«ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԵՂԱՇԱՐԺԵՐ, ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐ» ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Ֆրանսերենից ամփոփեցՙ Պ. Ք. Մոնրեալի համալսարանի համեմատական գրականագիտության դոկտոր Նելլի Հոջիկյանը «Harmattan» հրատարակչությունում լույս տեսած իր աշխատության մեջ ընթերցողին առաջարկում է հայոց հետեղեռնյան մշակույթը քննության առնել կանադահայ նշանավոր կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի անընդհատական փոխանցման արվեստի ուսումնասիրության միջոցով: Հեղինակը իր գրքում սփյուռքահայության մշակութային արտադրանքի վերաբերյալ հարցադրումներ է անում դեպի Կանադա կատարված գաղթի համատեքստում: Այդ նպատակով նա վերլուծում է Ատոմ Էգոյանի չորս լիամետրաժ ֆիլմերՙ «Մերձավոր ազգականը», «Ընտանեկան ստուգատեսը», «Օրացույցը» եւ «Արարատը», որոնցում կինոբեմադրիչը բացահայտորեն, իսկ երբեմն էլ փոքր-ինչ անուղղակի կերպով սփյուռքյան ինքնությունների տարատեսակ դրսեւորումներ է նկարահանել Կանադայի բազմամշակութային միջավայրում: Հեղինակի բնորոշմամբ, Ատոմ Էգոյանի «ընտրաքաղային, հատվածական եւ բազմամշակութային ֆիլմերը, անասկած, սփյուռքյան մտայնության լավագույն մարմնավորումն են»: Ի դեպ, սփյուռքի մշակութային իրականության այդ գերհատվածայնության արտացոլման շնորհիվ է, որ նրա կինեմատոգրաֆիական աշխատանքները պահպանում են ապշեցուցիչ ներդաշնակություն եւ հարատեւություն, նշում է Նելլի Հոջիկյանը: Արտառոց երեւույթների ուսումնասիրման միջոցով կինոբեմադրիչը նոր ժանր է գործի դնում հետտարագրային երեւույթների վրա ուշադրության բեւեռման շնորհիվ: Գրքում խոսվում է նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Հայաստանի, Կանադայի կերպարվեստի, կինոյի, լուսանկարչության մասին: |