ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸՙ ՀՈՒՇԵՐԻ ԳՐՔՈՒՄ Նաիր ՅԱՆ Աթեիզմի խորհրդային տարիներին շատերը հայ հոգեւոր երաժշտության, շարականների հետ առաջին անգամ ծանոթացել են Լուսինե Զաքարյանի միջոցով: Իհարկե, ժողովրդին քրիստոնեական հավատքին հնարավորինս մոտ պահելուՙ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի մեծագույն ջանքերը եւս հսկայական դեր են ունեցել: Ու հենց Վեհափառն էլ ռազմավարություն էր որդեգրելՙ հոգեւոր երգերի անզուգական մատուցման միջոցով ժողովրդին մոտ պահել եկեղեցուն ու Աստծուն: Գաղտնիք չէ, որ Վազգեն Առաջինը հովանավորում էր Լուսինե Զաքարյանին, բարձր գնահատանքի խոսքերով մեծարում նրա երգարվեստը: Լուսինե Զաքարյանը բազմաթիվ համերգներով է հանդես եկել նաեւ Խորհրդային Միության սահմաններից դուրսՙ Սփյուռքում, նրա համբավը համահայկական էր: Լուսինե Զաքարյան-Խորեն Պալյան ամուսնական զույգն իր հայեցի նկարագրով օրինակ էր շատ մտավորականների համար: Հայտնի է, որ Սվետլանա Զաքարյան ռուսախոս երգչուհուն Լուսինե անունով է կնքել ու հայոց լեզվի, հայագիտության գանձարանի դռները նրա առջեւ բացել հենց Խորեն Պալյանը, որը հարյուրավոր շարականներ գիտեր ու գրաբարի լավ մասնագետներից էր: Լուսինե Զաքարյանը մահացավ 1992 թվականինՙ մեր ժողովրդի համար ծայրահեղ ծանր ժամանակներում, ու մինչեւ հիմա մտավորականներն ու արվեստագետներն իշխանություններին չեն ներում, որ Լուսինե Զաքարյանի հիշատակն արժանվույնս չի գնահատվում, նրա տուն-թանգարանի խնդիրը դեռեւս լուծված չէ: Խորեն Պալյանի ազգականները երկար ժամանակ վիճաբանում էին ու ժառանգությունը բաժանելու հարցում ընդհանուր հայտարարի չէին գալիս, բայց հուրախություն մեզ, եղբորորդուն բնակարանի մյուս մասնաբաժինը գնելու հարցում հաջողվել է համոզել իր ազգականին: Երբ առք ու վաճառքի փաստաթղթերը պատրաստ լինեն, Պալյանի եղբորորդին կդիմի մշակույթի նախարարությանըՙ հետամուտ բնակարանը տուն-թանգարան դարձնելու նախարարի խոստմանը: Լուսինե Զաքարյանի արտիստական ու մարդկային կերպարը կարծես բյուրեղյա լինի ու ինչ-որ խորհրդավորությամբ սքողված: Խորհրդային տարիներին ընդունված չէր ընտանեկան, անձնական, անգամ արտիստական կյանքը հանրային սեփականություն դարձնել. Խորեն Պալյան-Լուսինե Զաքարյան ամուսինների մասին հասարակությունը շատ տեղեկություններ չուներ, շատերը զույգի մահից հետո են միայն իմացել, որ նրանք ամուսիններ են: Երգչուհու մասին ֆիլմեր, գրքեր, հաղորդումներ գրեթե չկան. խորհրդավորությունը շարունակվում է նաեւ մեր օրերում: Հենց այդ բացը լրացնելու նպատակով էլ ԵՊՀ արեւելագիության ֆակուլտետի ուսանող Սերգեյ Մանվելյանը դեռեւս երեք տարի առաջ նախաձեռնել է Լուսինե Զաքարյանի մասին հուշեր հավաքել: Նրան հաջողվել է երեք տարվա ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ձայնագրել ու տեսագրել 80 արվեստագետների ու մտավորականների, որոնք բախտ են ունեցել ճանաչել երգչուհուն: Նրանց պատմությունները մեկտեղված են «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը մշակութային այս օջախում հազվադեպ երեւույթ է: Ներկաներըՙ մշակույթի մարդիկ ու մտավարականներ, գովեստով խոսեցին գրքի կարեւորության մասին, ընդգծեցին հեղինակի ջանասիրությունն ու նպատակասլացությունը. ընդամենը քսաներկուամյա Սերգեյ Մանվելյանը մեծ նվիրումով ու սիրով է վերաբերվել