ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՎԱՉԵ ԱՏՐՈՒՆՈՒ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅՈՒՄ Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերագետ Վաչե Ատրունին սփյուռքահայ ժամանակակից թատրոնի ամենագործունյա գործիչներից մեկն էՙ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր: Ծնվել է 1949-ին Բեյրութում, միջնակարգ կրթությունն ստացել է Հալեպում, թատերական-մասնագիտականը Վենետիկում (1969) եւ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում (1970-1976): 1977-ից առ այսօր ծառայել եւ իր նպաստն է բերել Բեյրութ-Հալեպ եւ հարակից վայրերի հայազգի բնակչության գեղարվեստական կյանքի զարգացմանը: Ատրունին գրել ու բեմադրել է տասից ավելի պիես, որոնց մի զգալի մասըՙ Հայոց ցեղասպանության թեմայով: Հետեղեռնյան սերնդի վրա ցեղասպանության տխուր հետեւանքների արտացոլումը նկատելի տեղ է գրավել այդ սերնդի երրորդ-չորրորդ շառավիղ գրական-թատերական գործիչների ստեղծագործական կյանքում, որոնցից մեկն էլ Ատրունին է: Ժամանակակից սփյուռքահայ թատրոնում նա միակ թատերական գործիչն է, որի շոշափած թեմաները սկսվում են 1904-ից եւ շարունակվում մինչեւ մեր օրերը: Բեմական որոշակի փորձառություն ձեռք բերելուց հետո Ատրունին 1981-ին Բեյրութում, մի շարք նվիրյալ երիտասարդների հետ կազմակերպել է «Հայկական շրջուն թատերախումբ»ՙ նպատակ ունենալով հայկական գաղթօջախներում վառ պահել հայ թատրոնի ջահը, որպեսզի նրանով ջերմացնի օտար երկնքի տակ ապրող ազգակիցների հայրենակարոտ սրտերը, մայրենի լեզուն ու սովորությունները, կենդանություն տա անցյալի հիշողություններին: Այսպիսի նպատակադրությամբ զինված ազգային գործիչը, բնականաբար, չէր կարող անտարբեր անցնել ցեղասպանության թեմայի կողքով: Եվ նա գրել է վերապրողների խաթարված կյանքը պատկերող «Ծառը» տխուր կատակերգությունը (1985), ապաՙ «Հորովելը» (1985), «Անավարտ սկիզբը» (1987) պիեսները եւ բեմադրել ինչպես Բեյրութում, այնպես էլ Հալեպում, Հայաստանում եւ այլ քաղաքներ կատարած հյուրախաղերի ժամանակ: «Ծառը» պիեսի բեմադրութան առնչությամբ, բեմադրիչի իր խոսքում Ատրունին գրել է. «Ծառը» թատերախաղի նիւթը իմ մանկութիւնս է... մեր սփիւռքահայութեան պատմութիւնը: Անոր մէջ արծարծուած հարցերն ու խնդիրները կը կազմեն իմ քաղաքացիական մտածողութեան մէկ մասը: Ես ունիմ մարդկային որոշ ազատութիւններ, բայց այդ ազատութիւնն ալ պարտադրուած է ինծի: Որպէս այդպիսին կը տարբերիմ աշխարհի վրայ գոյութիւն ունեցող բոլոր միւս ազգութիւններէն ու ցեղախմբերէն... Ծառերը ազգերու պատմութեան խորհրդանշական վկայութիւններն են: Որքան ալ կեցած չորնան անոնք, բայց պիտի տապալին, երբ խնամող ձեռքեր չունին ու երբ արմատախիլ եղած են մայր հողէն: Ծառերը ծաղկամանններու մէջ չեն դրուիր: Մենք ծաղկամաններու