«ԱՆՀԱՐՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» Հ. Ծ. «Անհարմար ցեղասպանություն» («An Inconvenient Genocide») է կոչել իր նոր գիրքը մարդու իրավունքների ականավոր պաշտպան, արքայական բարձրագույն փաստաբանական QC տիտղոսի արժանացած Ջեֆրի Ռոբերտսոնը, գրում է Էլեն Ֆրայը «Ուեսթ Օստրելիըն» («The West Australian») պարբերականում: Գրքում, ըստ հաղորդագրության, կարեւոր տեղ է հատկացված հայերի Ցեղասպանությանը: «Ճշմարտությունը կարեւոր է: Կարեւոր է ասել ճշմարտությունը, եթե մարդիկ դեռեւս տառապում են սուտի գոյությունից, իսկ հայերը տառապում են, որ մինչեւ օրս աշխարհը չի կարողացել մի բան անել այն Ցեղասպանության կապակցությամբ, որը տեղի է ունեցել 1915-ին», ասել է Ռոբերտսոնը, ով հավատացած է, որ հարյուրամյակը հրաշալի առիթ է բոլոր պետություններին ճանաչելու հայերի Ցեղասպանությունը, իսկ Թուրքիային` ընդունելու այն եւ փոխհատուցելու: «Ցեղասպանության փաստի ընդունումը հույս կներշնչի, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են առաջ շարժվել», ավելացրել է նա, նշելով, որ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում այդ քայլն անելու մեջ: Ռոբերտսոնը Սիերա Լեոնեում ժամանակին եղել է ՄԱԿ-ի պատերազմական Հանցագործությունների դատարանի առաջին նախագահը: Իր կարծիքով չի կարելի խրախուսել կառավարողների կողմից դիտավորյալ ոչնչացումը որեւէ ազգի կամ կրոնական խմբավորման: «Դա կմղի ուրիշներին մտածելու, որ կարող են պատասխանատվության չենթարկվել իրենց ոճրագործությունների համար», եզրակացրել է նա: |