RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 21:53:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 865, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՐՎԵՍՏԸ` ՍԱՀՄԱՆԻ ԵԶՐԻՆ

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ

«Արվեստը սահմաններ չի ճանաչում» ասույթի ճշմարտացիությունն ապացուցման կարիք չունի, ընդ որում` ապացուցման կարիք չունի ոչ միայն փոխաբերական, այլեւ բառացի իմաստով, ինչի լավագույն վկայությունը մեր վերջին այցելությունն էր Ճամբարակ: Սահմանամերձ այս բնակավայրը, որ արցախյան պատերազմի հետեւանքների անմիջական կրողն ու վկան է, ապրում է իր առօրյա հոգսերով ու սոցիալական խնդիրներով եւ, թվում է, արվեստի մասին մտածելու, արվեստին ժամանակ հատկացնելու հնարավորություն ու ցանկություն չի կարող ունենալ: Սակայն հայի ստեղծագործ էությունն ամենուր դուրս է հորդում եւ չի կարող ապրել առանց մշակույթի ու արվեստի:

Էդուարդ Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոցը, որը հիմնադրվել է 1975թ-ին եւ արդեն 40 տարի հաջողությամբ գործում է Ճամբարակում եւ նորահաս սերնդի հանդեպ հոգածության, արվեստի եւ ազգային արժեքների հանդեպ նվիրվածության օրինակ կարող է հանդիսանալ որեւէ կրթօջախի համար: Իր գործունեության 40 տարիների ընթացքում դպրոցը տեսել է ե՛ւ լուսավոր, ե՛ւ դժվարին օրեր, սակայն նախանձելի համառությամբ ու հետեւողականությամբ շարունակել է իր գոյությունը` ի հեճուկս ֆինանսական խնդիրների, դասավանդող կադրերի սակավության, տեխնիկական միջոցների բացակայության:

Դպրոցի երկարամյա տնօրեն Իրինա Աթաբեկյանը , իր ոչ մեծաթիվ, բայց հավատարիմ թիմակիցներով շրջապատված, ապրում է այն պարզ գիտակցությամբ ու առաքելությամբ, որ այս մշակութային կրթօջախը պետք է պահպանել: Այստեղ սովորում են ոչ միայն Ճամբարակ քաղաքի, այլեւ հարակից գյուղերի երեխաները, ովքեր համահանրապետական, տարածաշրջանային եւ միջազգային մրցույթներում, ցուցահանդեսներում եւ այլ ձեռնարկումներում մշտապես աչքի են ընկնում իրենց գեղանկարչական ու ձեռագործ աշխատանքներով` արժանանալով մրցանակների, պատվոգրերի ու խրախուսանքների:

Այժմ Ճամբարակի գեղարվեստի դպրոցը պատրաստվում է հանդիսավորապես տոնել իր հիմնադրման 40-ամյակը, որը, անկասկած, վերջին հոբելյանը չի լինելու կրթօջախի շարունակական պատմության ընթացքում: Թերեւս չափազանցրած չենք լինի եթե ասենք, որ քանի դեռ կա այս դպրոցը, արվեստի շունչը Ճամբարակում երբեք չի մեռնի. կծնվեն նոր տաղանդներ, ովքեր սահմանի եզրին թե սահմանից հեռու, վառ կպահեն ազգային արվեստի ավանդույթները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