RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015



ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Տեղադրվել է` 2015-10-15 21:53:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1549, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀՈԼԱՆԴՈՒՀԻՆ, ՈՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՔԱՐՈԶՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՊԱՐԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարցազրույց ամստերդամցի պարուսույց Թինեքե վան Խիլի հետ

Քառորդ դարից ավելի է, ինչ հոլանդուհի Թինեքե վան Խիլը շրջում է աշխարհում եւ ուսուցանում... հայկական պարեր: Արդեն չի հիշում, թե քանի անգամ է այցելել Հայաստան, բայց գիտի, որ քսանհինգերորդ անգամ Հայաստան է բերել ուսանողների աշխարհի տարբեր երկրներից, որոնց հայկական պար է ուսուցանել նրանց իսկ երկրներում: Նրան հանդիպեցի Երեւանի պարարվեստի ուսումնարանում, որտեղ նա հայկական բեմական պարի հերթական պարապմունքն էր անցկացնում տարբեր տարիքի իր բազմազգ ուսանողների հետ: Նրանց մեջ կային անգամ հեռավոր Նոր Զելանդիայից եկածներ: ՀՀ կրթության նախարարությունը նրան արժանացրել է պատվոգրիՙ հայկական պարերի երկարամյա պրոպագանդման համար: Թինեքեն կարողանում է բացատրվել հայոց լեզվով, թեեւ հարցազրույցը նախընտրեց տալ անգլերեն:


- Թինեքե, ինչպե՞ս սկսվեց քո կյանքի «հայկական շրջանը»:

- Ես ստացել եմ նախ դասական պարային կրթություն, հետո մասնագիտացել տարբեր ժողովրդական պարերի մեջՙ բուլղարական, ռումինական: 1970-ականներին Նիդեռլանդներում ժողովրդական պարերի ուսուցում չկար, իսկ հայկական պարերը բոլորովին անծանոթ էին: 1970-ականների վերջին Ամստերդամ եկավ պարուսույց Թոմ Բոզիկյանն ԱՄՆ-ից, ապա Փարիզից հրավիրվեց Էդի Ճոլոլյանը, երկուսն էլ ուսուցանեցին (թեեւ տարբեր մոտեցումներով) հայկական պարեր, որոնք ինձ չափազանց հետաքրքրեցին: Այլ ժողովուրդների պարարվեստում չկան այդքան շատ ձեռքերի շարժումներ, որքան հայկական պարերում, ինչը ինձՙ բալետային կրթություն ստացածիս շատ հոգեհարազատ էր: Նաեւ հայկական երաժշտությունը շատ գրավիչ էր, ինչպես նաեւ արմատական տարբերությունը տղամարդկանց ու կանանց պարերի միջեւ. մեկըՙ կրքոտ, առնական, մարտական, մյուսըՙ մեղմ-քնարական:

1980-ականներին Ամստերդամում հիմնվեց պարի ակադեմիա, որի ուսումնական ծրագրի մեջ մտավ նաեւ ժողովրդական պարի դասընթացը: Սկսեցի նաեւ հայ պարուսույցներից սովորածս ուսուցանել Ամստերդամի ակումբներում, շաբաթը երեք անգամ, տարբեր մակարդակներում: Նիդեռլանդներում կային բազմաթիվ ժամանցային խմբեր, որտեղ մարդիկ շաբաթը մեկ որպես հոբի գալիս պարում էին: Ես որոշեցի, որ եթե ուզում եմ խորանալ հայկական պարերի մեջ, պետք է ավելի մոտիկից ճանաչեմ հայ ժողովրդին: 1983-ին սկսեցի ամեն կիրակի մեկնել Հաագա եւ տեղի «Աբովյան» հայկական ակումբում հետեւել հայոց պատմության եւ լեզվի դասերին: Ինչն էր հետաքրքրական, որ Հաագայում սկսեցի հայերին սովորեցնել հայկական պարեր:

«Աբովյան» ակումբում հանդիպեցի Նիդեռլանդների խորհրդային դեսպանատան աշխատող Գրիգորի Բադալյանին, որն ինձ ասաց, որ կօգնի ինձ մեկնել ուսանելու Հայաստանում: 1985-ին դիմեցի Հոլանդական մշակույթի նախարարությանը կրթաթոշակի համար եւ առաջին անգամ եկա Հայաստան: Ամուսնուս հետ, որը նույնպես պրոֆեսիոնալ պարուսույց է, ժամանեցինք Երեւան: Ինձ ընդունեցին ԱՕԿՍ-ում, հարցրին, թե ինչ եմ ցանկանում անել: Պատասխանեցի, որ ես մնալու եմ ընդամենը երեք շաբաթ, ուստիեւ ցանկանում եմ ժամանակս առավելագույնն օգտագործել եւ հետեւել հայկական պարի դասերիՙ ամբողջ ցերեկները եւ երեկոներինՙ նույնպես: Ես ձայնագրեցի երաժշտություն, ամուսինս նկարահանում էր պարերը: Սակայն մեկ անգամ Հայաստան գալով եւ անգամ շատ բան տեսնելով ու սովորելով հայկական պարի մասինՙ դու տակավին չես դառնում հայկական պարերի դասավանդող, ուստիեւ ցանկանում էի հնարավորինս շուտ կրկին գալ Հայաստան: Կես տարի անց իսկապես վերադարձա Հայաստան, հետոՙ նորից, հետոՙ նորից, ամեն անգամՙ շատ կարճ ժամանակով: Պարերին զուգահեռՙ սովորում էի նաեւ հայերեն գրել-կարդալ: 1988-ին դիմեցի Նիդեռլանդների կրթության նախարարություն, որը ԽՍՀՄ-ի հետ պաշտոնապես ուսանողների փոխանակում էր կատարում: Դիմեցիՙ Հայաստան գալու ինը ամսով, հրավիրվեցի հարցազրույցի, եւ տեսնելով, որ արդեն որոշակի փորձառություն ունեմ, ինձ կրթաթոշակ տվեցին: Ես, սակայն, մնացի հինգ ամիս: Դժվարին ժամանակ էր, գիտեք, ռուսական զորքերը Երեւանում էին, պարետային ժամ էր, հետո տեղի ունեցավ երկրաշարժը. ես եւս մեկնեցի աղետի գոտի: Իսկ Երեւանում անհատական պարի դասեր էի վերցնում, մասնավորապես Ազատ Ղարիբյանից եւ Արտյուշա Կարապետյանից, մանկավարժական ինստիտուտում, քանի որ պարարվեստի ուսումնարանը փակ էր:

Վերադառնալով Նիդեռլանդներՙ հասկացա, որ ինձ անհրաժեշտ է շատ երաժշտություն: 1990-ականներին ինձ մոտ հրավիրեցի հայաստանցի երաժիշտներիՙ Հրաչիկ Մուրադյանին, Լյուդվիգ Ղարիբյանին, մի փոքր համույթ կազմեցին, հանդես եկան համերգներով, նաեւ մի ստուդիա վարձեցի եւ պրոֆեսիոնալ ձայնագրությունը կատարեցինք բոլոր այն պարեղանակների, որոնց պարերը ես գիտեի: Այսպիսով, հիմնեցի «Վան Խիլ ռեքորդ» ձայնագրման ֆիրման, որը թողարկել է հայ երաժշտության ութ խտասկավառակՙ «Հայաստան», «Անուշ», «Գառնի», «Շորոր», «Արարատ», Մուրադյան համույթի զույգ խտապնակները, յուրաքանչյուրումՙ 18 պարեղանակ: Այսպիսով, ես ունեի շատ լավ երաժիշտներ, շատ լավ պարեղանակներ, ուստիեւ կարող եմ հանգիստ խղճով զբաղվել հայկական պարերի ուսուցմամբ: Ուսուցանում եմ ինչպես ավանդական պարերՙ թամզարա, թարս պար, փափուռի, լորկե եւ այլն, այնպես էլ բեմադրված պարեր: 1988-ին Երեւանում ծանոթացել եմ Խաչատուր Ավետիսյանի հետ եւ իր համաձայնությամբ նրա գրած մի գեղեցիկ օրատորիայի ձայնասկավառակն եմ թողարկել Նիդեռլանդներում (մեկ այլ ֆիրմայում): Օրատորիան նվիվրած է Հայոց եղեռնի զոհերի հիշատակին, իսկ վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է երկրաշարժի օգնության ֆոնդին:

