային երգչուհուն նվիրված գրքում մանրամասն պատմել հանրահայտ օպերաների բովանդակությունը: Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլոր երգիչներին, դերասաններին, բալետի պարողներին նվիրված գրքերում մանրամասն շարադրվեին նրանց մասնակցությամբ բեմադրված օպերաների, բալետների, պիեսների եւ կինոնկարների սյուժեները: Ավելորդ են նաեւ որոշ լուսանկարներ: Այո, Գոհար Գասպարյանը հանդիպել է Ստալինին, սակայն բնավ կարիք չկար հայ օպերային դիվայի մասին գրքում դնել նաեւ այդ հայակեր հրեշի դիմանկարը. ավելին, նրա մասին գրել, թե նա «հազարավոր ճակատագրեր է ճզմել» (էջ 326): Հազարավո՞ր, ո՞չ տասնյակ միլիոնավոր: Լավ է, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող էջերում էլ Թալեաթի ու մյուս ճիվաղների պատկերները չի դրել... Թվում է, թե այս գրքի շատ տողեր երկրորդ անգամ չի ընթերցել ո՛չ հեղինակը, ո՛չ էլ մեկ ուրիշը: Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ գրքում սեւով սպիտակի վրա գրված լինի «Ինտրայի երկերի ժողովածուի մեջ, որն առաջին անգամ տպագրվեց Հայաստանում, տեղ գտավ նաեւ «Եղիա Տեմիրճիպաշյան, Երկեր» գիրքը» (էջ 149), կամ «Իր արեւմտահայ ունկնդրին, որոնց մեջ քիչ չէին նաեւ թուրքերը» (էջ 152): Թուրքերը, պարզվում է, արեւմտահայերի մաս են կազմում... Գրքի շարադրանքը, ինչպես տեսանք, հեռու է կուռ լինելուց. մեծարանքի գեղեցիկ խոսքերով եւ վերամբարձ ոճով տարված հեղինակը հաճախ է շեղվում իր ասելիքից, դուրս գալիս համատեքստից: Ահա երկու օրինակ. մեջբերելով երգչուհու պատմածը Կահիրեի կենդանաբանական այգու վիշապօձերի մասին, հեղինակը շարունակում է. «Գոհար Գասպարյանի ուսուցչական շնորհը նույնքան աստվածատուր էր, որքան կատարողականը, որին 1962-ին խելահեղորեն ծափահարում էր նրա հարազատ ու սիրելի Կահիրեն... Այդ օրերի երաժշտական մթնոլորտը մեզ է փոխանցվում մասնավորապես արտերկրյա մամուլի արձագանքներից» (էջ 50): Տվյալ համատեքստում ուսուցչական շնորհը հիշելը չի կապվում ո՛չ նախորդ (կենդանաբանական այգու), ո՛չ հաջորդ (Կահիրեի հյուրախաղերի) թեմաներին: Իսկ ահա ինչպես է մի տեղ փոխանցվել երգչուհու ուղղակի խոսքը. «Մենք վեց համերգ տվեցինք Սան-Պաուլո քաղաքի օպերային թատրոնումՙ «Կոլոնում» տեղի ունեցավ Գոհար Գասպարյանի առաջին համերգը, որին մասնակցում էին նաեւ բրազիլիայի (փոքրատառով - Ա. Բ.) ճանաչված արտիստները» (էջ 267): Մի՞թե կխանգարեր, եթե ներկայացվող գրքի հեղինակը խնդրեր հայոց լեզվին մոտ կանգնած որեւէ մեկի աչքի անցկացնել իր գրածը... Իրեն եւ իր ընթերցողին հարգող յուրաքանչյուր հեղինակ պիտի խուսափի կրկնություններից, նույնաբանություններից, իսկ այս գրքում ծայրեծայր կրկնվում են հիացական ներբողյանների նույն խոսքերը, հաճախ նաեւՙ միեւնույն իրողությունները: «Լեհաստանի ձայն» պարբերականի մեջբերումն առկա է երկու տեղ (էջ 220, 223): «Ստեղծագործական երեւակայության սահմանները» գլխում գրեթե ոչ մի նորություն չկա, սոսկ կրկնված է նախորդ գլուխներում արդեն ասվածը (օրինակ, հանդիպումը Էդուարդ Շեւարդնաձեի հետ) եւ այլն: Առկա են նաեւ ակնհայտ չափազանցություններ: «Եգիպտոսն իրար է խառնվել. ամենուր խոսակցություններ էին. Գոհարն է ամուսնանում» (էջ 170): Պատկերացնո՞ւմ եք, մի քանի տասնյակ միլիոնանոց երկիրն իրար է խառնվել մի նորածագ հայ երգչուհու ամուսնության առթիվ: Գոնե գրերՙ Եգիպտոսի հայ համայնքը... Եվ կամ, ավելի քան ծայրահեղ է երգչուհուՙ հայ բանասիրության մեջ համեստ տեղ գրավող առաջին ամուսին Հայկ Գասպարյանին տրված «հայ խոշորագույն բանասեր» բնութագիրը (էջ 192): Նմանապես 1960-ականների մասին ասել, որ «Հայերը մեծ թիվ էին կազմում Հնդկաստանում» (էջ 227): Եվ որքան էլ մեծ երգչուհի է Գոհար Գասպարյանը, դարձյալ չափազանցություն է նրան «Տիրամայր» անվանելը (էջ 393, միգուցե ցանկացել է թարգմանել պրիմադոննա բառը): Իսկ մեր բեմի ու էկրանի ականավոր դերասաններ Հրաչյա Ներսիսյանը եւ Վաղարշ Վաղարշյանը ներկայացված են որպես «ԽՍՀՄ մտավորականներ» (էջ 308): Ի՞նչ կա որ, կարծես թե վատ չի հնչում... ԼԵԶՎԱՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ: Գոհար Գասպարյանը ութ լեզու է իմացել: Նրան այդքան պաշտող երիտասարդ երկրպագուհին գոնե հետեւեր իր սիրելի հոգեմոր օրինակին եւ մեկ-երկու լեզու սովորեր ու Scottish բառը չգրեր Scatish (էջ 160), իսկ «finita la comedia»-ն չթարգմաներ «այս ինչ կոմեդիա է» (էջ 244, իրականումՙ «կատակերգությունն ավարտված է»): Մի տեղ էլ գրված էՙ «Խորհրդային Միության հսկա պետության բեմերի «Prima la vochen» (էջ 294). հեղինակը վստահաբար անտեղյակ է ճիշտ ձեւինՙ «la prima voce»ՙ առաջին ձայն... ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ: Գոհար Գասպարյանի մասին այդքան շատ գրել ցանկացողը պիտի անթերի իմանար արեւմտահայ հնչումը եւ ավանդական ուղղագրությունը, որպեսզի Պուչինիի հայտնի «Մյուզետի վալսը» չտառադարձեր «Միվզեթի վալսը» (էջ 152) եւ թույլ չտար այսպիսի կոպիտ սխալներՙ «կսե» (կըսե), «թփնար» (դպնար)... Սակայն հեղինակը անգամ արեւելահայ ուղղագրությանը լավ չի տիրապետում, այլապես Խորհրդային Միությունը չէր գրի երկու բառն էլ փոքրատառով (էջ 157) կամ էլ օժանդակ բայըՙ ե-ով («աղոթքներն ել», էջ 223): Որթատունկն այս գրքում «որդատունկ» է (էջ 174, տունկ, որից երեւի որդեր են աճում), հարթաքանդակըՙ «հարդաքանդակ» (էջ 278, երեւի քանդակել են հարդով), այլեւս չասած տարածված «ակնոցներ», «մեր թվարկություն» սխալ արտահայտությունների կամ «II-րդ», «Սոֆիյա», «կատեգորիյա» սխալ գրելաձեւերի մասին: Լիբանանահայ Այնճար գյուղը Անջար գրելը կամ ԱՕԿՍ-ի տեղ ԱՕԿՍԻ գրելը դեռ մի կերպ կարելի էր «կուլ տալ», բայց ի՞նչ ասես «Սովետմիություն» գրելաձեւի մասին: Իսկ ամենից տխուրը «ոկալն» էր (էջ 205): Վոկալիստին նվիրված գրքում հանցանք չէ՞ թեկուզ մեկ անգամ սխալ գրել վոկալ բառը... Եվ այլն, եւ այլն... Ու նաեւ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ մինչեւ հիմա մեր երաժշտագետներից ոչ ոք հանձն չի առել կատարելու նման մի աշխատանք եւ գրելու մեր մեծ երգչուհու կենսագրությունը (գոնե երաժշտական մասով շարադրանքը գրագետ կլիներ) եւ ինչո՞ւ ոչ մի երաժշտագետ, որքան մեզ հայտնի է, մինչեւ հիմա չի անդրադարձել այս գրքին... Թերեւս պատճառը գրքի բավական թանկ արժեքն է եւ Սփյուռքում տարածելը... Նմա՞ն վերաբերմունքի էր արժանի գրքի յուրաքանչյուր էջում հայոց լեզվի հարուստ ածականներով մեծարվող Գոհար Գասպարյանը... Ընթերցելիս մարդ պիտի խորասուզվի կարդացածի մեջ, հաճույք ստանա, ոչ թե ակամա մտովի (իսկ շուտով նաեւՙ իրականում) կարմիր մատիտ խաղացնի: Այդ գործը պիտի կատարեն գրքի խմբագիրը եւ սրբագրիչը, որոնք, ցանկալի է, որ մեկից ավելին լինեն: Մարդու մոտ ակամա կասկած է առաջանում, թե գրքի վերջում հիշատակվող խմբագիրը (Սամվել Մհերի Խալաթյան) եւ սրբագրիչը (Զոյա Նալբանդյան) առհասարակ կարդացել են գիրքը: Այլապես ես հոգնությունը չէի ունենա սույն հոդվածը գրելուՙ ցույց տալու համար, թե ինչպես չպետք է գրվեն ու հրատարակվեն կենսագրական գրքերը եւ գրքերն առհասարակ ... |