մէջ ապրող սերունդ ենք»: Հեղինակի քաղաքական այս բնրոոշում-հավատամքը գրեթե նույնն է, ինչպես կոչվել են նրա նախորդ սերնդի գործիչներըՙ մանկություն չունեցող սերունդը: Ասված է պարզ, խտացված, վավերական: Ոտքի տակ հայ հողի բացակայության, կարոտի, օտար միջավայրում ազատ-անազատի, խնամքի կարոտ ծառ-ընտանիքի պահպանության, դժվարությունները հաղթահարելու լուսաբանությունն է տրված «Ծառը» պիեսում, որի ընտանիքի պատմության ընդհանրացումով գաղութահայ կյանքի առօրյա հոգսեր ենՙ անապաստան, տեղից տեղ փոխադրվող մարդկանց անհանգիստ ու անապահով կյանքի պատկերը: Ինչպե՞ս իրեն խմիչքի չտա հարազատներին կորցրած Թորոսը, ինչպե՞ս կյանք շարունակելու համար բժշկություն չսովորի կոշկակարի տղան: Սա պայքար է չարիքը հաղթահարելու դեմ, ապրելու եւ ստեղծագործելու համար: «Հորովել» պիեսը նույնպես անցյալի հիշողություն է: Ծերունի հայը ընկնում է Նյու Յորքի փողոցում: Տանում են հիվանդանոց: Հոգեվարքի մեջ նա վերհիշում է իր կյանքի անցած ուղինՙ սկսած մանկությունից, ապա Հայոց մեծ ջարդը, որից մի կերպ փրկվելով անհույս երկրից երկիր է նետվելՙ անհեռանկար... Ծերունու դերը կատարել է թատերախմբի շնորհալի ուժերից մեկըՙ Մանվել Մարգարյանը: «Անավարտ սկիզբը» պիեսում պատկերված է Մեծ եղեռնի շրջանում տարագրված եւ բախտի բերմամբ ողջ մնացած հայերի կյանքը Հալեպի արվարձաններում: Պիեսի հերոսներից ամեն մեկն ապրում է իր կորցրած հայրենի տան կարոտով: Առանձնապես տպավորիչ է Խենթը, որն անընդհատ կրկնում էՙ «Կիլիկիան մերն է»: Այս պիեսն առաջին անգամ ներկայացվել է 1987-ին, Երեւանում, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի հրավերով հյուրախաղերի ժամանակ: Ատրունու պիեսներից մեկն էլ կրում է «Կամիշ 37» (կամ Շավո) անունը: Պիեսը չի բեմադրվել: Թեմանՙ նույն վերապրողների, բայց խաթարված մարդկանց կյանքն է: Արաբական անապատի խորքում մի խումբ հայեր խրվում են ավազամրրիկի մեջ, նահապետ Շավոն դուրս է հանում նրանց այդ ահավոր վիճակից: Պիեսն այլաբանական-հոգեբանական երանգ ունի: Գրվել է 1990-ական թթ. Ղարաբաղյան ազատագրական շարժման արձագանքների ազդեցության տակ: Պատմական անցյալի վերակոչում է նաեւ Ատրունու «Առաքելոց վանքի կռիվը» պիեսը, որը բեմադրվել եւ Հալեպի ՀԵԸնկերակցության «Պետրոս Ադամյան» թատերախմբի ուժերով, 1989-ի ապրիլի 22-ի: «Առաքելոց վանքի կռիվը» պիեսի բոլոր կարգի ձեւավորումները կատարել են «Պետրոս Ադամյան» թատերախմբի ստեղծագործական ու տեխնիկական աշխատողները: Իսկ դերակատարները եղել ենՙ Անդրանիկ- Հակոբ Միքայելյան, Մշո պապի- Հովհաննես Սամուելյան (ներկայացումը նվիրվել է նրա բեմական գործունեության 40-ամյակին), Հարութ- Ներսես Պոյաճյան, Վանահայր- Հակոբ Մուրատյան, Ավե- Ռաֆֆի Չաղլասյան, Գեւորգ Չավուշ- Զավեն Պիլեմճյան, Սեյտո Պողոս- Մկրտիչ Տարագճյան, Աբեղա- Գեւորգ Սարյան, թուրք սպա- Սմբատ Երեցյան: Վերջին տասնամյակում Ատրունին իր գործունեության հիմնական վայրը դարձրել է Բեյրութը: Տարիներ առաջ Բեյրութում կազմակերպել է տեղի Թեքեյան մշակութային միության «Երվանդ Օտյան» թատերախումբը եւ գործունեությունը շարունակում է նոր պիեսների բեմադրությամբ: Նրա գրած ու բեմադրած պիեսներն ենՙ «Մեր թաղը» (2011), «Rue Սիս, Cafe՛ Մասիս» (2012), «Թիվ 46 փողոց, Մարաշ» (2013): Վերոհիշյալ պիեսներում հեղինակը հայրենասիրական մեծ շնչով ներկայացրել է Կիլիկյան Հայաստանի բնակչության կյանքի, կենցաղի առանձին պատկերներ, թարմացրել եւ անցյալի մասին հիշողություններին նոր երանգ հաղորդել, իրար շաղախել անցյալի վշտալի եւ զվարճալի դեպքերը, նոր սերնդին փոխանցել ազգային սովորությունները, բառն ու բանը: Եվ այս բոլորն այնպես վարպետորեն մատուցել, որ բոլորը գոհ են մնացել զվարճալի վերջավորությամբ ներկայացումից: Բոլոր այս պիեսներում հինը վերականգնվել է սիրով, կարոտով, ինչպիսիք են եղել նույն թաղի մարդիկ, ինչպես են առօրյայում գործածելի դարձրել Սիսը, Մասիսը, Մարաշի փողոցի բնակիչների կարոտալի հիշողությունները: Այս պիեսներով Ատրունին մի կողմ է դրել կորցրածի համար ողբասացությունը եւ ծիծաղի միջոցով ոգեկոչել կորած անցյալը: Ատրունու գրած ու բեմադրած վերջին պիեսը «Ծերունին եւ լեռը» գործն էՙ ողբերգական եւ զավեշտական իրադարձություններով համեմված մի հայ ընտանիքի պատմություն, որն օրգանապես կապված է Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների շարունակության հետ: Պիեսը գրվել է Հայոց Քեսապի վերջին հայաթափության իրադարձություններից քիչ առաջՙ կռահելով նրա մոտալուտ ողբերգությունը: Այս երեւույթը սրտացավ հեղինակը արտակարգ սեղմ ժամկետում թատերգության վերածելով, նորից ընդգծել է թուրքերի ջարդարար քաղաքականությունը, որն ուրիշի երկրում էլ հանգիստ չի տալիս հայերին: Դարձյալ սկսվել է հայերի կողոպուտ, հալածանք, գաղթ... «Ծերունին եւ լեռը» պիեսում հեղինակը ներկայացրել է մի հայ ընտանիքի անդամների երկփեղկված հոգեկան ապրումները Քեսապում կատարվող ռազմա-քաղաքական տատանումների ժամանակ: Իրենց կյանքը վերահաս անխուսափելի վտանգից փրկելու համար ընտանիքի անդամները փոխադրվում են Հայաստանՙ այստեղից Ամերիկա գաղթելու մտադրությամբ: Ողբերգական ու զավեշտական տեսարաններն սկսվում են Փարիզի օդանավակայանում: Ընտանիքի ծեր անդամը չի ցանկանում Ամերիկա մեկնել: Նա ուզում է վերադառնալ իր հարազատ Կիլիկիանՙ լեռնային հրաշալի բնությամբ Քեսապը, իսկ երիտասարդները որոշակիորեն տրամադրված են շարունակել իրենց ճանապարհըՙ հասնել Ամերիկա, նոր կյանք սկսելու երազներով: Երկու սերնդի ներկայացուցիչների հայացքները չեն համակերպվում: Եվ այսպես, նոր գաղթի հարցը դառնում էՙ գնալ, թե՞ մնալու հարց: Ատրունին իր