գործին, ժամանակակիցների հուշերի, պատմությունների միջոցով ջանացել լավագույնս բացել ու բացահայտել Լուսինե Զաքարյան մարդու եւ արվեստագետի կերպարը: Գրքում զետեղված են նաեւ շուրջ հարյուր լուսանկարներ, որոնց մեծ մասն առաջին անգամ է հրատարակվում: Սերգեյ Մանվելյանը դրանք ձեռք է բերել արվեստագետների անձնական արխիվներից: Հուշերը բացահայտում են ոչ միայն Լուսինե Զաքարյանի, այլեւ հենց հուշը պատմողի կերպարը. ներկայացվում են նախորդ դարակեսի ու դարավերջի երաժշտական միջավայրը, անհատները, նրանց արժեհամակարգը, ժամանակի շունչն ու ընդունված չափանիշները, մտածելակերպն ու մոտեցումները: Եվ այս համատեքստում Լուսինե Զաքարյանն առանցքային դերում է իր համեստ, լրջախոհ, առեղծվածային ու փխրուն կերպարով: Գրքում հուշեր են պատմում արվեստագետներ, որոնց մեր հասարակությունը լավ ծանոթ չէ. նրանք մեծ մասամբ Սփյուռքից են, իրենց ներդրումն են բերել հայ արվեստին, ու հարկ է, որ դրա մասին մեր սերունդը գոնե քիչ թե շատ պատկերացում ունենա: Խմբավար, կոմպոզիտոր Հրանտ Գեւորգեան , Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբի երկարամյա խմբավար Խորեն Մեյխանջյան , խմբագիր Երան Գույումճյան , գրող Արամ Սեփեթճյան , հրապարակախոս Կարէն Ա. Սիմոնեան եւ էլի մի շարք սփյուռքահայ մտավորականներ ու արվեստագետներ հուշ-պատառիկներ են ներկայացնում, որոնք փաստում ենՙ Լուսինե Զաքարյանը նույնքան սիրված է Սփյուռքում, որքան մայր հայրենիքում: Հայաստանյան երաժշտական աշխարհի ներկայացուցիչները եւս հետաքրքրական, անմիջական ու թանկ հիշողություններ ունեն երգչուհուց: Յուրաքանչյուրը յուրովի է պատմում ի՛ր Լուսինեի մասին, իր ներսից մի գույն խառնում երգչուհու նկարագիր-երանգապնակին, սակայն բոլորի համար նա եթերային, վեհ, մաքրամաքուր ձայնով ու մաքրամաքուր հոգով էակ է, որն ամբողջ էությամբ զգում էր երգի իմաստն ու այն հասցնում երկինք: Հենց սա է Լուսինե Զաքարյանի ֆենոմենը. նրա երգն աղոթք էր, իր ու յուրաքանչյուր ունկնդրի մենախոսությունը, որ ավելին էր, քան պարզապես երգը: Նրա մեկնաբանությամբ «Սուրբ, Սուրբը» լսելովՙ Մոսկվայից հարցրել են, թե ինչի մասին է այն: Երեւանից գրավոր պատասխանել են, թեՙ սիրո: Ստել են, որովհետեւ եթե ռուսներն իմանային, որ երգը հոգեւոր թեմայով է, կարգելեին: Դիրիժոր Արկադի Շեկունցը պատմում է, որ Մոսկվայից բազմաթիվ նամակներ են ստացել, որտեղ ռուսները հիացական խոսքեր են գրել Լուսինե Զաքարյանի մասին: Չհասկանալով, թե ինչի մասին է երգում, շատերն են գերվել նրա երգով: Ավելի երիտասարդ երգչուհիների համար Լուսինե Զաքարյանը բացահայտել է հոգեւոր երգերի գեղեցկությունն ու դարձել ուղեցույց- չափանիշ: Արաքս Մանսուրյանը խոստովանում է. «Լուսինե Զաքարյանը բացեց այն փակ դուռը, որին մինչ այդ ոչ ոք չէր համարձակվում մոտենալ: Նրա երգեցողության մեջ երկրորդական էին վոկալը, տեխնիկան, առաջնայինը հոգին էր, նրա հավատը: Հրեշտակ էր, սրբություն»: Հոգեւոր երգեր, Կոմիտաս, Եկմալյան, ամբողջական պատարագներ կամ շարականներ է երգելՙ հայերեն գրել-կարդալ չիմանալով: Հետագայում է սովորել հայոց լեզուն, գրաբարյան տեքստերը երգելՙ ամեն բառն իմաստավորելով ու ընդգծելով: Պոետները, ներշնչված Լուսինեի երգից, բանաստեղծություններ են ձոնել նրան: Վահագն Դավթյանը գրել է. «Լուսինեն խաչքարի միջից հանեց նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին»: |