ԲԱՑԱՌԻԿ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ* Սեդա ՄԱՎՅԱՆ Սեպտեմբերի 29-ին Երեւանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մի բացառիկ, բայց գրեթե աննկատ մնացած** իրադարձության թատերաբեմը դարձավՙ Կոմիտաս վարդապետին վերաբերող ավելի քան վաթսուն փաստաթղթի նվիրատվության, որոնցից մոտ քառասունը կատարելապես անհայտ փաստաթղթեր էին: Դրանց մեծ մասը պատկանել են Աստվածատուր Հարենցին, անցյալ դարի պոլսահայ հայտնի մի անձնավորության, որը կարեւոր դեր է խաղացել Կոմիտասի կյանքում ինչպես Կոստանդնուպոլսումՙ 1915-1919 թվականներին (Կոմիտասիՙ բռնագաղթից վերադառնալուց հետո մինչեւ նրան Փարիզ ուղարկելը), այնպես էլ Ֆրանսիայում, որտեղ նա հաստատվեց 1922-ից հետոՙ դառնալով Կոմիտասյան խնամատար հանձնաժողովի գանձապահը: Դա է պատճառը, որ Հարենցը առաջին ձեռքից էր ստացել Կոմիտասին վերաբերող շատ փաստաթղթեր, որոնք հետագայում ժառանգեց նրա որդին (նկարիչ Գաբրիել Հարենցը), իսկ այս վերջինիս մահից հետոՙ նրա հարսը: Այրիացած, ծերացած ու միայնակ տիկին Հարենցը 2000-ին դրանք հանձնեց Նիլ Ակոպոֆին, Փարիզի հայտնի Կենտրոնական դպրոցի (Ecole Centrale) դիպլոմ ստացած նախկին ինժեներին, հայագիտությամբ տարված, ֆրանսահայերին բավականին հայտնի մի անձնավորության, որն այսօր թոշակառու է եւ ապրում է Բեռլինում: Նիլ Ակոպոֆը Հարենցի արխիվը պահեց տասնչորս տարի, մինչեւ 2014-ը, երբ դրանք փոխանցեց երաժիշտ եւ երաժշտագետ, Փարիզի Հայ Առաքելական եկեղեցու երգչախմբի ղեկավար, Կոմիտաս Գեւորգյանինՙ դրանք Հայաստան տանելու: Վերջինս Հարենցի արխիվը հարստացրեց Կոմիտաս վարդապետին վերաբերող մի քանի նմուշով (որոնցից, օրինակ, Հայր Սուրբի այցեքարտը, որի վրա նա իր ձեռքով նշում է արել), ինչպես նաեւ երկու կից թղթապանակովՙ երաժիշտներ Իվան Գալամյանի եւ Հրանտ Գեւորգյանի (իր հոր) մասին: Մտահոգ լինելով հնարավորինս արագ կատարել իր առաքելությունը, Կոմիտաս Գեւորգյանը երկար չսպասեց Հայաստան գալու եւ հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումից ուղիղ 8 ամիս անց իր ձեռքի տակ եղած թղթապանակները վերոհիշյալ հաստատությանը նվիրելու համար: Նվիրատվության բովանդակությունը Նվիրատվությունը պարունակում է. հրապարակումներ, փոստային բացիկներ, լուսանկարներ, Կոմիտասի վերոհիշյալ այցեքարտը, երկու իրավական բնույթի փաստաթուղթ, որոնցից մեկը 1923-ի դեկտեմբերով թվագրված լիազորագիր է, որով Կոստանդնուպոլսի նախկին պատրիարքը (եւ 1922-ից ի վեր Կոմիտասի պաշտոնական խնամակալը),Վռամշապուհ Քիբարյան վարդապետին (փարիզահայերի այդ ժամանակվա հոգեւոր առաջնորդին) լիազորում է գործել հիվանդ Կոմիտասի անունից, մասնավորապեսՙ հրատարակել նրա երաժշտական ստեղծագործությունները եւ ստանալ նրա հեղինակային իրավունքի գումարը: Փաստաթղթերի փաթեթը պարունակում է նաեւ 1913-ից 1943-ով թվագրվող բնօրինակ տասնմեկ փաստաթուղթ, որոնց թվում են երկու նամակ, որ 1938-ին եւ 1939-ին