RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 01-05-2015



Տեղադրվել է` 2015-04-30 20:24:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3503, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«ԳՈՀԱՐ» ՀԱՄՈՒՅԹԻ ՆՈՐ ԴԻՐԻԺՈՐԸՙ ՆԱՏԱԼԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում մեկ հարկի տակ էին հավաքվել երաժշտական արվեստի ներկայացուցիչներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ եւ այլք. առիթըՙ «Գոհարը Հայաստանի աստղերուն հետ» երեւանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսը:

Հիշյալ համերգը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան եւ տեղի էր ունեցել դեռեւս 2011թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում` «Գոհար» համույթի եւ հայ էստրադային երգիչների մասնակցությամբ, որի նախաձեռնողը լիբանանահայ բարեգործ տիկին Գոհար Խաչատուրյանն էր:

Նման մասշտաբային եւ աննախադեպ համերգով «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբն առաջին անգամ չէ, որ հանդես էին եկել: Համույթը մեծ ավանդ ունի հայ ազգային երգ- երաժշտության տարածման գործում ամբողջ աշխարհում:

«Գոհար» նվագախումբ-երգչախմբի գործադիր տնօրեն Սեւակ Սերոբյանն ընդգծեց, որ DVD-ն պատրաստ է եղել դեռեւս մեկուկես տարի առաջ. «Պատճառը մաեստրո Սեպուհ Աբգարյանի վատառողջ լինելն էր, որ այսքան հետաձգվեց խտասկավառակի շնորհանդեսը: Նա երկար տարիներ ղեկավարել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը: Հետո հեռացավ այս աշխարհից: Վստահ եմ, որ հիմա մեզ հետ միասին ուրախ է տոնի առթիվ: Այսօր այս միջոցառմանն են մասնակցում երաժիշտներ, որոնք 2011-ի համերգի մասնակիցներն են: Ուրախ ենք, որ բոլորը կարողացան գալ: Առիթը պատեհ գտանք, որպեսզի ներկայացնենք մեր նոր խմբավարին` Նատալի Գալստյանին», - նշեց Սեւակ Սերոբյանը :

Նրա խոսքով` նորանշանակ դիրիժորն աշխատել է Սեպուհ Աբգարյանի հետ, երկուսն էլ համերաշխ գործունեություն են ծավալել:

Նոր խմբավարն արդեն նոր ծրագրով կաշխատի, եւ կշարունակվի համույթի երթը նորանոր բեմերում, «Ազգի» հետ զրույցում տեղեկացրեց Սեւակ Սերոբյանը:

Իսկ «Գոհար»-ի նոր դիրիժոր Նատալի Գալստյանը նշեց, որ երկու տարի է, ինչ աշխատում է նվագախմբի հետ: «Պատիվ եմ ունեցել համագործակցել նաեւ մաեստրո Սեպուհ Աբգարյանի հետ: Ինձ համար շատ հաճելի շփում էր: Շատ մեծ ոգեւորվածություն եմ ապրում»,- նշեց նա:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ ֆիլմի ցուցադրություն ի հիշատակ մաեստրո Սեպուհ Աբգարյանի: Ֆիլմն ամփոփում էր տարբեր տարիների ընթացքում համույթի համերգային շրջագայություններից հատվածներ:

Ի դեպ, երեկոյի ընթացքում Գոհար Խաչատուրյանի ձեռամբ հանձնվեցին շնորհակալագրեր, մեդալներ բոլոր նրանց, ովքեր ակտիվ մասնակցություն էին ունեցել իր ծավալով եզակի եւ մասշտաբային միջոցառմանը` Արամեին, Հայկոյին, Անդրեին, Արսեն Սաֆարյանին, Ինգա եւ Անուշ Արշակյաններին, Զարուհի Բաբայանին, Լեյլա Սարիբեկյանին, Ռոլանդ Գասպարյանին, Շուշան Պետրոսյանին, Նունե Եսայանին, Թաթա Սիմոնյանին, ինչպես նաեւ վարչական եւ գեղարվեստական անձնակազմին:

Երգիչ Արամեն «Ազգի» հետ զրույցում ուրախությամբ եւ հպարտությամբ հիշեց «Գոհար» համույթի հետ իր համագործակցությունը. «Երբ մենք հաճախում էինք փորձերի ու ճանապարհին արտիստներով հանդիպում էինք մեկս մյուսին, առաջին բանը, որ իրար հարցնում էինք, դա այն էր, որ զգո՞ւմ եք, որ սա ամենեւին այլ զգացողություն»: Երգիչն անդրադառնալով նվագախմբի հիմնադիրներին, նշեց, որ մարդիկ, որոնք հիմնել են այս նվագախումբը, հայրենասիրական մեծ աշխատանք ենք կատարում.

