RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 01-05-2015



ՎԵՊ

Տեղադրվել է` 2015-04-30 20:24:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1304, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՄԱՐԿ ՄՈՒՍՏՅԱՆԻ «ԺԱՆԴԱՐՄԸ» ԳՐՔԻ ԱՌԻԹՈՎ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր անդարմանելի ցավն է, այլեւ մեր խաչը, որ պարտավորվածություն ունենք սերնդեսերունդ տանելու: Եվ որքան ժամանակը մեզ հեռացնում է 1915-ից, այնքան Մեծ եղեռնի պատմական փաստի, հայերի եւ թուրքերի սերունդների վրա դրա ազդեցության հոգեբանական ծալքերն ավելի են շատանում: Եղեռնը ծրագրողների մտածելակերպը հոգեվերլուծության ժամանակակից, մինչ այժմ չկիրառված մեթոդների է ենթարկվում. այդքան հրեշավոր արարքի պատճառահետեւանքային կապի խորքերն ուսումնասիրելու փորձեր են արվում, ընդ որումՙ ոչ զգացմունքային հողի վրա: Բայց այդ վերլուծություններն, անշուշտ, արվում են ոչ թե բարբարոսությունն արդարացնելու, այլ պատճառները, հոգեբանական, բարոյական հիմքերը բացահայտելու համար, ինչը եւ հող է նախապատրաստում Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում դրական տեղաշարժ արձանագրելուն միտված դիվանագիտական, լավ մտածված ու մշակված քայլերի համար:

Տասնամյակներ շարունակ մեր փաստարկները զգացական հողի վրա են եղելՙ գաղթականների, սովահար ու լլկված մարդկանց լուսանկարներ, «Դլեյաման»ՙ դուդուկով, խելագարված Կոմիտաս, (այն դեպքում, երբ Կոմիտասը չի խելագարվել, եւ առավել եւս, խելագարությունը չի եղել նրա մահվան պատճառը). եղեռնի պատմական փաստը ներկայացնելուՙ խղճահարություն առաջացնելու ձգտումներից այն կողմ մենք դեռ չենք անցել: Նաեւ անբեկանելի կանոն կաՙ թուրքերը հրեշ եղել եւ հրեշ մնում են, իսկ մենք նրանց զոհն ենք եղել ու զոհն էլ մնում ենք: Բայց ինչո՞ւ ենք այդպես ընկալում եւ ընդունում. երբեւէ մեզ հարց տվե՞լ ենք: Այսօրինակ հարցերի մասին վեպ է գրել ամերիկացի գրող, փաստաբան Մարկ Մուստյանը: Նրա «Ժանդարմը» գիրքն ԱՄՆ-ում հրատարակվել է 2010 թվականին ու թարգմանվել 9 լեզուներով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով գրականագետ Մարո Մադոյանը «Ժանդարմը» թարգմանել է հայերեն. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այն հրատարակվել է: Գիրքն ապրիլի 28-ին ներկայացվեց «Գրական տապան» միջազգային փառատոնին:

Մարո Մադոյանի թարգմանած «Ստամբուլի ընկեցիկը» վեպին ծանոթ ենք: Հարցազրույցներում նա բարձր է գնահատում վեպի հեղինակիՙ Էլիֆ Շաֆակի գրիչն ու մտավորականի նկարագիրը: Պատմում է. «Սինգապուրում էի: Ինձ հյուրընկալվեց ջութակահարուհի Անի Ումեդյանը. գիտեր, որ թարգմանել եմ «Ստամբուլի ընկեցիկը»: Առաջարկեց կարդալ Մարկ Մուստյանի «Ժանդարմը»: Ուզում էր, որ վեպը թարգմանեմ հայերեն, իսկ ես, անկեղծ ասած, որոշել էի այլեւս ցեղասպանության թեմայով թարգմանություններ չանել: Բայց երբ կարդացի վեպը, շատ ոգեւորվեցի: Հիացա Մարկի գրչով, ոճով. նոր խոսք է այս վեպը, գեղարվեստական բարձր արժանիքներով, հոգեբանական դրամատիզմով օժտված: Շատ կարեւոր գիրք է, ու որոշեցի թարգմանել»:


- Բացի գեղարվեստական արժեքից, ի՞նչը գրավեց ու ոգեւորեց Ձեզ, որպեսզի այդքան կարճ ժամանակահատվածում թարգմանեք «Ժանդարմը»:

