ԵՐԲ ԱՄԵՆ ՕՐԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Զրույցը` ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ Զրույցՙ գեղանկարչության մատուցման արվեստի մասին Օվկիանոսամերձ Քարմելը, ինչպես զրուցակիցս` Թամարա Հովհաննիսյանն է ասում, արվեստի Մեքքա է համարվում: Կալիֆոռնիական այս փոքր քաղաքում 120 պատկերասրահ է գործում եւ հավաքածուորդների, կերպարվեստի սիրահարների համար դարձել է փնտրված վայր: Քաղաքի արվեստային միջավայրում իրենց ուրույն տեղն ունեն Թամարա Հովհաննիսյան եւ Միքայել Աղասի Շադքամյան ամուսնական զույգի պատկերասրահները` Collectors galleries, Le Vernissage gallery of fine art, Missio jewelry and fine art.: Շուրջ 20 տարի առաջ հաստատվելով այնտեղ, ծանոթանալով, ուսումնասիրելով տեղանքի, մարդկային հարաբերությունների յուրահատկությունները, արվեստի ու պահանջարկի գործող չափանիշները, նրանք փորձեցին ստեղծել սեփականը: Արտբիզնեսի քմահաճ մրցակցային դժվարությունները հաղթահարել հնարավոր եղավ նաեւ ստեղծագործական մոտեցման շնորհիվ, հաստատեցին սեփական գործելակերպ ու աշխատելաոճ եւ հաջողություններ ունեցան: Թամարա Հովհաննիսյանը բանաստեղծական երկու ժողովածուների եւ Վահան Թեքեյանին նվիրված մենագրության հեղինակ է` զգայական ու խոհական հարուստ ներաշխարհով անհատականություն: Բանաստեղծորեն երեւույթների խորքը թափանցելու, իրականությունը ապրելու զգացական կերպը, կյանքի փորձը վերլուծելու, իմաստավորելու կարողությունն իր առավելությունն է. այս հատկանիշները նրան շատ առումներով օգնել են` կայանալու ամերիկյան արտբիզնեսում: Նախատրամադրությունՙ այդպիսին չի եղել, թվում է` ամեն ինչ ավելի պատահական է ստացվել: Հայաստանում ապրելիս եւ հետո էլ նկարչությամբ չի զբաղվել, արվեստ սիրող է, բանաստեղծության պաշտամունքով` մինչեւ օրս թերեւս նույն ուժով շարունակվող: «Մանկության օրն ինձ համար հանգերի մեջ էր սկսվում, ինչպես մանրադրամներն են ցրվում օդում, հանգերն այդպես շուրջս պտտվում էին: Ամեն ինչի մասին եղբորս հետ օրերով կարող էի հանգերով խոսել: Լավ բանաստեղծությունը դեղահաբի պես է, խոստովանահորից էլ լավ է փրկում քեզ»: Բանաստեղծություն գրել է վաղ հասակից, տպագրվել է գրական հանդեսներում, իսկ այ, նկարել` մտքով չի անցել. «Աչքերով եմ միայն նկարել, բայց նկարը կարդում եմ: Նկարն ինձ համար անշարժ բանաստեղծություն է»: 1980-ականներին ընտանիքով Հայաստանից բնակության տեղափոխվեց Միացյալ Նահանգներ. կրեց անծանոթ կյանքի շատ դժվարություններ, աշխատանքի անցավ Մոնթերեյ քաղաքի միջազգային հարաբերությունների մասնավոր մի դպրոցում, որտեղ աշխատեց չորս տարի, մինչեւ պայմանագրի ավարտը: Նոր աշխատատեղի որոնումները նրան տարան Ֆրեզնո:
