ՀԱԿՈԲ ԶՈՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Աշոտ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրախոսություն նշանավոր պատմաբանի աշխատությունների հատորի հրատարակման առիթով Հանրահայտ պատմաբան, աղբյուրագետ եւ մատենագետ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի աշխատասիրության արդյունքում լույս է տեսել գրեթե մոռացված պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան (1936-1937), մինչեւ այդ (1930-1937) Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հակոբ Զորյանի (1894-1942) պատմագիտական աշխատությունների ժողովածուն (Տե՛ս Հակոբ Զորյան , Պատմագիտական ուսումնասիրություններ , Երեւան, ԵՊՀ հրատարակչություն, 2015, 384 էջ): Կարելի է պնդել, որ այս հատորով Հակոբ Զորյանը վերադարձվում է մասնավորապես պատմագիտական եւ հայագիտական շրջանակներ, քանի որ Պետրոս Հովհաննիսյանն իրեն բնորոշ բարեղճությամբ այս բավական հետաքրքրական պատմաբանին եւ մտավորականին ներկայացնում է, որքան թույլ են տվել պատմական փաստերը, համակողմանիորեն, քանի որ հատորն սկսվում է նրա կյանքն ու գործը ներկայացնող ներածականով, որով լուսաբանվում են այս տաղանդավոր մտավորականի գործունեության մանրամասները, գործունեություն, որը չնայած ապրած կարճատեւ կյանքին, եղել է շատ բուռն, հագեցած եւ արդյունավետ: Նրա կենսագրականի ընթերցումով համոզվում ես, որ Հ. Զորյանը ոչ թե եղել է գրասենյակային պատմաբան, այլեւ ունեցել է հասարակական - քաղաքական լայն գործունեություն, ավելին` մասնակցել է «Նեմեսիսի» վրեժխնդրական ձեռնարկներին եւ իր նպաստն է բերել Թալեաթ փաշայի ահաբեկչության կազմակերպման գործին: Առանց չափազանցնելու կարելի է պնդել, որ այս անձնավորությունն իր կարճատեւ կյանքում այնքան համակողմանի գործունեություն է ծավալել, որ կարող է հատուկ լինել ոչ սովորական մարդկանց միայն: Դրվատելի է, որ Պ. Հովհաննիսյանը Հ. Զորյանի գործունեությունը մատուցել է սկզբնաղբյուրների եւ նորահայտ փաստերի ուսումնասիրության ճանապարհով, որոնց համադրությամբ ոչ շատ ընդարձակ կենսագրականում լուսաբանել է նրա ապրած հակասական կյանքի բոլոր ելեւէջները, վեր հանել խորհրդային աքսորում նրա ապրած տարիների մանրամասները, տարիներ, որոնք ցավոք եղան Հ. Զորյանի կյանքի վերջին դրվագները, հակառակ իր անմեղությունն ապացուցելու ի գործ դրած ջանքերին` ընտանիքի եւ սիրելի ժողովրդի հանդեպ պարտականությունները մինչեւ վերջ կատարելու չմեռնող հավատով: Այն, «ինչ չորս տարի շարունակ անհույս հետեւողականությամբ փորձում էր ապացուցել» Հ. Զորյանը, այսինքն` իր հանդեպ մեղադրանքների անհիմն լինելը, հաստատվեց միայն իր մահից 13 տարի անց, այսինքն` վերարժեւորման հիմք ստեղծվեց, Պ. Հովհաննիսյանի արտահայտությամբ, «Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, անբասիր, առաքինի եւ ճշմարիտ հայրենասեր» Հակոբ Զորյանի կերպարի համար: Այդ վերարժեւորումը թեեւ եղավ ուշացումով, բայց դրանով հանդերձ, կարծում ենք` համակողմանիորեն: Եվ դրանում կարելի է համոզվել ընթերցելով այս հատորը: Հատորի առաջին մասը ներկայացնում է Հ. Զորյանի «Սոցիալ - տնտեսական հարցեր պատմական Հայաստանեն: Հայ ժողովուրդի դասակարգային շերտավորումը» ուսումնասիրությունը: Ցանկանում ենք անմիջապես շեշտել, որ այս ուսումնասիրության տեսական հիմքն հանդիսացել է մարքսիզմը եւ այդ տեսությամբ է հեղինակը ներկայացնում պատմական Հայաստանում առկա դասակարգային շերտավորումները: Նրա ընդհանրացումները կարծես տարածված են հին հայկական բոլոր պետական կազմավորումների վրա, որը վիճելի է, բայց դրանով հանդերձ, ճիշտ` առանձին կազմավորումների համար: Հ. Զորյանը սխալմամբ հակված լինելով այն տեսակետին, որ հայերը եկվորներ էին, նրանց Հայաստան գալուց հետո, կարծես թե կիսում է Մակվարտի այն տեսակետը նաեւ, «որ Հայաստանի նախաբնիկները Ասորեստանի նման ունեցած են ավատական կարգեր. դրություն մը, որ շատ կը հարմարեր անջատ իշխանություններու բաժնված երկրի մը»(էջ 18): Եվ դրա համար որպես ապացույց նա մատնանշում է այն, որ ավատական իշխանների համար է եղել բնորոշ բարձունքների վրա դղյակի կառուցումը, որոնց կից տարածված են եղել ավատները, ուր աշխատել է արդյունաբերող դասը: Ասուրա - բաբելոնական համակեցության այս ձեւը գոյություն է ունեցել նաեւ հնագույն Հայասատնում: Սրանով, փաստորեն նա անուղղակիորեն հերքում է դեռեւս այսօր էլ շրջանառվող այն վարկածը, որ Հին Հայաստանում եղել է ստրկություն: Ստացած լինելով տնտեսագիտական բարձր կրթություն, Հ. Զորյանը տնտեսության զարգացման մեխանիզմների մեջ է փորձում փնտրել եւ գտնել դասային շերտավորումների պատճառները, որը միանգամայնորեն ճիշտ է: Նա հետեւյալն է գրում. «Այսպես` պատմական Հայաստանի դասակարգային շերտավորումը գրեթե հետեւյալ պատկերով կներկայանա մեզ. նախապատմական հնագույն շրջանին գոյություն ունեցած են գլխավորաբար երկու դասակարգ. 1. ավագորյաններ` գավառական իշխանները, քաղքենի ազնվականությունը, պատրիկները, 2. գեղջուկները` գյուղը բնակողներ, որոնք բնակչության մեծագույն մասը կազմած են» (էջ 27): Իսկ արդեն Արշակունիների շրջանից սկսած նա առանձանացնում է հետեւյալ դասակարգային շերտավորումները` 1. ազնվականություն, 2. կղերական դաս, 3.քաղքենի տարր, որոնք միասին կազմում էին ազատների դասը: Վերջիններիս նա հակադրում է անազատների դասը, որի մեջ մտնում էին ռամիկները, գեղջուկները, մշակները եւ գերիները: Կարծում ենք, որ Արշակունիների շրջանի համար այս դասակարգային տարաբաժանումները ճիշտ են, թեպետ անազատների դասակարգի մեջ ներառված տարրերի` որպես կեղեքվողներ ներկայացնելը չափազանց է եւ հետեւանք մարքս - լենինյան գաղափարախոսության: Ապա նա հերթով, առանձին-առանձին ներկայացնում է երկու դասակարգերի ներկայացուցիչներին` պետական եւ տնտեսական կյանքում իրենց ունեցած դերակատարություններով: Նա քննական - վերլուծական մեթոդաբանությամբ լուսաբանում է «հողի եւ աշխատավորների» սեփականության հարաբերությունները, որը բավական բարդ խնդիր էր եւ տարբեր` պատմական առանձին ժամանակհատվածների համար: Այդ հարաբերությունները նա քննում է հետեւյալ պարբերացմամբ` նախապատմական շրջան եւ Արշակունիներից մինչեւ Ռուբինյանների շրջան: Ցավոք, հոդվածի ծավալը