փոխանակվել են Հարենցի եւ Սընար երաժշտական հրատարակչության միջեւ (Editions musicales Senart), ինչպես նաեւ ինը հեռագիր: Դրանք բոլորը վերաբերում են Կոմիտասի մահվանը (1935-ի հոկտեմբերի 20-ին): Առանձնանում է Վիլժյուիֆի հոգեբուժարանի տնօրենինը, որը Հարենցին հայտնում է Կոմիտասի մահը («ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ ՄԵՌԱՎ. ԲԵՐԵՔ ՍՊԻՏԱԿԵՂԵՆ. ՏՆՕՐԵՆ»): Մյուս ութը ցավակցական հեռագրեր են, որոնցից մեկն ուղարկվել է Էջմիածնիցՙ Խորեն Առաջին Մուրադբեկյան կաթողիկոսի կողմից: Թղթապանակը պարունակում է նաեւ չորս փաստաթուղթ, որոնք վերաբերում են Տրուվեն հուղարկավորության ընկերությանը (Maison Trouvain), որն իրականացրել է Կոմիտասի թաղման հետ կապված բոլոր գործողությունները, իսկ այնուհետեւ Կոմիտասի դագաղը Փարիզի առաքելական եկեղեցու նկուղից հանումը Խորհրդային Հայաստան տեղափոխելու նպատակով (ինչը տեղի ունեցավ 1936-ի մայիսին): Թղթապանակը պարունակում է նաեւ տասներեք անտիպ նամակ, որոնք վերաբերում են Կոմիտասի առողջական եւ վարչական վիճակինՙ1922-ից մինչեւ նրա մահը (1935-ին): Այդ տասներեք նամակը թույլ են տալիս նշանակալիորեն հարստացնել այն տեղեկությունները, որոնք պահպանվում են Կոմիտասի բժշկական գործում, Վիլլ Էվրարի եւ Վիլժյուիֆի բժշկական հաստատությունների արխիվներում: Նաեւ ամրապնդում են այն եզրակացությունները, որ մոտ քսանհինգ տարի առաջ կատարել էր ֆրանսահայ բժշկուհի Ֆով-Հովհաննիսյանը հոգեբուժությանը վերաբերող իր թեզում, որը պաշտպանվել է 1991-ին եւ հոդվածի տեսքով հրատարակվել 1993-ի հունիսինՙ Cahiers de lUMAF-ում: Տասներեք շատ կարեւոր նամակ (1922-1935) 1922-ի հուլիսի 6-ով թվագրված առաջին նամակը գրել է Վիլժյուիֆի հոգեբույժ դոկտոր Լվոֆը (Dr Lwoff): Այն ուղղված է երաժիշտ եւ Կոմիտասի խնամատար հանձնաժողովի ակտիվ անդամ, երգչուհի Մարգարիտ Բաբայանին: Նամակի ընթերցումից պարզ է դառնում, որ Մարգարիտ Բաբայանը հանդիպել է դոկտոր Լվոֆին նրան խնդրելու իր միջնորդությունը, որպեսզի Կոմիտասն ընդունվի իր մոտ, այսինքն Վիլժյուիֆի հանրային հոգեբուժարան: Նամակից հետեւում է նաեւ, որ այս հանդիպումից հետո բժիշկ Լվոֆը շտապել է գնալ Սենի պրեֆեկտուրա (prռfecture de la Seine), որտեղ նրա խնդրանքը բավարարվել է: Այս նամակը լույս է սփռում այն հարցի վրա, թե 1922-ի ամռանը Կոմիտասն ինչու էր տեղափոխվել հատկապես Վիլժյուիֆի հանրային հոգեբուժարան: Հայտնի է, որ Կոմիտասի խնամատար հանձնաժողովը որոշել էր նրան հանել «Վիլլ Էվրարի Հատուկ տուն» կոչվող մասնավոր հաստատությունից (Maison Spռciale de Ville Evrard) նրան հասարակ հանրային հոգեբուժարանում տեղավորելու նպատակով: Հետեւաբար հանձնաժողովը ստիպված էր ընդունել ֆրանսիական վարչական մարմինների տեղավորման որոշումը: Պարզվում է, որ ֆրանսիական իրավասու մարմինները որոշել էին Կոմիտասին ուղարկել գավառական մի հոգեբուժարանՙ Փարիզից հեռու, հեռու նաեւ հանձնաժողովի անդամներից