ԼՌՈՒԹՅԱՆ ՄԻՋՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Արթուր Միկոյանի ստեղծագործությունների անդրանիկ ժողովածուն երիտասարդ արձակագրի ներաշխարհի ձայներն են` արտաքին կյանքի հետ իր կապի, իսկ գուցե այդ կապի խզվածության յուրօրինակ արձագանքը: Ներքին ու արտաքին հակադրությունների մեջ հայտնված նրա ներքին ես-ը փորձեր է անում է գտնելու ժամանակի` իրեն նետված, թերեւս նաեւ ինքնապարտադրած հարցերի պատասխանները: Ժողովածուի խորագրային լուռ հոգիները միայն համանուն պատմվածքի կերպարները չեն, այլ առհասարակ ժամանակից դուրս նետված, մերժված էակներ են, որոնք իրականությունը խորքից տեսնելու ունակություն եւ այն փոխելու խնդիր ունեն: Լռության տարածքների խորհրդապաշտական զգացումները սնում են երեւակայությունը, ստեղծվում է ինտուիտիվ ու գիտակցական մի վիճակ, որտեղ ամեն ինչ կատարվում է ենթագիտակցականի ու կյանքի ունեցած փորձառության նուրբ շփումներում, իրականության ու երազի` այս երկու երեույթների իրարամերժ խաչաձեւումներում, ինչը լքվածության զգացում է ծնում, հաճախ հուսաբեկության տեղիք տալիս: Ընթերցելիս սկզբնապես այնպիսի տպավորություն է, կարծես օրագրության էջեր են, այսինքն` ներաշխարհի ամենօրյա ապրումների եւ իրականության ինչ-ինչ դեպքերի անդրադարձներ կամ վերլուծումներ են, մինչդեռ անակնկալի բերող հեղինակի անսովոր երեւակայությունը հաճախ է փոխում իրավիճակը: Փորձում ես հասկանալ վարագուրված իրականության, դրա անմիջական ազդեցության եւ դրանից խուսափելու փորձեր անող անհատի հոգեբանությունը. ներքին առանձնացումները, իրականության պարտադրանքից դուրս գալու անհրաժեշտությունը, որովհետեւ արդեն խզված հարաբերություններն են գործում, միտքը` մի այլ տեղ, կյանքի պատկերացումները այլ հարթության վրա, ինչն էլ հոգեկան անձուկների պատճառ է դառնում. երբ հոգու լռության խորքերում ես-ը ձգտում է լույսի տարածքների, սակայն երեւակայության ճանապարհով ստացած ազատության մեջ անգամ շարունակում է կրել տառապանքի դրոշմը: Տառապանքը այստեղ պետք է ընկալել որպես զուտ մի հոգեկեվիճակ, մի զգացում, որն առաջանում է արտաքին եւ ներքին սուր հակադրություններից, որին ժամանակի մեջ կամ ընտելանում ես, կամ ոչ: Այս ամենը ներքին փորձառություններ են, որոնք կօգնեն հասկանալու ժամանակ, միջավայր, մարդկային փոխհարաբերություններ, որոնք գրական հետագա մշակումներում պետք է որ ստանան ավելի հասուն արտահայտչաձեւեր, կերպավորումներ: Արտաքին աշխարհի ձայները, իմա` պատկերները անհատական ընկալման պրիզմայով անցնելով, հիմնականում նոր պատկերաձեւեր, կերպարներ չեն ստեղծում, առայժմ դրանք զգացողական մակարդակների մտաձեւեր են, որոնցով հեղինակը փորձում է արտահայտել իր վերաբերմունքը կյանքի, բարոյական հարցերի նկատմամբ: Դրսեւորվող անհաշտվողականությունը տիրող իրականությանն ու բարքերին դառնում են միջավայրից աստիճանաբար օտարացող անհատի հոգեբանական անկայուն վիճակների պատճառը, ինչն անխուսափելիորեն ծնում է փախուստի տրամադրություններ: Իրական կյանքի վերապրումները, խառնվելով