«ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՉԻՆ» Հ. Ծ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությունների շրջանակներում «Ֆանոյ Հոլում» հոկտեմբերի 22-ին կայանալիք մարդու իրավունքների նաճարյանական տարեկան դասախոսությունների շարքի այս տարվա թեման նախատեսում է հարգանքի տուրք մատուցել Նյու Ինգլենդի (ԱՄՆ) այն բոլոր տղամարդկանց ու կանանց, որոնք 1894-ից սկսած «Ֆանոյ Հոլում» էին հավաքվում մարդկանց ուշադրությունը բեւեռելու Օսմանյան կայսրությունում հայ փոքրամասնության հանդեպ գործադրված բարբարոսությունների վրա: Նրանք ականատեսների (միսիոներներ լինեն նրանք, թե դիվանագետներ, ինչպես Հենրի Մորգենթաուին) վկայություններն էին լսում այնտեղ եւ կոչ անում համապատասխան գործողություններ ձեռնարկել: Նրանց այդ կոչի արդյունքում հիմքը դրվեց օտար երկրում Ամերիկայի առաջին եւ ամենամեծ մարդասիրական օժանդակության, որը կրեց «Նիըր Իսթ Ռիլիֆ» անունը: Այդ շարժման նախաձեռնողներն էին ականավոր բոստոնցիներ Ջուլիա Ուորդ Հոուին, Ուիլյամ Լոյդ Գարիսոն կրտսերը եւ Ալիս Սթոուն Բլեքուելը: Ամերիկյան կարմիր խաչի ընկերության այդ ժամանակվա տնօրեն Կլարա Բարտոնը անձամբ ղեկավարել էր մարդասիրական առաքելությունը Թուրքիայի հայ համայնքին հասցնելով հավաքված օժանդակությունը: «Գործողություններ ձեռնարկելու Ամերիկայի կոչը:1894-1919 թթ.» թեմայի շուրջ զեկուցելու են «Այրվող Տիգրիսը» փաստավավերագրական հատորի հեղինակ Փիթեր Բալաքյանը եւ Սարա լի Ուիթսոնը, մարդու իրավունքների Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բաժանմունքի դիտորդական առաքելության գործադիր տնօրենը, ով սերտորեն համագործակցելով թուրքական քաղաքացիական կազմակերպությունների հետ Ստամբուլում օժանդակել էր Հայոց ցեղասպանության դարադարձի հիշատակությունների անցկացմանը: Դասախոսություններից հետո այդ օրը կներկայացվի նաեւ մրցանակակիր դրամատուրգ Ջոյս վան Դայքի «Արշալույս» պիեսը, որը հետագայումՙ հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 7-ը բեմադրվելու է Թաֆթս համալսարանի «Բոլչ Արենա» թատերասրահում: Բեմադրիչն է Ջուդի Բրահան: |