այս նոր պիեսը բեմադրել է Բեյրութի Պուրճ Համուտի Հ. Տեր-Մելքոնյան թատերասրահում, Թեքեյան մշակութային միության «Երվանդ Օտյան» թատերախմբի ուժերով: Առաջին ներկայացումը կայացել է 2014 թ. մայիսի 11-ին: Բեմադրության մեջ զբաղված են եղել թատերախմբի փորձառու եւ երիտասարդ դերասան-դերասանուհիներըՙ Ծերունու պատասխանատու դերումՙ Տիրան Սարգիսյանը (նախկինումՙ Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբից): Ատրունին իր այս հերոսի համար ընտրել է Հայոց Արարատ լեռան անունը, որին ուզում է կառչած մնալ ծերունի Արարատը: Հեղինակի մտահղացմամբ կա երկու Արարատՙ հայության համար Մասիս-Արարատ լեռը, իսկ ծերունու ընտանիքի համարՙ Արարատ պապիկը: Ոչ առաջինից, ոչ էլ երկրորդից չի կարելի բաժանվել: Մյուս դերերը կատարել ենՙ Կասիա Թոփուշյանը- Հասմիկ, Հարութ Թորոսյանը- Թորոս (Ամերիկա գաղթելու գաղափարակիրները), Մասիս Լեփեճյանը- Առաջին Նարեկ, Կարեն Տարագճյանը- Երկրորդ Նարեկ, Սթեֆանի Ղուկասյանը- Նանե, Լուսինե Տաքեսյանը- Ժան, Մակի Վասիլյանը- օդակայանի պաշտոնյա, Պեթի Սարգիսյանը- Իսկուհի: Երաժշտության ձեւավորումը կատարել է պիեսի հեղինակը, երգերը կատարել է Կայել Թորոսյանը: Ներկայացումը կրկնվել է մի քանի անգամ, արժանացել հանդիսատեսի համակրանքին ու գնահատությանը, ինչպես պիեսի, այնպես էլ դերակատարների հարազատ խաղի համար: Ահա այդ գնահատականներից մեկը, որն ամփոփում է հեղինակի գաղափարախոսությունն ու մոտեցումը: Այդ մեկը Սիրիա-լիբանանյան գրական-մշակութային կյանքի բազմավաստակ գործիչ Թորոս Թորանյանն է, որը գրել է. «Բեմին վրայ մեր այսօրուան կյանքն է ներկայացուողը: Ամերիկա մեկնիլ ու մնալ երկիր: Այսօրուայ հայ տուներէն ներս յաճախակի ներկայացուող նիւթ, զոր Վաչէ Ատրունի թատերագէտ բեմադրիչը այդ օր բեմ բարձրացուց ըսելու համար մեզիՙ թէ կան արտագաղթողներ, կան նաեւ երկիր մնացողներ, որոնց շարքին նաեւ դէպի այսօրուան հայրենիքը նախընտրող մեկնողներ: Հեղինակն այս թատերգութեան մէջ նաեւ փորձած էր խօսիլ Արցախի եւ մեր երկիրը ցնցած երկրաշարժին մասինՙ անցողակի: Հիմնական նիւթը մնացած էր հայրենիքի մէջ մնալու ու երկրէն չհեռանալու գաղափարը, զոր բեմին վրայ հաստատուած գտանք հայրենիք մեկնող հայուհիով մը եւ երկիր մնացող, Քեսապին կառչած մնացող օրուան հերոսով, որ, պէտք է խոստովանիլ ու հաստատել, լաւագոյնս կատարեց իր դերը որպէս Արարատՙ Տիրան Սարգիսյան... Երբ Վաչէ Ատրունին եկաւ բեմ, ժողովուրդը ոտքի՛, յոտընկայս ծափահարութիւններով լեցուց սրահը» (Զարթօնք, 17 մայիսի 2014): Հայրենիք մեկնելու իր կոչը Թորանյանը խոսքից դարձրել է գործ եւ որպես Հայաստանի քաղաքացի, նրա վերաշինության մասնակիցը դարձել: Իսկ Վաչե Ատրունին շարունակում է իր հայրենասիրական աշխատանքըՙ նոր գործերով արձագանքելու հայ կյանքի հին ու նոր արժեքների առաջընթացին: |