երեւակայական այլաբանական պատկերներին, երբեմն ստեղծում են սյուրռեալիզմին բնորոշ հետաքրքրիր տեսարաններ. մեռնող շան հետ զրույցում նա հասցնում է դա ծայրահեղ հուսահատության, երբ մարդու օտարացումը մարդկային աշխարհից հատում է հնարավոր սահմանը` վերջնական խզման («Աղքատների խրախճանքը»): Սա կյանքի մի ծաղրանկար է, տխեղծ ու տգեղ իրականության հանդեպ ոչ թե արհամարհանքի կամ ատելության, այլ մի տեսակ անփույթ հայացք է, ինչպես անպետք, այլեւս անգործածական մի տարածքի կուղղես: «Կյանքը չի արձագանքի իմ հույզերին ու զգացմունքներին, մարդիկ նույնպես: Անպայման ես կգնամ շների հոգիների ետեւից, նրանց մոտ, իմ բարեկամ շան մոտ»: Հեղինակին հատուկ են ներքին հանդարտ վիճակները, մտքի` իրականից երեւակայականին հանկարծակի անցումները, նուրբ հումորն ու ընդգծված հեգնանքը: Իրականության այսպիսի անդրադարձումները ելքային մի քանի միջոց ունեն` դեպրեսիա- նահանջ, ընդվզում-պայքար, փախուստ` ինքնաիրականացում` գեղարվեստական ձեւերի, ինքնապաստանում հոգեւոր կյանքի մեջ: Եւ պատահական չէ, որ իրականությունը, երեւակայական պատկերներն ու միստիկական զգացողությունները հաճախ միահյուսված են հանդես գալիս: Այս ամենը, ինչպես առհասարակ զգայուն հոգիներին է հատուկ, հանգեցնում է աշխարհից վերացարկվելու, մետամորֆոզային, նիրվանային տրամադրությունների, կամ` փրկագործչական ազնիվ զգացումի` մարդուն, աշխարհը բարոյալքումից, քաոսից ազատագրելու գաղափարի եւ դա իրականացնելու երեւակայական ուղիների որոնումների («Լուռ հոգիներ»): Արձակագրի անդրանիկ ժողովածուի մուտքը գրական աշխարհ ողջունելով` Գուրգեն Խանջյանը գրում է. «Տասներեք պատմվածք, որ երիտասարդ արձակագիրը ներկայացնում է որպես երաշխիք` իր գրականության ապագայի, եւ գիրքն ընթերցելով, համոզվում ես` Արթուր Միկոյանի ստեղծումն ունենալու է հետաքրքիր շարունակություն, լուրջ ձեռք բերումներ, որովհետեւ սկզբից եւեթ լուրջ, բարդ խնդիրներ է դրել առջեւը, խնդիրներ, որ բուն նյութն են արձակի, արձակագրի տաղանդը Արթուրին հենց սկզբից բերել է ճշմարիտ եւ ըստ այդմ` դժվարին ճանապարհի, նրա ուշադրության, ուսումնասիրության կենտրոնում մարդն է, մարդկանց փոխհարաբերությունները, մարդկային խմբերի փոխհարաբերությունները, մարդու վերաբերմունքը սիրո խնդիրներին, մարդկային հոգու արձագանքը արագորեն փոխվող իրականության առաջադրած մարտահրավերներին, բարոյականության, մեղքի եւ պատասխանատվության հարցերին, Բարին եւ Չարը, նրանց մասնաբաժինների կշռումը արդարության իր համակարգի կշեռքով (դեռ որքան է կշռելու, տարբաժանելու, բաժինները տեղափոխելու մի նժարից մյուսը...)»: Արթուր Միկոյանը`պատմաիրավագիտական կրթությամբ երիտասարդ մասնագետ, այժմ աշխատում է «Լոռու մարզ» թերթի խմբագրությունում, նրա արձակ գործերը պարբերաբար տպագրվել են հայաստանյան գրական մամուլում - «Գրական թերթ», «Գրեթերթ», «Գարուն», «Նարցիս», Արցախի Գեղ arm հանդեսում, հայ ժամանակակից արձակի «Կայարան» անթոլոգիայում, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» թերթում: |