եւ հայությունից: Եւ հեշտ չէր ֆրանսիական վարչակազմին ստիպել, որ վերանայի իր որոշումը եւ Կոմիտասին պահի Փարիզի շրջանում: Անհրաժեշտ էր գոնե փոխարինող մի լուծում առաջարկել եւ շատ արագ: Իսկ քանի որ Մարգարիտ Բաբայանը մտերիմ էր Վիլժյուիֆի հոգեբույժ Լվոֆի հետ, շանս կար, որ իրենց ծանոթության միջոցով Կոմիտասը կտեղավորվի Վիլժյուիֆի հոգեբուժարանում: Հենց այդպես էլ եղավ, ինչպես որ վկայում է նամակը: Իմիջիայլոց, քանի որ բժիշկ Դյուկոստեն (Dr Ducostռ) նույն ժամանակահատվածում նշանակում էր ստացել Վիլժյուիֆի հոգեբուժարանում (նա Վիլլ Էվրարում Կոմիտասին խնամող բժիշկն էր), թվում էր, որ Վիլժյուիֆը հիանալի տարբերակ է: Բայց ընտրելով նման գերբնակեցված հաստատություն, որտեղ բացառված էր հիվանդին անհատականացված մոտեցումը, հանձնաժողովը ընդունում էր բացառապես պահպանման տարբերակը, այսինքն Կոմիտասը չէր բուժվելու, այլ ընդամենը մշտապես պահվելու էր մեկուսացման մեջ, «առանց աստիճանական վերականգնման որեւէ հնարավորության» (տես Տիկին Ֆով-Հովհաննիսյան, էջ 23): Երկրորդ նամակը, որը թվագրված է 1922-ի հուլիսի 21-ով, պետք է որ դասակարգվի այն երկու իրավաբանական փաստաթղթի հետ, որ պարունակում է Ագոպոֆ-Գեւորգյան նվիրատվությունը: Դարձյալ հասցեագրված լինելով Մարգարիտ Բաբայանին, նամակը գրվել է Սենի Հանրային հոգեբուժարանների վերահսկողության հանձնաժողովի մի անդամի ձեռքով: Նամակից տեղեկանում ենք, որ Մարգարիտ Բաբայանին հանդիպելուց հետո եւ նրա խնդրանքին ի պատասխան, նամակի հեղինակը այնպես է արել, որ Վերահսկողության հանձնաժողովը եզրակացնի, որ պետք է Կոմիտասի համար վարչական խնամակալ նշանակել: Դրանից պետք է հետեւություն անել, որ արդեն իսկ 1922-ին Մարգարիտ Բաբայանը եւ Կոմիտասի խնամատար հանձնաժողովի մյուս անդամները բացառում էին Կոմիտասի ապաքինումըՙ նրան խելագարների շարքին դասելով, այնինչ բժիշկ Դյուկոստեն, որը Կոմիտասին խնամող բժիշկն էր եղել մինչեւ 1932-ը (այսինքնՙ համարյա տասնհինգ տարի), պնդում էր, որ «համոզված է, թե իր հիվանդը կարող է բուժվել» (տեսՙ Տիկին Ֆով-Հովհաննիսյանի հոդվածը, էջ 21): Երրորդ նամակը բժիշկ Լվոֆի նամակն է Մարգարիտ Բաբայանին, որ թվագրված է 1922-ի օգոստոսի 8-ով, այսինքն Կոմիտասիՙ Վիլժյուիֆի հոգեբուժարան ընդունվելուց երկու օր անց: Այն հնարավորություն է տալիս լրացնել նույն բժիշկ Լվոֆի դիտարկումները, որոնք հակիրճորեն արձանագրված են իր օգոստոսի 6-ի առաջին տեղեկանքի մեջ («անմիջական բժշկական տեղեկանք»): Չորրորդ նամակը դարձյալ բժիշկ Լվոֆի ձեռքով է գրվել: Հասցեագրված լինելով իր «թանկագին գործընկերոջն ու ընկերոջը» (արդյո՞ք խոսքը բժիշկ Քոլոլյանի մասին է), այս նամակը թվագրված է 1922-ի հոկտեմբերի 5-ով, այսինքնՙ հենց այն օրով, երբ բժիշկ Լվոֆը Կոմիտասի համար դուրս գրման տեղեկանք էր կազմումՙ թույլ տալով, որ լքի հոգեբուժարանը եւ ուղեւորվի Ավստրիայի մայրաքաղաքՙ Վիեննա (Մխիթարյան միաբանության մոտ): Ինչպես գիտենք, այս տեղափոխումն այդպես էլ չիրականացավ եւ Կոմիտասը մնաց Վիլժյուիֆում: Այս նամակն էականորեն լրացնում է դուրս գրման տեղեկանքում առկա տեղեկությունները եւ հաստատում է բժիշկ Ֆով-Հովհաննիսյանի նախկին դիտարկումը, ըստ որի «Ոչ թե հոգեբույժներն էին ընդդիմանում հոգեբուժարանից Կոմիտասի դուրս գրվելուն, այլ Կոմիտեն (ծ.