ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ Հ. Ծ. Ֆրանսահայ ճանաչված դերասան, ռեժիսոր, Իրինա Բրուք ընկերության հիմնադիր անդամ եւ Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերայի ֆրանսերեն տարբերակի հեղինակ Ժիրայր Փափազյանը պատրաստվում է նկարահանել Օլիվիե Մարշալի արդեն մրցանակակիր «Բրաքո» («Braquo») հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Տաղանդավոր հայորդին վերջերս դարձյալ փայլեց իր թարգմանչի հմուտ գիտելիքներով, երբ ընթերցողներին ներկայացավ Վահան Թեքեյանի ընտրանի բանաստեղծությունների անգլերեն ժողովածուովՙ «Selected Poems by Vahan Tekeyan», որը հրատարակեց Կալիֆոռնիա համալսարանի հրատարակչությունը: Փափազյանը նորեկ չէ թարգմանական ասպարեզում: Հիշեցնենք, որ «Անուշի» նրա անգելերեն տարբերակը 1981-ին աննախադեպ հաջողությամբ ներկայացվեց Միչիգանի Օպերային թատրոնում, որը հետագայում կրկին ներկայացրեց այն: Նրան են պատկանում նաեւ «Արշակ Բ» օպերայի եւ հայկական բանաստեղծությունների հիման վրա ստեղծված «Կայք Արարատի» անմոռանալի ներկայացման անգլերեն թարգմանությունները, որոնք գրքի ձեւով հրատարակվել են հետագայում: Իսկ այս օրերին Ֆրանսիայում հիանում են Ֆաթիհ Աքինի «Սպի» («The Cut») ֆիլմի նրա թարգմանությամբ: Նա ոչ միայն թարգմանել է հայ կերպարների երկխոսությունները արեւմտահայերենի, այլեւ հիանալի վարպետությամբ հայերեն բառերը հարմարեցրել դերասանների շրթունքների շարժումներին: «Բրաքո» բազմամասանոց հեռուստատեսային ֆիլմի նկարահանումներից հետո Փափազյանը մեկնելու է Նյու Յորք բեմադրելու Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, տեղի ԹՄՄիության «Մհեր Մկրտչյան» թատերախմբի կատարմամբ: Դրանից հետո նա նկարահանվելու է Ռոբերտ Կետիկյանի «Խենթի պատմությունը» ֆիլմում: |