«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ» ՇԱՐՔԻ ԵՐՐՈՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Երկու տարի առաջ «Էդուարդ Ւսաբեկյան» ցուցասրահի պատասխանատու Իրինա Իսաբեկյանը նախաձեռնեց հետաքրքրական մի ծրագիրՙ «Էդուարդ Իսաբեկյանը եւ իր ուսանողները» խորագրով, որ հավակնում էր լինել շարունակական։ Նկարչի բազմաժանր եւ հարուստ ստեղծագործությունը արվեստասեր հանրությանը բավականաչափ հայտնի է, արվեստաբանական մտքի կողմից եւս բավական ուսումնասիրված, չնայած որեւէ արվեստագետի ամբողջովին բացահայտել հնարավոր էլ չէ։ Իսաբեկյանը նաեւ բազմահմուտ մանկավարժ էր եւ որպես այդպիսինՙ նույնքան տաղանդավոր եւ նվիրված։ Գեղարվեստի պետակադեմիայի հիմնադրման օրվանից մինչեւ իր կյանքի վերջին տարիները, ավելի քան կես դար նա կրթել, գիտելիք ու փորձ է փոխանցել հարյուրավոր ուսանողների։ Այն սակավ դասախոսներից է եղել, ովքեր դասը դիտարկում են ոչ միայն որպես ուսումնական պրոցես, այլեւ վերածում են մարդկային փոխահարաբերությունների գեղեցիկ արվեստի, դարձնում կյանքի յուրատեսակ շարունակություն։ Իր ուսանողների հիշողություններում նա այդպես էլ մնացել էՙ ուսուցիչ- ընկեր, ուսուցիչ- խորհրդատու։ Հավանաբար նաեւ սա է եղել պատճառըՙ այս հետաքրքրական ծրագրի մտահղացման։ Նախընթաց շրջանում երկու այդպիսի ցուցահանդես արդեն կազմակերպվել է. ահա մի քանի օր առաջ շարքի երրորդ ցուցահանդեսի բացումը եղավ։ «Այնքան էլ շատ չեն այդպիսի դասախոսները, ես ռեկտոր եմ երկար տարիներ եւ գիտեմՙ այդպիսի վերաբերմունք ուսանողներինՙ հավասարը հավասարի հետ, քչերն են ունենում», ասում է Արամ Իսաբեկյանը։ Ցուցասրահում ներկայացվածՙ Էդ. Իսաբեկյանի աշակերտների գործերի հավաքածուն, ըստ նրա, կարող է բավարարել նկարչական ամենանուրբ ճաշակ եւ էսթետիկական ակնկալիք ունեցող դիտողին։ Նա գնահատանքով ու սիրով հիշեց մասնակից այն հեղինակներին, որոնք հիմա մեզ հետ չեն այլեւս եւ իրենց հետքը, անկասկած, թողել են հայ կերպարվեստի պատմության մեջՙ Հենրիկ Սիրավյան, Հրանտ Հովսեփյան, Սամվել Պետրոսյան, նաեւ նրանց, ովքեր շարունակում են ստեղծագործել եւ հարստացնել մեր այսօրըՙ Հենրի Էլիբեկյան, Արեւիկ Արեւշատյան, Ռուբեն Գրիգորյան, Արթուր Շարաֆյան, Լեո Վարդանյան, Արման Գրիգորյան, Կառլեն Մելոյան, Յուրի Բաբայան, Արմեն Աթայան։ Ցուցահանդեսի անակնկալը նկարչի հոբելյան էր. Իրինա Իսաբեկյանը ծաղիկների փունջ նվիրեց 94 – ամյա Արմեն Աթայանին. անակնկալ էր նաեւ այսպիսի տարիքում նկարչի կենսունակ խոսքը։ Նա բավական երկար հիշողություններ պատմեցՙ 80 տարիների վաղեմության կյանքային դրվագներ, երբ 11-12 տարեկան պատանիներՙ մեկնել են Թբիլիսի, Գեղարվեստի ակադեմիայում հանդիպել Էդուարդ Իսաբեկյանին, որն այդ շրջանում ուսանում էր այնտեղ։ Հիշեց նրա դիպլոմային աշխատանքը, եւ թե ինչպես երիտասարդ ուսանողն ակվարելային ձեւավորում արեց իրենց դպրոցական ալբոմում։ Այս ցուցահանդեսներին միշտ ներկա է Կարեն Աղամյանը, ասում է, թեեւ Իսաբեկյանին չի աշակերտել, բայց շատ բան է նրանից սովորել։ Ամենագնահատելին, ինչի մասին նաեւ գեղանկարիչ Կարեն Գասպարյանն ասաց, ուսանողին ստեղծագործական ազատություն ներշնչելն է։ Էդուարդ Իսաբեկյանը հենց սա էր կարեւորում, յուրաքանչյուրի մեջ ամենահատկանշական, բնորոշ գիծը տեսնելն ու դա զարգացնելը, օգնել գտնելու անհատական ձեռագիր ու ոճ։ Այդ բազմազանության, ինքնատիպության վկայությունը ներկայացված աշխատանքների ցուցահանդեսն է։ |