ՓԱԽՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻՑ ԹԱԳՈՒՀԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ԶԱՐՅԱՆ Վերջին ժամանակներս որոշակի հետաքրքրություն է առաջացել Կոստան Զարյանի անձի եւ գրականության հանդեպ: Գրողի ճշգրտված կենսագրությունը տակավին շարադրված չէ, չկա նաեւ իր կենսամատենագիտությունը: Եվ սակայն մամուլը, զանազան պատմական վավերագրերը, իրական եղելությունների եւ անցուդարձերի ժամանակային գրանցումները, ժամանակակիցների հուշերն ու վկայությունները, գրողի հարուստ նամակագրությունը եւ վերջապես իր մեծածավալ ու տարողունակ գրականությունը բազմաթիվ վավերական եւ փաստական նյութ են պարունակում նրա կյանքն ու արվեստը լուսաբանելու համար: Այդպիսի վավերագրական շարադրանքներից մեկի հեղինակը գրողի առաջին կինն է, մեր մշակութային կյանքում ոչ անհայտ Թագուհի Շահնազարյան-Զարյանը (1889-1962): Թագուհի Շահնազարը, ինչպես որ նա ստորագրում էր մամուլում իր հոդվածները եւ զանազան այլ գրությունները, եղբոր դուստրն է Պոլսո «Հայրենիք» օրաթերթի հիմնադիր, հայտնի մտավորական եւ հանրային գործիչ Հովհաննես Շահնազարի: 1951 թվականին Հովհաննես Շահնազարին նվիրված մի հոդվածում («Յովհաննէս Շահնազար ինչպէս փրկուեցաւ կախաղանէն») Թագուհին մանրամասն պատմում է իրենց տոհմի պատմությունը: «Յովհաննէս Շահնազարի գերդաստանը բնիկ տրապիզոնցի է, բայց իր տոհմը գաղթած է Պարսկաստանէն: Շահնազար ընտանիքը հռչակուած էր իր գեղեցիկ ծնունդներով, որոնք բոլորն էլ, մանչ թէ աղջիկ, յայտնի էին իրենց ֆիզիքական գեղեցկութեամբ եւ ձայնով»: Թագուհի Շահնազարը երաժշտություն է սովորել Վենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անունը կրող երաժշտանոցում: Վենետիկից Պոլիս վերադառնալով դասավանդել է տեղի ամերիկյան քոլեջում: Դեռ Վենետիկ գնալիս, «Մոնտենեգրո» նավում, ծանոթացել է Կոստան Զարյանին: Ամուսնանալով` Կոստան Զարյանի հետ հավասար տարել է ընտանեկան կյանքի բոլոր դժվարությունները, ընտանիքին վիճակված դժվարին ճակատագիրն ու սարսափները: Նրանց համատեղ կյանքը տեւել է մինչեւ 1929 թվականը: Հետո Կոստան Զարյանը հեռացել է կնոջից եւ ամուսնացել ամերիկացի նկարչուհի Ֆրանսիս Բրուքսի (1901-1963) հետ: Իր կյանքի վերջին տարիներին Թագուհի Զարյանը մանրամասնաբար գրի է առել Կոստան Զարյանի եւ իր համատեղ կյանքի հանգամանալից պատմությունը, ինչպես նաեւ գրողի կյանքի 1930-ից հետո ընկած ժամանակի դեպքերն ու իրադարձությունները: Թագուհի Զարյանը իր շարադրանքը ուղեկցում է ընտանիքի կյանքի հետ կապված լուսանկարներով ու այլ վավերացումներով (այն հյուրանոցը Վենետիկում, ուր իջեւանել են, այն տունը, որտեղ բնակվել են, եւ այլն): Իր բովանդակած նյութով, իր պարունակած տեղեկություններով եւ մանավանդ իր վավերականությամբ Թագուհի Զարյանի կյանքն ու գրականությունը ուսումնասիրողների համար ոչ միայն կարեւոր աղբյուր է, այլեւ ունի գրական ու մշակութային առանձնակի նշանակություն: Օրագրությունը շարադրված է ֆրանսերեն, կազմում է չորս ծավալուն մեծադիր գիրք,- ինքը հատոր է կոչում` volume,- եւ գրված է երեք նույնական օրինակՙ երեք զավակներից յուրաքանչյուրի` Վահե, Արմեն եւ Նվարդ Զարյանների համար: Արմեն Զարյանի օրինակը գտնվում է Կոստան Զարյանի արխիվում, որ իր մահից հետո տնօրինում են իր զավակները: Արմեն Զարյանի դստեր եւ որդու` բանաստեղծուհի Սիրվարդ եւ ճարտարապետ Արա Զարյանների սիրալիր բարեհաճությամբ ընթերցողին ենք ներկայացնում մի հատված Թագուհի Զարյանի օրագրությունից: Կոստան Զարյանի ստեղծագործությանը ծանոթ ընթերցողը այս հատվածում ներկայացվող իրադարձությունների պատկերումը կգտնի Կոստան Զարյանի «Արեւմուտք» վեպի էջերում: Ներկայացվող հատվածը ֆրանսերեն բնագրից թարգմանել է Սիրվարդ Զարյանը: ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
1914 թ. հոկտեմբերի 15-ի գիշերը. Կոստյան եւ ես արթնացանք ու իրար հետ փսփսում ենք: Փողոցից լսվում են ատրճանակի կրակոցներ, որ գնում հասնում են մինչեւ Բոսֆորի բլուրները: Վատ մի նախազգացում: Ավա՜ղ, հայը շատ լավ գիտի, թե Թուրքիայում ինչ են նշանակում այս կրակոցները: Կոստյան անկողնուց վեր է թռչում ու բացականչումՙ երեխանե՜րս, ապա վերցնում է իր ատրճանակը ու գնում տանտիրոջը արթնացնելու, բայց նա արդեն արթուն էր: Կրակոցները շարունակվեցին ամբողջ գիշերը: Կոստյան եւ հայ տանտերը աչք չէին հեռացնում սեղանին դրված ատրճանակներից: Առավոտ վաղ Կոստյան վազեց իր ամսագրի խմբագրատուն: Զարյան, ասում է մեկը, պետք է փախչել, այս կրակոցները վատ կանխանշան են, մարդ չքնեց: Պայթուցիկներ են տեղադրել Դարդանելում: Պատերազմ է, եւ այս անգամ հայ ազգը թողնված պիտի լինի իր ճակատագրին, պետք է փախչել: Մեզ մնում է միայն Ալեքսանդրեթի ճանապարհը Եվրոպայում ապաստան գտնելու համար, հետո հեռվից մեզ կուղեկցեն մեր հայրենակիցները, որոնք դժբախտաբար այստեղ պիտի մնան: Նայած ինչ ընթացք պիտի առնեն դեպքերը, հետո պարզ կլինի: - Մնա՜ս բարով, «Մեհեան» ամսագիր, մնաս բարով, իմ գրական ծրագրեր, անիծված երկիր,- ասաց Կոստյան,- փախչել: Հրաման է: Երեկոյան ուշ վերադառնում է, անմիջապես գրկում է երեխաներին, ապա մեծ զգուշությամբ ինձ հայտնում է լուրը, որպեսզի շատ չցնցվեմ, քանի որ կարող է ազդել մեր նորածնին կաթ տալու վրա: Նա շատ նուրբ եւ քնքուշ էր: - Դու հասկանում ես, սիրելիս, պետք է փախչել, քանի որ ավելի ուշ անկարելի