RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 01-05-2015



ՀԱՆԴԻՊՈՒՄ LE MOND_ՈՒՄ

Տեղադրվել է` 2015-04-30 20:24:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1005, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱԼԵՆ ԱԼԹԸՆՕՂԼՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՆ

Ըստ «Le Monde» թերթի պատրաստեցՙ Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Ֆրանսահայ դիրիժորը երեւանյան ելույթից հետո հանդես եկավ Փարիզում

Ալեն Ալթընօղլուն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ապրիլյան ելույթի համար Երեւանի պետօպերայի դահլիճում երաժիշտների հետ փորձեր սկսեց մարտի 31-ին: Հայաստանը ցնցող բացահայտում եղավ նրա համար: Դա իր արմատների երկիրն է, որի լեզվին ինքը ծանոթ է, բայց դրանով խոսողներինՙ ոչ: Նվագախմբի ֆրանսահայ դիրիժորը իր հետ Երեւան էր բերել հորըՙ Ալեքսանդրին, որդունՙ 9-ամյա Արթուրին եւ կնոջըՙ մեցցո-սոպրանո Նորա Գյուբիշին:

Փորձը վերսկսվեց. կատարվում է Ռավելի «Իսպանական ռապսոդիան»: Դա նվեր է, որի հայաստանյան առաջին կատարումը Ալեն Ալթընօղլուն ուզում էր ապահովել ապրիլի 3-ին: «Նրանք դա առաջին անգամ են նվագում: Ֆրանսիական երաժշտությունը դյուրին չէ իրենց համար, քանի որ մեծ չափով տոգորված են գերմանա-ռուսական նվագացանկով», ասում է նա: Ռավելը թերեւս պատահականորեն չի ընտրված: 1960-ականներին Ալենի մայրըՙ երիտասարդ դաշնակահարուհի եւ Ստամբուլի կոնսերվատորիայի դասախոս Ժանեթ Մաֆյանը մրցույթի ժամանակ Թուրքիայում առաջին անգամ կատարել էր նույն կոմպոզիտորի «Կոնցերտը»: «Նվագախումբը չուներ բավարար թվով գործիքներ: Հարկ եղավ դիմել նավատորմի նվագախմբին: Ես տանն ունեմ ձայնագրությունը: Դա բավական հուզիչ է...», ասում է Ալենը:

Ֆրանսիայում ծնված Ալեն Ալթընօղլուն 1988 թ. 12 տարեկանում կորցրեց երաժիշտ մորը, ով որդուն եւ դստերը տառերից առաջ սովորեցրել էր նոտաներ եւ ֆրանսերենից առաջՙ հայերեն: «Մինչեւ 3 տարեկան դառնալս գիտեի միայն հայերեն, բայց հետո մանկապարտեզում պարզեցի, որ ոչ ոք չի խոսում իմ լեզվով: Տանը հյուրընկալում էինք հայերի, գնում էինք հայկական եկեղեցի, մորս ծնողների տանը հավաքվում էինք բյորեկ ուտելու»: Ալենը բանջարեղենով կամ մսով լցոնված այդ սննդատեսակը եռանդագին որոնում է Երեւանի ռեստորաններում:

Հայերեն վարժ խոսելու շնորհիվ Երեւանում Ալեն Ալթընօղլուն անմիջապես հմայեց երաժիշտներին: Անուշադրության որեւէ դեպք չընդհատեց ռավելյան լեզվին (գույներ, արտահայտություններ, փոխկապակցումներ) առնչվող մանրակրկիտ ու նուրբ երաժշտական աշխատանքը: Դահլիճում նստած հայրըՙ Ալեքսանդր Ալթընօղլուն, հպարտ հայացքով նայում էր որդուն, որը արդեն 12 տարեկանում երգեհոնով նվագակցել էր Փարիզի կենտրոնումՙ Պերշ եւ Շառլո փողոցների անկյունում գտնվող Սուրբ Խաչ հայ կաթողիկե եկեղեցում ամեն կիրակի իր ղեկավարած երգչախմբին:

Ինքը եւ իր տիկինը (երկուսն էլ Թուրքիայում ծնված) Ֆրանսիա տեղափոխվեցին 1971-ին: «Մեր ազգանունըՙ Ալթունյան («ոսկի» բառից), թուրքացրել է հավանաբար հայրական պապս: Սակայն սփյուռքում մեր բոլոր զարմիկները Ալթունյան են: Մեր ընտանիքը սերում է Անատոլիայի Քյութահյա քաղաքից, որտեղից էր նաեւ նշանավոր երգահան Կոմիտասը. հայոց մեծ եղեռնը վերապրելովՙ նա կյանքն ավարտեց Վիլժյուիֆի հոգեբուժարանում», պատմում է Ալեքսանդրը:

Ալեքսանդր Ալթընօղլուն եւ իր ջահել կինը ակնկալում էին Ֆրանսիայում գտնել ավելի լավ կյանք: Չորս տարի անցՙ 1975 թ. հոկտեմբերի 9-ին նրանց որդին ծնվեց հայաշատ Ալֆորվիլ քաղաքում (Վալ դը Մարնի նահագ): «Ընտանիքներում չէին խոսում ցեղասպանության մասին: Մարդիկ վախենում էին ճնշումներից: Հայերից շատերը ճշմարտությունն իմացան Եվրոպա հասնելուց հետո միայն», ընդգծում է Ալեքսանդրը:

«Արշակ 2-րդը» Կալիֆոռնիայում

Միջազգային բեմահարթակներում առավել պահանջված ֆրանսիացի դիրիժորներից մեկը դառնալուց առաջ Ալեն Ալթընօղլուն դաշնակահար եւ խմբավար է եղել Փարիզի օպերայում: Այդ կարգավիճակում 2001 թ. սեպտեմբերին նրան հրավիրեցին աշխատելու Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում հայկական ամենահայտնի օպերայիՙ Տիգրան Չուխաջյանի «Արշակ 2-րդի» համաշխարհային պրեմիերայի վրա. բեմադրիչը Ֆրանչեսկա Զամբելլոն էր: Երգչախմբային եւ բալետային դրվագներով հարուստ այդ օպերայի լիբրետտոն 1868 թ. գրվել է հայերեն եւ իտալերենՙ ըստ Արշակ 2-րդ թագավորի կյանքի պատմության: Փառանձեմ իշխանուհու (ապագա թագուհու) դերում հանդես էր գալիս Ալենի կինըՙ մեցցո-սոպրանո Նորա Գյուբիշը: «Առաջին անգամն էր, որ «Արշակ 2-րդը» բեմականացվում էր իր նախնական տեսքով, առանց խորհրդային շրջանի գործիքավորումների, որոնք գերակշռում են սովորաբար: Կալիֆոռնիայի հայ համայնքը այդ նպատակով հանգանակել էր մեկ միլիոն դոլար», պատմում է Ալեն Ալթընօղլունՙ հպարտանալով, որ ինքը եւս մասնակցել է հայկական մշակույթի վերականգնման այդ աշխատանքին:

Գեղեցկություններ, տարօրինակություններ, աղքատություն

Ալեքսանդր Ալթընօղլուն, ինչպես եւ իր որդին, երբեք չէր եղել Հայաստանում: Իր որդու նման, նա թվարկում է երկրի գեղեցկությունները եւ տարօրինակությունները, ինչպես նաեւ աղքատությունը, սփյուռքի օգնությանը ենթակա լինելը: 1991 թ. անկախացած երիտասարդ հանրապետությունը մինչեւ օրս ջանում է հաղթահարել խորհրդային տիրապետության յոթ տասնամյակների եւ Ադրբեջանի ու Արցախի միջեւ դեռ չավարտված պատերազմի պատճառած տնտեսական քայքայումը: Հայր ու որդի համակարծիք են «հյուրընկալության որակիՙ հայերի էական առաքինության» հարցում, որը չի խաթարվել պատմության պատճառած դժբախտություններից: Օրինակ, նվագախմբի երաժշտական տնօրեն (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր) Էդուարդ Թոփչյանը գալիս էր ընկերաբար ներկա գտնվելու փորձերին: Ինչ վերաբերում է երաժիշտներին, Ալեն Ալթընօղլուն պատմում է, որ նրանցից առնվազն տասը հոգի ինքնաբուխ կերպով ավտոմեքենայով իրենց տեղափոխել են հայաստանյան այցելության ամբողջ ընթացքում: «Սա աներեւակայելի է Ֆրանսիայում», ասում է նա:

Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցին հաջորդ օրը, փորձի ավարտից հետո:

Ալեն Ալթընօղլուն ապրիլի 21-ին արդեն ոչ թե Երեւանում, այլ Փարիզի «Շատլե» թատրոնում ղեկավարեց ի հիշատակ Ցեղասպանության զոհերի Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի կազմակերպած համերգը: Այդ օրը նա ղեկավարում էր «Armenian World Orchestra» կոչվող ժամանակավոր նվագախումբը, որը կազմված էր սփյուռքի հիսուն երաժիշտներից, ինչպես նաեւ քառասուն խմբերգիչներից: Նրանցից բացի կային անվանի երգիչ-երգչուհիներ: Այս անգամ հնչում էր ոչ թե ֆրանսիական երաժշտություն, այլ Արամ Խաչատրյան, ինչպես նաեւ Միշել Պետրոսյանի «Արնածոր երկինք» խոսուն վերնագրով ստեղծագործությունը, Կոմիտասի անանց «Կռունկը» եւ այլն: Իսկ Մոցարտի «Ռեքվիեմը», Արարատ լեռան երեկոյան լուսավորության պես, անդորր պարգեւեց հանդիսատեսին:

(Կրճատումներով)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 01-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