ԱՆՇԼԱԳՆԵՐԻ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՆԱԻՐ ՅԱՆ «Լոֆթ» կենտրոնում Հրանտ Թոխատյանի հետ հանդիպում էր. օ՜, կներեք, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի. դեռ անսովոր է նրա անվանը կոչում կցելը, բայց դա ժամանակի հարց է: Չէ՞որ մենք հաշտվեցինք Անդրեյի, Ալլա Լեւոնյանի, Արման Հովհաննիսյանի եւ ռեստորանաշոուբիզնեսային այլ հայտնիների վաստակավոր լինելու փաստի հետ: Մրից պրծանք, մրջուրն ընկանք. հիմա էլ մեծարման տուրք նախագահականիցՙ ռաբիսին: «Արմենչիկ վաստակավորի» պատճառով ինչքան էլ ինքներս մեզ ներսից ուտենք, մարդը հայտարարել է. «Համեցեք հոկտեմբերի 9-ի իմ համերգին Microsoft դահլիճ: Տոմսերը սպառված են: ...Սերը կհաղթի ատելությանը»: Իր արեւին` մենք իրեն ատում ենք, ինքն էլ սիրով է պատասխանում մեր ատելությանը: Էլ հաշիվ չի տալիս, որ դժգոհության ու ըմբոստության այս ալիքը կոչումներ սահմանող ու շռայլորեն ընծայող համակարգի դեմ է, ոչ թե որեւէ անձի, մանավանդ երբ այդ անձը մանուկ ժամանակներից ժառանգել է փաղաքշական անունՙ առանց ազգանվան, ու հույս էլ չկա, որ անգամ խոր ծերության ժամանակ այդ -չիկից կազատվի: -չիկը բրենդ է, իսկ ռաբիսի մեջ խորամուխ լինելը դոկտորական պաշտպանելու պես մի բան, որը ենթադրում է գլխապտույտ հաջողություններ, երկրպագուների հոծ բազմություն, անշլագՙ ավելի մեծ ու հեղինակավոր դահլիճներում: Մի խոսքով, պատվավոր կոչումները շոուբիզնեսից սահուն անցում կատարեցին դեպի ռաբիսի տիրույթներ: Ի՞նչ նշանակություն ունիՙ մարդն արվեստ է ստեղծում, թե արվեստի հերն անիծում է, ժողովրդի ճաշակը բարձրացնում է, թե ժողովրդի ճաշակի վրա շատ բարձրից թքած ունի: Երկրիս բարձրագույն ամբիոնից ու էլիտայի կողմից հստակ դիրքորոշում արտահայտվեց. կարեւորը մարդը հսկա դահլիճներ է լցնում, հասարակության լայն զանգվածներին տանում է իր ճաշակի հետեւից: Արմենչիկական նույն մոտեցումով են գնահատվել, օրինակ, Աշոտ Ղազարյան, Հրանտ Թոխատյան ժողովրդական արտիստների, Ալիկ Գյուլնաշյան վաստակավոր արտիստի որակները: Փաստորեն: Մարդիկ հոծ զանգվածներ են տանում իրենց հետեւից, երկրպագուների մեծ բանակ ունեն, դահլիճներ են լցնում, հո չե՞նք կարող հերքել. եթե այդ չափանիշը կա, ուրեմն այդքանը լրիվ հերիք է պատվավոր կոչում տալու համար: Մնացածըՙ արվեստ է, թե արվեստ չէ, մարդկանց հռհռացնելու համար է, թե կրթել-դաստիարակելու, ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետեւ արվստի ու անարվեստի սահմանները վաղուց ջնջվել-կորել են, ի՞նչ գեղագիտություն ու գեղարվեստ, ձայնի ու արտիստիզմի ի՞նչ խորքային ու բազմերանգ շերտեր. դատարկ, դարն ապրած բաներ են. նշաձողը իջել-հավասարվել է գետնին: Նախագահականում Հրանտ Թոխատյանին բացատրել-պարզաբանել են, թե ինչու է ինքը ժողովրդականի կոչում ստանում: րանտ Թոխատյանին դեռեւս 2005 թ. Թատրոնի միջազգայն օրվա առթիվ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են տվելՙ որպես Կամերային թատրոնի դերասանի: Մշակույթի նախարարությունում չեն էլ իմացել, որ նա 1990 թվականից այլեւս կամերայինում չի աշխատում ու առհասարակ որեւէ թատրոնում չկա. առանձին գործող դերասան է: Թոխատյանն այդ ժամանակ վաստակավորի կոչումից հրաժարվել է ու այն վերադարձրել: «Պիժոնություն չէր արածս, պարզապես իմաստը չհասկացա էդ կոչման: Դերասանը կոչումների համա՞ր պիտի աշխատի»: Ժողովրդական