պիտի լինի: - Իսկ մեր բո՞ւյնը: - Ինչ արած, այն ամենը, որ ունենք, կտանք մեր բարեկամներին, իսկ դրամը, որ եղբայրսՙ Վանյան մեր ամուսնության առիթով մեզ ուղարկեց, հիմա պետք կգա փախչելու համար: - Իսկ իմ դաշնամո՞ւրը, դասե՞րս: - Ես քեզ համար կգնեմ մեկ ուրիշը, քաջ եղիր եւ ինձ հետեւիր: Մենք կգնանք Բուլղարիա, Սոֆիա, որ հեռու չէ, կտեսնես, մենք լավ կապրենք, դու համերգներ կտաս, իսկ եսՙ դասախոսություններ: Աստված մեծ է, մեզ կօգնի: - Բուլղարիա՞, այնտեղ 25 աստիճան է, փոքրիկներս կսառչեն: - Գիտեմ, քաջ եղիր, ճակատագիրը մեզ կօգնի, բոլոր հայ մտավորականները այս պահին նույն վիճակի մեջ են: Պետք է փախչել: Վտանգի Կոստյայի կանխազգացումը ինձ անմիջապես զինաթափ արեց: Մահվան վախը սրտումսՙ անմիջապես սկսում եմ կապել կապոցները: Ամբողջ այս սիրո բույնը քանդվեց մի քանի ժամում: Իմ փոքրիկ սպասուհին լաց էր լինում, իսկ բեռնակիրը, մեր գեղեցիկ անգլիական կարասիները կռնակն առած, տանում էր մեր բարեկամներին: Պետք է մեկնե՜լ, մեկնե՜լ: *** Հոկտեմբեր, 1914 Առավոտյան ժամը 5-ն է: Մենք պատրաստ ենք: Պետք է փախչել: Հրաման է: Ինքնաշարժը արագ սուրում է Բոսֆորի եզերքով: Արա՜գ, արա՜գ, վերջին գնացքն է, որ մեկնում է, որից հետո սահմանները պիտի փակվեն: Աստված իմ, օգնիր, որ ժամանակին հասնենք: Գոռում ենք վարորդին, որ արագացնիՙ Ղալաթիո կամուրջը չբացված: Ինքնաշարժը արագ գնում է: Երկու փոքրերը մեր գիրկն են: Մեկ էլ վարորդը ասում է, որ կամուրջը բաց է, չենք կարող անցնել: - Ուրեմն,- գոռում է Կոստյան,- շուտ իջեք դեպի եզերքըՙ նավակով կանցնենք մյուս ափը: - Վազիր տեղավորվիր նավակում, ես իրերով կզբաղվեմ: Մի կեղտոտ թուրք բեռնակիր վերցնում է Վահեիս ու վազում դեպի նավամատույցը, ես էլ, նորածինս գրկիս, վազում եմ նրա հետեւից: Ահավասիկ նավակում ենք: Թուրքը թիավարում է ամբողջ ուժով. գնացքը մեկնում է ժամը 7.00-ին: Պետք է հասնել գնացքին, վերջինն է, որով մեկնում են դիվանագետները: Պետք է հասնել, եթե ոչՙ Կոստյան վերջացած է: Կոստյան երկրորդ ոսկեդրամն է տալիս նավավարին, որը կրկնապատկում է իր թիերի շարժումը: Ահա Ֆրանսիայի դեսպանի նավակը, որ մեզնից անցնում է: Շունչս պահել եմ: Կոստյան աչքերը սեւեռել է Ոսկեղջյուրի մյուս ափի վրա: Վերջապես շունչ եմ առնում, բայց դեռ մի փոքր ճանապարհ մնում է կայարան հասնելու համար: - Թաթի՛, ինձ տուր Արմենին, տուր եւ ցատկիր եզերքը: Կոստյան տալիս է մի ուրիշ ոսկեդրամ բեռնակրին, որ քաշի ճամպրուկների սայլը: Մի ուրիշ թուրք բեռնակիր առնում է Վահեիս իր բազուկների մեջ: Մենք բոլորս վազում ենք: Ահավասիկ գնացքի կայարանը, Աստված, մեզ օգնիր: Հանկարծ Կոստյային այլեւս չեմ տեսնում: Սպասասրահում եմ, ճամպրուկների