- Վեպն, իսկապես, արվեստի գործ է: Լեզուն, արտահայտչամիջոցները, ասելիքի խորությունը, հեղինակի լայն աշխարհայացքը, վերլուծությունները: Ես նույնիսկ հատվածներ եմ դուրս գրել գրքից, որոնք անընդհատ խորհելու, մեր քայլերը ծանրութեթեւ անելու տեղիք են տալիս: Վեպը Հայոց ցեղասպանության մասին է, բայց ընդամենը մի տեղ է հեղինակը նշում «ցեղասպանություն» բառը: Ես դուրս եմ գրել այդ նախադասությունը. «Մի՞թե դա իրոք տեղի է ունեցելՙ հարցնում եմ: Նրա ժպիտն անհետանում է, շուրթերը բարակում են եւ սեղմվում: «Օ՜, դա իրոք տեղի է ունեցել»,-ասում է նա ցածրաձայն ու վճռական տոնով: «Ոչ մեկին թույլ չտաս ասել, որ դա տեղի չի ունեցել: Դա եղել եւ շարունակում է մնալ ցեղասպանություն»,-նրա բերանից դուրս է թռչում այդ բառը»: Սա ասում է գլխավոր հերոսըՙ 92-ամյա Ահմեդը:

- Ի՞նչն է ստիպում թուրք ծերունուն այդ համոզմունքին հանգել, կերպարի զարգացման ի՞նչ ընթացք է ընտրել Մարկ Մուստյանը:

- 17 տաերկան Ահմեդն առաջին աշխարհամարտի ժամանակ ուզում է գնալ կռիվՙ հերոսանալու, սակայն Թուրքիայի իշխանությունները նրան հանձնարարություն են տալիսՙ եթե պարտականությունդ կատարես, քեզ կտանենք ճակատ: Իսկ հանձնարարությունըՙ որպես ժանդարմ, հայերին բռնի տեղահանելն էր: Սակայն պատանին սիրահարվում է Արաքսիին, հետո վիրավորվում ու անգլիական հոսպիտալում վիրահատվում, որից հետո կորցնում է հիշողությունը: Նա ամուսնանում է մի ամերիկուհու հետ ու տեղափոխվում Միացյալ Նահանգներ: Ապրում է 92 տարիՙ իր անցյալի մղձավանջային պատկերները մոռացության տալով:

- Այլաբանորեն կարող ենք հասկանալ, որ Ահմեդը Թուրքիայի մարմնավորումն է: Թուրքիան չի ջնջում իր պատմությունից առաջին աշխարհամարտը, բայց ջնջում է այդ տարիներին իրականացրած Հայոց ցեղասպանությունը:

- Այո, Մարկ Մուստյանն իր գլխավոր հերոսի միջոցով ցույց է տալիս Թուրքիայի դիրքորոշումը: Թուրքիան էլ իր պատմությունից ջնջել էր Մեծ եղեռնը. 100 տարի ապրում է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Կենսաբանորեն էլ է այդպես. որպեսզի կարողանաս ապրել, պետք է քեզ ցավ պատճառող իրողությունները մոռացության տաս: Ահմեդն էլ մոռանում է, որ ինքը ժանդարմ է եղել ու հալածել է հայերին, մոռանում է իր սիրած աղջկանՙ Արաքսիին, ջնջում է այդ ամենն իր հիշողությունից, որպեսզի կարողանա ապրել:

Բայց հիշողությունը կարող է անսպասելիորեն վերադառնալ ու ստիպել մարդուն մեղքի զգացումից տառապել: Այդպես է լինում նաեւ Ահմեդի հետ: Մարկ Մուստյանը ցույց է տալիս, որ անհնար է մոռանալ անցյալը: Պարզվում է, որ 92 տարեկան Ահմեդն ուղեղի ուռուցք ունի: Նա վիրահատվում է եւ երազ տեսնում. անցյալում թողած ու իբր մոռացության մատնած բոլոր դեպքերը, եղեռնի տեսարանները մեկ առ մեկ վերադառնում են: Սակայն ի՞նչ ասի Ահմեդը, ո՞րն ասի ու ո՞րը թողնի: Նա պիտի պատասխան տա իր եւ ուրիշների առաջ, ինչպես Թուրքիան, եթե խոսի Ցեղասպանության եղելությունից, պիտի պատասխան տա սերունդների առաջ: Բայց բնական է, որ յուրաքանչյուր մարդ, պետություն, իշխանություն ուզում է լավ հիշատակ թողնել, իսկ եղածն ամբողջությամբ խոստովանելովՙ ինչպե՞ս կարելի է բարի համբավ ունենալ: Ահմեդը ներում է հայցում, բայց մի՞թե չափազանց ուշ չէ:

- Մուստյանը հոգեվերլուծության է ենթարկել իր հերոսինՙ փորձելով հասկանալ նաեւ այսօրվա Թուրքիային: Ձեր գմահատմամբ համոզի՞չ է նրա հերոսը:

- Ահմեդը Մուստյանի հոգեբանական խորաթափանց ու մանրակրկիտ հետազոտության արդյունքն է: Հեղինակին հաջողվել է գեղարվեստական հետաքրքրական լուծումներով ստեղծել համոզիչ ու իրական կերպար: Չմոռանանք, որ Մուստյանը հայտնի փաստաբան է, ու դեպքերը քննում, վերլուծում է դիվանագետի, մարդու իրավունքների ու պարտականությունների գիտակի տեսանկյունից:

«Ժանդարմը» թարգմանվել է 10 լեզվով, արժանացել Ֆլորիդայի «Ոսկե գիրք» մրցանակին, ներկայացվել Դեյթոնի Խաղաղության միջազգային, ինչպես նաեւ «Սարոյան» գրական մրցանակին:

- Նախկինում հանդիպե՞լ եք Մուստյանին կամ խոսե՞լ եք նրա հետ:

- Մինչ «Գրական տապան« փառատոնը, Մարկին երբեւէ չէի հանդիպել: Իսկ խոսել, այո, իհարկե, չէ՞ որ նրա գիրքն եմ թարգմանում:

Մարկը հրաշալի փաստաբան է, մեզ այդպիսի մասնագետներ են պակասում: Նա շատ իրատես է: Երբեք չի շեշտում, որ հայկական ծագում ունի: Իր հայ լինելու մասին հարցերին պատասպանում է, որ ազգանվան յան վերջածանցից բացի, որեւէ ընդհանուրություն չունի հայկական արմատների հետ: Մարկը շատ ճիշտ է վարվում: Մենք հայտարարում, աղաղակում ենք, որ այսինչը հայ է, այնինչը հայ է, Ջորջ Քլունին հայ է. չի կարելի այդպես: Մենք այդպիսով վնասում ենք մեզ, փակուղի մտցնում մեր քայլերը: Աշխարհում ինչքա՜ն հրեա կա, որ անգամ ազգանունն է փոխել: Եվ ինչո՞ւ. կարծում եքՙ նրանք ուրանո՞ւմ են իրենց արմատները: Բնավ, ոչ: Իսկ մենք հայտարարում ենք, թե այս մարդը հայ է, ու նրա գործունեությունն աշխարհն ընդունում էՙ որպես ազգային շահին միտված արարք, ոչ թե համամարդկային ազնիվ մղումներից դրդված քայլ: Մենք դիվանագիտական ճկունություն չունենք:

Մարկ Մուստյանի «Ժանդարմը» բեսթսելեր է, վաճառվել է 20 միլիոն օրինակով: Այն բազմաթիվ հարցադրումներից բացի, տալիս է նաեւ բազմաթիվ պատասխաններ. ի՞նչ սպասել հրեշից, եթե նրան մինչեւ վերջ հրեշ ենք ընկալում, իչնպե՞ս կարող ենք պահանջներ ներկայացնել մի երկրի, որը մեզ իրեն հավասար ազգ ու պետություն չի ընկալում: Թուրքերն ինչպե՞ս չիրականացնեին ցեղասպանություն, եթե մենք նրանց ընկալմամբ արժանապատիվ, հավասար իրավունքներով, պատվախնդիր ազգ չէինք: Այդպես էին ընկալում, որովհետեւ այդպես էինք ներկայանում ու այդպես մեզ դրսեւորում: Եթե 100 տարի անց ոչինչ չի փոխվել, ուրեմն նրանց ընկալումն ու մեր դրսեւորումն էլ նույնն են մնացել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 01-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