հնարավորություն չի տալիս մանրամասնելու հողային սեփականության ձեւերի եւ կամ, հողի նկատմամբ անազատների հարաբերությունների, լինեին դրանք տնտեսական թե իրավական, փոխհարաբերությունները: Բայց Հ. Զորյանի գիտական ժառանգության պատմագիտական արժեքը գնահատելիս հեշտ է համոզվել, որ նրա շատ գնահատականներ չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը եւ կարող են նոր հայեցակետերի մշակման հիմքեր հանդիսանալ: Բավական հետաքրքրական է նրա հաջորդ քննական վերլուծությունը, որը վերնագրված է «Արաբների հարկային քաղաքականությունը ավատական Հայաստանում»: Թեպետ նա իր վերլուծությունների հիմքում դնում է Մարքսի այն դրույթը, որի համաձայն նոր արտադրաեղանակը առաջանում է արտադրողական ուժերի զարգացումից, բայց դրանց ընթացքում զարգացնում է տեսակետներ, որոնք հակասական վիճակ են ստեղծում այդ դրույթի հետ: Նա այն տեսակետն է փորձում հիմնավորել, որ արաբական տիրապետության շրջանում Հայաստանում ավատատիրական հարաբերություններ չեն եղել եւ կարծես թե հակասություններ է գտնում վերջիններիս Հայաստանում վարած հարկային քաղաքականության եւ ավատատիրական հարաբերությունների միջեւ: Սա նույնպես լուրջ վերլուծությունների կարոտ հարցադրում է, որի տրամաբանությունը պետք է պայմանավորել հեղինակի լուրջ տնտեսագետ լինելու հանգամանքով նաեւ: Այս տեսակետը նա ավելի է հիմնավորում հաջորդ ուսումնասիրության մեջ («Արաբական շրջանում ֆեոդալական Հայաստանի քաղաքի եւ գյուղի միջեւ ստեղծված հակադրությունը»), ուր փորձում է ցույց տալ, թե ինչպես են արաբական նվաճումները անդրադարձել ֆեոդալական հողատիրության փոխհարաբերությունների վրա, ինչ տնտեսական շարժառիթներով են բարգավաճել քաղաքները, ինչպիսի դեր է ունեցել արհեստավորական արտադրությունը ֆեոդալական Հայաստանի ապրանքափոխանակության վրա եւ վերջապես ինչպես է առաջացել առեւտրական եւ վաշխառուական կապիտալը: Եվ այս բոլոր հարցերի պատասխանները նա տալիս է պատճառահետեւանքային հստակ կապով: Ամենեւին նպատակ չհետապնդելով այն թյուր տպավորությունը ստեղծելու, թե այլ պետության գերիշխանության տակ ընկնելը նպաստավոր է տնտեսության զարագացման համար, միաժամանկ ցանկանում ենք շեշտել, որ Հ. Զորյանը կարողացել է ապացուցել, որ արաբական գերիշանության շրջանում տնտեսական զարգացման մեկ հնարավորության բացասումը ազդակ է հանդիսացել մեկ ուրիշ տնտեսական առավելություն ստանալու համար: Բավական է նշել, որ Հայաստանի Արեւելքի եւ Արեւմուտքի ապրանքափոխանակության ցանկի մեջ հայտնվելը ազդակ է հանդիսանում քաղաքների զարգացման կամ նոր քաղաքների առաջացման համար, ինչպես նաեւ քաղաքներում առեւտրական կապիտալի աշխուժացումը հարստացնում է քաղաքային ազգաբնակչությանը եւ նաեւ` մանր արտադրող դասը ընկնում է վաշախառուական կապիատալի գիրկը: Այսինքն` հընթացս գյուղի քայքայման` տեղի էր ունենում քաղաքային բնակչության հարստացում: Հատորի հաջորդ բաժինը անդրադարձ է 10 - րդ դարի ֆեոդալական Հայաստանի գյուղացիական շարժումներին («Ֆեոդալական Հայաստանի գյուղացիական շարժումները 10-րդ դարում»): Այս աշխատության վերլուծությունը նույնպես