լ. հանձնաժողովը), որը դրա համար այլընտրանք չէր գտնում» (տեսՙ Տիկին Ֆով-Հովհաննիսյանի հոդվածը, էջ 18): Հինգերորդ նամակը, որը թվագրված է 1932-ի դեկտեմբերի 22-ով, Վիլժյուիֆի հոգեբուժարանի գլխավոր վերահսկիչի նամակն էՙ ուղղված Աստվածատուր Հարենցին, որով հայտնում է, որ ստացել է նրա «նամակներն ու ծանրոցը, բայց ցավով պիտի տեղեկացնեմ, որ Կոմիտաս հայր սուրբը, չնայած ձեր պնդումներին, հրաժարվում է ձեր թասակիցՙ գերադասելով գլխաբաց մնալ»: Այս նամակը հերթական դրսեւորումն է լռության եւ մերժման այն քաղաքականության, որ որդեգրել էր Կոմիտասը այն բոլորի հանդեպ, որոնց մեղավոր էր համարում իրեն հոգեբուժարանում բանտարկելու համար: 1933-ի հուլիսից մինչեւ նոյեմբերը, վեց նամակ է փոխանակվել Աստվածատուր Հարենցի եւ Փարիզի քաղաքապետարանի ավագանու եւ Սենի վարչական շրջանի նախկին նախագահ Պոլ Ֆլյորոյի (Paul Fleurot), ինչպես նաեւ Հարենցի եւ Վիլժյուիֆի հոգեբուժարանի տնօրենիՙ պարոն Բերտըլոյի միջեւ (Mr Berthelot): Դրանք ցույց էն տալիս, թե Կոմիտասի խնամատար հանձնախումբն ինչ հետեւողական ջանքեր է գործադրել, որպեսզի եւս մեկ անգամ բեկանվի Կոմիտասին գավառական հանրային հոգեբուժարան (Դորդոնյի շրջանի Վոկլեր քաղաքում) տեղափոխելու վարչական որոշումը, որոշումՙ որը դարձյալ հետեւանք էր Փարիզի հոգեբուժարանները թեթեւացնելու վարչական ջանքերի: Տասներկուերորդ նամակը գրվել է մի բժշկի կողմից եւ hասցեագրված է անորոշ մեկին, որը ենթադրաբար Աստվածատուր Հարենցն է: Թվագրված է 1933-ի դեկտեմբերի 13-ով, այսինքն այն ժամանակով, երբ բժիշկ Աբելին (Dr Abռly) Կոմիտասին խնամող բժիշկն էր: Նամակը կարդալով հասկանում ենք, որ հեղինակը Վիլժյուիֆ է գնացել բժիշկ Աբելիի խնդրանքով, որպեսզի վերջինիս իր կարծիքը հայտնի Կոմիտասի միզարյունությունը մալարիաթերապիայի միջոցով բուժելու վերաբերյալ: Այցելությունից հետո այդ բժիշկը հայտնում է, որ դեմ է մալարիաթերապիայինՙ համարելով, որ այն կարող է մահացու լինել Կոմիտասի համար: Այս նամակը կարեւոր է երկու առումով. մի կողմիցՙ որովհետեւ դրա շնորհիվ իմանում ենք, որ 1933-ի վերջին Կոմիտասը տառապել է սրտային անբավարարությամբ ուղեկցվող միզարյունությամբ, «շատ ծանր հիվանդություն, որը նրա կյանքի համար վտանգ է ներկայացնում», մի բան, որ մինչ օրս չգիտեինք: Մյուս կողմից էլ նրա համար, որ հուշում է, թե Կոմիտասի հիվանդությունը թերեւս բուժելի էր, ինչը հետեւում է այն նախադասությունից, որտեղ նամակի հեղինակը, հիշատակելով Կոմիտասի «զառանցանքը», ասում է, որ դա (զառանցանքը) «անբուժելի է թվում» եւ ոչ թե անբուժելի