ԼՈՒՍԻՆ ԱՄԱՐԱՅԻ «ՎԵՐԻՍՄՈ» ՕՊԵՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ԼՈՒՉԻԱ ԴԻ ԼԱՄԵՐՄՈՒՐԸ» Հ. Ծ. Բերգենի (Նու Ջերսի) կատարողական արվեստի կենտրոնի «Վերիսմո» օպերային ընկերությունը, որի գեղարվեստական ղեկավարն է ամերիկահայ ճանաչված երգչուհի (սոպրանո) Լուսին Ամարան, իր 26-րդ համերգաշրջանը եզրափակելու է Գատեանո Դոնիձետտիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայի բեմադրությամբ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Բելկանտո ոճով դրամատիկական ստեղծագործությունը, որի գործողությունները 17-րդ դարի Շոտլանդիայի Լամերմուիր բլուրներում է ծավալվում, վերջին տասնամյակում երկրորդ անգամ է բեմ բարձրանալու հոկտեմբերի 18-ին կանադացի սոպրանո Էվելին լա Քայիֆի բեմադրությամբ: Լուչիայի դերը կատարելու է Հեա Ռան Կիմը Ռիչվուդից (Նյու Ջերսի), որին «The Bergen Record of New Jersey» պարբերականը ներկայացրել է որպես «մի երեւույթ, որին մարդիկ պետք է լսեն, որ հավատան»: «Վերիսմո» օպերայի նվագախումբը ղեկավարելու է Անտոնի Մորսը, որ երկու տասնամյակ գլխավոր դիրիժորի պաշտոնը զբաղեցնելուց հետո համերգաշրջանի ավարտին զիջելու է իր տեղը մեկ ուրիշին: Երգչախումբը ղեկավարելու է Մարա Վալդմանը: Երեք գործողությամբ օպերայի լիբրետտոյի հեղինակն է Սալվադորե Կամմարանոն, ով որպես հիմք ընդունել է Վալտեր Սքոթի «Լամերմուրի հարսնացուն» պատմական վեպը: |