արտիստի կոչումը նախագահականում վերցրել է, բայց փորձել է հասկանալՙ ինչի համար է այն: Բացատրել ենՙ դահլիճներ ես լցնում, հասարակությունը գալիս է քո ներկայացումներին: Ընդունել է ու վերցրել ժողովրդականը: Ուրեմն նախկինումՙ վաստակավոր տալիս, նրա լավ չեն բացատրել կոչման իմաստը կամ բացատրող չի էլ եղել: Իսկ ավելի ճիշտՙ այդ իմաստը նախկինում չի շրջանառվել. այն, փաստորեն, մերօրյա թարմ գաղափար ու իմաստություն է: Եթե ես պիտի կոչում ունենամ, բայց հանդիսատես չունենամ, թքած ունեմ էդ կոչումի վրա. Հրանտ Թոխատյան: ոխատյանը կարծում է, որ կոչումները վացուց սպառել են իրենց, ու չպետք է սովետից բերեինք-հասցնեինք մեր օրեր: Սովետի ժամանակ կոչումներն ահագին արտոնություն էին տալիսՙ առատ աշխատավարձ, տուն-մեքենա, ի վերջո, պատիվ-հարգանք: Հիմա ում կոչում են տալիս, ժողովուրդը կամ ասում էՙ բա ինչո՞ւ այսքան ուշ տվեցիք, կամ էլՙ ախր նրանից ի՞նչ վաստակավոր կամ ժողովրդական: Երբ Կարեն Ջանիբեկյանին վաստակավոր արտիստի կոչում տվեցին, նախագահականի ամբիոնից ասաց. «Ես տանը նստածՙ ինձ համար համակարգչով խաղ էի խաղում, մեկ էլ զանգեցին, թե արի նախագահական, վաստակավորի կոչում են տալիս քեզ: Ճիշտն ասածՙ չէի ուզում գալ, բայց զոռով բերեցին»: Այդ տարիներին, օրինակ, դեռ չէր գործում կոչում ունենալու համար դահլիճներ լցնելու նախապայմանը: Կարեն Ջանիբեկյանը, որ տեղով Աստված էլ դառնար, չէր կարող դահլիճ լցնել: Սա այն դեպքն էր, երբ ժողովուրդը համամիտ էր նրա հետՙ Ջանիբեկյանը վաստակավորն շատ ուշացումով ստացավ: Կոչումները վերադարձնելն այն ժամանակ կտեսնեիք, երբ Սոս Սարգսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Խորեն Աբրահամյանը ողջ լինեին: ախտները բերել է. նրանք չկան: Մեծերի ներկայությունը հավասարակշռություն, վերահսկողություն, զգոնություն, ամոթ ու խիղճ է հասարակության համար: Եթե նրանք լինեին, հազիվ թե իշխանությունները կոչումների այսպիսի շռայլ բաշխում թույլ տային իրենց: Պատկերացրեքՙ նույն ժողովրդականն են ստացել Սոս Սարգսյանն էլ, Հրանտ Թողատյանն ու Աշոտ Ղազարյանն էլ: Թոխատյանը, որ ասում է, թե կոչումն արտիստի ինչին է պետք, պատկերացնո՞ւմ էՙ Խորենն ու Սոսը կոչում չունենային: Նրանց չունենալն իշխանություններին չէր ներվի, բայց ահա ձեր ունենալը, պարոնայք, նույնպես իշխանություններին չի ներվում: Գնացեք ու Պեպոյի ասածՙ մի լա՜վ փիքր արեք, թե ինչու: Դերասանը պիտի բոմժ չլինի, մատնաքաշ-աչքերով չկանգնի հանդիսատեսի առաջ: Նա պիտի կուշտ ու ապահովված լինի. Հրանտ Թոխատյան: պարտորեն ասում է, որ ինքը Հայաստանի ամենահարուստ դերասանն է, ոչ ոք իրենից շատ չի վաստակում մեր երկրում: Թեթեւ է նայում իր մասին հնչող կարծիքներին, թե ծախված է, կոմերցիոն դերասան է եւ այլն: Չի ժխտում, այո՛, որ խաղում է այնպիս դերեր, որոնք հանդիսատես ու փող են բերում իրեն: Դա էլ իր բիզնեսն է: Պարզ հետեւություն. կոչումներն արդեն ուղիղ համեմատական են բիզնեսին, նաեւ հայտնի լինելուն: Կարեւոր չէՙ ինչով ես հայտնի, որ արարքի, որ ներդրման համար. ժողովուրդը քեզ ճանաչում է, պրծավ-գնաց: Բայց վաստակավոր-ժողովրդականների կոչումները հենց այնպես չեն ընծայվում. հայտնիները քարոզարշավներին էլ հրապարակներ են լցնում, կուսակցական լավ գովազդ են անում: Այնպես որ, ինչպես կասեր իմ օպերատոր գործընկերըՙ էս ժողովրդականները ժողովրդի քթից են բերելու: |