RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 30-01-2015



Տեղադրվել է` 2015-01-29 22:42:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 863, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿԱԶՄՈՎ` «ՈՒԹՈՒԿԵՍԻՆ»

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Առաքելություն, որը դեռեւս ավարտված չի համարվում. արձակագիր, կինոգետ Սերգեյ Գալստյանը , չնայած կատարած հսկայական աշխատանքներին, դեռեւս շատ անելիք ունի: Այդ մասին նա ասաց հունվարի 15-ին` իր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցերեկույթի ժամանակ:

Հոբելյանի, նաեւ գրականության եւ կինոարվեստի տեսության բնագավառում ունեցած ավանդի համար նա ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

«Այդ մեդալը իմ երազանքն է եղել, որովհետեւ դա ոչնչի հետ հնարավոր չէ փոխել: Նարեկացին հոգեւոր մեծ արժեք է: Ինձ լավ եմ զգում, որ արժանացել եմ այդ մեդալին: Դրանից բարձր բան չեմ տեսնում»,- բարձրաձայնեց կինոգետն ու ամփոփ ներկայացրեց արված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Այսպես, ինչպես ինքն է ասում, «շապիկը» չի փոխել` միշտ զբաղվել է կինոգիտությամբ: Գրող էլ է: Երեք վեպի հեղինակ: Հիմա գրվում է 26-րդ գիրքը: Լեւ Ատամանովի մասին մեծ աշխատությունը տպարանում է: Բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Ինչպես նաեւ 20 տարի աշխատել է Գրողների միությունում: Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն է արժանացել:

Նա իր ստեղծագործական բոլոր ժամանակահատվածները հավասարապես կարեւորում է, որովհետեւ անընդհատ աշխատել է եւ շարունակում է աշխատել:

«Ինձ համարում եմ կինոգետ եւ այդ բնագավառում եմ: Իմ տարերքը կինոարվեստն է: Անգամ դիպլոմային աշխատանքս է կինոյին նվիրված եղել: Այդ ոլորտը հիմա ճգնաժամի մեջ է: Փորձում ենք դրանից դուրս բերել: Մեր կինոյից, կինոարտադրության վիճակից շատ դժգոհ եմ: Բայց պատմությունն է իմը: Ես պատմության հետ գործ ունեմ: Պատմությունն էլ երեւի թե խորհրդային տարիների այն կարոտն է... Չէ՞ որ Ֆրունզե Դովլաթյանն էլ է ստեղծագործել խորհրդային տարիներին: Հիմա իմ ծրագրերի մեջ է Հենրիկ Մալյանը` դարձյալ խորհրդային տարիներից: Անդրադառնալով այդ տարիներին, աշխատել եմ եւ՛ պատմություն ստեղծել, եւ՛ կարոտս հագեցնել»,- ներկայացրեց հոբելյարը:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանն էլ ասաց.«Այստեղ գալուց առաջ նորից փորձեցի ընթերցել Սերգեյ Գալստյանի կենսագրությունը, եւ, իրոք, դա հազվագյուտ մարդու կենսագրություն է, մարդ, որը մեր հայ կինեմատոգրաֆիայի եւ, առհասարակ, կինոգրականության մեջ մեծ լումա ունի: Թվում է` գրաճանաչ լինելուց անմիջապես հետո գրիչը վերցրել է ու այդ թեմաներով գրել»:

«Բարի նախանձով եւ հիացմունքով եմ հետեւում Սերգեյ Գալստյանի վերջին 20 տարվա գործունեությանը` գիրք գրքի հետեւից, ընդ որում` գրքեր, որոնք պահանջում են մանրակրկիտ հավաքչական աշխատանք, ուսումնասիրություններ, տասնամյակների մամուլ թերթել, արխիվներ գնալ, գրադարաններում նստել: Նրա աշխատությունները շատ օգտակար են: Այդ ամենը կյանք ունի վաղը, որովհետեւ դրանք հրաշալի սկզբնանյութեր են նրանց համար, ովքեր վաղը պետք է դիպլոմային աշխատանք գրեն, մագիստրոսական թեզ պաշտպանեն»,-ասաց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը :

Նա հավաստիացնում է` Սերգեյ Գալստյանն իր գործն անում է մեծ սիրով, մեծ պատասխանատվությամբ, եւ այդ ամենը դառնում է հրաշալի կինոգրադարան.«Այսօր նա այստեղ կանգնած է որպես մի ամբողջ կինոգրադարանի հեղինակ, որի համար շնորհակալություն եմ հայտնում եւ ստեղծագործական երկարակեցություն մաղթում իմ ընկերոջը»:

Ռեկտորն ընդգծեց, որ ներկա են մշակույթի իսկական աշխատավորի հոբելյանին: Նրա խոսքերով, Գալստյանը երբեւիցե չի փորձում ընդգծել իր արածը, երբեւիցե չի փորձում մեկը հազարի տեղ մատուցել, թեպետ, վստահեցնում է, որ իրականում Գալստյանի մեկը հազար արժե: «Այս յոթուկեսը դեռեւս կինոթիվ չէ, Սերգե՛յ ջան: Կինոթիվն ութուկեսն է: Ֆելինին պարտավորեցրել է, որ ավելի մեծ կազմով մենք հավաքվենք քո ութուկեսին: Էլ ինչ կինեմատոգրաֆիստ, եթե չի կատարում Ֆելինիի հանձնարարությունն ու չի նշում ութուկեսը»,- կատակեց Դ. Մուրադյանը:

Գրողների միության վարչության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի կարծիքով, Դավիթ Մուրադյանը ճիշտ արեց, որ 7 եւ 5 թվերի միջեւ ստորակետ դրեց: «Բայց տարիքը բացարձակ կարեւոր չէ ստեղծագործող մարդու համար: Պետք է առողջ, եռանդուն լինել, ինչպես Սերգեյ Գալստյանը: Քիչ առաջ խոսում էինք, եւ նա պատմեց` ինչպես է գրել վերջին գրքերը: Ինչ պեղումներ է արել, ուր է գնացել: Ինքս էլ արխիվների հետ աշխատում եմ եւ շատ լավ գիտեմ` դա ինչ աշխատանք է»,-նկատեց Դեմիրճյանը:

Իսկ ամենավերջում Սերգեյ Գալստյանն իր տպավորությունները կիսեց ներկաների հետ. «Այսօր ուրախ եմ, հուզված այս հավաքի համար` այս շրջապատում, այսքան ընկերների հետ: Այդ ջերմ խոսքերն իմ ընկերներից եմ լսում: Դա ինձ ավելի շատ է շոյում»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 30-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