- Դուք աշխատանքային հնարավորություններ ունեցաք Ֆրեզնոյի համալսարանում, ի՞նչն առիթ եղավ արտբիզնեսի աշխարհ մտնելու: - Մոնթերեյն ինձ շատ հարազատ վայր է` դրախտային մի տարածք, որտեղ անտառը, ծովը եւ հողը իրար գրկած, իրար փաթաթված են թերակղզու վրա: Շատ տոթ մի օր Ֆրեզնոյից երբ Մոնթերեյ էի վերադառնում, ճանապարհին մտածում էի` լավ է մի սովորական աշխատանք գտնեմ այստեղ, քան գնամ այդ ահավոր շոգ վայրը: Աշխատանքի հնարավորություններ ընձեռնող օֆիսի ցանկում նկատեցի առաջին հայացքից գրավիչ թվացող «արվեստի խորհրդատու» անվանումը: Ամեն շաբաթ- կիրակի շրջում էի օվկիանոսի ափի ցուցասրահներով, որպես հաճախորդ էի ներկայանում. ինձ հետաքրքրում էր` ինչպե՞ս են արվեստի գործերը ներկայացնում, ի՞նչ մեթոդով, ի՞նչ նրբություններով: Մտածեցի` սա ես կարող եմ անել, ամեն կտավի, գեղարվեստական գործի վրա կարող եմ պոետիկ մի վիճակ գտնել եւ մատուցել գնորդին: Ամուսնու հետ միտք հղացանք բացել մեր սեփական պատկերասրահը: Երբեմն ավելի լավ է գործի, դրա ողջ բարդությունների մասին քիչ իմանաս ու նախահարձակ լինես, հետո հասկանաս, որ ոչինչ չգիտես ու սկսես սովորել, քան` հակառակը: - Հիմնականում ժամանակակի՞ց արվեստ եք ներկայացնում: - Այո, մասնագիտացած ենք ժամանակակից արվեստի ուղղությամբ` մասնավորապես էքսպրեսիոնիզմի: - Ինչպես ե՞ք գտնում նրանց, այսինքն` հեղինակներին: - Իրենք են քեզ որոնում: Եթե որպես մարդ իրենց դուր ես գալիս եւ ընդհանրության եզրեր են գտնում հոգեհարազատության, առաջարկում են նկարները: Տարվա մեջ շուրջ 300 նկարիչ կարող են այցելել: Երբ հանդիպում են այնպիսի անձնավորության, որ շատ թե քիչ մշակութապես հղկված է, լավատեղյակ կամ փոխադարձ զգացողական աշխարհի հաղորդակցում կա, անմիջապես վստահում են, անկախ պատկերասրահի տեղից: Բարդ պրոցես է, ճիշտ այնպես, ինչպես երկու թռչուններ իրար հանդիպում ու զգում են, որ նույն վանդակի մեջ կարող են ապրել, ճիշտ այնպես, ինչպես հանդիպում ես այն մարդուն, որի հետ գիտես ճակատագիր ես կիսելու, ճիշտ այդպես մասնագիտական ուղուդ վրա հանդիպում ես այն մարդկանց, որոնց հետ զգում ես` ընդհանրություն ունես, կարող ես աշխատել: Մենք բավականին ճաշակով գործեր ենք վերցնում, մեր ցուցասրահներում եվրոպացի հայտնի ժամանակակից նկարիչեր կան` ֆրանսիացի, գերմանացի, իտալացի, բրիտանական Ռոյալ ակադեմիայի անդամ նկարիչ ունենք: - Բազմամշակույթ արվեստի հետ եք շփվում, տարիների ձեր փորձը ի՞ նչ ընդհանրություններ է տեսնում ժամանակակից արվեստի դրսեւորումների մեջ: - Երկու օրինաչափություն կա` գույնը ստեղծում է տրամադրություն, գիծը պատմում է ստորին պատմությունը` սյուժեն: Այսօրվա նկարչությունը կյանքի խզբզանքն է կտավի վրա` չգիտակցված ներքին էներգիայի, տագնապների արտահայտություններ, որ նկատելի են հատկապես երիտասարդների մոտ: Ինձ նրանք են հետաքրքրում, այն մարդիկ, որոնց առաջին անգամ ես