«Գիտեմ, որ բոլոր երաժիշտները, որոնք «Գոհար» նվագախմբի անդամ են, ամենակարեւորն իրենք ունեն հնարավորություն զբաղվել իրենց սիրելի գործով եւ ապրել այդ աշխատանքով` ստիպված չլինենելով զբաղվել այլ գործով: Ես տեսել եմ, թե Խաչատուրյանները ինչ են կառուցել Գյումրիում, թե ինչպիսի փորձասրահ ունեն, եւ շատ ուրախ եմ դրա համար: Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնում տիկին Գոհարին եւ ամբողջ թիմին` կատարված աշխատանքի համար: Աստված թող նրանց երկար տարիների կյանք տա, որ այս ամենը շարունակեն»:

Իսկ երգիչ Հայկոն նշեց. «Գոհարի» համերգն ուղղակի աննախադեպ էր, եւ շնորհակալ եմ, որ մեծ գործ են կատարում Գյումրիի համար: Ես գյումրեցի չեմ, սակայն ուրախանում եմ եւ միշտ հնարավորության սահմաններում ես էլ եմ ինչ-որ բաներով աջակցում: Ինձ համար նրանց հետ համագործակցությունը մեծ պատիվ ու հաճույք էր»: [*]

Հետահայաց անդրադառնալով համերգին, նշենք, որ այն անցավ 3D լազերային տպավորիչ շուո-ներկայացմամբ, որը երգի, երաժշտության ու պատկերների միջոցով ներկայացնում էր Հայաստանի պատմությունը` Նոյյան տապան, Արարատ լեռ, Հայոց Այբուբեն, Կիլիկիա եւ այլն, եւ նոր խոսք էր հայ մշակութային իրականության մեջ:

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն «Ազգի» հետ զրույցում նշեց. «Գոհարի» մասին խոսել, նշանակում է խոսել իմ մասին, իմ հոր, մոր, երեխաների: 15 տարի է, ինչ զարմանալի մի կապ է ստեղծվել նվագախմբի հետ, որն ինձ համար շատ թանկ է: Շուրջս այնքան մարդ եմ տեսնում, որի ազգանունը յան-ով է վերջանում, բայց դժվարանում եմ ասել, հայ են, թե` ոչ: Իսկ այս նվագախումբն ինձ ուղղակի ապշեցրել ու գերել է իր հայեցիությամբ, ազգային արմատներով: Երանի մենք հասկանանք, որ մեր երգերը մենք պիտի երգենք, ոչ թե մոլդովացին կամ ուզբեկը, մեր պարերը մենք պիտի պարենք: Իսկ Խաչատուրյան Հարութը, Նարը, Շահենը մեզ համար վաղուց մոռացված նյարդը գտան: Մենք ցանկանում ենք ժամանակակից երեւալ` բառի վատ իմաստով, ուզում ենք ձախ ձեռքով աջ ականջը բռնել, ու չենք հասկանում` եթե ցանկանում ենք զարմացնել աշխարհին, ապա մեզնով պետք է զարմացնենք, ուրիշ ոչնչով»:

Իսկ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկեւիչյանը զրույցում ընդգծեց, որ երաժշտության զարգացումը պետական գործ է, պետք է համապատասխան մարմիններն ստանձնեն այդ գործը, այս առումով նշանակալի է «Գոհարի» գործունեությունը: «Իմ կարծիքով «Գոհար» համույթը մեծ դեր է ունեցել մշակույթի ասպարեզում, քանի որ հայ երգը տանում է երկրե-երկիր: Միշտ թարմացնում է ծրագիրը` ներգրավելով նոր երգիչների: Կցանկանայի, որ իր գործունեության ծիրի մեջ ավելի շատ տեղ հատկացներ երաժշտական մշակույթի զարգացմանը` հանդես գալով նոր երգերով, նոր ստեղծագործություններով»:

Նշենք, որ «Գոհար» համույթը հիմնադրվել է լիբանանահայ Հարութ Խաչատուրյանի կողմից 2000 թ.-ին եւ իր մայրիկի` Գոհար Խաչատուրյանի պատվին կոչվում է «Գոհար»: Հիմնադրման օրից մինչեւ 2014 թ.-ը համույթը ղեկավարել է կիպրահայ Սեպուհ Աբգարյանը, որը միաժամանակ հանդիսանում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:

Այսօր նվագախմբի կազմում են մոտ 150 երաժիշտներ, 12-15 երգիչներ, 15 պարողներ:

Հատկանշական է, որ համույթի բոլոր համերգներից ստացված հասույթի մեծ մասն ուղղվում է բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Ավելացնենք, որ շնորհանդեսը շքեղ էր բոլոր առումներով. «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքին կանգնած էին Կիլիկիայի դրոշներով զարդարված եւ սպառազինված զույգ ձիավորներ (իսկական նժույգներով), իսկ սրահի ներսում` զրահավորված եւ սաղավարտակիր կիլիկեցի ասպետներ... Աննախընթաց ու շքեղ:

(*) Խմբագրության կողմից սիրված երգչին եւ մյուս երգիչներին հուշենք, որ «Կիլիկիա» երգի կատարման ընթացքում անընդհատ կրկնվող Կիլիկիա անունը սխալ են հնչեցնումՙ Կի-լիկ-իյա, մինչդեռ պետք է հնչեցնեն «Կի-լիկ-յա»: Այս նույն երգի առնչությամբ նշենք նաեւ, որ որոշ երգիչներ «աշխարհ, որ ինձ ետուր արեւը» չեն հասկանում. ետուր-ը «տալ» բայի գրաբարյան անցյալ կատարյալ ձեւն է եւ նշանակում է տվեց, մինչդեռ իրենք հնչեցնում ենՙ «ետ-տուր», առանց գործածելու ուղեղներըՙ արեւը «ետ» կարելի՞ է տալ...

Նկար 1. Հիմնադիրը` տիկին Գոհար Խաչատուրյանը

Նկար 2. Նատալի Գալստյանը

Նկար 3. Մշակույթի նախարարը մուտք է գործում հեծյալ ասպետների «տարածք»

Նկար 4. Կիլիկյան ռազմիկը

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 01-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