Ի դեպ, մոտ երկու տարի առաջ ամուսինսՙ Մաուրից վան Խիլը, Ստամբուլում պարային մրցույթի դատակազմի մեջ էր, եւ կապվեց «Քալան» ձայնագրման ֆիրմայի հետ, որ թողարկում է ժողովրդական երաժշտություն, հատկապեսՙ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների: Ֆիրմայի տնօրենը նրան ցույց է տվել Ավետիսյանի այս օրատորիայի խտապնակը եւ հարցրել, թե ծանո՞թ է այն: «Իհարկե, կինս է այն արտադրել»,- պատասխանել է ամուսինս: Այդ թուրք տնօրենն ասել է, որ ինքը ցանկանում է այն վերաթողարկել Ստամբուլում եւ նվիրել Հրանտ Դինքի հիշատակին: Գործը սկսեց տեղում դոփել, քանի որ, ինչպես նշեցի, օրատորիան նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ի վերջո Ավետիսյանի որդու համաձայնությամբ մի փոքր փոփոխություն կատարվեց ստեղծագործության ենթավերնագրի մեջ, եւ Թուրքիայում այն թողարկվեց «Մեծ աղետի զոհերի հիշատակին» ենթավերնագրով:

Մեկ այլ գաղափար էր մարդկանց բերել Հայաստանՙ սեփական աչքերով տեսնելու այս երկիրը, ու չնայած այն բոլոր դժվարին հանգամանքներին, որոնց մեջ ես ապրել եմ այստեղ, Հայաստանն արժանի է լայն ճանաչման: Առաջին նման շրջագայությունը տեղի ունեցավ տաս տարի առաջ, 2005-ին: Ծրագրի կեսը զբոսաշրջությունն է, մյուս կեսըՙ պար սովորելը հայաստանցի ուսուցիչներից (ես համագործակցում եմ պարուսույցներ Փայլակ Սարգսյանի եւ Լյուդվիգ Պողոսյանի հետ): Հյուրերին տանում եմ տարբեր գյուղեր, օրինակՙ Սասնաշեն, որպեսզի տեղացիների կատարմամբ մարդիկ տեսնեն Սասնա պարերը, կամ Զոլաքար, որտեղ կատարում են Ալաշկերտի պարերը: Փորձում եմ միավորել պարը եւ հանդիպումները մարդկանց հետ:

- Որպես հյուր դասախոս դուք հայկական պարեր եք դասավանդում աշխարհի տարբեր երկրներում: Ինչպե՞ս են նրանք տեղեկանում ձեր դասերի մասին:

- Իրականում ես որպես ուսուցիչ երբեք չեմ գովազդում իմ դասերը, մարդիկ միմյանց տեղեկացնում են դրանց մասին եւ ինձ հրավիրում: Ես դասավանդել եմ եվրոպական 14 երկրներում: Մի անգամ Ամերիկայում մասնակցել եմ տարբեր ժողովուրդների պարերի մեծ ստուգատեսի, մարդիկ ինձ հաջորդ տարի հրավիրեցին արդեն որպես դասավանդող: Ամերիկայում դասերին կային մասնակիցներ Ճապոնիայից, որոնք ինձ հրավիրեցին դասավանդելու նաեւ իրենց երկրում: Յոթ անգամ հայկական պար եմ ուսուցանել Ճապոնիայում: Այնտեղ էլ մի անգամ կային մարդիկ Թայվանից, հրավիրեցին այնտեղ, որին էլ հետեւեցին դասընթացները Սինգապուրում, Մալայզիայում, Հոնկոնգում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Ահա այսպես, շղթայական ռեակցիայի պես: Հետաքրքրությունը իսկապես մեծ է հայկական պարերի հանդեպ: Հայկական հեռատեսիլով կարծեմ ցուցադրել են, թե ինչպես են չինացիները Թայվանում կատարում իմ բեմադրած Սասնա ռազմապարերը կամ Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկած բալենին», որ մեզ սովորեցրել էր երեւանցի փայլուն պարադիր Փայլակ Սարգսյանը: Մարդիկ նաեւ գնահատում են բարձրարվեստ երաժշտությունը:

- Աշխատում ես միայն սիրողների՞ հետ:

- Ոչ միայն: Ամուսնուս ղեկավարած Ամստերդամի ժողովրդական պարի թատրոնում ես շաբաթը մեկ դասավանդում եմ ազգային պարի հիմունքներ: Հայկական պարերի բեմադրություններ եմ կատարել Ամստերդամումՙ մեր այդ պարի թատրոնում, մեկական անգամՙ Ֆինլանդիայում, բալետի դպրոցի համար, եւ Թայվանումՙ բարձր որակավորում ունեցող սիրողական մի խմբի հետ: Նիդեռլանդներում պարերին հաճախողների տարիքը երեսունից բարձր է, ուրիշ տեղերում կարող է լինել քառասունից բարձր, իսկ, օրինակ, Թայվանում շատ էին երիտասարդները, քանի որ այնտեղ համալսարանում սովորեցնում են ժողովրդական պարեր: Ճիշտ այստեղի պես. մենք երեկ Կասկադում զարմանքով եւ գոհունակությամբ ականատես եղանք պարող երիտասարդների մեծ բազմությանը: Նրանց մեջ երբեմն լինում են պարուսույցներ, որոնք իրենց հերթին կպրոպագանդեն հայկական պարերը:

- Ըստ քեզՙ ո՞րն է հայ պարի յուրահատկությունը:

- Դժվար է ասել մեկ բառով: Կան հայկական պարի տարբեր ուղղություններ, որոշ խմբեր կատարում են ավանդական պարեր, որոշ խմբերՙ բեմադրված: Գիտեմ, որ այս երկու աշխարհները միասին չեն: Իմ կարծիքով (քանի որ ես աշխատում եմ այս երկու աշխարհների սահմանագծին), երկուսն էլ ունեն շատ հետաքրքրական կողմեր: Շատ լավ է, իհարկե, ավանդական պարերը պահպանելը, դրանք շատ աշխույժ են, սակայն որպես պարի հետազոտող, տեսնում եմ, որ դրանք նույնպես փոխվում են. ավանդական պարը թանգարան չէ, մարդիկ ստեղծում են իրենց տարբերակները, ինչը բնական է: Բեմադրված պարերը, հատկապես ձեռքերի շարժումները, կանանց քնարական պարերը, նույնպես իրենց գեղեցկությունն ունեն: Այնպես որ ինձ հարազատ են թե՛ հիմնականում Արեւմտյան Հայաստանից ժառանգված ավանդական պարային մշակույթը, թե՛ հետագայում ստեղծված բեմական պարըՙ ավելի թատերական, բեմադրված: Չկա մի իրականություն, որն ամբողջական ճշմարտությունը կասի հայկական պարերի մասին:

- Հայ պարուսույցները խանդով չե՞ն վերաբերվել այն իրողությանը, որ հոլանդուհին դասավանդում է հայկական պարեր:

- Լավ հարց տվեցիր: Այո, եղել են նման դեպքեր: Ես երբեք չեմ ասում, որ ես լավագույնն եմ, ես մշտապես շարունակում եմ սովորել, նաեւ հրավիրում եմ հայ ուսուցիչների: Ես պարուսույց եմ, սակայն պարապմունքների ժամանակ մշտապես պատմում եմ Հայաստանի մասին, բացատրումՙ ինչ կա պարերի «հետեւում»: Պարը երբեք առանձնացած չէ մյուս արվեստներից: Չլինելով հայՙ ես ինձ զգում եմ հայկական պարերի դեսպան աշխարհում, ուստիեւ փորձում եմ հաճախ եւ հնարավորինս շատ վայրերում մարդկանց ծանոթացնել պարային այս մեծ մշակույթը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