եմ նկատել` ստուգելու իմ մասնագիտական հոտառությունը`արդյոք նրանց ստեղծագործական ճակատագիրը ճիշտ այնպես է ընթացել, ինչպես ես էի զգում, կամ ի՞նչն էր պակասում ստեղծագործական այդ անհատականության արտաժայթքմանը, ինչո՞վ կարող է լավ արվեստաբանը օգնել ստեղծագործողին, որ նա ամբողջանա, որ կայանա շուկայում առանց կորուստներ տալու: - Եվ ինչպե՞ս դա կարող է անել նա: - Կարող է օգնել մոլորությունների, ստեղծագործական տագնապների ժամերին: Կարող է մայրություն, քույրություն, եղբայրություն, հարազատություն անել այն ժամանակ, երբ անապատային լռություն է ներսում եւ ոչինչ չի ծնվում, այն ժամանակ, երբ հույսի բոլոր աղբյուրները ցամաքում են, եւ դու իրեն համոզում ես, ասելով որ այդ լռությունը նրա համար է, որպեսզի նոր մեղեդի ծնվի: Շատ հետաքրքրական է տեսնել, թե ինչպես են անհատի ստեղծագործելու օժտվածությունը, ժամանակի պատեհ կամ անպատեհ պահերը, ճակատագրի անցումները միակցվում եւ, ինչպես քառաձայն երգչախումբ, դառնում տպավորիչ ներկայություն: Տեսնում ես, թե ոնց է ամբողջանում ստեղծագործ մարդը: Երբեմն ինքն իր անհատականության բարդույթների մեջ մոլորվում է, մանավանդ սկսնակը, եւ հետո իր ներսում եղած զգացական հավելումներից վախենում եւ իրեն թվում է` իր հետ ինչ-որ բաներ են կատարվում, այն դեպքումՙ երբ իր մեջ ներշնչանքը խմորվում եւ ելք է որոնում: - Այսինքն հոգեբանական մոտեցում եք ցուցաբերում: Ինչպիսի՞ն են նրանք որպես անհատականություններ: Ինչպե՞ս եք զգում երիտասարդ մարդու ստեղծագործական հեռանկարը: - Ես ստեղծագործ մարդուն նկատելու հոտառություն ունեմ, զգում եմ տարածությունը ստեղծագործողի, անգամ ամենասկսնակի մոտ, եթե տաղանդավոր է, ներքին ուժի առկայծումները կան եւ ստեղծագործելու խոհի զառամյալությունը կա: Կարծում եմ` ստեղծագործական բոլոր մարդիկ անօգնական, էքսցենտրիկ, տարօրինակություններով լեցուն, ողբերգական` ինչ-որ տեղ, ճանկեր չունեցող գազաններ են` խուսափուկ, շփոթված, ըմբոստությունը եւ երկչոտությունը փոխնիփոխ դրսեւորող: Ստեղծագործող մարդը ոտաբոբիկ երեխայի պես անօգնական է: - Ասվածի մեջ կյանքի փորձն է խոսում: - Մի նկարիչ ունեմ ամերիկացի` Ապոլոնի պես գեղեցկադեմ երիտասարդ, ասես մարմարիոնե քանդակ կին ունի, երկուսով որ քայլում են` քաղաքը հմայված նայում է նրանց, բայց ինքնավստահության այնքան պակաս ունի, իրեն թվում է` առօրյա կարիքները ստեղծագործությամբ հոգալ չի կարող, տագնապներ կան ներսում, թե ինքը երկար չի ապրելու, հոգեբանական ծայրահեղ անցումներ ունի, գիտակցությունը մարխի պես մերթ բոցավառվում, մերթ մթագնում է: Այդ պահերին հուզվում է, գալիս, երեխայի պես լաց է լինում: Մի օր ասում է`«Դու ինձ համոզեցիր, որ ես մեծ նկարիչ կլինեմ»: «Այո, ասացի, ուղղակի պետք է կանգ չառնես, պետք է նկարես»: Ասում է`«Ի՞նչ նկարեմ»: «Նկարի այն, ինչ քեզ անհանգստացնում է, հանիր ներսիցդ, հանձնիր կտավին, կարող է ինչ-որ մեկը տանի ու դրանով փրկվի, հարազատ լինեն այդ վիճակները իրեն, կամ ինչ-որ մեկին կարող է անհրաժեշտ լինի դա»: Ասում է`«Ես ինձ չեմ հավատում, դու միակ մարդն ես, որ ինձ այսպես համոզում ես, թեւեր ես տալիս, ու ես իմ կյանքի գաղտնիքներից մեկը պիտի քեզ պատմեմ»: Հուզված պատմում է, որ երբ ահավոր ցանկություն է ունեցել նկարելու եւ նկարչական նյութեր առնելու միջոցներ չի ունեցել, ծնողներն էլ չեն կարողացել օգնել, ստիպված է եղել սուպերմարկետում աշխատել: «Ամբողջ օրը հավերը պտտեցնում էի, որ չվառվեն: Ամեն օր մի մուրացկան գալիս, հավ էր առնում ու ինձ ողջունում` Hey you, chicken man: Ես հուսահատված էի` թե երբեւէ կարող եմ նկարչությամբ զբաղվել: Հիմա անքնությանս պահերին այդ պատկերը, ձայնը ինձ հետապնդում է, ի՞նչ անեմ»: «Ասացի` նկարիր: Դրանք ստվերներն են հոգուդ, որոնք քեզ խաբում են, ուզում են հետ տանել այն ժամանակները, երբ անհուսություն էր, ազատիր քեզ դրանցից»: Նկարեց: «Բայց ի՞նչ վերնագիր դնենք», հարցնում է: «Chicken man», ասացի: Երբեմն ճամփորդում եմ, 2-3 շաբաթով երկրից դուրս եմ գալիս, վերադարձիս տեսնեմ` առավոտյան մրսած, սուրճը ձեռքին, մեկն էլ ինձ համար սեղանին դրված, սպասում է: - Կա՞ն հայ նկարիչներ, որոնց հետ աշխատում եք: - Մի քանիսը կան: Հայերի մոտ ստեղծագործական ինքնավստահությունը ավելի կայուն է, որովհետեւ իրենք երբեմն պատկերացնում են, թե ավելին են, քան իրականում կան: Բայց դրան նպաստում է նաեւ իրենց ստեղծագործական դեգերումներին նպաստող միջավայրը, հասարակության հիացմունքը ստեղծագործող անհատի նկատմամբ, որ դեռեւս կա, դրա մնացուկները դեռ պահպանվում են: - Գնորդի, արվեստի գործի, նկարչի միջեւ կապը, ձեր աշխատանքը նրանց հետ հասցրել եք արվեստի մակարդակի, ուրիշ էլ ի՞նչ առանձնահատկություններ ունի այս բիզնեսը: - Նկարչի ու գնորդի միջեւ մեջքդ ծռած հաղորդալարի պես ես աշխատում, գիտես նրանց կարիքները, որովհետեւ գնորդները, ինչպես եւ նկարիչները նույն կատեգորիայի վրա են: Արվեստը լավ զգացող անձը, նույնպես միայնակ, խուսափուկ, սոցիալապես ճիշտ էՙ կայուն, որովհետեւ հիմնականում բիզնեսմեններ, մեծ գերդաստանի զավակներ են եւ այլն, միաժամանակ աշխարհի հետ հաղորդակցվելու առումով դժվարություններ ունեցող անհատներ են, որ իրենց շրջապատում են արվեստի գործերով, եւ դրանցով ամբողջական են զգում իրենց: Հոգեբանական մի քանի գործոնների ներհյուսված պրոցես է այս ամբողջը, սա զուտ առեւտուր չէ, սա զգացմունքների գրկախառնում է: Ահավոր նրբազգաց, նրբաճաշակ պետք է լինես, ներկայությունդ պիտի չպարտադրես, քո ներկայությունը շղարշի պես պիտի անցնի հաճախորդի, արվեստասերի առջեւով, պիտի մնա այդ միֆը, ինքը քեզ պիտի որոնի, ոչ թե դու իրեն պիտի հրամցնես, այլ ինքը քո մտերմությունը պիտի որոնի արվեստի գործերով: Սա ոչ թե մասնագիտություն է, որ իր օրենքներն ունի ձեւավորված, ավելի շուտ արվեստ է արվեստի մեջ: Օրենքները ստեղծում ես դու, ըստ անհատականության թելադրանքի: - Աշխատանքի այսպիսի մոտեցումը, զգացական, հոգեբանական վերաբերմունքը հաջողության հիմնական պատճառների՞ց չեն արդյոք: Չե՞ք կարծում, որ բանաստեղծական ներաշխարհային ձեր ապրումները, ստեղծագործողի անհատական փորձը մեծ դեր են ունեցել այս հարցում: - Անկասկած, դա է ամեն ինչի պատասխանը: Բոլոր հաջողությունների, որոնց հանդեպ թերահավատ էի, եւ ինձ թվում էր` մի քանի ամիս հետո զենքերը վայր կդնենք, կգնանք, հիմքում ընկած է գեղարվեստի գործերի հետ պոետիկ արտահայտությամբ հաղորդակցվելու, կամուրջ կառուցելու կարողությունը: - Բանաստեղծական հոգեկերտվածքով, առավել եւս այսպիսի նուրբ զգացական աշխարհով դժվար է դիմակայել ամերիկյան բիզնեսի աշխարհում, այդպե՞ս է արդյոք: - Ես ավելի խաղաղ միջավայրում եմ ապրում, նկատի ունեմ տեղանքը, բնությունը. գլուխդ թեքում ես` Խաղաղ օվկիանոսն է, տարածական խաղաղությամբ, շուրջբոլորը հրաշալի անտառներ են: Քաղաքը իր շուրջն է բերում էլիտար շատ անհատականությունների, որովհետեւ այնտեղ լինելը արդեն ահավոր թանկ հաճույք է: Այդ մարդկանց հետ հաղորդակցվելու ընթացքում շատ բան եմ սովորել` բարոյական, սոցիալական հաղորդակցումների, մշակութային հղկվածության առումներով: Ամեն մարդ չէ, որ կարող է այս ջրերի մեջ լողալ, շատ դժվար է: - Աշխարհը փոխվում է, քիչ է ասել արվեստի դասական արժեքները նահանջում են, դրանք հիմա գրեթե անհետացման եզրին են: Ժամանակի հնարավորությունները` հատկապես տեխնոլոգիաները շատ արագ փոխեցին մեր կյանքը: Այդ ամենն ազդեց մարդկանց հոգեբանության, նրանց մտածողության, միմյանց հետ ունեցած փոխհարաբերությունների վրա: Այդ անցումները ինչպե՞ս եք գնահատում: - Դաժան իրականություն է, որից խուսափել չի լինի: Մեր դարի հանճարը համակարգիչն է` իր առաջադրած բոլոր հնարավորություններով, իր ստեղծած վիրտուալ մտերմությամբ, որոնք ցամաքեցնում են մարդկային մտերմության կենսանոթները, երբ մարդու մաշկը պատահաբար մաշկին է քսվում, աչքը աչքին է հանդիպում, ժպիտը ժպիտին համբուրում է, այդ բաները կորչում են: - Իսկ ինչո՞ւ են վիրտուալ հարաբերությունների ծավալներն այսպես մեծանում: - Ինքնապաշտպանվելու ձեւ է` մարդը մարդուց, աշխարհից վախենալու եւ պատսպարվելու: Հիվանդ են մի քիչ մեր ժամանակները, միմյանց հետ հարաբերվելու զգուշություն կա, տղամարդ-կին հարաբերությունների դաշտը ճեղքված է, հազար ու մի անապահովություններ կան, անապահովությունների հովիտներ են շուրջներս, դրացին դրացուց վախենում է, ծնողը երեխայից վախենում է եւ` հակառակը: Երեխաները սպասում են ծնողների