ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ Հ. Ծ. Ֆրանսիացի անվանի քաղաքական գործիչների եւ երկու հազար հանդիսատեսների ներկայությամբ հոկտեմբերի 12-ին հռչակավոր «Ֆոլի բերժեր» թատրոնում հայ, հրեա եւ քաղդեական-ասորի համայնքների ներկայացուցիչներ հանդիպել են առաջին անգամ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոսթի զույգ տարելիցները, տեղեկացնում է Փարիզից Ժան Էսքիյանը: Շառլ Ազնավուրի հովանավորությամբ անցկացված միջոցառման կարեւորագույն երեւույթներից մեկը եղել է կույր երգիչ Ժիլբեր Մոնտանյեի ելույթը: Հոտնկայս ծափահարությունների ներքո նա հայերեն լեզվով կատարել է ոչ ավել, ոչ պակաս` Թաթա Սիմոնյանի հանրահայտ «Անապատի արեւը» երգը: Մյուս երեւույթը եղել է Էնրիկո Մասիասը, ով երգել է դարձյալ հայերեն «Երեւան» երգը: Ժակ Քուզույանի, «ANACRA», «CRIF CCAF» եւ «ASI» կազմակերպությունների աջակցությամբ բարեկամության այս միջոցառմանը ներկա են եղել դերասանուհի Իզաբել Սադոյանը, վաստակավոր երգահան Միշել Լեգրանը, կատակերգակներ Պոպեքը եւ Միշել Բուժնիան, ինչպես նաեւ Անդրե Մանուկյանը եւ Լեւոն Մինասյանը: Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում: |