հսկայածավալ մի նյութ կկազմի, քանի որ հարցադրումները բավական ինքնատիպ են եւ պատասխանները` ոչ սովորական: Մարքսյան տեսության գերակայությունը հեղինակի վերլուծություններում հաճախ սոսկ շղարշ է եւ նրա եզրակացությունները հաճախ են հակասական իրավիճակ ստեղծում գյուղացիական շարժումների մարքսյան դրդապատճառների հետ: Բավական է առանձնացնել այդ շարժումները նաեւ տեղացի ֆեոդալների տկարությամբ պայմանավորելու վերաբերյալ նրա հայեցակետը: Հատորի մյուս երեք բաժինները վերաբերում են հայ պատմագրության ձեւավորման հիմնախնդիրներին: Դրանց ընթերցումից հետո կիսում ես Պ. Հովհաննիսյանի այն կարծիքը, որ Հ. Զորյանն «առաջինն էր, որ փորձեց գնահատել ու արժեւորել խորհրդային շրջանում ստեղծված պատմագիտական երկերը եւ հրատարակեց մի քանի հոդվածներ: Սակայն նրա այս աշխատությունները միակողմանի, սուբյեկտիվ դիրքերից են ներկայացվել խորհրդահայ պատմագրությանն ու նրա առանձին ներկայացուցիչներին (հատկապես Լեոյին, Բ. Բորյանին, Հ. Մանանդյանին) վերաբերվող հարցերը, ճիշտ չեն դասակարգվել նախախորհրդային շրջանի պատմագիտական ուղղությունները ու հիմնախնդիրները: Հասկանալի է, որ նրա` այդ կարգի շատ մոտեցումներ ու մեկնաբանություններ մեծ չափով աղերս ունեին եւ հետեւանք էին այն տարիներին խարհրդային պատմագրության մեջ տեղ գտած սխալ մտայնություններին, ինչպես նաեւ տիրապետող, քաղաքացիություն ստացած գռեհիկ - սոցիոլոգիական տեսակետներին» (էջ 8 - 9): Պ. Հովհաննիսյանը չի սխալվում, բայց եւ այնպես Հ. Զորյանը իր տեսակետների մեջ ունի նաեւ ընդունելի կողմեր եւ ծայրահեղ տեսակետների համար նրբացուցիչ հանգամանքներ: Չէ՞ որ նրա ապրած ժամանակահատվածում խորհրդային եւ խորհրդահայ պատմագրությունը զարգացման ուղիների որոնումների մեջ էր եւ վերջնականպես հստակեցված չէր այն տեսությունը, որը պետք է դառնար այդ պատմագարության զարգացման հիմքը: Սրանով պետք է, կարծում ենք, պայմանավորել Հ. Զորյանի երբեմնի հակասական եզրահանգումները թե՛ մեր մատնանշած եւ թե՛ հատորի մաս կազմող մյուս ուսումնասիրություններում, հետազոտություններում եւ գրախոսականներում, որոնցից հատկապես խիստ շահեկան ենք համարում «Ներդասակարգային պայքարը Հայ Արշակունի թագավորության վերջին շրջանում» (330 - 337թթ.) աշխատությունը: Եվ վերջապես կարեւորում ենք նաեւ հատորի «Հավելվածը», որում ներառված գրախոսությունները եւ բանախոսությունները մի ավելորդ անգամ վկայում են Հ. Զորյանի` պատմաբան-քաղաքագետի եւ տնտեսագետի լիարժեք օժտվածությունների մասին, որոնց առավել հանգամանալից բացահայտումը անհնար է այս գրախոսության շրջանակներում: Ավելացնենք միայն, որ պրոֆ. Պ. Հովհաննիսյանի աշխատասիրությամբ լույս տեսած այս հատորը մեզ է վերադարձնում մի մոռացված գիտնականի, որն ապրելով մի խիստ հակասական ժամանակահատվածում, կարողացել է հայոց մասնավորապես սոցիալ - տնտեսական պատմության նրբերանգների բացահայտման առումով խիստ գնահատելի գործ կատարել եւ որի մշակած շատ պատմագիտական հայեցակարգեր ներկա հայ պատմագիտական մտքի քաոսի մեջ առավել ընկալելի եւ տրամաբանական նորի սկզբին կարող են նպաստել: |