չքանալուն, որպեսզի ունեցվածքը ժառանգեն, ծնողները վախենում են ծերանալուց, հիվանդագին պայքար կա ծերանալու դեմ, տարիքի հետ չհաշտվելու հիվանդագին տրամադրություններ կան: Չեմ կարծում, թե ժամանակակից մարդու կյանքը այդքան երջանիկ կամ բաղձալի մի բան է... - Մտահոգություններն, այո, քիչ չեն, ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք: - Երկու երազանք ուզում եմ լրացնել... - Որո՞նք են: - Երբ կյանքում ոչ մի նեցուկ չես ունենում, ուզում ես կրկնակի հավելումով տալ զավակներիդ, թվում է` այն ինչ դու չես ունեցել, եթե անես իրենց համար, նրանց անցնելիք ճանապարհը ավելի թեթեւ կլինի: Ոչինչ հեշտ չի ստացվում այս կյանքում, բոլոր շնորհները, անակնկալները, որ մատուցում ես քո սիրելիներին, նյութական եւ էմոցիոնալ առումներով, մաշկիդ գնով են լինում: Մեջս ապրում է ինքն իրենից դժգոհ, կիսատ մնացած բանաստեղծը, որի համար միշտ մորմոքով սիրտս ցավում է, արագության հավելում է առաջացել, մտածում եմ` չեմ հասցնի, ծրագրերի անհավանական խտացում է, 4 ցուցասրահի աշխատանքներ ղեկավարել, երեք գիրք ավարտել... Այս տարի մի նոր գիրք եմ վերջացում, որի մեջ տեսնում եմ վաղվա իմ եսը մի քիչ կնճռոտված, բայց քաղցր եմ տեսնում` այն առումով, որ զգում եմ շրջապատող տարածական դաշտերի իմ բաժին հյութը, զգում եմ, որ մոլորակի ե՛ւ այս ափն եմ սիրում, ե՛ւ այն ափը, ուզում եմ աշխարհի հիվանդ վերքերը բուժվեն, սիրտս փուլ է գալիս, մեղավոր եմ զգում ինձ` քաղաքները որ ռմբակոծվում են, անօթեւան մարդկանց, անպաշտպան երեխաների, լաց լինող կանանց համար: Մեր երկրի, մեր կանանց համար եմ մտահոգ, երբ տեսնում եմ այդպես մշտազբաղ, մշտահոգս, զամբյուղները վերցրած քարշ են տալիս, երեւի իրենց մեջ ինձ եմ տեսնում... պարզապես իմ մաշկը ավելի զարդարված է: Կեղծ նոտաները միշտ ատել եմ, երբ մարդիկ ճառեր են ասում վերամբարձ, որովհետեւ հայրենիքը միֆ չէ, որ շաղակրատանքով զարդարենք: Ահավոր վախ ունեմ վաղվա օրվա նկատմամբ, այս տագնապները, որ կան օդում, անապահովության, վտանգի նշաններ են: Ազգը նոսրանում է, ինչպես ամառվա կեսերին գետերն են ցամաքում: Նախորդ գալուս երիտասարդ գրողների հանդիպեցի, ո՞վ է կարդալու նրանց գործերը... - Ներքին ի՞նչ ցանկություններ ունեք: - Աստված ուժ տա, որ մինչեւ կյանքիս վերջը չկորցնեմ հանդուրժողականությունը ինձ շրջապատող անձանց սայթաքումների հանդեպ: Ուզում եմ մինչեւ վերջին վայրկյանը աշխարհը սիրելով ապրեմ` այս գույները, այս շենքերը, այս անցումը կիսագնդից կիսագունդ, այն բնությունը, որ երկու օր առաջ թողեցի, մեր ժամանակը, ընկերներիս, ծանոթներիս ժպիտները, որ գալիս, լցվում են ներսս, սուրճիս գավաթի մեջ: Այնքան սիրուն բան է ապրելը եւ` առանց ֆիզիկական ցավերի ապրելը, այնքան սիրուն բան է, երբ միտքդ հանգիստ է, որ ոչ մեկին ցավ չես պատճառել... |