RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 21:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1012, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆՙ ՀՈԲԵԼՅԱՐ

Նաիր ՅԱՆ

Կոմպոզիտոր, երաժիշտ, հեղինակային երգերի կատարող Վահան Արծրունին նշում է իր գործունեության 30 եւ ծննդյան 50 ամյակները: Ընդհանրապես նա ինքնակազմակերպվող արվեստագետ է. իր համերգները մինչեւ այժմ մեծ մասամբ նախաձեռնում էր սեփական միջոցներով, ընկերների աջակցությամբ, իսկ այս անգամ հոկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը նախատեսված հոբելյանական համերգաշարն անցկացնելու համար Վահան Արծրունին դիմել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: 10-12 րոպե զրույցից հետո, ինչպես պատմում է երաժիշտը, տիկինը համաձայնել է համերգաշարն իրականացնել, ինչպես ընդունված է ասել, իր բարձր հովանու ներքո:

«Երբ հանրապետության առաջին տիկինն է հովանավորում դասական եւ ընդհանրապես բարձր արվեստը, չափանիշներ են ստեղծվում, որոնք նաեւ հասարակության շրջանում են ընդհանուր վերաբերմունք սահմանում այդ արժեքների նկատմամբ: Սա, իմ կարծիքով, շատ կարեւոր հանգամանք է: Բացի այդ, այս անգամ ներգրավված են մեծ նվագախմբեր, բազմաթիվ երգիչ-երաժիշտներ. տեխնիկական առումով եւս անհնար կլիներ սեփական ուժերով իրականացնել այս բոլորը: Սկզբում ես դիմեցի բանկային, բիզնես-ոլորտների ներկայացուցիչներինՙ աջակցության ակնկալիքով, բայց ոչ մեկին չհետաքրքրեց նախագիծը»,-համերգաշարիՙ բարձր հովանավորության անհրաժեշտությունն այսպես մեկնաբանեց Վահան Արծրունին:

Հինգ համերգից կազմված շարքում ներառված են երաժշտական տարբեր ոճեր. ելույթ կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, կամերային նվագախմբերը, «Արծրունի» ռոք-խումբը, «Շողակաթ» մանկական երգչախումբը, տարբեր մենակատարներ, որոնք բազմաթիվ նախագծերում տարիների ընթացքում համագործակցել են Վահան Արծրունու հետ:

Արծրունին հոբելյանական համերգաշարը համարում է իր երեք տասնամյակների հաշվետվությունը հանդիսատեսին: Նա ի մի է բերելու իր ստեղծագործական ձեռքբերումները, երկացանկի ընտրանին, ներկայացնելու է երաժշտական ժանրերի այն բազմազանությունը, որը հատուկ է նրա արվեստին: Հնչելու են ե՛ւ հին, ե՛ւ նոր երգեր. երգեր, որոնք առաջին անգամ 1985 թվականին Երեւանի բժշկակական ինստիտուտի բեմում է երգել բժշկականի ուսանող Արծրունին: Դրանք Կոմիտասի եւ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությոնների հիման վրա են գրվել:

«Իմ հանդիսատեսը լավ գիտե, որ իմ ու նրա կապն ինձ համար ամենակարեւորն է: Մենք մեկս մյուսին շատ լավ ենք հասկանում. բեմ-դահլիճ երկխոսությունն անգնահատելի է: Բեմում ես միշտ շրջապատված եմ եղել լավ երաժիշտներով, որոնց հետ մեկ ամբողջություն ենք եղել համերգի ժամանակ: Բեմի վրա եմ 1985-ից. այն ժամանակ անհեթեթ դժվարություններ կային, օրինակՙ անթույլատրելի էր ջինսով բեմ բարձրանալ, տեխնիկական խնդիրները եւս շատ բարդ էին. այստեղից-այնտեղից էինք սարքավորումներ հայթայթումՙ համերգ կազմակերպելու համար, իսկ հիմա ամեն ինչ շատ ավելի ազատ է, հնարավորություններըՙ մեծ: Իսկ ներքին ստեղծագործական խոհերի, ազատության առումով երբեք սահմանափակումներ չեմ ունեցել. ազատ եմ միշտ: Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ թե՛ սովետական տարիներին, թե՛ հիմա իմ առջեւ միշտ նստած է բովանդակություն, խորություն ունեցող հանդիսատես: Ու եթե այն ժամանակ ինձ լսում էին միայն երիտասարդները, այսօր իմ ունկնդիրները տարբեր տարիքի են»,- անցյալն ու ներկան բաղդատեց 50 ամյակի շեմին կանգնած Վահան Արծրունին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