վրա նստած, երկու երեխաներս գիրկս: Սպասում ենք Կոստյային հոգի ի բերան: Շուրջբոլորս ճամփորդները մտահոգ պտտվում են աջ ու ձախ: - Պարոն, ձեր անձնագրերը: Սրահի կենտրոնում մի երկար սեղան էր դրված, ոստիկանապետը եւ իր բոլոր ոստիկանները. մենք Թուրքիայում ենք: Տեսնում եմ Կոստյային նրանց առջեւ կանգնած, իմ անձնագիրը ձեռքին, ջղայնությունից կանաչել էր, գոռում էր իր վատ թուրքերենով ու ծանր ռուսական շեշտով (ինչը որ իրեն փրկեց...), համարձակ բացատրում ու պահանջում էր ոստիկանությունից, որ ստորագրեն: Պետը նրան ասաց. «Բայց, պարոն, ձեր անձնագրի վրա պակասում է մի ստորագրություն եւս: Ի՞նչ ազգի եք դուք»: Կոստյան գոռում էՙ պարսկահայ, դուք լավ տեսնում եք իմ անձնագիրը: - Այո, ես լավ տեսնում եմ, սրիկա հայ, դու փախչում ես: Իմ ծնկները դողացին ու սեղմեցի ինձ իմ երկու երեխաներին եւ աղոթեցիՙ Աստված, օգնիր իմ երեխաների հորը, ու հանկարծ, ակամա, մի ճիչ եմ արձակում: Ոստիկանները շրջվեցին մեր կողմը եւ մեզ նշմարեցին: - Ստորագրեք,- հրամայեց ոստիկանապետը իր քարտուղարին:- Մի սրիկա կպակասի,- ասաց: Կոստյան անձնագիրը դնում է գրպանը եւ նշան անում, որ վազենք տեղավորվենք գնացքում: Իր աչքերից բոցեր էին դուրս թռչում եւ բարկությունը սահման չուներ: - Արագ, արագ վազիր,- ասում է բեռնակրին:- Մի տեղ զբաղեցրեք ինձ համար: Ես պետք է վազեի իմ փոքր նորածինը գրկիս: Ծնկներս դողում էին, ծալվում: Տեսնում եմ գնացքը, բայց կարծես մշուշի մեջ: Վախենում էի, որ չեմ հասնի: Հանկարծ ես ինձ օդի մեջ զգացի եւ հետո արդեն գնացքում էի, Արմենը գիրկս, Վահես ինձ մոտ: Կոստյան էր: Վերստին զգում եմ ծնկներս: Կոստյան եւս իմ առջեւ է: Բայց նա նորից գնում է: - Ո՞ւր ես գնում,- գոռացի վախից թեւը բռնելով:- Մի գնա, գնացքը արդեն պատրաստվում է շարժվելու: - Գրողը տանի,- գոռում է նա,- իմ գրքերը, ես նրանց չեմ թողնելու: Մայթի վրա տեսնում եմ Կոստյայի գրքերը եւ ձեռագրերը, բոլորը սնդուկից դուրս, գետնին: Ես վեր թռա ու Կոստյային գոռացիՙ Սատանան տանի, սա ծուղակ է, ուզում են քեզ ձերբակալել: Նա իջնում է առանց գլխարկի եւ վերարկուի, մազերի բաշը խառնված եւ բարձր ձայնով երդվելով: Գրկում է իր գրքերը, դնում սնդուկի մեջ, մեխել տալիս ու դնել է տալիս մեր վագոնը: Այս բոլորը` կայծակի արագությամբ: Վերջին զանգն էր, երբ Կոստյան վագոնի մեջ ցատկեց: Փլվում է կողքիս, Վահեին առնում իր ծունկերին ու խոր շունչ քաշում: Գնացքը մեկնում է: Լռություն է, ոչ ոք չի խոսում, թուրք ոստիկանները պտտվում են: Երբ անցնում ենք սահմանը, թուրք ոստիկանները ներքեւ են իջնում: Կոստյան ինձ գրկում ու ասում է. - Սիրելիս, մենք փրկված ենք, եւ ահա երկրորդ անգամ աքսորական: |