է: 1935-ի հոկտեմբերի 16-ով թվագրված տասներեքերորդ նամակը Վիլժյուիֆի տնօրենիՙ Հարենցին ուղղված մի կարճ նամակ է, որով նրան տեղեկացնում է, որ «Պարոն Կոմիտաս Սողոմոնյանը ծանր վիճակում է: Այս նամակը ձեզ համար կծառայի որպես նրան այցելելու բացառիկ թույլտվություն»: Այս նամակն արդյունավետ կերպով լրացնում է Կոմիտասի բժշկական գործը, որտեղ Կոմիտասի վերաբերյալ վերջին տվյալներն արձանագրվել են դրանից երեք ամիս առաջՙ հուլիսի 13-ինՙ բժիշկ Աբելիի կողմից: Այն նաեւ ցույց է տալիս, որ Կոմիտասի խնամատար հանձնախումբը արդեն հոկտեմբերի 16-ին տեղեկացված էր Կոմիտասի անհուսալի վիճակի մասին եւ հետեւաբար պատրաստ էր նրա մահվանը, որը վրա հասավ չորս օր անցՙ հոկտեմբերի 20-ին: Սովորել գնահատել նվիրատվության իրական արժեքը Կարիք կա՞ արդյոք ավելին պատմելու, որպեսզի ապացուցվի Ագոպոֆ-Գեւորգյան նվիրատվության բացառիկ արժեքը: Այնինչ, սեպտեմբերի 29-ին այս նվիրատվությունն ընդունվեց իմիջիայլոց, գրեթե արհամարհական եղանակով, ի տարբերություն այն ընդունելության, որին արժանացավ Հումբոլդտի համալսարանի նվիրատվությունը (գերմանական նախկին կայսերական համալսարանի, որտեղ Կոմիտասը սովորել էր 1896-ից 1899-ի ընթացքում): Իսկ դա բաղկացած էր ընդամենը ... երեք լուսապատճենիցՙ Կոմիտասի ուսումնասիրած կիսամյակային առարկաների ցուցակից եւ դասախոսների անուններից, Կոմիտասի դիպլոմից, որի հիման վրա նա վկայական էր ստացել, ինչպես նաեւ վկայականի ստացականից: Այն, որ այդ առիթով հուլիսի մեկին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենությունը մամուլի մի մեծ ասուլիս էր կազմակերպել, որին հրավիրված էին բոլոր լրատվամիջոցները եւ որտեղ ցուցադրաբար պատվի արժանացան գերմանական «նվիրատվության շղթայի» բոլոր մասնակիցները (մշակույթի հայ նախարարուհուց մինչեւ Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպանը եւ հայ ու գերմանացի այլ պաշտոնյաներ), մեզ այդքան չէր վրդովեցնի, եթե Ագոպոֆ-Գեւորգյան նվիրատվությունն ըստ արժանվույն գնահատված լիներ եւ արժանանար գոնե մեկ քառորդին այն ուշադրության, որին արժանացավ հումբոլդտյան նվիրատվությունը: Արդյոք պիտի լռե՞նք Հայաստանի որոշ թանգարանների, ինչպես նաեւ այլ պետական հաստատությունների տնօրենների անգիտության, անձեռնհասության, ոչ պրոֆեսիոնալիզմի եւ անգործության մասին: Չլռելն ու այդ մասին խոսելն անկասկած չի նպաստի ոչ այդ մարդկանց հետ մեր հարաբերությունների պահպանմանը, ոչ էլ երկրում մեր ընկերների թվի ավելացմանը: Բայց երբ համբերության բաժակը լցվում է, այլեւս չես կարող շրջանցել փշոտ թեմաները: Փարիզ-Երեւան * Սույն հոդվածը Նուվել դ՛Արմենի ամսագրի նոյեմբերյան համարում (հ. 223) լույս տեսած Սեդա Մավյանի հոդվածի ֆրանսերենից հայերեն թարգմանությունն է: ** Տես Նատալի Հարությունյան, «Կոմիտասի հետքերով», «Առավոտ» (6/10/2015), եւ Սերգեյ Մանվելյան, «Կոմիտասի հետքերով», «Գրական Թերթ» (16/10/2015): |