RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 30-01-2015



«ՄԵԾ ՑԱՎԸ» ԵՌԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-01-29 22:42:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1062, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 4

Den store jammer

Գոհար ԱՃԵՄեԱՆ

Սպիտակ դաշտը - Den hvide mark
Ճակատագրով պարտուածները - De hjemsOgte

«Դանիուհի տիկին ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ողբում է նահատակ եւ հերոսական մի ժողովրդի, որ դարձել է իրենը. եւ դա անում է այնպէս, որ ալեկոծում է մեր երակները եւ արցունքներ խլում մեր աչքերից»

(Սկանդինաւեան մամուլից)

1968 թուականի աշնանն էր: Հայաստանի ռադիոյի արտասահմանեան հաղորդումների գրական բաժնի վարիչ Արեւիկ Աւագեանի հետ այցելութեան գնացինք անկողնային հիւանդ, մեծանուն գրող Կոստան Զարեանինՙ ձայնագրելու նրա խօսքը եւ մի փունջ բանաստեղծութիւն:

Հետաքրքրական զրոյցից յետոյ, երբ գրողն իմացաւ իմ Դանիա մեկնելու մասին, խնդրեց Կոպենհագէնում տեսնել իր որդունՙ Վահէ Զարեանին, որպէսզի վերադարձիս բերեմ իրեն անհրաժեշտ դեղերը: Յանձն առայ:

Մէկ շաբաթից մեկնեցի Դանիա, Մոսկուայի եւ Լենինգրադի արուեստագէտների հետ: Կոպենհագէնի օդանաւակայանում մեզ դիմաւորեց ինքըՙ Վահէ Զարեանը: Ես զարմացած էի. աչքերիս առջեւ կանգնած էր ոչ թէ եւրոպացին, ինչպիսին էր իր փոքր եղբայրըՙ Երեւանում ապրող յայտնի ճարտարապետ Արմէն Զարեանը, այլ խոշոր, խաժ աչքերով, թուխ դէմքով, երկար բեղերով արեւելքցին: Անհնար է մոռանալ Վահէ Զարեանին: Նա կարճ կեանք ունեցաւ:

Վահէ Զարեանի օգնութեամբ Դանիայում հնարաւորութիւն ունեցայ հետաքրքրական տեղեկութիւններ իմանալու Ինգա Քոլին Նալբանդեանիՙ դանիացի հանրայայտ բանաստեղծուհու եւ նրա որդուՙ Սուան Նալբանդեանի մասին:

Ցաւօք, Կոպէնհագենում չկարողացանք տեսնել Սուան Նալբանդեանին. նա քաղաքից բացակայում էր: Սակայն չյուսահատուեցի, յուշանուէրներ ու նամակ փոխանցեցի օտար եւ անծանօթ դանիացի բարեկամիսՙ խնդրելով Վահէ Զարեանին փոխանցել այդ ամենը:

Վերադարձայ Երեւան: Պատասխանը չուշացաւ:

«Թանկագին տիկին Աճեմեան,

Ձեր նամակը մեծ հաճոյք պատճառեց ինձ: Շնորհակալ եմ նաեւ գեղեցիկ ձայնապնակի եւ երեւանեան կոնեակի համար:

Ափսոսում եմ իմ բացակայութեան համար. շատ կ"ուզէի հանդիպել Հայաստանի մայրաքաղաքից եկած հայուհու հետ: 1967 թուականին եղել եմ նոյնիսկ Անիի սահմանին եւ յոյս ունեմ շուտով, թերեւս 1970-ին, այցելել Երեւան: Այդ դէպքում չեմ մոռանայ թակել Ձեր դուռը: Ես կ"ուզէի, որ Ձեր օպերայի հիանալի երգչուհին հնարաւորութիւն ունենար իր գեղեցիկ ձայնը հնչեցնելու Դանեմարքայում (խօսքը Լուսինէ Զաքարեանի մասին է):

Ընդունէք, տիկին, յարգանացս հաւաստիքըՙ

Սուան Նալբանդեան

10.07.1968թ.»:

Անցան տարիներ հնարաւորութիւն չընձեռուեց հանդիպելու Սուան Նալբանդեանին ոչ Կոպէնհագենում եւ ոչ էլ Երեւանում:

Այս անգամ եւս չյուսահատուեցի. դեռեւս Դանիայում լաւատեղեակ լինելով հանրայայտ բանաստեղծուհու եւ գրողի ստեղծագործութիւնների մասին, խնդրել էի Վահէ Զարեանին այդ հինգ հատորներըՙ նուիրուած հայութեանը, բերել Երեւան եւ նուիրել Ազգային գրադարանին: Վահէն պարտաճանաչ էր գտնուել եւ խոստումը կատարել էր:

Ինգա Նալբանդեանը (օրիորդական անունըՙ Հենրիետտէ Լուսինդէ) ծնուել է 1879 թուականին ազնուատոհմ ընտանիքում, ուր ապրել եւ ստեղծագործել է մեծանուն մանկագիր Հանս Անդերսենը:

1904 թուականին Ինգա Քոլինը, որն ադէն յայտնի էր դանիացի ընթերցողին իբրեւ բանաստեղծ եւ արձակագիր, Ժնեւում ուսանելիս ծանօթանում է հայազգի գրասէր եւ մանկավարժ Պաուլ Նալբանդեանի հետ, նրանք ամուսնանում են եւ 1909 թուականին ընտանիքով տեղափոխւում Կոստանդնուպոլիս, ուր պարոն Նալբանդեանը նուիրւում է հայ երիտասարդութեան դաստիարակութեան գործին:

Հայ մտաւորականութեան դաժան բնաջնջումը յուսալքում է Պաուլ Նալբանդեանին եւ նրա ընտանիքին: Նա մահանում է 1916 թուականինՙ թողնելով կնոջըՙ Ինգային իր չորս զաւակների հետ:

Ինգա Նալբանդեանը չի հեռանում Կոստանդնուպոլսից. նա ամբողջութեամբ նուիրւում է հայկական դատին:

«Իմ իրաւունքը պայքարի, ցաւի իրաւունքն է,- գրում է Ինգան,- որպէս սուրբ ժառանգութիւն հայ ժողովրդի, որը դարձաւ եւ իմ ժողովուրդը»:

Նրա «Սպիտակ շուկան», «Անհետացածները», «Մեծ ցաւը», «Մարիամը», «Նահապետի աչքերը», «Մի գիշեր լուսնոյ լոյսին», «Ծերացած ձեռքը», «Քո եղբօր արիւնը կանչում է» ստեղծագործութիւնները այդ օրերի, հայերի տառապանքի մասին են:

Երեւանի Ազգային գրադարանում տիկին Նալբանդեանի գրքերը յայտնաբերելուց յետոյ այս ամէնի մասին գրեցի «Սովետական Հայաստան» թերթումՙ զետեղելով ընտանեկան նկարըՙ «Քո եղբօր արիւնը կանչում է» վերնագրով:

Տարիները յաջորդեցին միմեանց, եւ ահա հեռախօսազանգ Վանաձորից. Գառնիկ Կուրղինեանն է. «Աղջիկսՙ Յասմիկ Կուրղինեանը, ապրում է Դանիայում, ուսանող-ասպիրանտ է, տարիներ առաջ Ձեր տպագրած «Քո եղբօր արիւնը կանչում է» ակնարկի հետքերով Կոպենհագէնում ծանօթացել է Ինգա Նալբանդեանի ստեղծագործութիւններին եւ թարգմանել նրա «Մեծ ցաւը» աշխատութիւնը, այն ուղարկել եմ Ձեր փոստին, ստանալուն պէս հեռաձայնէք:»

Ստանում եմ փաթեթը, թերթում եմ, կարդում մակագրութիւնը. «Այս գրքի ծնունդը նախապատրաստողինՙ Գոհար Աճեմեանին, հաճելի զգացումով, Յասմիկ Կուրղինեան» :

«Մեծ ցաւը» ակնարկների շարքը լոյս է տեսել դեռեւս 1917 թուականին դանիերէն, ֆրանսերէն, անգլերէն եւ եւրոպական այլ լեզուներով, իսկ հայերէնովՙ իննսուներկու տարի անցՙ 2014 թուականին:

«Ապրելով Դանիայում, ես չեմ մոռանում իմ Հայաստանը,- գրում է թարգմանչուհինՙ Յասմիկ Կուրղինեանը,- ամբողջ էութեամբ մնում եմ հայրենիքի դուստրը, արդէն 15 տարուայ թարգմանական փորձ ունեմ: Իսկ այժմ Ձեզ եմ ուղարկում երկրորդ եւ երրորդ հրատարակութիւնները, որոնք կոչւում են «Ճակատագրով պատժուածները» եւ «Սպիտակ դաշտը»: Ամբողջը եռագրութիւն է, փորձել եմ շապիկները մեր հայրենեաց եռագոյնով ներկայացնել: Մնացեալը թողնում եմ ընթերցողի դատին: Ուրախ եմ, որ Ինգայի այս եռօրեան վերջապէս դրուեց հայ ընթերցողի սեղանին»:

Ինչպիսի շնորհակալ գործ, աւելինՙ Երեւանի Ցեղասպանութեան թանգարանում գրքերի շնորհանդէսին մասնակցում էր Ինգա Նալբանդեանի դանիացի 78-ամեայ թոռըՙ Ֆրանս Նալբանդեանը, Սուան Նալբանդեանի որդին, որի հետ իմ հանդիպումը չկայացաւ Կոպենհագէնում:

Ցեղասպանութեանը նուիրուած այս գրքերից բացի, նուէր եմ ստանում Դանիայի փոստային նամականիշը, որտեղ մեզ են յառնում թախծոտ եւ գեղեցիկ աչքեր, հայերէն մակագրութեամբՙ Ինգա Նալբանդեան:

«Թէ ինչպիսի աջակցութիւն ցուցաբերեց իմ ժողովուրդը,- գրում է Ինգա Նալբանդեանը,- Հայաստանի ճակատագրին, այստեղ տանը, գերազանցում են այն ամէնը, ինչ ես կը համարձակուէի յուսալ, երբ գրեցի «Մեծ ցաւը»:

Շնորհակալութիւն մի ժողովրդի անունից, որի ճակատագիրը անմռունչ ու անդառնալիօրէն տառապանքի, տարագրութեան նշանի տակ է Շնորհակալութիւն եւ այն քչերի անունից, որոնք կենդանի մնացին:

15 օգոստոսի 1917թ.»:

Տիկին Ինգա Նալբանդեանի այս եւ միւս վկայութիւնները ամփոփուած են նրա հեղինակած հինգ հատորներում: Մեծ Եղեռնի սարսափազդու դրուագները ներկային եւ ապագային ներկայացող ականատեսի վաւերագրական պատմութիւններ են, որոնք երբեւէ չեն թաղուելու անցեալի մոռացութեան շեղջով, քանի դեռ սերունդների մէջ չի խամրել հոգու եւ արեան յիշողութիւնը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 30-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