RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2015-10-15 21:53:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1196, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՏՈՆ, ՈՐ ԱՅՍՈՒՀԵՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Լաուրա ՄԱՆՈՒԿՅԱՆ

Իսահակ Բաբելի «Հատընտիր»-ը` Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ

«Պատանեկան տարիներից ես որոշ գրողների ստեղծագործությունները ընկալում էի որպես կախարդություն: «Թագավորը» պատմվածքից հետո ես հասկացա, որ մի կախարդ էլ է եկել մեր գրականություն եւ որ այս մարդու գրած ամեն ինչը երբեք չի լինի անգույն ու ճլորած»:

Կոնստանտին Պաուստովսկի


Բաբելը ռուս գրականության 20-րդ դարի մեծ գրող է: Հրեա է, ծնվել է Օդեսայում, գրել է ֆրանսերեն, եբրայերեն, ռուսերեն: Նա բազմազան մշակույթների կրող է` հրեական, ռուսական, օդեսյան, եվրոպական: Այն, թե նա ինչ եւ ինչպես է գրում, ջոկվել է առաջին իսկ հրապարակումների ժամանակ. ռուսերեն մամուլի ու գրքային հսկայաքանակ հրատարակությունների մեջ անմիջապես եւ հատուկ ուշադրության է արժանացել:

Բաբելին բնորոշ են ազգային արժանապատիվ պահվածքը, կենսախնդությունը, անխաբությունն ու անկեղծությունը, դիտողականությունը` որսացող աչքը եւ վերլուծողականությունը, խորհրդավորությունն ու անկանխատեսելիությունը, գրության կատարելության ձգտումը, բանաստեղծական արձակը: Տարբեր քաղաքակրթություններ` էթնոսի, լեզվի, կրոնի, միջավայրի, դաստիարակության առումով, համադրորեն ձեւավորել են առանձնահատուկ ներաշխարհ, աստվածատուր գրական ձիրքի հետ միավորվել են եւ ծնունդ տվել անմեռ գրականության:

Գրվածքից գրվածք ներկայանում է Ռուսաստանի կյանքը, հեղափոխական ու պատերազմական սպանդանոցների իրողությունը, շերտ առ շերտ գիտակցվում են կյանքի խորություններ ու նրբություններ, գեղեցկություն ու եղկելիություն, վայելչանք ու խորշանք, մոլուցք ու իմաստնություն, լայնարձակություն ու փակուղիներ: Ահռելի աշխարհ է տեղավորված այս արձակում. մոլեգին հեղափոխականություն, հրեական ընտանիք, օդեսյան բարքեր, Բենյա Կրիկ-Յապոնչիկի թագավորական կերպարը, զինվորի մասնագիտական գործը, ազգայնական ջարդեր, գողական հարաբերություններ ու սալոն, մանկության-պատանեկության գունավոր դեպքեր, սպանություններ, զգացմունքներ, խոկումներ ու ապրումներ, վառվռուն անձինք, եւ այդ ամենը` անպատկերացնելի ուժով ու պոեզիայով թաթախուն:

Ի վերջո, բացարձակորեն տրվում ես այդ գրչին եւ չգիտես ինչպես հատուցել այդ դասերի ու աշխարհի համար:

Սաՙ Բաբելի մասին:

Բաբելի ռուսալեզու գրականությունը հայերենացրել է Արմեն Հովհաննիսյանը` անդուլ գործիչը, հրապարակախոսը, թարգմանիչը, ում ժուռնալիստական, հրապարակախոսական, թարգմանական վաստակը անգնահատելիորեն մեծ է: Այդ ժառանգության հրապարակված հատվածին օրերս ավելացավ Իսահակ Բաբելի «Հատընտիր»-ը: Հայերենին, հայ ավանդական թարգմանական արվեստին արժանավայել հմտությամբ է ներկայացված Բաբելի յուրահատուկ գրվածքը, թարգմանությունը հնարավորինս համարժեք է ռուսերեն բնագրին: Եվ հերթական անգամ Արմեն Հովհաննիսյանի հմուտ թարգմանության շնորհիվ գյուտ է սպասվում հայ ընթերցողին:

Բաբելի «Հատընտիր»-ի` գրվածքի բացությունը բացահայտում է ճշմարտությունը, - կյանքի, հրեականի, հեղափոխականի, սպանվողի, գերեվարվածի, սպանողի, խաբողի, խաբվողի ճշմարտությունը - այսինքն` կյանքի իրականությունը` վարպետաց վարպետի ստեղծածով, իսկ այս գրքով` նաեւ վարպետաց վարպետի թարգմանությամբ:

Հրատարակության մասին. - «Հատընտիր» գիրքը բովանդակում է «Հեծյալ բանակը», «Օդեսյան պատմվածքներ», «Այլ պատմվածքներ», «Հուշեր», «Թատերգություն», «Հոդվածներ, ելույթներ», «Նամակներ» բաժինները: Գրքի Մուտքը, Առաջաբանը, Ծանոթագրությունները, Ամփոփիչ հավելվածները Իսահակ Բաբելին եւ նրա երկերը հասկանալու օժանդակ նյութեր են: Մեծ գրողի լուսանկարները, աշխարհահռչակ մոնումենտալիստ Գ. Ֆրանգուլյանի «Բաբելի արձանը Օդեսայում», նկարիչ Ա. Վանեցյանի «Բաբելի դիմանկարը» ստեղծագործությունների պատկերները, Ա. Աթանյանի նկարները, ինչպես նաեւ տեքստային քաղվածքները ամբողջացնում են գրքի գեղարվեստական ձեւավորումը: Գիրքը լույս է ընծայել «Լուսակն» հրատարակչությունը:

Հայ ընթերցող, վայելիր այս գրականությունը եւ ճանաչիր Իսահակ Էմանուիլովիչ Բաբելին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